суббота, 8 июня 2019 г.

Գյումրեցի 13-ամյա պատանու հետաքրքրիր աշխատանքները

Երևակայությունը սահմաններ չունի, ինչպես և արվեստը, որը ոչինչ չի պահանջում՝ բացի իր հանդեպ  սիրուց,  մտքի թռիչքից ու տաղանդից։ Թվարկված երեքն էլ ունի այսօրվա նյութի պատանի հերոսը։ 13-ամյա Վոլոդյա Քոչարյանը բավականին հետաքրքիր նկարներ է նկարում՝ դրանց մեջ արտահայտելով իր զգացմունքներն ու պատկերացումները։ Պատանի նկարիչը ստեղծագործել սկսել է 7 տարեկանում։ 9 տարեկանից հաճախել է նկարչական դպրոց։ Նկարչության հմտություններին ծանոթանալով` մասնակցել է բազմաթիվ մրցույթների (<<Международный Арт кампус>>, <<Спиваков>>) և արժանացել տարբեր պատվոգրերի:
Հին Գյումրվա ֆայտոն
Վոլոդյայի կարծիքով՝ արվեստն ուղղակի անհրաժեշտ է մարդուն։ Այն պետք է շրջապատում եղած գեղեցիկը պատկերելու, սերունդներին փոխանցելու և պարզապես գեղագիտական հաճույք ստանալու համար։ Հետաքրքիրն այն է, որ այս պատանու ստեղծագործություններում գրեթե բոլոր հերոսներն անդեմ են: Գուցե սա այսպես է, որ նկարում յուրաքանչյուրն ինքն իրեն գտնի...
Ծաղկավաճառ կինը

Վոլոդյայի սիրած նկարիչը Ռաֆայել Սանտին է: Նա ուղղակի հմայված է Վերածննդի մեծ նկարչի վարպետությամբ ու մտածողությամբ: Հայ արվեստագետներից պատանուն հոգեհարազատ են Մարտիրոս Սարյանի կտավները: Սիրում է նաև Մինաս Ավետիսյանի վրձինը: Այս երկուսի գույներն էլ հաճախ են հանդիպում տաղանդավոր տղայի ստեղծագործություններում:

Նատյուրմորտ
Այս գյումրեցի ստեղծագործողն իրեն տեսնում է հիմնականում բնանկարի ու նատյուրմորտի ժանրում, բայց, ինչպես գիտենք, արվեստագետը մշտական փնտրտուքների մեջ է, առավել ևս այս ուղու մեջ առաջին քայլերն անող պատանին, ով փորձում է այն ամենը, ինչն հոգեհարազատ է իր հոգուն ու մտքերին: 




Արվեստի ոճերի ընտրության հարցում պատանի արվեստագետը դեռ չի կողմնորոշվում։ Նկարում է ամենատարբեր իզմերում՝ էքսպրեսիոնիզմից մինչև աբստրակտ ու պոպ-արտ։
Մազից կախված կյանք

Վոլոդյան իր ուժերը փորձում է քանդակի ժանրում ևս: Հատկապես հաջողված են կենդանիների ֆիգուրները: