Հայաստանի
ազգային պատկերասրահը ծնունդ է առել 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի
կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը`
արվեստի բաժինը: Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս
Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: Պետական
թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի
համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում (ճարտարապետ Վ. Օ.
Սիմոնսոն):
Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը:
Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ
երեխաները, և դա էր պատճառը, որ առաջին չորս տարիներին թանգարանը չուներ
ցուցադրատարածքներ: Պատահական չէր 1924 թ. Հայաստան այցելած Ա.
Լունաչարսկու դժգոհությունը, որ թանգարանը նման է մեծ ու խայտաբղետ մի
պահեստարանի:
Պահպանվել է 1921 թ. օգոստոսի 14-ի Հայաստանի «Արվեստից թանգարանի»
բացման արարողության այցելուների ցուցակը, համաձայն որի մասնակցել է 130
մարդ՝ նկարիչներ, դերասաններ և երաժիշտներ, պաշտոնյաներ, բանվորներ և
զինվորներ, աշակերտներ և ուսանողներ: Այցելուների թվում էին ճանաչված
արվեստագետներ Կարո Հալաբյանը, Սարգիս Խաչատրյանը, Տարագրոսը, Ռոմանոս
Մելիքյանը և այլք:
1947 թ. թանգարանը վերանվանվում և մինչ 1991 թ. կոչվում է Հայաստանի
պետական պատկերասրահ: Մեկ տարի անց սկսվում է շենքի վերակառուցումը:
Հետզհետե ավելի է ընդլայնվում պատկերասրահի գործունեությունը: 1948 թ., օրինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի սեկտորի հետ հրատարակության են պատրաստվում «Հայկական մանրանկարչության հուշարձանները» և «19-20-րդ դարերի հայկական արվեստը» աշխատությունները:
Հետզհետե ավելի է ընդլայնվում պատկերասրահի գործունեությունը: 1948 թ., օրինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի սեկտորի հետ հրատարակության են պատրաստվում «Հայկական մանրանկարչության հուշարձանները» և «19-20-րդ դարերի հայկական արվեստը» աշխատությունները:
1951 թ. ավարտվում է Ռ. Դրամբյանի՝ որպես տնօրենի 27-ամյա
գործունեությունը պատկերասրահում, սակայն նրա կապը թանգարանի հետ
շարունակվում է երկար տարիներ (նա գիտխորհրդի անդամ էր, անփոխարինելի
խորհրդատու, իսկ 1982 թ. լույս է տեսնում նրա «Հայաստանի պետական
պատկերասրահ» գիրքը): Ընդամենը մեկ տարի պատկերասրահի տնօրենն էր
արվեստաբան Վահան Հարությունյանը, իսկ 1952-1962 թթ.՝ արվեստաբան Ռուբեն
Պարսամյանը:
Այդ շրջանում պատկերասրահի գործունեությունը զարգանում է արդեն
ձևավորված ուղով` շարունակվում են հավաքածուների ուսումնասիրությունները և
ընդլայնումը, կազմակերպվում են հայ հեղինակների անհատական ցուցահանդեսներ,
բացվում է հուշաձեռագրային բաժինը, որի ղեկավար Դանիել Դզնունուն
հանձնարարվում է հրապարակման նախապատարստել «Հայ կերպավեստագետների
բառարանը» (լույս է տեսել 1977 թ.), արվեստասերներին է ներկայացվում
«Հայաստանի պետական պատկերասրահ» ալբոմը` Ռ. Դրամբյանի առաջաբանով (1956):
Ծրագրվում է նոր գիտական բաժինների ստեղծումը` համաձայն գոյություն
ունեցող հավաքածուների: Պատկերասրահի գիտական կազմը համալրվում է
Լենինգրադի Ի. Ռեպինի անվան ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտներով,
որոնց մուտքը թանգարան ապահովում է սերնդափոխությունը և պայմանավորում
գիտական աշխատանքի հետագա, առավել մասնագիտական զարգացումը:
1991 թ. Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց պատմա-քաղաքական նոր փուլ.
երկիրը անկախություն հռչակեց: Երևույթն անշուշտ, նշանակալի էր. տեղի էր
ունեցել կարևոր մի իրադարձություն, որին հայ ժողովուրդը սպասում էր դարեր:
Սակայն այս բախտորոշ հաղթանակը ուղեկցվեց նորաստեղծ հանրապետության
բազմաթիվ խնդիրներով, որոնք չէին կարող իրենց անդրադարձը չունենալ
մշակութային կյանքի վրա: Երկիրը մտավ քաղաքական, սոցիալ-տնտեսական և
մշակութային ծանր ճգնաժամի մեջ: Գիտական և մշակութային բոլոր օջախների հետ
միասին, Հայաստանի պետական պատկերասրահին ևս վիճակված էր կրել ժամանակի
բերած բոլոր դժվարությունները:
1991 թ. պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը.
