1977 թ. մի խումբ արվեստագետների և վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի
(Ջոտտո, 1897-1976) այրու` Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ Երևանում
բացվեց վարպետի արվեստանոց-թանգարանը, որը 2 տարի անց դարձավ ՀԱՊ-ի
մասնաճյուղերից մեկը: Այստեղ ամփոփ ներկայացված են նկարչի ստեղծագործական
ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր:
Գ. Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է շատ ինքնատիպ
կոլորիտով հագեցած, աշխույժ եռուզեռով ապրող բազմազգ Թիֆլիսում: 19-րդ
դարից Անդրկովկասի մշակութային կենտրոն հանդիսացող այս քաղաքում ապրել և
ստեղծագործել են հայ մեծ նկարիչներ Հակոբ Հովնաթանյանը, Գևորգ
Բաշինջաղյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը և տաղանդաշատ այլ
արվեստագետներ, այդ թվում և Ջոտտոն, որոնց ստեղծագործությունը հայկական
կերպարվեստում ձևավորեց «թիֆլիսյան դպրոցը»:
Փիլիսոփայական
խոհերի և ըմբոստ մտքերի մեջ խորասուզված Գ. Գրիգորյանը ստեղծում էր
հոգեբանական դիմանկարներ, զուսպ նատյուրմորտներ, տարաբնույթ հորինվածքներ:
Նկարում էր մտերիմներին, բարեկամներին, մի ամբողջ շարք են կազմում տարբեր
տարիներին վրձնած կնոջ` նկարչուհի և բանաստեղծուհի Դիանայի պատկերները,
որոնք միմյանցից տարբերվում են գունային լուծումներով, կառուցվածքով,
սակայն բոլորն էլ տոգորված են մի ուրույն քնքշանքով, սիրով, որ տածում էր
Ջոտտոն իր կնոջ հանդեպ:
Թեմատիկ հորինվածքներում Գ. Գրիգորյանը հաճախ վերադառնում է իր
մանկության տարիների Թիֆլիսին և զուսպ գեղանկարչական միջոցներով ու
գունաշարով վերարտադրում ժամանակին բնորոշ մթնոլորտը, կենցաղն ու բարքերը:
Մեծ արժեք են ներկայացնում Գ. Գրիգորյանի նատյուրմորտները: Նրա վրձինը
վարպետորեն կերտում է հիմնականում թեք հարթությունների վրա տեղադրված
ամենապարզունակ կենցաղային առարկաներ, մրգեր ու ծաղիկներ:
Մասնաճյուղի սրահներից մեկում տեղ են գտել նաև Դիանա Ուկլեբայի մի քանի
կտավները, իսկ առաջին հարկում ներկայացվում են «թիֆլիսյան դպրոցի» անվանի
նկարիչների ստեղծագործությունները: Այսպիսով Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը
հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մշակութային ուրույն կենտրոն է.
այստեղ կազմակերպվում են Վրաստանի նկարիչների ցուցահանդեսներ, մշակութային
կապերին վերաբերող միջոցառումներ:
աղբյուրը՝ http://www.gallery.am/hy/
Комментариев нет:
Отправить комментарий