вторник, 2 июля 2013 г.

Հնդկական էպոս` Ռամայանա



«Ռամայանան» (սանսկրիտ՝ Rāmāyaa, թարգմ «Ռամայի ճանապարհորդությունը»), հին հնդկական պոեմ-էպոս: Այն հին հնդկական գրականության երկու մեծ պոեմներից մեկն է։ Մյուս մեծ պոեմը "Մահաբհարաթան" է։ «Ռամայանան» պատմում է արքայորդի Ռամայի անհաջողությունների և հերոսությունների մասին։ Պոեմում հավաքաված և մշակված են հնադարյան ասքերը, որոնցում ժողովուրդն արտահայտել է իր պատկերացումները մարդու լավագույն հատկությունների մասին։
«Ռամայանան» բաղկացած է 24 000 բանաստեղծություններից (480 002 բառայսինքն «Մահաբհարաթայի» մոտ մեկ քառորդ մասը, որը չորս անգամ ավելի մեծ է, քան Հոմերոսի "Իլիականը":[1]

«Ռամայանան» սանսկրիտ լեզվով առաջինը գրի է առել հնդիկ պոետ Վալմիկին մ.թ.ա. 400-200 թվականներն ընկած ժամանակահատվածում, հետագայում շատ ու շատ հեղինակներ վերամշակել են Էպոսը ինչպես Հնդկաստանի, այնպես էլ ուրիշ երկրների լեզուներով: «Ռամայանան» վերածվել է նաեւ ֆիլմերի, թատերական բեմադրությունների, կերպարվեստի գործերի, երգերի, պարերի, մուլտֆիլմերի ու արվեստի այլ գործերի, իսկ ստեղծագործողների համար դարձել մուսա ու ներշնչանքի աղբյուր: Էպոսը հատկապես մեծ ազդեցություն է թողել Հարավային ու Հարավ-արեւելյան Ասիայի երկրների մշակույթի վրա: Նույնիսկ կգտնեք հոդվածներ, որտեղ «Ռամայանան» էպոսից բացի` համարվում է սուրբ գիրք` թեկուզ միայն այն բացատրությամբ, որ էպոսը գրի առնելիս Վալմիկին ներշնչվել է Բրահմայից` հինդուիզմում տիեզերքի արարիչ աստծուց ու բացի դրանից` էպոսը գրի է առել սանսկրիտով, իսկ Հնդկաստանում սանսկրիտը համարվում է աստվածների լեզու: Հաշվի առնելով մի ուրիշ հանգամանք էլ` այն, որ «Ռամայանայի» գլխավոր հերոսը` Ռամը, որը համարվում է հինդուիզմում Վիշնու աստծո մարմնացումը (ավատարը), իր ամբողջ կյանքում հավատարիմ է մնում դհարմայի (բնական օրենքի) ուսմունքներին ու ներկայացնում անթերի կերպար, թույլ է տալիս հնդիկներին «Ռամայանան» համարելու սուրբ գիրք:
Գրքի նկարազարդումներից
 «Ռամայանա» էպոսն անմիջականորեն կապված է Հնդկաստանի կրոններից հինդուիզմի հետ, իսկ Ռամը, որը Հնդկաստանում համարվում է հերոս, իր ողջ կյանքում հետեւել է դհարմայի ուսմունքներին, որոնցում ամփոփված են մարդկությանն անհրաժեշտ լավագույն հատկանիշները` հանդուրժողականությունը, համերարաշխությունը, արդարությունը, բարությունը, աստվածային համապատասխանությունը, այսինքն` երբ մարդը ձգտում է մոտենալ աստծուն եւ այլն: Առհասարակ, դհարման հնդկական փիլիսոփայության ու կրոնի մեջ առանցքային ու կարեւոր հասկացություն է: Հինդուիզմի պատմական անվանումի ` սանատանդհարմայի մեջ, ինչպես տեսնում եք, դհարմա բառը եւս ներառված է