հայ մշակույթի երախտավոր, ով տարիներ առաջ աշխատակցել էր ՀՊՊ հայկական
կերպարվեստի բաժնին, իսկ 1967 թվականից ի վեր, Մարտիրոս Սարյանի թանգարանի
հիմնադրման օրվանից ղեկավարել էր այն: 1991-ին Հայաստանի գեղարվեստական
խոշորագույն օջախը վերանվանվեց Հայաստանի ազգային պատկերասրահ:
Նույն
թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը հաստատեց ՀԱՊ նոր
կանոնադրությունը: Նախկին հայ հին և միջնադարյան, նոր և նորագույն
բաժինների միավորմամբ, ստեղծվեց հայ գեղանկարի մեկ միացյալ բաժին:
Գումարվեցին նաև արտասահմանյան և ռուս գեղանկարի բաժինները` դառնալով
արտասահմանյան գեղանկարի բաժին:
Այս տարիների ընթացքում Հայաստանում և արտերկրում պատկերասրահը
կազմակերպել է շուրջ 230 ցուցահանդես: Ընդհանրապես, ցուցահանդեսային
գործունեությունը, որ միշտ եղել է Ազգային պատկերասրահի կատարած գիտական և
հանրահռչակման աշխատանքի առանցքներից մեկը, վերջին տասնամյակում
առանձնանում է առավել մեծ ծավալներով՝ պահպանվող հարուստ հավաքածուների
առավել լայնամասշտաբ ներկայացմամբ, նշանավոր արվեստագետների հոբելյանական
ցուցահանդեսների կազմակերպմամբ և այլն: Հանրության մեծ ուշադրության
արժանացան հատկապես գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցի 150, Գեորգի
Յակուլովի 125-ամյա հոբելյանների առթիվ կազմակերպված ցուցահանդեսները:
Շարունակվում է հայ դասական կերպարվեստը օտարերկրյա հանդիսատեսին
ներկայացնելու աշխատանքը պարբերաբար կազմակերպվող միջազգային տարբեր
ցուցահանդեսների միջոցով: Հաճախակի են դարձել նաև օտարերկրյա ճանաչված
արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունները: Առավել
հաջողվածներից մեկը պետք է համարել, թերևս, ՀՀ Մշակույթի նախարարության
կողմից 2011 թ. կազմակերպված «Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որն
աննախադեպ արձագանք և հետաքրքրություն առաջացրեց հայ արվեստասերների
շրջանում:
Վերջին տասնամյակում մեծապես ընդլայնվել է հրատարակչական
գործունեությունը: Ֆոնդային ամեն ցուցահանդես համապատասխան հավաքածուի
գիտական ուսումնասիրության արդյունք է և ուղեկցվում է ալբոմով կամ
կատալոգով: Ծրագրվում է նաև էլեկտրոնային կատալոգների ստեղծումը, ինչպես
նաև ամենամյա տարեգրքի լույսընծայումը, ուր կտպագրվեն պատկերասրահի գիտական
անձնակազմի ուսումնասիրությունները: Տասնյակների հասնող այս
աշխատությունների շարքում հարկ է առանձնացնել «Հայաստանի ազգային
պատկերասրահ» (2008), «Վարդգես Սուրենյանց» (2010), «Գեորգի Յակուլով»
(2011) ալբոմները, «Գեորգի Յակուլով» (2011) մենագրությունը:
Հնարավորինս շարունակվում է հավաքչական աշխատանքը՝ պատկերասրահի թե´ ավանդական դարձած նվիրատվությունների, և թե´ գնումների միջոցով:
Սկսած 2005 թվականից թանգարանում կազմակերպվում է «Ազգային պատկերասրահ»
դասական երաժշտության ամենամյա փառատոնը, որը Պատկերասրահի Որմնանկարների
սրահում մեկտեղելով երաժշտությունն ու կերպարվեստը՝ արդեն յոթերորդ տարին
է, ինչ հայ հանդիսատեսին հասու է դարձնում արվեստների գեղեցիկ համադրման:
Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցում է մի շարք միջազգային
ծրագրերի. 2005-ից իրականացվում են «Թանգարանների գիշեր» միջազգային
ակցիան, որն արդեն ճանաչված և սիրված է հասարակության լայն շրջաններում,
ինչպես նաև` «Եվրոպական ժառանգության օրերի» ամենամյա միջոցառումները:
Ազգային պատկերասրահում, մեր երկրում գործող դեսպանատների հետ միասին,
պարբերաբար անցկացվում են նաև այլ երկրների մշակութային օրեր:
Այժմ, հայացք ձգելով Հայաստանի ազգային պատկերասրահի անցած 90-ամյա
ճանապարհին, հաստատապես կարելի է արձանագրել պատվով կատարված և կատարվող
մշակութային մեծ առաքելությունը, որն իրակացվում է այստեղ: Վստահորեն կարող
ենք ասել, որ Ազգային պատկերասրահը այսուհետ ևս շարունակելու է իր
ազգանվեր աշխատանքը` ավելի ու ավելի զարգացնելով այն և հարստացնելով
ժամանակի թելադրած նոր գործառույթներով:
Արվեստաբան Անուշ Հակոբյան
http://www.gallery.am/hy/
Комментариев нет:
Отправить комментарий