Ամենհոտեպ IV փարավոնի
թագավորության ժամանակ (1419—1400թթ. մ.թ.ա.)
Եգիպտոսում մեծ ճգնաժամ սկսվեց: Փարավոնն արեց կրոնական բարեփոխումներ, հռչակեց Ատոնի`
Արևի սկավառակի պաշտամունքը: Ինքը` փարավոնը
ևս, փոխում է իր անունը` այսուհետ հանդես գալով Էխնատոն անվամբ: Նա հիմնում է նոր մայրաքաղաք
Ախետատոնը, որը գտնվում էր ներկայիս Թել-Էլ-Ամառ-նա քաղաքի հարևանությամբ: Սակայն փարավոնի
մահից հետո քաղաքն աստիճանաբար դատարկվում է, իսկ Ատոնի պաշտամունքը գոյատևեց ոչ երկար,
բայց Էխնատոնին հաջորդած փարավոնները ևս առաջ բերեցին Ամոնի պաշտամունքը: Հենց այս
պատճառով է Թութանհամոնն (1347—1339թթ. մ.թ.ա.) ընտրում հենց այս անունը: Փարավոնի
նստավայր դառնում է Մեմֆիսը:
Թութանհամոնի
դամբարանը հայտնաբերվել է 1922 թ. նոյեմբերին: Ամեն ինչի պատճառը աստիճաններն էին,
որոնք տանում էին դեպի մուտք: Արդեն բացված տարածքում կենդանիների տարօրինակ ֆիգուրներ էին, քանդակներ և ոսկի, ամենուրեք ոսկի էր….., -այսպես է ներկայացնում իր տպավորությունները դամբարանը պեղած հնագետ Կարտերը: Դամբարանում փարավոնի երկրային կյանքում օգտագործած իրերն էին` կառքեր, նետ ու աղեղ, ձեռնոցներ, բոլորը ոսկեզօծված, փղոսկրե բազկաթոռներ, կենցաղային իրեր, տարբեր դեկորատիվ առարկաներ և այլն: Կային նաև սնունդով լի արկղեր և գինիներ, որոնք վաղուց սնվելու համար պիտանի չէին: Սենյակների կողքին փոքրիկ մառան էր, որը տակնուվրա էր արված. պարզ էր, որ ավազակներն այստեղ հեշտ թալանվող գանձեր են փնտրել: Պատերին ամենուրեք հիերոգլիֆներ և նկարներ էին:
Հնագետների
ուշադրությանն էր արժանացել կառույցի արևմտյան պատը, որի դիմաց կանգնած էին փարավոնի
երկու փայտե արձանները, որի դետալները պատված
էին ոսկով: Սրանք ասես հսկիչներ լինեին և դժվար չէր եզրակացնելը, որ նրանց կողքի սենյակը
հենց այն վայրն էր, որտեղ դրված է փարավոնի զմռսված մարմինը: Այս սենյակն անվանվում
է «Ոսկե դահլիճ»: Այն գտնվում է մյուս երկու սենյակներից ավելի ներքև: Սենյակը գրեթե ամբողջովին զբաղեցնում է փարավոնի մահիճը /балдахин/`
զարդարված վարագույրով, ոսկով և Օսիրիսի ու Իսսիդայի սիմվոլներով: Սա ավելի շուտ մեծ արկղի նմանվող հարմարանք էր, որի մեջ ապահով պահվում էր փարավոնի մարմինը:
Մահիճը պահում է
փարավոնի սարկոֆագը, որի մեջ և մումիան է: Մահիճն ունի 5 մ երկարություն և 3մ լայնություն:
Նրանից մինչև սենյակի պատը մնում է ընդամենը 65սմ տարածություն: Դամբարանը չէր բացվել
ավելի քան 33 դար և առաջին անգամ էր հնագետներին հնարավորություն ընձեռնվում տեսնել
փարավոնին ուղեկցող նյութը, հանդերձներն ու շքեղությունը: Դամբարանի տարբեր կողմերում
դրված էին տարբեր խորհուրդներ ունեցող արձանիկներ: Սրանցից էր մեռյալների աստված Անուբիսի
արձանը: Արևելյան պատի տակ դրված էր Անուբիսի
բորենու սև փայտե քանդակը: Սրա կողքից մուտք կար դեպի փոքր սենյակ, որտեղ հետագայում
պարզվեց, որ պահվում են թաղման և հուղարկավորության ժամանակ կիրառվող իրերը:
Բավականին հետաքրքիր էր մահիճի պարունակությունը: Սա իր մեջ ուներ ևս չորսը, որոնք բացելուց հետո միայն երևաց սարկոֆագը` պատված դեղին քվարցով և աստվածների թևերի նկարներով: Սարկոֆագը դժվարությամբ և զգուշությամբ բացելուց հետո երևում են Թութանհամոնի մեծ ոսկե աչքերը…Սարկոֆագում դրված էր փարավոնի ոսկեպատ փայտե դագաղը` Թութանհամոնի արտաքինով:
Աչքերը, հոնքերը,
շուրթերը ներկված էին բնական ծագում ունեցող ներկերով, մարմինը պատված էր ոսկու հաստ
և մաքուր շերտով: Նկատելի էին կրծքին խաչված ձեռքերը, որոնցում սանձ և մտրակ է: Դրանց
տակ ոգու ոսկե պատկերն է` թռչունի մարմնով և մարդկային գլխով, ապա ոսկե հատվածներ են`
աղոթքների տեքստերով:
Բավականին
դժվար և երկարատև գործընթաց էր մումիան հանդերձից ազատելը: Փարավոնի վրայից հանվեց
շուրջ 143 զարդարանք: Մումիան արդեն գտնվում էր վատ վիճակում, սակայն փարավոնի տարիքը
որոշել հնարավոր եղավ: Նա մահացել էր 18-20 տարեկան հասակում, ինչը համապատասխում էր
աղբյուրներում տարածված թվականների հետ: Մահվան պատճառը ճշտել հնարավոր չեղավ:
Դամբարանից
հայտնաբերված շատ առարկաների կիրառությունը այդպես էլ հայտնի չդարձավ, շատ արձանների
«տերերի» իսկությունը չպարզվեց, սակայն փաստը մնում է փաստ, որ Թութանհամոնի դամբարանը`
փարավոնի սարկոֆագով և ուղեկցող նյութով հանդերձ, հանդիսանում է եգիպտական մշակույթի
ինքնատիպ նկարագիր:
Դամբարանում գտնվող նմուշները կարող ենք տեսնել Մյունխենում կայացած «Թութանհամոն» ցուցահանդեսի շնորհիվ, որտեղ ցուցադրվել են թե' փարավոնի մարմինը, թե' նրան ուղեկցող նյութն ու դամբարանի կահավորանքը: Նկարները ներկայացված են ստորև.
Դե եսիմ` Գ. Ն.