
Ես գտա սիգարետներն ու ծխեցի, հենվելով աթոռի թիկնակին ու պահպանելով
հավասարակշռությունս hետևի ոտքերի վրա. տտիպ, թթվահամ ծուխը հոսեց
օղակներով:
Լռում էինք: Ես՝ աթոռի վրա ճոճվելով, նա՝ բարակ սպիտակ մատները լամպի
ապակե գլխարկի վրա տաքացնելով: Նրա կոպերի վրա ստվերներ էին դողում: Ինձ
թվաց, թե ես պետք է ինչ-որ բան ասեմ, ու ես ինձանից անկախ արտասանեցի.
- Երկնագույն շան աչքերը:
Ու նա տխուր պատասխանեց.
- Այո: Հիմա մենք երբեք դա չենք մոռանա:
Նա դուրս եկավ լամպի լուսավոր օղակից ու կրկնեց.
- Երկնագույն շան աչքերը: Ես գրել եմ դա ամենուրեք:
Նա շրջվեց ու քայլեց զարդասեղանի ուղղությամբ: Հայելու մեծ լուսնի մեջ
հայտնվեց նրա դեմքը. դեմքի անդրադարձումը, տեսողական պատկերը, կրկնակը, որը
պատրաստ էր լուծվել լամպի թրթռացող լույսի մեջ: Սառած մոխրի գույնի աչքերը
տխուր նայեցին ինձ ու խոնարհվեցին, նա բացեց շպարի սադափե տուփն ու
վրձինով կպավ քթին ու ճակատին:
- Ես այնքան եմ վախենում,- ասաց նա,- որ այս սենյակը մեկ ուրիշին էլ երազում կերևա, ու նա այստեղ ամեն ինչ կխառնի:
Նա չխկացրեց տուփի կողպեքը, վեր կացավ ու վերադարձավ լամպի մոտ:
- Դու երբեք չե՞ս մրսում,- հարցրեց նա:
- Երբեմն պատահում է,- պատասխանեցի ես:
Նա սառած ձեռքերը տարածեց լամպի վրա, ու մատների ստվերն ընկավ դեմքի վրա:
- Կարծում եմ, կհիվանդանամ,- բողոքեց նա,- դու սառցե քաղաքում ես ապրում:
Կերոսինե լամպը նրա մաշկը պղնձա-կարմրավուն ու փայլուն էր դարձնում:
- Դու բրոնզե մաշկ ունես,- ասացի ես,- երբեմն ինձ թվում է, թե իրական
կյանքում դու պետք է բրոնզե արձանիկ լինես որևէ թանգարանի անկյունում:
- Ոչ,- ասաց նա,- բայց երբեմն ինձ էլ թվում է, թե մետաղից եմ՝ երբ քնում եմ ձախ կողքիս վրա ու սիրտս կրծքումս խուլ բաբախում է:
- Ես միշտ ցանկացել եմ լսել, ինչպես է բաբախում քո սիրտը:
- Եթե մենք հանդիպենք իրականում, դու կկարողանաս ականջդ դնել կրծքիս ու լսել:
- Եթե հանդիպենք իրականում…
Նա ձեռքերը դրեց ապակե կափարիչին ու մրմնջաց.
- «Երկնագույն շան աչքերը»: Ես ամենուր կրկնում եմ այդ բառերը:
«Երկնագույն շան աչքերը»: Այդ արտահայտության միջոցով էր նա փնտրում ինձ
իրական կյանքում, դա ասես գաղտնաբառ լիներ, որով մենք կճանաչեինք իրար: Նա
քայլում էր փողոցներով ու, ասես ի միջի այլոց, կրկնում. «Երկնագույն շան
աչքերը»: Ռեստորաններում պատվերներ կատարելիս նա շշնջում էր երիտասարդ
մատուցողներին. «Երկնագույն շան աչքերը»: Ու քրտնած ապակիների վրա,
հյուրանոցների ու կառամատույցների պատուհաններին նա մատով գրում էր.
«Երկնագույն շան աչքերը»: Մարդիկ միայն չհականալով ուսերն էին թոթվում, իսկ
մատուցողները քաղաքավարի անտարբերությամբ խոնարհվում էին: Մի անգամ
դեղատանը նրան երազներից ծանոթ բույր դիպավ, ու նա ասաց դեղագործին.
- Մի երիտասարդ կա, որին ես տեսնում եմ երազներում: Նա միշտ կրկնում է «երկնագույն շան աչքերը»: Միգուցե դուք ճանաչու՞մ եք նրան:
Դեղագործն ի պատասխան արհամարհական ծիծաղեց ու քայլեց դեպի վաճառասեղանի
մյուս ծայրը: Իսկ նա նայում էր դեղատան հախճասալիկե նոր հատակին, ու ծանոթ
բույրն անդադար տանջում էր նրան: Չդիմանալով, նա ծնկի իջավ ու շրթներկով
գրեց սպիտակ սալիկների վրա. «երկնագույն շան աչքերը»: Դեղավաճառը նետվեց
նրա կողմը.
