Եկեղեցական ճարտարապետությունը ձևավորվել է
IV–VII դդ., երբ ստեղծվել են եկեղեցական շենքերի գրեթե բոլոր այն հորինվածքները, որոնք կիրառվել են նաև հետագայում: 301-ին Հայաստանն աշխարհում առաջինը ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն` սկզբիցևեթ ինքնուրույն է մշակել եկեղեցական շենքերի տիպերը: Եկեղեցական ճարտարապետությունը հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի կարևորագույն բնագավառն է, նրա բազմաթիվ կառույցներում ցայտուն արտահայտվել են հայկական ճարտարապետության ինքնատիպությունը, բարձր մակարդակը և գեղարվեստական հարուստ ավանդները:
Քրիստոնեության ընդունումից հետո առաջին տասնամյակները ողջ երկրում նոր պաշտամունքի շենքերի բուռն կառուցման շրջան են եղել: Ըստ պատմիչներ Զենոբ Գլակի և Փավստոս Բուզանդի` Գրիգոր Ա Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը հեթանոսական տաճարների տեղում են կառուցել առաջին եկեղեցիները` դրանով իսկ կապելով դարերով սրբագործված վայրերը նոր կրոնի հետ: Ընդ որում տաճարների մի մասը վերակառուցվելով` փոխարկվել է եկեղեցու, մի մասն էլ ավերվել է, և նրանց հիմքերի վրա եկեղեցի է կառուցվել: Այդ ընթացքում կրկնվել է հեթանոսական տաճարի երկայնական` արևելքից արևմուտք ձգված հորինվածքը, միայն բեմը արևմուտքից տեղափոխվել է արևելք: Ագաթանգեղոսը միանգամայն որոշակի հայտնում է Գրիգոր Ա Լուսավորչի` նորակառույց եկեղեցիների առաջին ճարտարապետ լինելու մասին:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLVJ0bgElBWZnhyphenhyphenGOTlPksWSRCg8LgTOOlMuPSUMMNHow4H2ZIFbQ9aTlzQvyAk1UthYuIFSCsALRlVJEFGcPPVT0EmtYReR6NRRBohFr6BnZ_hyvo3BR9QfvoOJpz98aj8TOD8bpaSio/s640/byurakan4sl3.jpg) |
Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցի |
VII դ. վերջին Հայաստանում հաստատված արաբական ծանր լուծը երկու դար ընդհատել է երկրի զարգացման բնականոն ընթացքը: IX դ. վերջին, անկախության վերականգնումից հետո, նախադրյալներ են ստեղծվել ճարտարապետության զարգացման նոր փուլի համար:
IX–XI դդ. Հայաստանի ֆեոդալական մասնատվածությունը հանգեցրել է առանձին` Անիի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու ճարտարապետկան դպրոցների ձևավորմանը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh_1vfTZF-Ko_BCafRQqTyGnTlzp9xizAULB54pIrqpfH2IPEYqwNk_0MaVOyOL2eKWbGZ9kZyXSPqSve8YNbChBG0KYy15ASrXww5IQfi92NTdurUdpD7_JGsupZlpWOkO78_DoV1YhWU/s640/123.jpg) |
Հռիփսիմեի եկեղեցու հատակագիծը |
Սկզբնապես եկեղեցիներ կառուցելիս, փորձի և շինարարական ավանդույթների կորստի պատճառով, կիրառել և կրկնել են VII դ. Մշակած և հայտնի ձևերը` թաղածածկ դահլիճի (Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցի), «ազատ խաչի» (Սևանավանք, Հայրավանք), գմբեթավոր դահլիճի (Շիրակավանի Ս. Ամենափրկիչ եկեղեցի), մաստարայատիպ (Կարսի Ս. Առաքելոց եկեղեցի), հռիփսիմեատիպ (Վարագավանքի Ս. Աստվածածին եկեղեցի):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiyB8aXRsZKoy7ebeAb447vfiZku9AB41gszznU0zcZW44YEGy4dvz16ZC1PZew7AzUqDOlqrzIuDW0kouMmQoN2RG777atE3X7bK4IPosQ4RY8afNP0S1gVOnY-iV3prtAprwmNwWgaiw/s640/250px-Kars_Church_Of_The_Apostles_2009.JPG) |