Ռամի պատմությունը: Ռամի ծնունդը չի լինում պատահականություն. նրա հայրը` Դաշառաթ արքան, զավակներ չէր ունենում, բայց ի վերջո աստվածները (դեվաները) ընդառաջում են արքային ու պարգեւում նրան չորս որդի, որոնցից մեկը Ռամն էր: Վիշնու աստվածը հենց Ռամի կերպարանքով է իջնում երկիրՙ ոչնչացնելու չար ուժերով ու հրեշներով շրջապատված հրեշների արքա Ռավանին:
Ըստ հնդկական դիցաբանության` ամեն անգամ, երբ աստվածային ու չար ուժերի միջեւ տիեզերական հավասարակշռությունը թեքվում է չարի կողմը, Վիշնու աստվածը երկնքից իջնում է երկիր, որպեսզի պայքարի չար ուժերի դեմ: Ու պայքարի ընթացքում Ռամը` Վիշնուի ավատարը, անցնում է հազարումի դժվարությունների, փորձությունների միջով: Սրանց մասին հայերեն գրքում հանգամանորեն խոսվում է:
Դեռ 16 տարին չբոլորած Ռամը միանում է իմաստուն Վիշվամիտրային, որպեսզի չար ոգիներից (ռակշասներից) պաշտպանի սրբատեղին (աշռամը), որտեղ Վիշվամիտրան ու մյուս իմաստունները զոհաբերության արարողություններ էին անում: Աշռամը հրեշներից ազատելուց հետո Ռամը եղբոր` Լակշմանի ու Վիշվամիտրայի հետ ուղեւորվում է դեպի Միթիլայի թագավորություն, որտեղ նա հեշտությամբ բարձրացնում ու կոտրում է Շիվայի (հինդուիզմում տիեզերքի ավերման ու վերակերպման աստվածն է) աղեղը, որը մինչ այդ որեւէ մեկը բարձրացնել չէր կարողացել: Այս քայլից հետո Միթիլայի արքան իր դստեր` Սիտային կնության է տալիս Ռամին: Սակայն չար ուժերի դեմ արքայազնի հաղթական պայքարն այսքանով չի ավարտվում: Այնուհետեւ, երբ Դաշառաթ թագավորը որոշում է արքայական գահը հանձնել Ռամին, կանացի խարդավանքները խափանում են թագադրումը: Դաշառաթի կանանցից Կեկեյին, որը փրկել էր արքայի կյանքն ու նրանից ստացել խոստում, որ ի պատասխան արքան կկատարի Կեկեյիի երկու խնդրանքները, հիշեցնում է Դաշառաթին այդ մասին ու խնդրում, որ Ռամի փոխարեն թագը հանձնի իր որդուն` Բառատին, իսկ Ռամին 14 տարով արտաքսի անտառ: Դաշառաթը պատկանում էր Ռագու դինաստիային, որտեղ տրված խոստումը մարդկային կյանքից էլ մեծարժեք էր, ու Դաշառաթը թեեւ կսկիծով, բայց կատարում է իր խոստումները: Իսկ Ռամը, որպես հնազանդ ու հավատարիմ որդի, հեռանում է առանց հակադրվելու: Ռամին միանում են նաեւ Սիտան ու Լակշմանը:
Ըստ հիմնական պատումի` անտառում ամենամեծ փորձությունը Ռամի ու Սիտայի համար դառնում է ոսկե եղնիկը, որը, սակայն իրական չէր, այլ ուղարկված էր չար ոգիներից: Օգտագործելով կենդանու անիրական հմայքը` հրեշների արքա Ռավանը առեւանգում է Սիտային ու պահելով գերության մեջ` պահանջում դառնալ իր կինը: Բայց Սիտան իր ամուսնուն մնում է հավատարիմ, իսկ Ռամը, ի վերջո, կարողանում է սպանել Ռավանին ու ազատել Սիտային, եւ իր վտարումից 14 տարից անց կնոջ ու եղբոր հետ վերադառնում է Այոդյա քաղաքը, որտեղից հեռացել էր: Նշենք նաեւ, որ կա տեսակետ, թե Ռամն իրականում ապրել է երկրի վրա, ու նրա պատմությունը զուտ լեգենդ չէՙ ելնելով,այն փաստից, որ Հնդկաստանը Շրի Լանկա կղզուց բաժանող ծովի վրա կա այն կամուրջը, որը «Ռամայանայում» կառուցում են կապիկները, որպեսզի այդ կամրջով Ռամը գնա Լանկայի թագավորություն ու ազատի Սիտային: Հնդիկներն այս կամուջն անվանում են Ռամի կամուրջ: Ի դեպ, Շրի Լանկայի մասին առաջին հիշատակումները նույնպես արված են «Ռամայանայում», ըստ որի, Լանկայի թագավորությունը եղել է հենց Շրի Լանկայում:
Հնդկաստանը նկարահանել է նաև «Ռամայանա» սերիալը
 Իմաստուն Վալմիկին: Իմաստուն Վալմիկին հնդիկները համարում են աշխարհի առաջին բանաստեղծը, մինչ իմաստնություն ստանալը ավազակ է եղել, ապրել է անտառում, որտեղ որսացել է կենդանիներ ու թալանել մարդկանց: Բայց մի օր անտառում Վալմիկին հանդիպում է իմաստուն Նարադա սադհույին, որի հետ խոսելուց հետո գիտակցում է, որ ավազակություն անելով ինքը մեղք է գործում ու որոշում է քավել մեղքերը: Նա տարիներով մեդիտացիա (կենտրոնացում) է անում ու թողություն գտնում, որից հետո Նարադա սադհուն պատգամում է նրան հոգ տանել այն կնոջը, որը երկու որդիների հետ անտառ կմտնի: Այդ կինը լինում է Սիտան, եւ Վալմիկին հոգ է տանում ինչպես Սիտային, այնպես էլ Ռամի որդիներին, եւ գրում Ռամի ու Սիտայի բաժանման ու սիրո պատմությունը:
«Ռամայանայի» հայերեն գրքում Սիտայի` ամուսնուց հեռանալու մասին խոսք չկա, բայց էպոսում գրված է այն մասին, որ Այոդյայում բամբասանքներ են պտտվում Սիտայի անհավատարմության ու ամուսնուն Ռավանի հետ դավաճանելու մասին: Ժողովրդի բամբասանքներին ու կասկածներին տեղի տալով, Ռամը Սիտային ուղարկում է անտառ, նույնիսկ չիմանալով, որ կինը հղի է:
Անտառում Վալմիկին Ռամի որդիներին երգի ձեւով սովորեցնում է Ռամի ու Սիտայի սիրո պատմությունը, ու մի օր էլ` թատերական ներկայացման ժամանակ արքա Ռամը իր իսկ որդիներից լսում է իր սիրո պատմությունը եւ հասկանում, որ պատմողն իր որդիներն են: Ռամը զղջում է ու անմիջապես գնում անտառ Սիտայի հետեւից: Իսկ Սիտան, թեեւ վերադառնում է Այոդյա, բայց Այոդյայի ժողովրդի առաջ որոշում է ապացուցել ամուսնու հանդեպ իր հավատարմությունը ու դիմում է մայր հողին հետեւյալ խոսքերով. «Եթե ես անմեղ եմ, բացվի՛ր ու վերցրո՛ւ ինձ քո գրկի մեջ»: Բոլորի աչքի առջեւ գետինը բացվում է, ու Սիտան ձուլվում է հողին, որտեղից ծնվել էր: Այս պատմությամբ էպոսը վեր է հանում նաեւ կնոջ ու ամուսնու` միմյանց հանդեպ հավատարմության թեման` համարելով հավատարմությունը կարեւոր հենք ընտանիքի պահպանման համար:
