… Ես գտնվում եմ անհայտ մի մոլորակի վրա, ուր ոչ տրամաբանություն կա, ոչ անհերքելի փաստեր, և իմ մեջ ինչ-որ ձայն անվերջ ու անլռելի ճչում է մի անուն: Ես գիտեմ, որ բանն անունը չէ, սակայն անվերջ լսում եմ ճչացող քայլերիդ ձայնը, որին ինչպես միշտ որպես պատասխան լռությունն է լոկ դիմավորում: Այդ լռության մեջ շատ ճիչեր են խլացել առանց պատասխան ստանալու: Բայց ճիչը չի լռել: Դա սիրո և մահվան գիշերային ճիչն է, ճիչը էքստազի և կործանման գիտակցության, ճիչը ջունգլիների և անծայր անապատի: Ես կարող եմ հազարավոր պատասխաններ իմանալ, բայց միակ այն պատասխանը, որն ինձ պետք է, ես չգիտեմ և չեմ էլ իմանա, քանի որ այդ պատասխանը ոչ թե իմ մեջ, այլ ինձնից դուրս է, որին ես երբեք չեմ կարող հասնել: Սեր: Ինչեր ասես, որ չեն թաքնվում այդ բառի տակ: Դեպի հաճելի ու քնքուշ մարմինն ունեցած տենչից մինչև ոգու հեռավոր փոթորկումները, ընտանիք ունենալու հասարակ ցանկությունից մինչև որևէ մեկի մահվան լուրից ստացած կորստաբեր ցնցումները, խենթ վավաշոտությունից մինչև Հակոբի մենամարտը հրեշտակի հետ: Ահա ես քայլում եմ. քառասունն արդեն անցած մարդ, ես շատ բան եմ սովորել կյանքում, ընկել ու նորից եմ բարձրացել: Ես փորձով հարուստ եմ և իմաստնացած, այդ իմաստությունները անցել են տարիների ֆիլտրի միջով, ես դարձել եմ ավելի կոփված, ամեն ինչին նայում եմ քննադատորեն, ես հիմա ավելի անվրդով եմ և ավելի սառնասիրտ… Ես ոչ ուզում էի սիրել և ոչ էլ հավատում էի սիրուն, իմ մտքով երբեք չէր անցնում, թե սերը նորից ինձ կայցելի: Բայց նա եկավ, և պարզվեց, որ իմ ամբողջ կենսափորձը անօգուտ դուրս եկավ, իսկ գիտելիքներս այդ ամենը դարձրին ավել այրող ու ցավալի: Իսկ ի՞նչն է ավելի լավ այրվում զգացմունքի կրակի վրա, եթե ոչ չոր ցինիզմը, մի վառելիք, որ պատրաստվել է ճակատագրական ծանր օրերին…


***
 Կար, չկար մի ալիք կար, ինչ որ ծովում, ասենք Կապրիի ծովախորշում: Եվ ալիքն այդ սիրում էր ժայռին: Նա շռայլում էր ժայռին իր փրփուռներով և ջրափոշով, գիշեր ու զօր համբուրում էր նրան, գրկում էր իր սպիտակ թևերով: Ալիքը հառաչում էր, լացում և աղերսում. «Արի ինձ մոտ ժայռ»: Նա սիրում էր ժայռին, անընդհատ հղկում էր և նրան նվիրում իր փրփուռները: Եվ ահա մի գեղեցիկ օր, արդեն չափազանց հղկված, ժայռը երերաց և ընկավ ալիքի գիրկը:
Եվ ժայռը այլևս չկար: Չկար այն մեկը, որի հետ կարելի էր խաղալ, սիրել և նրա պատճառով տառապել: Ժայռը խորտակվեց ալիքներում: Այժմ այն ընդամենը քարի կտոր էր՝ ընկած ծովի հատակին: Իսկ ալիքը հիասթափված էր, իրեն թվում էր, որ իրեն խաբել են և շուտով նա իր համար գտավ նոր ժայռ: