суббота, 20 сентября 2014 г.

Բաուհաուս



1910-ականների վերջերին, երբ արդեն ավարտված էր Առաջին համաշխարհային պատերազմն ու Գերմանիան աստիճանաբար սկսում էր վերականգնվել, շատ ու շատ հարցեր մնում էին թերի: Ճգնաժամային իրավիճակում էր ոչ միայն երկրի տնտեսությունը, այլև մշակույթը, արվեստը` հանձին ճարտարապետության: Տարածված էքսպրեսիոնիստական ուղղությունները իրենց ազդեցությունն էին թողնում նաև ճարտարապետության վրա: Հենց այս տարիներին է գերմանացի հայտնի ճարտարապետ Վալտեր Գրոպիուսը հիմնադրում Բաուհաուս կոչվող դպրոցը, որն իրականում շինարարության ու գեղարվեստական կառուցվածքաբանության բարձրագույն դպրոց էր: Բաուհաուսը (գերմ.` Bauhaus – «շինարարության տուն») հիմնվում է 1919թ. Վեյմարում: Հեղինակի մտադրությամբ այն կոչված էր միավորել արվեստը, արհեստն ու տեխնիկան մեկ ընդհանուր գեղարվեստական արտադրության մեջ: Միավորել դրանք միջնադարյան շինարարական  համքարությունների ֆորմայի նման, սակայն նոր գիտատեխնիկական հիմքի վրա: 

Բաուհաուսի կայացման գործում մեծ դեր ունի հենց ինքը` հիմնադիրը: Գրոպիուսը ճարտարապետական գրականության մեջ հանդիպում է դեռևս 20-րդ դարի առաջին տարիներից: Նա աշխատել է Պիտեր Բերենսի արվեստանոցում, որտեղ այս ժամանակ աշխատում էր նաև Լե Կորբյուզիեն: Գրոպիուսը եղել է «Վերկբունդ» կոչվող  տնտեսական միավորմանանդամ: Այս միավորումը ստեղծվել է 1907 թվականին` նպատակ ունենալով   արհեստների արտադրությունը դարձնել գեղեցիկ, այսինքն արտադրել այնպիսի իրեր, կառուցել այնպիսի շինություններ, որոնք բացի ֆունկցիոնալ լինելուց կլինեն նաև գեղեցիկ: Վերկբունդում մեծ ուշադրություն էին դարձնում երիտասարդ արվեստագետներին, որոնցից մեկն էլ հենց Վալտեր Գրոպիուսն էր: Նա մի շարք այլ երիտասարդ ճարտարապետների հետ մասնակցում է Քյոլնում անցկացված ցուցահանդեսին, որն իրենց բերում է բավականին մեծ ճանաչում: Գրոպիուսի առաջին աշխատանքը դառնում է Ֆագուս կոշիկի արտադրամասի մասնաշենքը: Սա ներկայացնում էր ժամանակի նոր ճարտարապետությունը, կառուցված էր մետաղից և հայելուց և արտահայտում էր Գրոպիուսի ճարտարապետական ուղղվածությունը` իր մեջ չէր կրում հին, ավանդական-դասական ճարատարապետական տարրեր ու կոնստրուկցիաներ: Նորարարությունն ու նախորդ դարերում արմատացած ճարտարապետական ձևերը վերափոխելու նպատակն էլ հանգեցնում է Բաուհաուսի ստեղծմանը:

Բաուհաուսի շենքը Վեյմարում
Վերջինիս առաջնային նպատակներից մեկն էքսպրեսիոնիստական գաղափարներից հեռանալն էր, մյուսը` արվեստը և արդյունաբերությունը միավորելն ու ժամանակի ճարտարապետության հիմնական պահանջները գտնելը:  Գրոպիուսը մեկ ընդհանուր շինության ու համակարգի մեջ է միավորում նրբագեղ արվեստների դպրոցն ու կիրառական արվեստների ակադեմիան: Սա էլ հենց դառնում է Բաուհաուսը: Բավականին հետաքրքիր էր այս դպրոցում դասավանդող մասնագետների ընտրությունը: Նրանք չպետք է երբևէ աշխատած լինեին կիրառական արվեստի ոլորտում: Ուսանողներ նախապատրաստելու դասընթացներով զբաղվում էր նկարիչ Յոհաննես Իտտենը, որին հետագայում միանում են քանդակագործներ Լիոնել Ֆեյնինգերը, Յոզեֆ Ալբերսը, Մարսել Բրեյերը, Հերարդ Մարքսը, հոլանդական Դեստիլ խմբի անդամները, այդ թվում` Թեո վան Դուսբուրգը, ավելի ուշ նաև Օսկար Շլեմմերը, դիզայներ Լասլո Մոգոլի-Նադը, Պաուլ   Կլեեն, Վ. Կանդինսկին և այլք: Վերջիններիս շնորհիվ Բաուհաուսը ձեռք է բերում աբստրակտ արտահայտչականություն: Նախապատրաստական կուրսը տևում էր 6 ամիս: Այս ընթացքում ապագա ուսանողները ծանոթանում էին հիմնական արհեստների, արվեստի տեսակների, նյութերի, ֆորմաների ու գծանկարի հետ: Այնուհետև նրանք ստանում էին արվեստանոցներում աշխատելու հնարավորություն և դասակարգվում որպես ճարտարապետ, նկարիչ-կոնստրուկտոր, լուսանկարիչ, մոդելավորող-դիզայներ և այլն:
1926թ. Բաուհաուսի շենքը Վեյմարից տեղափոխվում է Դեսաու: Շինության հեղինակը Գրոպիուսն էր: Այս կառույցը համարվում է  ֆունկցիոնալիստական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Դեսաուի շրջանն աչքի է ընկնում  ուտիլիտար տենդենցներով, ֆորմաների հստակությամբ, մինիմալիստական միջոցներով, տիպական նախագծմամբ, արդյունաբերական նյութերի և մեթոդների կատարելությամբ:
Բաուհաուսի շենքը Դեսաուում
 1928թ. Բաուհաուսի տնօրեն է ընտրվում շվեյցարացի ճարտարապետ Հանս Մայերը, սակայն վերջինիս նորարարությունը, որը կայանում էր հասարական գիտությունների ուսումնասիրման մեջ, այնքան էլ դուր չի գալիս  բարձրագույն դպրոցի ուսուցիչներին ու ուսանողներին, ինչի արդյունքում 1930թ. տնօրեն է դառնում  գերմանացի ճարտարապետ Լյուդվիգ Միս Վան դեր Ռոեն: Վերջինս իր  պաշտոնին է մնում ընդհուպ մինչև Բաուհաուսի փակումը: 1933թ. նացիստները փակում են Բաուհաուսը, սակայն վերջինս արդեն տարածում էր գտել այլ երկրներում ևս և ուներ իր մեծ ազդեցությունը ժամանակի շատ ստեղծագործողների մտքի վրա: Մինչ օրս էլ Բաուհաուսի մեթոդներով սըեղծվում են կիրառական ու դեկորատիվ արվեստի մի շարք նմուշներ` սկսած գրքի գրաֆիկայից մինչև կահույք ու կենցաղային կիրառության առարականեր:  

Դե եսիմ` Գ. Ն.

Комментариев нет:

Отправить комментарий