- Սենյորիտա, դուք փչացրեցիք իմ հատակը: Վերցրե՛ք փալասն ու հենց հիմա սրբե՛ք:
Ու նա ողջ երեկոն սողաց ծնկների վրա՝ տառերը ջնջելով ու արցունքների միջից կրկնելով.
- Երկնագույն շան աչքերը: Երկնագույն շան աչքերը:
Իսկ դռների մոտ մրթմրթում էին պարապ մարդիկ, ովքեր խելագարին նայելու էին հավաքվել:
Նա լռեց, իսկ ես այդպես էլ նստած մնացի՝ աթոռի վրա ճոճվելով:
- Ամեն առավոտ,- ասացի ես,- փորձում եմ հիշել արտահայտությունը, որով
պետք է գտնեմ քեզ: Երազում թվում է, թե ես այն լավ եմ մտապահել, բայց հենց
արթնանում եմ, ոչ մի բառ չեմ կարողանում հիշել:
- Բայց ախր դու ի՛նքդ ես այն հորինել:
- Այո: Իմ միտքը հենց այդ բառերն եկան, որովհետև դու մոխրագույն աչքեր ունես: Բայց ցերեկով ես նույնիսկ դեմքդ չեմ կարողանում հիշել:
Նա հուսահատության մեջ մատները սեղմեց.
- Ախ, եթե գոնե քաղաքիս անունն իմանայինք:
Նրա շրթունքների եզրերին դառնության ծալքեր առաջացան:
- Ես ուզում եմ դիպչել քեզ,- ասացի ես:
Նա հայացքը բարձրացրեց, ու կրակի լեզվակները պարեցին նրա բիբերի մեջ:
- Դու դա դեռ երբեք չես ասել,- նկատեց նա:
- Իսկ հիմա ասում եմ:
Նա աչքերը խոնարհեց ու սիգարետ խնդրեց:
- Ինչու՞,- կրկնեց նա,- ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել իմ քաղաքի անունը:
- Իսկ ես՝ պահած բառերը,- ասացի ես:
Նա տխուր ժպտաց.
- Այս սենյակն ինձ երազում երևում է նույն կերպ, ինչպես և քեզ:
Ես վեր կացա ու ուղղվեցի դեպի լամպը, իսկ նա վախեցած նահանջեց՝
վախենալով, որ պատահաբար կանցնեմ մեր արանքով անցնող անտեսանելի գծից:
Վերցնելով իմ մեկնած սիգարետը, նա թեքվեց դեպի լամպի կրակը:
- Իսկ աշխարհի մի քաղաքի պատերը գրոտված են «երկնագույն շան աչքերը»
բառերով,- ասացի ես:- Եթե ես հիշեմ այդ բառերը, առավոտյան կմեկնեմ ողջ
աշխարհով քեզ փնտրելու:
Նրա դեմքը լուսավորվեց սիգարետի կարմրավուն կրակով, նա խորը քաշեց ծուխն ու սիգարետը բարակ մատների արանքում պտտելով ասաց.
- Փառք աստծո: Կարծես թե սկսեցի տաքանալ,- ու երգեցիկ մրմնջաց, ասես կրկնելով գրող վրձնի հետևից.
- Ես… սկսում եմ…,- նա մատները շարժեց, ասես թղթի անտեսանելի թերթիկն իմ
կարդալուն զուգահեռ գլանաձև փաթաթելով,- տաքանալ…- թղթի կտորը վերջացավ ու
ընկավ հատակին՝ ճմռթված, փոքրիկ, մոխրի փոշու վերածվելով:
- Դա լավ է,- ասացի ես:- Ես միշտ սարսափում եմ, երբ դու սառում ես:
- Դա լավ է,- ասացի ես:- Ես միշտ սարսափում եմ, երբ դու սառում ես:
Հենց այսպես էլ մենք հանդիպում ենք իրար, արդեն մի քանի տարի է: Երբեմն
այն պահին, երբ մենք գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում, ինչ-որ մեկն
այնտեղ՝ դրսում, հատակին գդալ է գցում, ու մենք արթնանում ենք: Քիչ-քիչ
մենք հաշտվեցինք տխուր ճշմարտության հետ. մեր բարեկամությունը կախման մեջ է
գտնվում շատ երկրային բաներից: Ինչ-որ գդալը լուսաբացին կարող է վերջ դնել
մեր կարճ հանդիպմանը:
Նա կանգնած է լամպի ետևում ու նայում է ինձ: Նայում է նույն կերպ,
ինչպես առաջին գիշերը, երբ ես քնիս կեսից ուշքի եկա լամպով ու հայելով
տարօրինակ սենյակում ու իմ առաջ տեսա մոխրագույն աչքերով աղջկան: Ես
հարցրեցի.
