Այս մարդն այնքան դիմակ ունի, որ մեծ ջանք է պետք հասկանալու, թե
դրանցից որն է սերտաճել դեմքին: Սակայն այդ ջանքը ապարդյուն է. նրա դեմքն
անթեղված է խորքում: Շշմեցնող խոսքեր, արտասովոր հագուստներ, արտառոց վարք,
որոնք ցնցում են «ողջամտության» խնկարկուին՝ լինի պաշտոնակատար, թե անգամ
արվեստաբան:
Անցյալ տարիների մեջ մեր ձանձրալի գոյությունը նա
պայթեցնում էր իր համարձակ գեղարվեստական ֆիլմերով, շատերին և մի քանիսին
ծանոթ իր կոլաժներով, քչերին հայտնի իր գրական ստեղծագործություններով:
Կյանքի ականապատված դաշտով նա գնում էր ոչ թե ականորսիչը ձեռքին, այլ
նռնակներով ծանրաբեռ, որ պայթյունը խլացուցիչ լինի: Նա զոհվում և
վերածնվում էր, կրկին զոհվում ու կրկին վերածնվում: Բայց նրա մահերից և
աներևութացումներից հետո մնում էին նրա ֆիլմերը, որոնք ապրում էին առանց
նրա՝ ուղենշելով աշխարհընկալման գեղարվեստական նոր (ամեն ֆիլմում՝ նոր)
ուղղություններ՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Սուրամի
բերդի առասպել»…
Ոչ ոք չգիտի, թե որքան բան կկարողանար անել Սերգեյ Փարաջանովը,
և դեռ որքան բան կանի, քանի որ ոչ ոք, այդ թվում նաև ինքը, չգիտի, թե ինչի
վրա կանգ կառնի արվեստագետի և հրաշագործի իր հայացքը: Նա մի կողմ կթողնի
գործերը, որպեսզի իր ձեռքով միջնադարյան թավիշից և մետաքսից (այստեղ կարող է
և ստել) մի ֆանտաստիկ հագուստ կարի Ֆելինիին նվիրելու համար: Եվ չի նվիրի՝
հետաքրքրասերներին բացատրելով, թե առանց իր կեղծ հագուստի էլ Ֆելինին
հագնելու բան կգտնի: Եվ խալաթ կարելը մի կողմ կթողնի, որպեսզի վերականգնի
ինչ-որ հնագույն սրբապատկեր: Եվ ամեն ինչ էլ մի կողմ կթողնի, երբ գան
բարեկամները, քանզի նրան պետք է հանդիսատես և ունկնդիր՝ իր հեքիաթների և
իրապատումների հավատավոր:
Անսահման դժվար է նրան
տեսնել ժամանակի մեջ թափառող դերասանի իր դերից դուրս: Եվ ինձ բախտ
վիճակվեց լուսանկարել նրան հենց այդպիսին: Թբիլիսյան փոքրիկ բակում, ուր
ժամանակավոր բացակայություններով նա ապրել է իր ողջ կյանքը,
կերպարանափոխություններից հոգնած Փարաջանովը նստեց արկղի ծայրին, իսկ արկղի
մեջ իր գլխի գրանիտե քանդակն էր, և աջ ձեռքը դրեց սրտին: Ոչ այնքան առողջ
սրտին, որն իր միակն է և որին պետք է հավատալ:
ՅՈՒՐԻ ՌՈՍՏ
Комментариев нет:
Отправить комментарий