Показаны сообщения с ярлыком Ամբողջական գրվածքներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ամբողջական գրվածքներ. Показать все сообщения

пятница, 22 февраля 2013 г.

Վիլյամ Սարոյան. Ծիծաղ

- Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:
- Այո:
Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
- Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:
- Ախր ինչու՞:
Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:
- Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:
Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:
- Ներեցեք, որ ծիծաղեցի:
Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:
- Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:
Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:
- Չեմ ուզում ծիծաղել:
Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: - «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:
Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:
- Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:
Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:
Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:
- Բե՛ն:
Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:
- Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:
- Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
- Այո:
Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:
- Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
- Տասը:
- Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…
- Չգիտեմ:
- Ո՞վ է հայրդ:
- Դերձակ է:
- Այստեղ քեզ դու՞ր է գալիս:
- Երևի, այո:
- Եղբայներ, քույրեր ունե՞ս:
- Երեք եղբայր, երկու քույր:
- Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:
- Այո:
- Ու՞ր:
- Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
- Հին երկի՞րը:
- Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
- Օհ:
Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:
- Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:
- Բեն, հիմա կարող ես գնալ:
Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:
- Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
- Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:
Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:
Ապա կրկին սկսեց լալ:

Անգլերենից թարգմանեց ԿԱՐԻՆԵ ԴԱՎՈՅԱՆԸ

суббота, 16 февраля 2013 г.

Հայնրիխ Բյոլլ. Իմ թանկ ոտքը

Հիմա նրանք ինձ հնարավորություն են տվել: Նրանք ինձ հաշվառման են վերցրել: Ես պիտի ներկայանայի աշխատանքային գրասենյակ և ես ներկայացա գրասենյակ: Պաշտոնավայրում նրանք շատ սիրալիր էին: Վերցրեցին իմ հաշվառման քարտը և ասացին. «Հըմ»: Ես էլ ասացի «հըմ»:
- Ո՞ր ոտքն է,- հարցրեց պաշտոնյան:
- Աջ:
- Ամբողջությա՞մբ:
- Ամբողջությամբ:
- Հըմ,- նորից արեց նա: Հետո սկսեց քրքրել տարբեր թղթեր: Ես կարող էի նստել:
Վերջապես մարդը գտավ մի թերթիկ, որն, ըստ երևույթին, ճիշտ իր ուզածն էր: Ասաց.
- Կարծում եմ, Ձեզ համար ինչ-որ բան կճարվի: Մի լավ գործ: Դուք հնարավորություն կունենաք նստած տեղը աշխատել: Կոշիկ մաքրող, հանրապետության հրապարակի հասարակական զուգարաններից մեկում: Ինչպե՞ս է:
- Ես չեմ կարող կոշիկ մաքրել, ես արդեն վատ մաքրողի համբավ ունեմ:
- Դուք կարող եք սովորել,- ասաց նա:- Մարդը կարող է ամեն ինչ սովորել: Գերմանացին ամեն ինչ կարող է: Ցանկության դեպքում դուք կարող եք անվճար դասընթացների մասնակցել:
- Հըմ,- արեցի ես:
- Բարի՞, ուրեմն:
- Ոչ,- ասացի,- ես չեմ ուզում: Ես ավելի բարձր ռոճիկ եմ ուզում:
- Դուք խելքներդ թռցրել եք,- մեղմ ու բարեկամաբար հանդիմանեց նա:
- Ես խելքս չեմ թռցրել, ոչ մեկը չի կարող ետ բերել իմ ոտքը, ես այլևս չեմ կարող սիգարեթ վաճառել, հիմա արդեն դա ինձ համար դժվար է:
Մարդը ետ ընկավ աթոռին և խոր հոգոց հանեց:
- Սիրելիդ իմ,- սկսեց նա,- ձեր ոտքը խելքից դուրս թանկ ոտք է: Տեսնում եմ` քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք, առհասարակ կատարյալ առողջ եք, ոտքից գլուխ: Կապրեք յոթանասուն տարի: Խնդրեմ, հաշվեք, ամսական յոթանասուն մարկ, տարվա մեջ` տասներկու անգամ, ուրեմն` քառասունմեկ անգամ տասներկու անգամ յոթանասուն: Հաշվեք խնդրեմ, տոկոսները հանած: Մի կարծեք, թե ձեր ոտքը միակն է: Դուք ինքներդ նույնպես միակը չեք, ով հավանաբար դեռ երկար կապրի: Եվ այդ ամենով հանդերձ` ռոճիկը բարձրացնե՞լ: Ներող կլինեք, բայց դուք խելքներդ թռցրել եք:
- Պարոնս,- ասացի ես, իր նման ետ ընկա աթոռին և խոր հոգոց հանեցի,- կարծում եմ, որ դուք իմ ոտքը խիստ թերագնահատում եք: Իմ ոտքը շատ ավելի թանկ է: Շատ-շատ թանկ ոտք է: Ոչ միայն իմ սիրտն է կատարյալ առողջ, այլև, դժբախտաբար, գլուխս: Մի րոպե լսեք:
- Ժամանակ չունեմ:
- Լսեք մի րոպե,- ասացի ես,- նույն ինքը` իմ ոտքը շատ-շատերի կյանք է փրկել, այդ մարդիկ այսօր լավ ռոճիկ են ստանում:
Ահա թե բանն ինչպես եղավ: Բոլորովին մենակ պառկել էի առջևի գծում մի տեղ և հսկում էի, թե երբ նրանք կգային, որպեսզի մերոնք ճիշտ ժամանակին կարողանային հեռանալ: Հետին գծում շտաբները կազմ-պատրաստ սպասում էին. նրանք չէին ուզում ոչ շուտ, ոչ էլ ուշ հեռանալ: Սկզբում երկու հոգով էինք, բայց նրան սպանեցին, նա էլ ոչինչ չարժեր: Ճիշտ է, ամուսնացած էր, բայց կինը ողջ է և ի վիճակի է աշխատելու. այնպես որ դուք վախենալու կարիք չունեք, նա ուրեմն սարսափելի էժան էր: Ընդամենը չորս շաբաթվա զինվոր էր և մի փոստային բացիկից ու զինվորի մի կտոր հացից ավելին չարժեր: Այնքան ազնիվ ու քաջ էր, որ առնվազն իրեն սպանել տվեց: Լավ, ուրեմն մենակ պառկել էի այնտեղ և վախենում էի, և ցուրտ էր, ես էլ էի ուզում հեռանալ, այո, և այն է` ուզում էի հեռանալ, երբ մեկ էլ…
- Ես ժամանակ չունեմ,- ասաց մարդը և սկսեց փնտրել մատիտը:
- Ոչ, լսեք մինչև վերջ,- ասացի,- ամենահետաքրքիրը հիմա է: Հենց որ ուզում էի հեռանալ` ոտքիս այս պատմությունը եկավ գլխիս: Եվ որովհետև, ինչ խոսք, այդպես ընկած պիտի մնայի, մտածեցի ինքս ինձ` հիմա դու կարող ես արդեն ազդանշան տալ, և ես ազդանշան տվեցի, և նրանք բոլորը արանքը ճղեցին, հերթով, ըստ կարգի, նախ զորամասը, հետո գունդը, հետո գումարտակը և մնացածները` իրար ետևից, շարեշար: Տխմար պատմություն. նրանք մոռացան ինձ հետները վերցնել, պատկերացնո՞ւմ եք: Այնպես էին շտապում: Իսկապես որ տխմար պատմություն. թե որ ոտքս չկորցնեի, բոլորն էլ կմեռնեին` գեներալը, գնդապետը, մայորը` հերթով, ըստ կարգի, և դուք հիմա ստիպված չէիք լինի նրանց ռոճիկ տալ: Դե հիմա ինքներդ հաշվեք, թե ինչ արժե իմ ոտքը: Գեներալը հիսուներկու տարեկան է, գնդապետը` քառասունութ, մայորը` հիսուն, բոլորն էլ ոտքից գլուխ առողջ, առողջ սիրտ, առողջ գլուխ, իրենց զինվորական կենցաղն էլ վրադիր` կապրեն առնվազն ութսուն տարի, Հինդենբուրգի չափ: Դե, խնդրեմ, հաշվեք. հարյուր յոթանասուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը վերցնենք թեկուզ երեսուն, այո՞: Իմ ոտքը դարձել է խելքից դուրս թանկ, մեկը ամենաթանկ ոտքերից, որ ես կարող եմ երբևէ երևակայել, հասկանու՞մ եք:
- Չէ, դուք խելքներդ թռցրել եք,- ասաց մարդը:
- Ոչ,- պատասխանեցի,- ես խելքս չեմ թռցրել: Ափսոս, որ սիրտս գլխիս պես առողջ է, ափսոս, որ ոտքս կորցնելուց գոնե մեկ րոպե առաջ ինքս էլ չսպանվեցի: Մենք շատ փող խնայած կլինեինք:
- Հիմա ինչ, ուզու՞մ եք այս տեղը,- հարցրեց մարդը:
- Ոչ,- ասացի ես և դուրս եկա:

