Ստվեր-ուրվական-ոգի:
Կախված կոնտեքստից` այս բառը ընթերցողի կամ ունկնդրի մոտ տարաբնույթ
մտակառուցվածք/մտայնություն է առաջացնում: Ի՞նչ է ստվերն առհասարակ ու
ըկալման ինչպիսի՞ տիրույթներ ունի այն:
Դեռևս հին ժամանակներում ստվեր կոչվածը եղել է սարսափի պատճառ, շատերին
խորհելու թեմա է տվել, շատերն են խաղացել դրա հետ: Ստվերը կա, երբ կա լույս
ու մենք այն փակում ենք: Մենք կախված չենք մեր ստվերներից: Այդ ստվերն է
կախված մեզնից, քանի որ եթե լույսն ու մենք չկանք, չկա նաև ստվերը: Այն
մեր մասին ոչինչ չի պատմում, մեզ չի ճանաչում, «կրկնօրինակում» է միայն մեր
մարմնի ձևը: Սակայն այսպիսի պատկերացումներ չկային վաղ ժամանակներում:
Սովորաբար մարդկային պատկերացումներում ստվերը վերագրվում է հիմնականում
մահացածի հոգուն: Համարվում էր, որ միայն ընտրյալներն էին ազատվում որպես
ստվեր ապրելու ճակատագրից: Ենթադրում էին, որ ստվերը ուրվականի հոգին է.
Հին Հռոմում ուրվականը համարվում էր մահացածի ստվերը: Ստվերը կարող է
վերաբերել առաջին՝ անգիտակցության հավերժականությանը՝ այն ամենը, ինչի
հանդեպ մարդը ամբողջապես գիտակից չէ, երկրորդ՝ անձի անգիտակից մասին, որն
անձի գիտակից եսն իր մասը չի համարում:
Ստվեր կա նաև արվեստում… Հաճախ ստվերների առկայությունը նկարի
ամենատպավորիչ մասն է կազմում: Այն կիրառում են, թե նկարիչները, թե
լուսանկարիչները` ստանալով անհավանական պատրանքներ:
Հասկանալի է, որ երևույթը շատ խորը արմատներ ունի ու բազմիմաստ է:
Ի՞նչ է ստվերը որպես բնական երևույթ. այն լույսից է ծնվում, բայց
լույս չէ: Որևէ «օբյեկտով» արևի ճառագայթներից պաշտպանված, արևից զերծ
մնացող տարածություն, որևէ մակերևույթի, առարկայի վրա ընկնող մթնագույն
անդրադարձում, որ ստացվում է հակառակ կողմից լուսավորված առարկայից:
Ստվերները պատկերների բծերն ու երանգներն են, որոնք մեխանիկորեն, անկախ
իրենց կամքից, վերարտադրում են պատկերված առարկայի և տեղանքի նվազ
լուսավորված մասերը: Լույսի և մթության մեջ սուբյեկտի կամ օբյեկտի թույլ
աղոտ գծագրություն, որը պատկերային ասելիք է ունենում: Ստվերը լույսի հետ
բախման արդյունքում ստեղծվածն է: Բառացիորեն` ստվերը լույսը փակելու
արդյունքում առաջացած պատկերն է:
Հարց է առաջանում` ինչու ենք փորձում ստուգաբանել այս բառի խորքային
իմաստը… գուցե նրա համար, որ փորձենք հասկանալ այդ երևույթի մաքրագործված
ու տրանսֆորմացիայի ենթարկված արտացոլանքը Վահագն Ղուկասյանի
ստեղծագործություններում:
Նոյեմբերի
12-ին Երևանի նորաբաց «Ականաթ» art gallery-ում տեղի ունեցավ գյումրեցի
երիտասարդ արվեստագետ Վահագն Ղուկասյանի «Ստվերներ» խորագրով անհատական
ցուցահանդեսը:
Այսպիսին էր
ցուցահանդեսի այցեքարտը՝ համադրող արվեստաբան Արման Գրիգորյանի շարադրմամբ.
«Հայաստանի ժամանակակից արվեստով հետաքրքրվողները հնարավորություն ունեն
հանդիպել ստվերի հետ անմիջականորեն կամ ուղիղ հարաբերման մեջ մտած
արվեստագետի հետ»: Միտքս շարունակեմ համադրողի կոնցեպտի վերապատմամբ. Վ.
Ղուկասյանն օգտագործում է հետաքրքիր մի մեթոդ. նա արևոտ օրերին կտավը դնում
է գետնին` իր այգու ծառերի տակ, ու որքան հնարավոր է արագ, որովհետև
երկրագունդը մեծ արագությամբ պտտվում է ու լույսը շարժվում է, գծում է
կտավի վրա ընկնող ստվերի կոնտուրները, այնուհետև յուղաներկով կենդանացնում
ու տարածության մեջ ձուլում է ծառերի ու թփերի պատկերները` ստանալով
բնանկարներ, որոնք կարելի է անվանել անգիտակցական հայացքով դիտված
փսիխո-լանդշաֆտներ:
Այսպիսի ստվերախաղի մեջ է մտել արվեստագետը: Բնության ստվերներ,
որոնք իրենց պատկերային արտացոլմամբ «հպվել» են կտավի մակերևույթին,
այնուհետև արվեստագետի ընկալողական հայացքի ու վրձնի մի քանի վարժ
շարժումով ամրագրվել կտավին, դարձել աննյութ, մաքրագործված ստվերային
պատկերներ:
Որքան էլ ստվերը
մեզ անկենդան է թվում ու չի ներկայացնում առարկան այնպիսին, ինչպիսին այն
կա իրականում իր ձևի մեջ, այն դիտողին հնարավորություն է տալիս զգալ
պատկերի մետամորֆի կամ նշանի վերածված ձևը պատկերից անդին` դեպի ստվերային
աշխարհ:
Վահագնի հետ զրույցի ընթացքում հասկացանք, որ նա նախկինում ստեղծագործական
պրոցեսի մեջ գտնվելու ժամանակ շատ քիչ անգամներ է ուշադրությունը բևեռացրել
ստվերի վրա ու մտածել դրա մասին: Միայն հետո է արվեստագետը նկատել է, որ
իր տեսողական պրիզմայում ստվերները սկսել են մեծ առաջնայնություն ունենալ
ու այդտեղից է սկսվել /2 տարի առաջ/ արվեստագետի ստվերով գրավվելու ու դրա
հետ սերտ հարաբերման պահը: Արվեստագետի վերջին շրջանի գործերից դեռևս
նկատելի է բնությունը՝ կոնկրետ սևեռումը ծառի մոտիվացիայի զարգացման վրա:
Մենք կարծում ենք, որ Վահագնի «Ստվերներ» շարքը սերում է այդ շրջանի
գործերից: Գուցե նա իր այսօրվա արվեստով ձգտում է հասնել մինիմալիզմի կամ,
դեռ իր ստեղծագործական գերխնդրիը դա չհամարելով, չի էլ նկատում, որ քայլեր
է անում այդ ուղղությամբ:
Դիտելով Վահագնի եթերային ու մեթոդով նորարար ստեղծագործությունները`
դիտողը զգում էր, թե ինչպես է Վահագնին գրավել ստվերն իր հարափոփոխ շարժման
մեջ:
«Ես նկատում էի, որ
արևի ու լույսի առկայությամբ աշխատանքս զարմանալի արագությամբ առաջ էր
գնում, հետո դրանց անհետացման հետ կանգնում էր` սպասելով հաջորդ օրվա
ստվերային տարափին»,- ասում է ստվերներ պատկերող նկարիչը:
Գործերում շնչող, բայց ստվերային-մետամորֆ բնությունն է: Տեղ-տեղ
դրանք դիտողի հայացքի առաջ վազում են գունային ռեֆլեքսներով, հետո աշխույժ
շարժուձևով կառավարվում նկարի տիրույթում, կոտրատվում, խաչվում,
միաձուլվում, կտավի որոշ հատվածներում դառնում աղոտ: Նկատելի է, որ գործերի
որոշ հատվածներում արևը ‹‹կերել» է ստվերներին, այնուհետև ստվերային խաղն է
հաղթել ու գալով նկարի տիրույթ` դարձել անհավանական պատրանքային:
Գործերի ընկալման տեսանկյունից տրամադրող էր նաև ցուցասրահը: Այն,
լինելով ապակեպատ, նրբանկատ դիտողին հնարավորություն էր տալիս նկատելու
տարածքի ու իր սեփական ստվերը գործի մակերևույթին:
Դա անբացատրելի ստվերախաղ է…
Վահագնը իր այս յուրօրինակ ու նորարար շարքով մեզ ստիպեց գալ այն
համոզմունքին, որ բոլոր «գեղեցկությունները» ծածկված են ստվերով: Ստվեր կա
կյանքի ամեն մի երևույթի վրա: Ստվեր կա հանճարի ճակատին, նույնիսկ աշխարհը
ծածկված է ժամանակի փոփոխվող ստվերով…
Լիլիթ Գալոյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին, մագիստրատուրա 2-րդ կուրս