Կարսի Ս. Առաքելոց եկեղեցի |
Այդ ժամանակաշրջանի Հայաստանի Եկեղեցական ճարտարապետության մեջ առաջատար դեր է խաղացել երկրի մայրաքաղաք Անիի ճարտարապետական դպրոցը, որն ազդեցություն է ունեցել հայկական ճարտարապետության զարգացման ողջ ընթացքի վրա. նրա մշակած ոճական ուղղությունը, հարդարանքի ձևերը տարածվել են երկրի նահանգներում, կախյալ թագավորություններում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiIjxG44E-5Qrwgmr7jHKfgGOusIyfHiFHiirZhYs3UdomDzqX0z0KlDyibYBZiK_42m9MP5dwJJWGOegL_ZIAhKl1FIIpZbFphhWWSYH5bjuC9ncdhloUK1DsKsWFgbX3GRNA8LtWEuCU/s640/250px-Church_of_Abughamrents_Ani_5.JPG) |
Աբուղամրենց Ս. Գրիգոր եկեղեցին |
Անիի ստեղծագործական դպրոցի նվաճումներն անխզելիորեն կապված են միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետ Տրդատի անվան հետ, որը կարևոր ավանդ է մուծել հատկապես Եկեղեցական ճարտարապետության ձևերի մշակման գործում: Անիում տարածում են գտել կենտրոնագմբեթ եկեղեցիների քառախորան ու վեցախորան ձևերը, որոնց շարքում իրենց ճարտարապետկան-գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Անիի Ս. Առաքելոց եկեղեցին, Աբուղամրենց Ս. Գրիգոր և Հովվի եկեղեցիները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjaezQ0U6tje2GykuTBABErRrY9O1OKIjlVDYIXCCYyJ3pxs6MFVSji4D-ptzdCqcM6SJ5cZ4kVmYuS_PJRVIHCuNUeDOpuCvyP1VtyjWBRRWN0wOoBJfQUNdY08gjxwvNJYOG3RRY-EkU/s640/657x340px-ffbb8117d16dc3144742c27fabdca06b.jpg) |
Մարմաշենի վանք |
Անիի ճարտարապետական դպրոցի ոճական առանձնահատկություններից են եկեղեցիների արտաքին ճակատների և գմբեթների թմբուկների` կամարաշարով ձևավորումը, գմբեթների հովանոցաձև ծածկը: Անի քաղաքի կառույցներից բացի այս դպրոցի լավագույն գործերն են Մարմաշենի վանքի, Խծկոնքի վանքի, Ամբերդ ամրոցի Վահրամաշեն, Հոռոմոսի վանքի, Բագնայրի վանքի եկեղեցիները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlmnbd-6kLmi-u3StLb6JSKZOCnUm4ZCO6tJfeYEfFFk06NtnLaqBMPlicynkxFfR7T5q9DsByes-jydaEGVD3oug_6xn3kLw3k3R5brK5y0PwxEUpwR4DH0ogu8lcM8JkQM5N5mold1U/s640/300px-Bgheno-Noravank.jpg) |
Բղենո Նորավանքի եկեղեցին |
Անիից հետո իր նշանակությամբ երկրորդը Սյունիքի ճարտարապետական դպրոցն է, որը IX–XI
դդ. ստեղծել է այնպիսի բարձրարվեստ գործեր, ինչպիսիք են Բղենո Նորավանքի, Վահանավանքի, Գնդեվանքի, Որոտնավանքի, Ցաղաց քար վանքի եկեղեցիները և հռչակավոր կրոնական, գիտական և կրթական կենտրոն Տաթևի վանքի` Հայաստանի այդ ժամանակաշրջանի ամենախոշոր` Ս. Պողոս-Պետրոս տաճարը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgs34FGVtAi3ibDaQMWcZwxWk8Pgg6oy_G4ttG-hxxKUozyeND3AnRhcGeI9xI3npfICWUuPmsHBZIOZsh5vr1GWe1CHb7e_d69bhmaxUkDjaadiP5yrC-4nKzBiPLVDBOCB1Ka9fYAuIE/s640/TS3.jpg) |
Ցաղաց քար վանական համալիր |
Լուսինե Բադալյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին, 2-րդ կուրս