աղբյուրը`  https://hovikcharkhchyan.wordpress.com/category/%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF-%D5%A7%D5%BB%D5%A5%D6%80/

среда, 13 февраля 2013 г.

Ռիչարդ Բախ. Հեռավոր վայրեր չեն լինում...

Ռեյ Հանսեն անունով փոքրիկ աղջիկը, որի 5 տարեկանն էր լրանում, հրավիրել է իր ընկեր Ռիչարդ Բախին իր ծննդյան տարեդարձին…Ռեյ: Շնորհակալություն քո ծննդյան տարեդարձին հրավիրելու համար:
Ես ճանապարհորդում եմ միայն շատ կարևոր պատճառներով, իսկ քո ծննդյան տարեդարձը դրանցից մեկն է: Եվ թեկուզ հազար մղոն է բաժանում իմ տունը քո տնից, ես ճամփա եմ ընկնում, որովհետև ուզում եմ քեզ հետ լինել:
Ճանապարհորդությունը ես սկսեցի Կոլիբրիի սրտում, որին ես և դու վաղուց էինք ճանաչում: Կոլիբրին ինչպես միշտ բարի էր, սակայն երբ ես ասացի նրան. «Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», նա զարմացավ:
Մենք երկար սավառնում էինք լռության մեջ, և հանկարծ Կոլիբրին ասաց. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում. Թե ի՞նչ է նշանակում «ՈւՂԵՎՈՐՎԵԼ տարեդարձին»»: «Իհարկե, ուղևորվում եմ տարեդարձին,- պատասխանեցի ես, – Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Կոլիբրին լռեց, և միայն այն ժամանակ, երբ մենք մոտեցանք Բվի տանը, նա ասաց. «Կարո՞ղ են արդյոք տարածությունները մեզ ընկերներից բաժանել: Եթե դու ուզում ես լինել Ռեյի հետ, մի՞թե արդեն նրա հետ չես»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Բվին: Կոլիբրիի հետ զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ» բառը տարօրինակ էր հնչում, սակայն ես այնուամենայնիվ արտաբերեցի այն, որպեսզի Բուն ինձ հասկանա:
Բուն երկար սավառնում էր լռության մեջ: Այդ լռությունը բարի էր:
Երբ Բուն մոտեցավ Արծվի տանը, նա ասաց, «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու՞ ես քո ընկերուհուն «ՓՈՔՐԻԿ» անվանում»:
«Իհարկե, նա փոքրիկ է, – ասացի ես,- որովհետև նա դեռ մեծ չէ: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Բուն նայեց ինձ իր խոր, սաթե աչքերով, ժպտաց և ասաց. «Մտածիր այդ մասին»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Արծվին: Այժմ, Կոլիբրիի և Բվի հետ զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ» և «ՓՈՔՐԻԿ» բառերը տարօրինակ էին հնչում, սակայն ես կրկնեցի դրանք, որպեսզի Արծիվն ինձ հասկանար:
Մենք միասին սավառնում էինք լեռների վրայով` խաղալով լեռնային քամիների հետ:
Ճանապարհի վերջում Արծիվն ասաց. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «ՏԱՐԵԴԱՐՁ» բառը»:
«Իհարկե, տարեդարձ,- ասացի ես, – Մենք կնշենք այն ժամը, որից սկսեց Ռեյը և որից առաջ նա չկար: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Արծիվը ծալեց թևերը և մենք իջանք անապատի ավազուտների մեջ գտնվող մի ուղիղ հարթակի վրա:
«Ժամանակ Ռեյի կյանքից առա՞ջ: Քեզ չի թվում, որ Ռեյի կյանքն ավելի շուտ է սկսել, քան կհայտնվեռ ժամանակը»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Բազեին: Եվ չնայած Կոլիբրիի, Բվի և Արծվի հետ ունեցած զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ», «ՓՈՔՐԻԿ» և «ՏԱՐԵԴԱՐՁ» բառերը տարօրինակ էին հնչում, ես նորից կրկնեցի դրանք:
Հեռու ներքևում մեր տակ անապատն էր տարածվում: Ճանապարհի վերջում Բազեն ասաց. «Գիտես, ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «Մեծանում է» բառը»:
«Իհարկե, մեծանում է, – ասացի ես, – Ռեյն անընդհատ մոտենում է նրան, որ մեծ լինի և մի ամբողջ տարի հեռու մանկությունից: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Բազեն վայր իջավ մի խաղաղ ափի վրա:
«Մի տարի հեռու մանկությունի՞ց: Դա ինչ-որ նման չէ մեծանալուն»:
Նա օդ բարձրացավ և չքացավ:
Ճայը, ինչպես գիտեի, շատ իմաստուն էր:
Երբ ես թռչում էի նրա հետ, ես ամեն ինչ մանրամասն կշռադատում էի` աշխատելով ճիշտ բառեր ընտրել:
Ես ցանկանում էի, որ Ճայը հասկանա, որ ես ինչ-որ բան սովորել եմ, երբ ես կխոսեի նրա հետ:
«Ճայ, – վերջապես ասացի ես, – ինչու՞ ես դու ինձ տանում Ռեյի մոտ, երբ գիտես, որ ես արդեն նրա հետ եմ»:
Ճայը շրջան կատարեց ծովերի վրայով, բլուրների և փողոցների վրայով և փափուկ վայր իջավ քո տանիքին:
«Որովհետև շատ կարևոր է, – ասաց նա, – որ դու ինքդ հասկանայիր ճշմարտությունը: Մինչև դու ինքդ չհասկանաս, դու կապրես միայն ճշմարտության փոքր մասով` դիմելով մեքենաների, մարդկանց, թռչունների օգնությանը: Սակայն հիշիր, – ասաց նա, – ճշմարտությունը, եթե նույնիսկ դու դա չես հասկացել, չի դադարում ճշմարտություն լինելուց»:
Ու Ճայը չքացավ:
Այժմ եկել է քո նվերը բացելու ժամանակը:
Ժամանակն արագ ոչ պիտանի է դարձնում կտորներից և ապակուց նվերները, և դրանք հեռանում են մեր կյանքից:
Քեզ համար ես ավելի լավ նվեր ունեմ:
Սա մատանի է, որը դու միշտ կարող ես կրել:
Այս մատանին քեզ նոր ուժ կտա:
Այն յուրահատուկ լույս է ճառագում:
Այդ մատանին հնարավոր չէ խլել կամ ոչնչացնել:
Եվ միայն դու կարող ես տեսնել մատանին, որը ես նվիրում եմ քեզ:
Այնպես, ինչպես ես, քանի որ երբ մատանին իմն էր, ես միակն էի, ով կարող էր այն տեսնել:
Կրելով այն, դու կարող ես սավառնել թռչունների հետ:
Դու կկարողանաս տեսնել աչքերը նրանց ոսկեգույն աչուկներով, դու կկարողանաս հպվել քամուն, որը թափանցում է նրանց մետաքսե փետուրների միջով, դու կճանաչես աշխարհի և նրա հոգսերի վրայով թևածելու բերկրանքը: Դու կկարողանաս մնալ երկնքում այնքան, ինչքան կուզես, ողջ գիշերը մինչև արևածագ, իսկ երբ դու կցանկանաս վերադառնալ, քո հարցերին պատասխաններ կգտնվեն և բոլոր տագնապներդ կչքանան:
Ինչպես այն ամենը, ինչին հնարավոր չէ դիպչել կամ տեսնել աչքերով, քո նվերը ուժ կհավաքի, եթե դու այն օգտագործես: Սկզբից դու կարող ես այն փորձել բնության վրա, ուղղորդելով այն թռչուններին, որոնց հետ թռչում ես:
Իսկ հետո, երբ դու կսովորես այն օգտագործել, դու կկարողանաս սավառնել թռչունների հետ, որոնց դու չես տեսնում:
Եվ վերջապես դու կհասկանաս, որ քեզ պետք չեն ոչ մատանին, ոչ թռչունները, ամպերի լռությունից վեր ճախրելու համար:
Եվ երբ կգա այդ օրը, դու պիտի տաս քո նվերը նրան, ով կկարողանա այն օգտագործել, ով կկարողանա հասկանալ, որ այս աշխարհում բոլոր կարևոր իրերը պատրաստված են ճշմարտությունից և բերկրանքից, ոչ թե կտորներից և ապակուց:
Ռեյ, սա վերջին անգամն է, երբ ես գալիս եմ քո մոտ այս տոնին, քեզ հետ միասին ըմբռնելու այն, ինչ մեզ սովորեցնում են թռչուն-բարեկամները:
Ես այլևս քո մոտ չեմ գա, որովհետև ես արդեն քեզ հետ եմ:
Ես չեմ կարող քեզ «փոքրիկ» կոչել, որովհետև դու արդեն մեծացել ես, խաղալով, ինչպես բոլորս, քո կյանքերի միջև` ուղղակի ուրախանալով գոյությանը:
Դու ծննդյան օր չունես, որովհետև ապրել ես միշտ. դու երբեք չես ծնվել և երբեք էլ չես մահանա:
Դու այն մարդկանց երեխան չես, ում մայրիկ ու հայրիկ ես կոչում, դու նրանց ուղեկիցն ես իրերը հասկանալու ուղու վրա:
Ընկերների ցանկացած նվեր երջանկության մաղթանք է, ինչպես և այս մատանին: Սավառնիր ազատ և երջանիկ, ծնունդներից դուրս հավերժության մեջ և մենք կհանդիպենք այժմ և հետո, երբ կցանկանանք, տոնի ժամանակ, որը երբեք չի ավարտվի:
Թարգմանեց Պավել Ճաղարյանը

понедельник, 11 февраля 2013 г.

Վոլֆգանգ Բորխերթ. Առնետները գիշերը քնում են

Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը։ Հանկարծ զգաց՝ ինչ-որ ստվեր ընկել է գլխին, և շրջապատը միանգամից ավելի է գորշացել։ Հասկացավ, ինչ-որ մեկը անաղմուկ եկել ու կանգնել է դիմացը։ «Վերջ, բռնվեցի»,- մտածեց տղան, սակայն երբ աչքի տակով նայեց և կիսամաշ տաբատի մեջ նկատեց ինչ-որ ոտքեր, որոնք այնքան կոր էին, որ դրանց արանքից հնարավոր էր մյուս կողմը տեսնել, համարձակվեց ու նայեց իր դիմացը կանգնած մարդու դեմքին։ Զամբյուղը և դանակը ձեռքին, հողոտ մատներով տարեց մարդ էր։ Մարդը, նայելով խիտ ու խռիվ մազերով տղայի գլխին, հարցրեց.
-Այստե՞ղ ես քնում։
Յուրգեն անունով տղան, մարդու ոտքերի արանքից նայելով արդեն մայր մտնող արևին, պատասխանեց.
-Չեմ քնում, հսկում եմ։
-Հա,- գլուխը շարժելով՝ ասաց մարդը, ուրեմն՝ այդ մեծ փայտն էլ հենց դրա համար ես պահում ձեռքիդ։
-Այո,- համարձակորեն պատասխանեց Յուրգենը և փայտը ամուր սեղմեց ափի մեջ։
-Ինչի՞ համար ես պահակություն անում,- հարցրեց մարդը։
-Չեմ կարող ասել,- փայտը սեղմելով՝ պատասխանեց տղան։
Մարդը զամբյուղը դրեց գետնին, դանակը մաքրեց տաբատով ու հարցրեց.
-Փող-մող, ինչ-որ բա՞ն ես պահպանում։
-Փո՞ղ, ո՛չ,- հեգնանքով պատասխանեց Յուրգենը։
-Դե լավ, հապա ի՞նչ։
-Ասացի՝ չեմ կարող ասել, բայց վող-մող չկա։
-Դե լավ, որ այդպես է, ես էլ քեզ չեմ ասի, թե ինչ կա զամբյուղիս մեջ,- ասաց մարդը և թեթևակի հարվածելով զամբյուղին՝ փակեց ծալովի դանակը։
-Ինքս գիտեմ ինչ կա զամբյուղում,- անտարբերությամբ պատասխանեց Յուրգենը,- ճագարի կեր է։
-Տեր Աստված,- աչքերը զարմանքից խոշորացրած՝ գոչեց մարդը,- որտեղի՞ց իմացար, շատ ճարպիկն ես, քանի՞ տարեկան ես։
-Ինը։
-Հա, ուրեմն՝ կարող ես ասել՝ երեք անգամ ինը քանի կլինի։
-Պարզ է,- ասաց Յուրգենը, և որպեսզի մտածելու ժամանակ ունենա, ավելացրեց,- էդ հո մի բան չի։- Եվ մարդու ոտքերի արանքից նայելով հեոու՝ հարցրեց.
-Ասում ես՝ երեք անգամ ինը, ջրի պես գիտեմ, քսանյոթ։
-ճիշտ է,- ասաց մարդը,- ես հենց այդքան ճագար ունեմ։
-Քսանյոթ հա՞տ,- հիացմունքից բերանը բաց՝ հարցրեց տղան։
-Իհարկե, եթե ուզես, կարող ես գալ ու նայել նրանց, մեծ մասը դեոևս փոքր են։
-Ախր, ես չեմ կարող գալ,- կասկածամտորեն պատասխանեց Յուրգենը,- պետք է պահակության անեմ։
-Մի՞շտ, նույնիսկ գիշե՞րը,- հարցրեց մարդը։
Յուրգենը մարդու կամարաձև ոտքերից հայացքը բարձրացրեց, նայեց նրա դեմքին ու շշնջաց.
-Այո, միշտ, միշտ, շաբաթ օրվանից մինչև հիմա։
-Այսինքն՝ ընդհանրապես տուն չես գնում։ Բա որտե՞ղ ես հաց ուտում։
Տղան բարձրացրեց մի քարակտոր և պահած կես հացը և թիթեոյա տուփը ցույց տվեց մարդուն։
- Աա՜ա, նույնիսկ ծխո՞ւմ ես,- հարցրեց մարդը,- ուրեմն՝ ծխամորճ էլ պետք է ունենաս։
-Ծխամորճ չեմ սիրում, սիգարեթ եմ փաթաթում,- ամաչելով պատասխանեց Յուրգենը։
