пятница, 14 декабря 2012 г.

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան


Երևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959): 1973 թվականին ժառանգների ցանկությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի կարգավիճակով:
Մասնաճյուղի՝ Արա Սարգսյանի  արվեստի բաժնում ներկայացված են ստեղծագործություններ  ՀԱՊ-ի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև  արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին:
Արա Սարգսյանի ստեղծագործությունը սինթեզում է ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, յուրահատուկ հմտությամբ համադրում  ավանդականն ու նորարարականը, մոնումենտալ վեհությունն ու կամերային քնարականությունը, ձևերի ու կերպարային ընդհանրացումն ու հոգեբանական հուզականությունը: Արվեստագետի բազմաժանր, հորինվածքային տարբեր լուծումներով ստեղծված զանգվածեղ գործերի, թեմատիկ բազմաֆիգուր կոմպոզիցիաների, բարձրաքանդակների և մոնումենտալ գործերի կողքին առանձին տեղ են զբաղեցնում փոքրածավալ աշխատանքները, հատկապես քնքշության և ջերմության զգացումով կերտված կանացի նրբագեղ իրանները: 
Նրա արվեստում գերիշխող է եղել դիմաքանդակի ժանրը: Փայլուն տիրապետելով  արձանագործական արվեստում կիրառվող նյութերին, մարմարի, գրանիտի, բրոնզի, փայտի մեջ նա մարմնավորել է հայ ականավոր գործիչներ Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի, Վարդան Աճեմյանի և այլոց կերպարները:
Մեծ է Արա Սարգսյանի ներդրումը նոր շրջանի հայ քանդակագործական դպրոցի սկզբնավորման գործում: Նա եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնադիրներից մեկը, առաջին ռեկտորը, քանդակագործության ամբիոնի վարիչը: Նրան աշակերտել են վաստակաշատ քանդակագործներ Ղուկաս Չուբարյանը, Արա Հարությունյանը, Սարգիս Բաղդասարյանը, Լևոն Թոքմաջյանը և ուրիշներ, որոնք շարունակել և զարգացրել են հայ քանդակագործության մեջ մեծ վարպետի ուրվագծած ուղին:
Շենքի երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը ՀԱՊ-ի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է:

Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում: Հ. Կոջոյանի գեղանկարներին հատուկ է լեզվի սրությունը, լակոնիկ և արտահայտիչ ձևերը, գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը: Իր կատվներում նկարիչը արտացոլում է հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը, անդրադառնում պատմական իրադարձություններին: Առավել նշանակալից է Հակոբ Կոջոյանի ներդրումը գրաֆիկայի ասպարեզում: Հիանալի ճանաչելով հայկական միջնադարյան մանրանկարչությունը, նա ստեղծագործաբար կիրառում էր օրնամենտալ մոտիվները գրքային նկարազարդումներում, հատկապես հեքիաթներում: Կոջոյանը նոր շրջանի գրքարվեստի խոշորագույն դեմքերից է: Նրա լավագույն ձևավորումների թվին են պատկանում «Սայաթ-Նովայի» բանաստեղծություների ժողովածուն, Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը», Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն և այլն:
աղբյուրը՝ http://www.gallery.am/hy/

Комментариев нет:

Отправить комментарий