вторник, 30 сентября 2014 г.

Հռոմի քաղաքաշինությունը XVI դարում


(Աստղաձև հատակագծով քաղաքներ, փողոցներ. Սիքստոս V Պապի կառավարության տարիներն ու Հռոմի ճարտարապետությունը)
Սիքստոս V Պապը (1585-1590թթ.)
Հռոմը, Փարիզն ու Լոնդոնը արևմուտքի կարևոր կենտրոններից են, որոնք մարմնավորում են ժամանակակից քաղաքի տիպը: Հռոմն իր ինքնատիպությամբ առանձնանում է արևմուտքի մյուս քաղաքներից: Ավերումից հետո մոտ 1000 տարի Հռոմը կանգնած էր կործանման եզրին, սակայն 1500թ. սկսած այն դառնում է մշակույթի ու արվեստի, ապա նաև քաղաքաշինության կենտրոն: Անդրադարձ կատարենք 1500-ականների Հռոմի ճարտարապետությանը՝ հանձին քաղաքաշինության: Նշված թվականներին Հռոմը օր օրի բարգավաճում է: Այս գործում մեծ դերակատարություն ունի Սիքստոս V Պապը (1585-1590թթ.), որի իշխանությունը ողջ աշխարհում չէր տարածվում, և վերջինս կենտրոնացած էր միայն սեփական երկրի առաջխաղացումը արագացնելու վրա: Երկրի քաղաքացիներն իրավունք չունեին տնտեսական ու քաղաքական հարցերին խառնվելու,մինչդեռ Պապը լիիրավ իրավունքներ ուներ ցանկացած ոլորտում: Նրա օրոք է սկսում կառուցվել Բարոկկո Հռոմը, որն այսօր էլ դոմինանտ դիրք է գրավում այլ քաղաքների ճարտարապետության նկատմամբ: Սիքստոսի օրոք են քաղաքի աստղաձև հատակագծով փողոցներում հայտնվում փոխադրամիջոցներ, որոնք, զարգանալով ու ձևափոխվելով, հասել են մինչ մեր օրերը: Այս Պապն է Սբ. Պետրոսի տաճարի դիմաց կանգնեցնում 100 սյուներ, կառուցում նոր ջրանցքներ, կարգավորում գետերի հոսքերը, սկսում վերակառուցել Տրոյանոսի սյունը, չորացնել Պոնտական ճահիճները և այլն:
Դեռևս XV դարի կեսին Նիկոլայ V Պապը (1447-1455թթ.) հրաման է տալիս ստեղծել քաղաքաշինության նոր նախագիծ, որը ձգվելու էր Բորժո Նուովոյի շուրջը: Վերջինս այսպես էր կոչվում Պապի նստավայրի՝ Լատերանից Վատիկան տեղափոխվելու պատվին: Նախագիծը պատկանում էր ճարտարապետ Լեոն Բատիստա Ալբերտիին: Շինարարությունը սկսվում է մոտ 1500թ.: Հուլիոս II-ն ու Լյուդովիկոս X-ը պետք է Ուրբինոյից հրավիրեին Բրամանտեին ու Ռաֆայելին, իսկ Ֆլորենցիայից՝ Միքելանջելոյին, որպեսզի հանձնարարեին շինարարարության ղեկավարումը: Հետաքրքիրն այն է, որ Հռոմը ոչ մի հայտնի նկարիչ կամ ճարտարապետ չուներ, սակայն, օտարերկրացի վարպետների հրավիրելով, այն դառնում է ճարտարապետության ու նկարչության կենտրոն, ինչպես մի ժամանակ լինելու էր Փարիզը: Օտարերկրացի վարպետների շնորհիվ Հռոմը ձեռք է բերում նոր պոլիֆոնիկ հնչեղություն:
Սբ.Անժելո եկեղեցու կամուրջը