Ռամը եւ Սիտան նաեւ ունեն բարձր արժանապատվություն, որի գաղափարը եւս էպոսը վերհանում է: Հենց արժանապատվությունից դրդված է Սիտան զոհաբերում իրեն` ապացուցելու համար իր հավատարմությունը: Իսկ Ռամը Սիտայի մահից հետո իր մարմինը հանձնում է Գանգա գետի (Գանգեսի) ալիքներին:
Խոսվում է նաև Գանգա գետի մասին: Այն եղել է Հիմալայների աստված Հիմավաթի դուստրը, եւ աստվածները խնդրել են Հիմավաթին, որ հանուն երկրի ու մարդկության բարօրության Գանգային տա աստվածներին, քանի որ ըստ հնդկական դիցաբանության` միայն Գանգան կարող էր մաքրել մարդկությանը մեղքերից ու ապականություններից: Հնդկաստանում Գանգան համարվում է մաքրության խորհրդանիշ: Եվ Գանգայի զորության հանդեպ ունեցած հավատը հազարավոր հնդիկների ամեն օր ուղղում է դեպի Գանգայի ջրերը, որպեսզի տեսնեն Գանգան, խմեն ջրից, քանի որ հավատում են` Գանգան մաքրելու եւ երջանկացնելու է իրենց: Բազմաթիվ զբոսաշրջիկներ եւս, երբ գնում են Հնդկաստան, ձգտում են տեսնել Գանգան:
Հինդուներն իրենց երեխաներին դեռ փոքրուց դաստիարակում են հետեւյալ խոսքերով` եղի՛ր ինչպես Ռամը, եղի՛ր ինչպես Սիտան ու դաստիարակում են Ռամի պատմությամբ, որը Հնդկաստանում անգիր գիտեն բոլորը: Ռամն ու Սիտան Հնդկաստանում համարվում են մարդկային կատարելատիպեր, որոնց հնդիկները ձգտում են նմանվել: Սիտան եւս իր ողջ կյանքում հետեւում է դհարմայի ուսմունքներին, նույնիսկ մահանում հապացույց ճշմարտության, իսկ ճշմարտությունը դհարմայի ուսմունքներից մեկն է:
«Ռամայանայի» հայերեն տարբերակը
 Երբ վերլուծում ենք Ռամի ամբողջական կերպարը` որպես որդի, ամուսին, եղբայր, ընկեր, տեսնում ենք, որ նա անթերի է: Օրինակ` Ռամը հնազանդվում է հորը, որպեսզի վերջինս մնա հավատարիմ իր խոստմանը, Ռամը փրկում է Սիտային ու այստեղ էլ հանդես գալիս որպես սիրող ու նվիրված ամուսին:
Ընտանիքի մոդելը էպոսի հիմնական պատումի մեջ նույնպես ընդգծվում է. Ռամը, Սիտան ու Ռամի եղբայրներն իրենց գործողություններով կազմում են սիրո ու ակնածանքի վրա հիմնված ընտանիքի մոդելը, որը «Ռամայանայի» հայերեն համառոտ տարբերակում նույնպես ընդգծված է:
Էպոսի դաստիարակչական դերի վերաբերյալ Հռիփսիմեն հավելում է` նույնիսկ հինդի լեզվի ու գրականության դպրոցական դասագրքերում կան դասեր` կազմված հենց «Ռամայանայի» պատումներով, այսինքն` էպոսը դաստիարակչական լինելուց զատ` մտել է կրթական ոլորտ:
 «Ռամայանան» բացի էպիկական գործ լինելուց` նաեւ գեղարվեստական ստեղծագործություն է, այստեղ կգտնեք հուզականություն, խոր զգացմունքայնություն, հատկապես հիմնական պատումում կտեսնեք սիրո եւ բաժանման քնարերգությունը: Հնդիկները «Ռամայանան» համարում են աշխարհի առաջին գեղարվեստական էպոսը:[2]
 

[1] http://hy.wikipedia.org
[2] http://www.azg.am