-Ափսոս, որ չես կարող գալ,- զամբյուղը վերցնելու նպատակով կռացավ մարդը, և շարունակեց,- եթե գայիր, կտեսնեիր ճագարներին, հատկապես՝ փոքրերին, գուցեև մեկին ընտրեիր քեզ համար, բայց ափսոս, որ չես կարոդ պահակությունդ թողնել։
-Ոչ, ոչ, չեմ կարոդ- տրտմորեն պատասխանեց Յուրգենը։
-Շատ լավ,- զամբյուղը վերցնելով՝ ասաց մարդը,- ինչ արած՝ եթե չես կարող, բայց, իսկապե՜ս, ափսոս էր։ Մարդը շրջվեց, որ գնա։
-Եթե ոչ մեկին չասես, կասեմ, թե ինչու չեմ գալիս,- արագորեն վրա բերեց Յուրգենը,- առնետների պատճառով։
Մարդը կամարաձև ոտքերը մի քայլ առաջ դրեց ու հարցրեց.
-Առնետների՞։
-Այո՛, ախր, առնետները ուտում են մեռածների մարմինը։ Իրենց ուտելիքը հենց դա է՝ մեռածների մարմնի միսը։
-Ո՞վ է այդպես ասել։
-Մեր ուսուցիչը։
-Եվ դու եկել ես այստեղ, որպեսզի հսկես առնետների՞և։
-Առնետներին չէ,- ցածրաձայն ասաց տղան, իսկ հետո ավելացրեց,- եղբորս եմ հսկում, եղբայրս տակն է մնացել։
Հետո ձեռնափայտով ցույց տալով ավերված պատերը՝ ավելացրեց.
-Հանկարծ ներքնահարկը մթնեց, այլևս նրան չտեսա։ Շատ կանչեցինք, ախր, ինձանից շատ պուճուր էր, ընդամենը չորս տարեկան։ Պետք է այստեղ իրեն պահպանեմ, ինձանից շատ պուճուր էր։
Մարդը նայեց տղայի խռիվ մազերին ու հանկարծ ասաց.
-Լսիր, ձեր ուսուցիչդ ձեզ չի՞ ասել, որ առնետները քնում են գիշերը։
-Ո՜չ, չի ասել- պատասխանեց Յուրգենը, որի դեմքը շատ հոգնած տեսք ընդունեց;
-Ա՜յ քեզ ուսուցիչ, բա նման բանը չեն իմանա՞։ Պարզ է, որ առնետները գիշերը քնում են։ Դու էլ գիշերները գնա տուն ու հանգիստ քնիր։ Աոնետնեըը միշտ, միշտ քնում են գիշերը, հենց որ մութը ընկնում է, գնում ու քնում են։
Յուրգենը ձեռքում պահած փայտի ծայրով մի փոքրիկ փոս քանդեց հողում - շշնջաց.
-Պիտի բարձրաձայն աղոթենք...
-Գիտե՞ս ինչ,- տեղում անհամբեր շարժվելով՝ ասաց մարդը,- ես արագ կգնամ, ճագարների կերը կտամ,- հենց որ մութը ընկավ, կգամ քո ետևից, գուցե ճագարի ձագերից մեկն ինձ հետ վերցնեմ։ Ի՞նչ ես կարծում։
Յուրգենը, դեռևս գետնին փոսիկներ փորելով և սպիտակ ու մոխրագույն ճագարների մասին մտածելով, շշնջաց.
-Չգիտեմ։
Մարդը ավերակույտների վրայով ուղղվեց դեպի ճանապարհը։
-Հա, մեր ուսուցիչը պիտի իր գործը փոխի,- ասաց տղան,- այ քեզ ուսուցիչ, չգիտի, որ առնետները գիշերը քնում են։ Հետո ոտքի կանգնեց և բարձրաձայն բղավեց մարդու ետևից.
-Նրանցից մեկն ինձ տվեք, կլինի՞ այն սպիտակներից մեկը։
Մարդը, շարունակելով իր ճանապարհը, ասաց.
-Կաշխատեմ, դու դեռ այստեղ պիտի սպասես, երբ վերադառնամ, քեզ հետ կգնանք ձեր տուն, որպեսզի հայրիկիդ սովորեցնեմ, թե ինչպես ճագարի վանդակ պատրաստի, դու էլ պետք է սովորես։
-Շա՚տ լավ, կսպասե՜մ,- բղավեց Յուրգենը,- քանի դեռ չի մթնել, պահակություն կանեմ և էլի կսպասեմ։ Մեր տանը փայտ ու տախտակ էլ կա, այն փայտե արկղերից։
Մարդը այլևս չէր լսում, կամարաձև ոտքերով վազում էր դեպի բոսորագույն արևը և, ձեռքում բռնած ճագարների կերով ու ցեխոտ խոտաբույսերով լեցուն զամբյուղը, մի կողմից մյուս կողմ էր ճոճվում։
Թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