Սիքստոս V Պապը ձեռք չտվեց միջնադարյան ոչ մի շինության, չավերեց ու չոչնչացրեց և ոչ մի կառույց: Փոխարենը վերանորոգեց վնասված շինություններն ու կառուցեց միանգամայն նորերը: Հռոմի զարգացող ճարտարապետության մեջ մեծ նշանակություն ունի քաղաքի հյուսիսային մասը: Այստեղ եկեղեցիներն աճում էին սնկերի պես: Տրեչենտոյի ժամանակաշրջանում Հռոմն ուներ 17.000 քաղաքացի: Այս թվաքանակը դեռևս զիջում էր Վենետիկի, Փարիզի և Լոնդոնի բնակչության թվին: Իրավիճակը փոխվում է Մեդիչիների իշխանության օրոք: Վատիկանը վատ կլիմայի պատճառով քիչ էր բնակեցված: Այս քաղաքը վերակառուցողների շնորհիվ տարածվում է Մարսովոյի դաշտից մինչև Կապիտոլյան հրապարակ և Մարցելլա թատրոն: Դեպի քաղաք տանող կարևոր նշանակության կամուրջներից էր Վատիկանի Սբ. Անժելո եկեղեցու կամուրջը: Այս եկեղեցին, ի դեպ, ծառայում էր նաև որպես գանձարան և թաքստոց, իսկ դրա կամուրջի անունով կոչված է քաղաքի մի ամբողջ մասը՝ Պոնտե (իտալ.՝ կամուրջ): Քաղաքի վաճառատները, բանկերն ու հասարակական այլ կառույցները գտնվում էին Ուոլ սթրիտում, որտեղ լուծում էին ստանում դրամական ու հոգևոր շատ հարցեր:
Նիկոլայ V Պապի ժամանակներից սկսած միշտ ցանկություն կար կամուրջի մոտ գտնվող հրապարակի տարածքը հատակագծելու: Բուֆալինիի (1551թ.) հատակագծի վրա այդ հրապարակն անվանվում է Պոնտիս ֆորում, իսկ Ֆալդի (1676թ.) քարտեզի վրա՝ Պյացցա դի Պոնտե: Սա մի կոնտրոն էր, որտեղից ճյուղավորվում էին քաղաքի փողոցները: Հռոմի փողոցներն ունեին «հպարտ» անուններ: Օրինակ՝ Ուխտավորների ճանապարհ, որը, փոքրիկ փողոցներ միավորելով, տանում էր դեպի Մարցելլա թատրոն, Պապերի ճանապարհ, որը տանում էր Կապիտոլյան հրապարակ, ապա Լատերան, Վիա Ռեկտա փողոց, որը կապվում էր Պյացցա Կոլոնայի և Վիա Լատայի հետ:
Պալմա Նուովոյի հատակագիծը. 1593թ.
Ի տարբերությու միջնադարի, Վերածննդի ժամանակաշրջանում քաղաքները կառուցվում էին որոշակի սխեմատիկությամբ: Դրանք կառուցում էին աստղաձև հատակագծով: Քաղաքի կենտրոնում գտնվում էր աշտարակը, որը կարող էր կամ շրջապատված լինել շինություններով կամ ոչ: Սովորաբար աշտարակից ճյուղավորվում էին երկար ձգվող փողոցները: Աստղաձև հատակագծով քաղաքներ սկսել են կառուցել կվադրոչենտոյի ժամանակաշրջանից: Այս տիպը մշակել են Բրամանտեն, դա Վինչին և այլ ճարտարապետներ, իսկ կատարելագործել է Ֆիլարետեն: Աստղաձև հատակագծով քաղաքի հայտնի օրինակ է Պալմա Նուովան:
Քաղաքների կառուցման գործում մեծ է փողոցների ճիշտ հատակագծման սկզբունքը: Ուշ վերածննդի ժամանակաշրջանում Պողոս III Պապը (1534-1549թթ.) ավարտին է հասցնում դի Պոնտե հրապարակի շինարարությունը, որից ճանապարներ էին գնում դեպի ինչպես միջնադարյան,այնպես էլ վերածննդի ժամանակաշրջանի գլխավոր փողոցներ: Այս նախագիծը եզակին էր Հռոմի պատմության մեջ: Հայտնի ու կարևոր փողոցներից էին Վիա Պաոլոն, որը տանում էր դեպի Բրամանտեի կառուցած 1.5կմ երկարությամբ Վիա Ջուլիա փողոցը, ինչպես նաև Վիա դի Պանիկոն, որը զուգահեռ է Վիա Պաոլոյին և միանում է Վիա դեյ Կորոնարիին:
Ստրադա Ֆելիչե փողոցն այժմ
Գլխավոր փողոցներից է Վիա Տրանիտատիսը: Վերջինս սկսվում է Ստրադա դի Տոր դի Նոնայից: Սրա կառուցումը շարունակել է Հուլիոս II Պապը (1550-1555թթ.): Լեոնարդո Բուֆոլինիի քարտեզի վրա այս փողոցը նշված է երկար գծով, որը հասնում է մինչև Սանտա Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի: Հենց այս հատվածից փողոցի կառուցումը շարունակում է Սիքստոս V-ը: Հռոմը կառուցվում էր արևմուտքից արևելք: Հռոմում քաղաքները միշտ կառուցվել են հս.-արմ.-ից՝ Վատիկանից մինչև հվ.-արլ.՝ բլուրների մոտ, որտեղ կլիմայական պայմաններն ավելի բարենպաստ էին: Ուշադրության է արժանի եկեղեցիների տեղադրությունը: Քաղաքի 7 եկեղեցիներն ու մատուռները ունեին հեշտ անցանելի ճանապարհներ, որպեսզի քաղաքի բոլոր կողմերի հավատացյալների համար պաշտամունքային կառույցները հասանելի լինեին: Ինչպես ժամանակակիցներն էին ասում, Սիքստոսն ուզում էր Հռոմը դարձնել համատարած սուրբ քաղաք:
Պյացցա դել Պոպոլո հրապարակն այժմ
Դոմենիկո Ֆոնտանայի աշխատություններում պահպանվել են Սիքստոս V-ի մտադրությունները: Նա հրամայել է հարթեցնել բլուրները, հին փողոցները,կառուցել ու վերակառուցել նորերը, որոնց խանութներն ու տները հարթեցնելու ժամանակ վնասվել էին: Ֆոնտանայի կառուցած ամենահայտնի փողոցը Ստրադա Ֆելիչեն է: Այն կառուցվել է մեկ տարում (1585-1586թ.), իրենից ներկայացնում է հսկա փողոց՝ 4կմ երկարությամբ (այժմ՝ Վիա դե Պրեդիս և Վիա Կվադրո Ֆոնտանե), որը իջնում է բլրից ներքև, շրջանցում Սանտա Մարիա Մաժորեի դիմաց դրված սյունը, ապա բարձրանում Պինչինո բլուր (այժմ՝ Վիա Սիստեմա)՝ Սանտա Տրինիտա դեյ Մոնտիի մոտ: Վերջին կողմը մնացել է անավարտ, այն տանելու էր դեպի Պյացցա դել Պոպոլո հրապարակ:
Սա Հռոմի ամենալայն ու ամենաերկար փողոցն էր: Այնտեղով կողք կողքի կարող էին անցնել միանգամից 5 կառք: Իմիջիայլոց, կառքերը որպես փոխադրամիջոց, ի հայտ են եկել հենց այս ժամանակներում: Շինարարության ավարտից հետո Պապն ինքն էր անցնում նորակառույց փողոցներով և փորձարկում դրանք: Հնի ու նորի համադրման սկզբունքի պատճառով էր, որ Սիքստոսը սիրվեց թե՛ որպես Պապ, թե՛ որպես քաղաքներ կառուցող: Քաղաքի հատակագծի մանրակերտը կախված էր Պապի աշխատասենյակի պատից: Այն, ճիշտ է, իրական չափերից շատ տարբեր էր, բայց պատկերացում էր տալիս քաղաքի փողոցների ու կառույցների մասին:
Դե եսիմ՝ Գ. Ն.