- Ո՞վ եք դուք:
Իսկ նա ասաց.
- Չեմ հիշում…
- Բայց մենք, կարծում եմ, արդեն հանդիպել ենք, այդպես չի՞:
- Միգուցե: Դուք կարող էիք ինձ երևալ երազում, հենց այս սենյակում:
- Ճի՛շտ է,- ասացի ես,- ես ձեզ երազում եմ տեսել:
- Ինչքան զվարճալի է,- ժպտաց նա,- ուրեմն, մենք հանդիպում ենք երազներու՞մ:
Նա քաշեց ծուխը՝ կենտրոնացած նայելով սիգարետի կրակին: Ու ինձ նորից
թվաց, թե նա պղնձից է, բայց ոչ թե սառն ու պինդ, այլ ջերմ ու փափուկ:
- Ես ուզում եմ դիպչել քեզ,- կրկնեցի ես:
- Դու ամեն ինչ կկործանես,- վախեցավ նա,- հպումը մեզ կարթնացնի, ու մենք էլ չենք հանդիպի:
- Դժվար թե,- ասացի ես,- պետք է միայն գլուխը դնել բարձի վրա, ու մենք նորից կհանդիպենք:
Ես ձեռքս մեկնեցի, բայց նա չշարժվեց:
- Դու ամեն ինչ կկործանես,- շշնջաց նա,- եթե գիծը խախտես ու լամպի մյուս
կողմն անցնես, մենք աշխարհի տարբեր կողմեր շպրտված կարթնանանք:
- Ու ցանկացած դեպքում,- պնդեցի ես:
Բայց նա միայն թարթիչներն իջեցրեց.
- Այս հանդիպումները մեր վերջին հնարավորությունն են: Ախր դու առավոտյան ոչինչ չես հիշում:
Ու ես նահանջեցի: Իսկ նա ձեռքերը դրեց լամպի վրա ու բողոքեց.
- Ես երբեք չեմ կարողանում քնել մեր հանդիպումներից հետո: Արթնանում եմ
գիշերվա կեսին ու այլևս աչքս էլ չեմ կարողանում կպցնել՝ բարձը դեմքս է
այրում, ու ես «երկնագույն շան աչքերը» արտահայտությունն եմ անընդհատ
կրկնում:
- Լույսը շուտով կբացվի,- նկատեցի ես,- վերջին անգամ ժամը երկուսին եմ արթնացել, ու դրանից շատ ժամանակ է անցել:
Ես մոտեցա դռանն ու բռնակը ձեռքս առա:
- Զգիույշ եղիր,- ասաց նա,- դռան մյուս կողմում ծանր երազներն են ապրում:
- Որտեղի՞ց գիտես:
- Վերջերս ես դուրս եկա ու դժվարությամբ վերադարձա: Իսկ արթնանալուց հետո նկատեցի, որ սրտիս վրա եմ պառկած:
Բայց ես, միևնույն է, դուռը մի փոքր բացեցի: Փեղկը ենթարկվեց, ու թույլ
քամին դրսից բերրի հողի ու հերկի հոտ բերեց: Ես շրջվեցի նրա կողմն ու
ասացի.
- Այստեղ միջանցք չկա: Ես դաշտի հոտ եմ զգում:
- Դռան մյուս կողմում,- ասաց նա,- մի կին է քնած, որը երազում դաշտ է
տեսնում: Նա միշտ երազում էր գյուղում ապրել, բայց այդպես էլ երբեք
չկարողացավ դուրս գալ քաղաքից:
Դռան ետևում լույս էր բացվում, ու մարդիկ ամենուրեք սկսել էին արթնանալ:
- Հավանաբար ինձ արդեն սպասում են նախաճաշի սեղանի մոտ,- ասացի ես:
Դաշտից փչող քամին թուլացավ, իսկ հետո հանգավ: Նրա փոխարեն հնչեց
անկողնում մյուս կողքի վրա շուռ եկած քնածի հանդարտ շնչառությունը: Քամին
լռեց, նրա հետ մահացան նաև բույրերը:
- Վաղը մենք անպայման կճանաչենք իրար,- ասացի ես,- ես կփնտրեմ կնոջն, ով «երկնագույն շան աչքերն» է գրում պատերի վրա:
Նա տխուր ժպտաց ու ձեռքերը դրեց լամպի սառող կափարիչի վրա.
- Դու ցերեկը ոչինչ չես հիշում:
Նրա տխուր ուրվագիծն արդեն սկսել էր հալվել աղջամուղջի լույսի մեջ:
- Դու զարմանալի մարդ ես,- ասաց նա,- դու երազներդ երբեք չես հիշում:
Комментариев нет:
Отправить комментарий