Քրոնոսը վստահ չէր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրանոսին: Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։
Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային[1],
Դեմետրային[2],
Հերային, Հադեսին /Աիդ/ և Պոսեյդոնին[3]:
Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ Զևսը[4]։ Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից և որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։
Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Հավերժահարսեր Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի իր եղբայրների և քույրերի ճակատագիրը։
Զևսը տապալում է Քրոնոսին: Օլիպոսի աստվածների պայքարը տիտանների դեմ
Աճեց ու առնացավ հզոր ու սքանչելի աստված Զևսը: Նա ըմբոստացավ հոր դեմ և նրան ստիպեց նորից լույս աշխարհ բերել կլանած երեխաներին։ Քրոնոսը բերնից իրար հետևից դուրս թափեց իր գեղեցիկ և լուսավոր աստված-զավակներին։ Նրանք պայքարի մեջ մտան Քրոնոսի ու տիտանների դեմ՝ աշխարհի տիրապետությունը նվաճելու համար։ Համառ ու ահավոր էր այդ պայքարը։ Քրոնոսի զավակները հաստատվեցին բարձրաբերձ Օլիմպոսի վրա։ Նրանց կողմն անցան նաև աստվածներից մի քանիսը և ամենից առաջ՝ տիտան Օվկիանոսը
և նրա դուստր Ստիքսը`
իր զավակների՝ Ձգտման, Հզորության ու Հաղթանակի հետ։ Օլիմպացի աստվածների համար դա վտանգավոր պայքար էր։ Հզոր ու ահեղ էին նրանց ոսոխները՝ տիտանները։ Բայց կիկլոպները
Զևսին օգնության հասան։ Նրանք Զևսի համար որոտ ու կայծակ էին խփում, իսկ Զևսը դրանք նետում էր տիտանների վրա։ Պայքարն արդեն տասը տարի էր ինչ շարունակվում էր, բայց հաղթանակը չէր թեքվում ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը։ Վերջապես, Զևսը վճռեց երկրի ընդերքից ազատել հարյուրաձեռք հսկաներին և նրանց օգնության կանչեց։ Սոսկալի և լեռան պես վիթխարի՝ նրանք ելան երկրի ընդերքից ու նետվեցին կռվի մեջ։ Նրանք լեռներից ահագին ապառաժներ էին պոկում ու շպրտում տիտանների վրա։ Բյուրավոր ժայռեր էին թռչում տիտաններին ընդառաջ, երբ նրանք մոտենում էին Օլիմպոսին։ Տնքում էր Երկիրը, թոհուբոհը հագեցրել էր օդը, շուրջբոլորն ամեն ինչ ցնցվում էր։ Նույնիսկ Տարտարոսն
էր ցնցվում այդ պայքարից։
Զևսը, իրար հետևից նետում էր բոցեղեն կայծակներ և խլացուցիչ դղրդացող որոտներ։ Բոցը բռնեց ամբողջ երկիրը, ծովերը եռացին, ծուխն ու գարշահոտությունը թանձրությամբ պատեցին ամեն ինչ։Վերջապես հզոր տիտանները ցնցվեցին։ Նրանց ուժը կոտրվել էր, նրանք պարտված էին։ Օլիմպացիները կապկպեցին նրանց և նետեցին դժխեմ Տարտարոսը՝ հավերժական խավարի մեջ։ Տարտարոսի պղնձակոփ անխորտակելի դարպասի մոտ պահապան կանգնեցին հարյուրաձեռք հսկաները. և հսկում են նրանք, որ հզոր տիտանները Տարտարոսից դուրս չգան։ Աշխարհի վրա տիտանների իշխանության վերջը եկավ։
[1] Հեստիա-զոհաբերություն, կրակի և ընտանեկան օջախի աստվածուհին, քաղաքների ու պետության հովանավորը։ Հետագայում Հռոմում Հեստիայի հետ նույնացվեց Վեստան` ընտանեկան օջախի աստվածուհին։
[2] Դեմետրա-հողի արգավանդության մեծ աստվածուհին, որ աճեցնում է այն ամենը, ինչ բուսնում է երկրի վրա, որ բերք է տալիս արտերին, օրհնում երկրագործի աշխատանքը։ Հռոմեացիները Դեմետրա աստվածուհուն կոչեցին արտերի արգավանդության իրենց հին աստվածուհու՝ Ցեերայի անունով։
[3] Հերա, Հադես, Պոսեյդոն-հռոմեացիների մեջ սրանց համապատասխանում են Յունոնան, Պլուտոնը և Նեպտունը:
[4] Զևս-հռոմեական Յուպիտերը: Օլիմպոսի աստվածների կյանքի պատկերը տրված է ըստ Հոմերոսի ստեղծագործության՝ «Իլիականի» և «Ոդիսականի» Այդ երկրում փառաբանված են տոհմատիրական արիստոկրատիան և նրա գլուխ կանգնած թասիլևսները՝ իբրև բոլորից լավ, մնացած ժողովրդից շատ ավելի բարձր կանգնած անձինք։ Օլիմպոսի աստվածները արիստոկրատներից և բասիլևսներից տարբերվում են միայն անմահությամբ, ամենազորությամբ և հրաշքներ գործելու կարողությամբ։ Զևսն էլ մի բասիլևս է, որ տիրում է ամբողջ երկրին ու երկնքին, հենվելով աստվածների արիստոկրատիայի վրա։ Պոսեյդոնը ևս Զևսի նման իդեալականացված բասիլևս է։ Նա իշխում է ծովի վրա՝ շրջապատված ծովային աստվածների արիստոկրատիայով։ Ուրեմն, աստվածների մեջ ևս, ինչպես մարդկանց, մենք տեսնում ենք բասիլևսներ, որոնցից յուրաքանչյուրը իշխում է իր ասպարեզում։ Զևսը տիրում է երկրին ու երկնքին, Պոսեյդոնը՝ ծովին, իսկ Հադեսը՝ ստորերկրյա թագավորությանը։ Հունաստանի կրոնի մեջ ցայտուն կերպով արտահայտված է նրա դասակարգային բնույթը:
Ն. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելնորը" գրքից