воскресенье, 10 февраля 2013 г.

Հայնրիխ Բյոլլ. Կայարան անհայտում

Երբ արթնացա, թվաց, թե անհայտության մեջ եմ։ Թվում էր, թե լողում եմ խավարում, կարծես, ալարկոտ օրորվող, բայց երբեք չհոսող ջրի մեջ։
 Ինչպես դիակ, որին ալիքներն ամենախորքերից դուրս են շպրտել ջրի երես։ Ու գնում էի մեղմ օրորվելով և չէի կարողանում գոնե մի հենարան գտնել այդ անլույս խավարում։ Ես չէի զգում ոչ ոտքերս, ոչ ձեռքերս, ասես, սեփականս չէին։ Լսողություն, տեսողություն, հոտառություն… դրանք էլ, կարծես անջատած լինեին։ Ոչինչ չէր երևում, չէր լսվում, ոչ մի հոտ անգամ չէր ուզում ինձ օգնել, միայն ծոծրակիս բարձի մեղմ հպումն էր պահպանում կապն իրականության հետ և զգում էի միայն գլուխս։
Մտքերս չափազանց պայծառ էին, չհաշված, որ փոքր ինչ խամրում էին այն գլխացավից, որը սովորաբար ունենում ես, երբ հարամ է լինում քունդ։
Անգամ նրա շնչառությունը չէի լսում, ու թեև նա քնած էր երեխայի պես լուռ ու անվրդով, բայց միևնույն է գիտեի, որ պառկած է կողքիս։ Ձեռքս մեկնելու ու նրա դեմքին կամ մետաքսե մազերին դիպչելու փորձն անիմաստ կլիներ, չէ՞ որ ձեռքեր չունեի այլևս, իսկ հուշերս միայն մտքիս հիշողություններն էին, այլ ոչ թե զգացմունքներիս, և ուրվականի պես թափանցիկ էին դրանք` ոչ մի հետք չթողնող մաշկիս մեջ։
Ինչքա~ն հաճախ եմ ես քայլել գոյությանս ամենաեզրով, անվախ (հաստատ հարբած), անըմբռնելի հավասարակշռությամբ գնացել անդունդի վրայի նեղլիկ արահետով նպատակիս ընդառաջ, նպատակիս, որի գեղեցկությունը լուսավորում է ինքն իր դեմքը… Թափառել եմ լապտերների աղոտ լույսով ժլատ լուսավորված պուրակներով, որոնց արճճամոխրագույն եզրերը մի կերպ նշանագրում էին իրականության սահմանները, և թվում էր, միայն նրա համար, որ ավելի համառորեն հերքեին այն: Ճիշտ կույրի պես, թափառում էի փողոցների անթափանց սևության մեջ, որտեղ վխտում էին մարդիկ, բայց և գիտեի, որ մենակ եմ, մենակ:
Միայնակ իմ գլխի հետ (նույնիսկ ոչ լրիվ գլխի, որովհետև բերանս, քիթս, աչքերս ու ականջներս մեռած էին), միայնակ` ուղեղիս հետ, որը փորձում էր հավաքել հիշողություններն այն երեխայի նման, որը հասարակ կուբիկներից թվացյալ անիմաստ պատկերներ է կառուցում:
Նա պարտավոր է կողքս պառկել, չնայած, որ բացարձակ չեմ զգում նրան:
Օրեր առաջ իջա մի գնացքից, որը շարունակեց ուղին Բալկաններով դեպի Աթենք, իսկ ես պետք է տեղափոխում կատարեի և ստիպված սպասեցի հաջորդին, որով էլ հասնելու էի կարպատյան լեռնանցքին: Երբ քարշ էի գալիս կառամատույցում, նույնիսկ կայարանի անունը չիմանալով, մի հարբած զինվորի հանդիպեցի: Խայտաբղետ հագնված հունգարների մեջ միայնակ իր մոխրագույն շինելով` հայրենակիցս, օրորվելով քայլում էր և ահավոր հայհոյանքներ ու սպառնալիքներ  տեղում, որոնք ինձ ցավեցնում էին ամբողջ կյանքում հիշվող ապտակների նման:
-Ծախված անասուններ,- գոռում էր նա,- բոլորդ էլ ծախված անասուններ եք… Հերիք եղավ… Զզվել եմ արդեն…
Հունգարների հռհռոցների ներքո, նա հայհոյում էր` թափահարելով ծանր պայուսակն այն վագոնի ուղղությամբ, որից հենց նոր դուրս էի եկել:
Վագոնի լուսամուտում հայտնվեց մեկի սաղավարտով գլուխը:
- Արի հլը: Հա: Արի ստեղ հլը…
Այդ ժամանակ հարբածը հանեց ատրճանակն ու նշան բռնեց ուղիղ սաղավարտին: Բոլորը սկսեցին խուճապահար աղմկել, իսկ ես, բռնելով հարբածի ձեռքը, ատրճանակը խլեցի ու դրեցի գրպանս: Նա ողջ ուժով փորձում էր դուրս պրծնել ձեռքիցս, բայց ամուր էի բռնել: Բոլորը գոռում էին` սաղավարտը, հունգարները, հարբածը, բայց գնացքը հանկարծ շարժվեց տեղից, իսկ ընթացող գնացքի դիմաց անզոր են նույնիսկ սաղավարտները շատ դեպքերում: Ես բաց թողեցի զինվորին, և վերադարձնելով ատրճանակը, հրեցի դեպի ելքը: Նա մոլորված սկսեց քայլել առջևիցս:
Փոքրիկ քաղաքն անապատանման էր: Մարդիկ արագ ցրվեցին և կայարանամերձ հրապարակում ոչ մեկ չմնաց: Ինչ-որ հոգնած, մրոտ երկաթուղային մեզ ցույց տվեց փոշոտ հրապարակից այն կողմ` կարճլիկ ծառերի մեջ թաքնված պանդոկը: Մենք հատակին գցեցինք մեր պայուսակներն, ու ես գինի պատվիրեցի, այն գարշելի գինին, որից հիմա այսքան վատ եմ զգում: Իմ նոր ծանոթը զայրացած նստել ու լռում էր: Սիգարեթ առաջարկեցի, ծխեցինք, ու ես հետաքրքրությամբ սկսեցի զննել նրան: Կրծքին ռազմաճակատային մեդալների սովորական խուրձն էր, երիտասարդ էր, իմ տարիքին, բաց մազերը` ծածկելով սպիտակ, հարթ ճակատը, փակում էին աչքերը:
- Այ քեզ կատակ,- ասաց նա հանկարծ,- էս ամեն ինչից ես կուշտ եմ, հասկանու՞մ ես…
Նայեցի նրան:
-Հա,- ասաց նա արդեն լուրջ տոնով,- Ես փախնում եմ: Կգնամ Հունգարիայի խորքերը: Ձի լավ եմ քշում, պետք եղած ժամանակ էլ կարող եմ ճաշ սարքել, թող համբուրեն իմ … Կգա՞ս հետս:
Ես տարուբերեցի գլուխս:
-Ի՞նչ, վախենու՞մ ես: Չէ՞… Լավ, քո գործն ա: Ես, ինչ էլ լինի, թռնում եմ, լավ մնա:
Նա վեր կացավ, չգիտես ինչու, պայուսակը թողեց գետնին, մի հատ թղթադրամ շպրտեց սեղանին ու ևս մի անգամ ինձ գլխով անելով, դուրս եկավ:
Ես երկար սպասեցի նրան, չէի հավատում, որ իրոք կարող է փախչել, գնալ երկրի խորքերը: Պահակի պես նստել էի նրա պայուսակի կողքին, խմում էի այդ զզվելի գինին ու սպասում` փորձելով ավարտել բարի տիրոջ հետ զրույցը, պատուհանից նայում էի կայարանամերձ հրապարակին, որտեղով երբեմն փոշու ստվար քուլաներ բարձրացնելով մի բեռնակառք էր անցնում, բարձված հաստ ու ծանր գերաններով:
Հետո բիֆշտեքս կերա, էլի խմեցի այդ հիմար գինուց և սիգար ծխեցի: Մթնում էր: Կիսաբաց դռնից քամին, կարծես միտումնավոր, անընդհատ փոշի էր լցնում: Պանդոկի տերը կատակում ու շատախոսում էր հաճախորդների հետ, որոնք նստած իմ պես գինի էին խմում:
Մութն արագ ընկավ: Երբեք չեմ կարողանա հիշել, թե ինչ հասցրեցի մտածել, մինչ նստել ու սպասում էի, խմում էի գինին, միս էի կրծում, նայում էի հաստլիկ տիրոջը, կայարանամերձ հրապարակին և ծխում էր սիգարս…
Այս ամենն անտարբերությամբ սկսեց վերարտադրել ուղեղս, երբ ինձ հիմարի պես օրորում էր այդ գիշերվա սև ջուրը, չիմանալով ժամանակի մասին, ինչ-որ անծանոթ տան մեջ, անհայտ փողոցի վրա, մի աղջկա կողքին, ում դեմքը մի կարգին չտեսա էլ …
Հետո արագ վազեցի կայարան ու պարզեցի, որ գնացքս արդեն մեկնել է, իսկ հաջորդը միայն առավոտյան կգա: Պանդոկում հաշիվս փակեցի, իրերս դրեցի այն տղայի պայուսակի կողքին և խտացող իրիկնամութում գնացի թափառելու անծանոթ քաղաքի փողոցներում: Բոլոր կողմերից ինձ ճնշում էր մոխրագույն, սևամոխրագույն մշուշն ու միայն աղոտ լապտերների լույսում էին անցորդների դեմքերն իրական թվում: Եվ ես էլի ինչ-որ տեղ գինի խմեցի, այս անգամ ավելի լավը, քան նախորդը ու սկսեցի տխուր նայել բարի մոտ կանգնած կնոջ հայացքի լրջությանը, շնչեցի ինչ-որ քացախաթթվային բույրեր, որոնք թափանցում էին ներս խոհանոցից, հետո հաշիվս փակելով, նորից ընկղմվեցի փողոցների մթության մեջ:
«Այս կյանքը,- մտածում էի ես,- իմը չի: Ես պետք է խաղամ սա` ինչպես դերս, և խաղում եմ շատ անտաղանդ»:
Արդեն լրիվ մութ էր, մեղմ երկինքը կախվել էր ամառային քաղաքի վրա: Ինչ-որ տեղ պատերազմ էր, անտեսանելի ու չլսելի այստեղ, այս նեղլիկ փողոցների ու կարճլիկ ծառերի կողքին աճած տների մեջ: Ինչ-որ տեղ այս համատարած լռության մեջ թաքնված էր պատերազմը: Ես լրիվ միայնակ էի այդ փոքրիկ քաղաքում, շրջապատող մարդիկ ոչ մի կապ չունեին ինձ հետ, այս փոքրիկ ծառիկները, երևի, հանել էին խաղալիքների տուփից ու սոսնձել էին հավասար մայթեզրերի վրա, իսկ այդ ամեն ինչի վրայով ցածր լողում էր երկինքը, ասես, մի անձայն օդանավ, որն ուր որ է` կփլվի ներքև…
Հանկարծ ծառի տակ ես մի դեմք տեսա, որը, թվում էր թեթև լույս էր արձակում ներսից: Տխուր աչքեր էին թեթև մազափնջի տակ, որոնք պետք է որ շագանակագույն լինեին, չնայած այդ գիշերվա մեջ մոխրագույն էին երևում, դալուկ մաշկ, մանկական բերան, որը պետք է որ կարմիր լիներ, չնայած գիշերվա մեջ դա ևս մոխրագույն էր:
-Գնացինք,- ասացի ես:
Բռնեցի նրա ձեռքից, դա մարդու ձեռք էր: Մինչ մենք թափառում էինք այդ անծանոթ քաղաքի անծանոթ փողոցով, իմ ափը դիպավ նրա ափին, մեր մատները գտան իրար և հյուսվեցին:
-Լույսը չվառես,- ասացի ես, երբ արդեն այն սենյակում էինք, որտեղ այժմ ես, լողում եմ` կորած անհաղթ խավարում:
Մթության մեջ զգացի արցունքներից թրջված այտերի հպումը, պոկվեցի ու թռա անդունդը, թռա այնպես, ինչպես թռչում ես ահազդու բարձր աստիճանից, փափուկ, թավշե աստիճանից: Ես ընկնում էի խորը, ավելի խորը և անընդհատ նոր անդունդներ էին բացվում ինձ համար…
Հիշողությունս հուշեց, որ այդ ամենն արդեն եղել է և որ հիմա ես պառկած եմ այս բարձին, այս սենյակում, նրա կողքին, չնայած, որ չեմ էլ լսում նրա շնչառությունը. նա քնած է այնպես հանգիստ ու լուռ, ինչպես բալիկը: Աստված իմ, մի՞թե ես հիմա միայն ուղեղ եմ:
Երբեմն, ինձ պտտեցնող մութ հոսանքը, կարծես թե խաղաղվում էր, և այդ պահին հույս էր արթնանում, որ կզարթնեմ, նորից կզգամ ոտքերս, նորից կլսեմ և կտարբերեմ բույրերը, ոչ թե միայն կմտածեմ: Բայց հերիք էր այդ փխրուն հույսս մի փոքր մեծանար և ամրանար, երբ նորից սկսում էի դանդաղ մեռնել, ասես սև ջուրը սկսում էր փոթորկել և վերցնելով իմ անօգնական մարմինը, նորից շարունակում էր տանել ժամանակից ու տարածությունից դուրս, լիակատար անորոշության օղակներում:
Հիշողությունս ինձ տեղեկացրեց նաև, որ գիշերն ունի իր սահմանները և նրան անպայման կգա փոխարինելու ցերեկը: Նա ինձ հուշեց, որ կարող եմ խմել, համբուրել,արտասվել ու նույնիսկ աղոթել, բայց չէ՞ որ միայն ուղեղով աղոթելն անհնար է: Ես գիտեի, որ արդեն զարթնել եմ, որ պառկած եմ այս հունգար աղջկա անկողնում, նրա փափուկբարձին, այս անսահման  մութ  գիշերվա մեջ… Այդ ամենը գիտեի, բայց միևնույն ժամանակ վստահ էի, որ մեռած եմ…
Դա ինձ հիշեցնում էր արևածագը, երբ այն սկսում է երևալ դանդաղ, այնքան աննկատ ու թաքուն, որ հետևելն անհնար է: Սկզբում մտածում ես,  որ սխալվել ես. Խավար գիշերում, դժվար է հավատալ, որ նուրբ, լուսավոր գիծն ինչ-որ տեղ հորիզոնում, հենց առկայծող լուսաբացն է, որ կա… Մտածում ես` սխալվել ես, որ դա տեսիլք է ընդամենը, որը գնալով ավելի ու ավելի իրական է թվում. օդն աննկատ մոխրագույն է դառնում, լույսը գալիս է շատ դանդաղ, բայց գալիս է, սպիտակավուն լաքաները հորիզոնում գնալով մեծանում են և դու կամա-ակամա հասկանում ես, որբացվում է նոր օրը:
Հանկարծ զգացի, որ մրսում եմ: Ծածկոցս մի կողմ էր ընկել և մերկ ոտքերս սկսել էին սառել և մաշկիս վրա սկսեցի զգալ այդ սառնության իրական ուժը: Խորը շունչ քաշեցի և լսեցի սեփական շնչառությունս: Օդի հոսանքը կոպիտ դիպավ դնչիս: Թեքվեցի առաջ, շոշափելով գտա վերմակն ուծածկեցի ոտքերս: Ես կրկին ձեռքեր ունեի, ունեի ոտքեր ևզգում էի սեփական շնչառությունս: Հետո ձեռքս կախեցի անդունդն ու դրա հատակում գտա շալվարս, վերցրեցի ու լսեցի, թե ինչպես գրպանիս մեջ շխկշխկաց լուցկու տուփը:
-Խնդրում եմ, լամպը չվառես,- լսվեց նրա ձայնը կողքիս, և նա նույնպես շարժվեց:
-Սիգարեթ տա՞մ,- հարցրեցի շշուկով:
-Ըհը,- պատասխանեց նա:
Լուցկու լույսի տակ նա լրիվ դեղնավուն էր թվում: Մուգ դեղնավուն բերան, կլոր, սև, վախեցած աչքեր, մաշկը բաց դեղնավուն ավազի գույն, իսկ մազերն ասես սաթագույն ու պղնձյա լինեին:
Դժվար էր խոսելը, չէի հասկանում, թե ինչից սկսեի: Երկուսս էլ լսում էինք, թե ինչպես է հոսում ժամանակը` զարմանալիորեն խիտ աղմուկով, որի հետ թռչում էին վայրկյանները:
- Ինչի՞ մասին ես մտածում,- անսպասելիորեն հարցրեց նա:
Նրա բառերն, ասես ոչ բարձր, բայց դիպուկ կրակոցի նման, որն ուղիղ նշանակետին է կպնում, ինչ-որ պատնեշներ քանդեցին մեջս, ու ես սկսեցի խոսել, չհասցնելով էլ մեկ անգամ ևս նայել սիգարետի կրակից լուսավորվող դեմքին:
Մտածում եմ, թե ո՞վ պառկած կլինի այս սենյակում մի յոթանասուն տարի հետո, ո՞վ նստած կամ թիկնած կլինի այստեղ, ուր հիմա ես եմ պառկած, և ի՞նչ կիմանա իմ ու քո մասին… Ոչ մի բան: Միայն, որ այն ժամանակ պատերազմ էր ու վերջ:
Մենք երկուսս էլ շպրտեցինք սիգարեթի կոթուկները մահճակալի ձախ կողմն ու դրանք անձայն ընկան շալվարիսվրա: Ես ստիպված էի թափ տալ, որ ընկնեին գետնին ուհիմա դրանք իրար կողք վառվում էին, ասես, մոխրացող ածուխիկներ:
- Ու հետո, ես մտածում եմ, թե ո՞վ էր ապրում այստեղ յոթանասուն տարի առաջ կամ ի՞նչ էր այն ժամանակ այստեղ: Երևի դաշտ, որտեղ եգիպտացորեն էր աճում կամ սոխ, հենց այստեղ` գլխիս տակ, և քամին ճոճում էր կանաչ սլաքիկները, և ամեն առավոտ հորիզոնում այդան ծայրության վրա դանդաղ, կամաց-կամաց բացվում էր տխուր առավոտը:
- Չէ,- ցածր ասաց նա,- յոթանասուն տարի առաջ այս տունն արդեն կար:
Ես լռեցի:
- Հա,- շարունակեց նա,- կարծեմ հենց յոթանասուն տարի առաջ պապիկս կառուցեց այս տունը: Այդ տարի այստեղով երկաթգիծ անցկացրին, ու պապիկս սկսեց աշխատել այնտեղ, փող հավաքեց և իր համար տնակ կառուցեց: Հետո կռիվ գնաց, դե այն էլի, գիտես, տասնչորս թվականի, և զոհվեց Ռուսաստանում: Իսկ այստեղ մնաց հայրս… մենք մի քիչ հող ունեինք, բացի այդ, նա նույնպեսերկաթգծում էր աշխատում: Նա էլ այս պատերազմին մեռավ…
- Սպանեցի՞ն:
-Չէ, մեռավ: Իսկ մայրս ավելի շուտ էր մահացել: Հիմա այստեղ ապրում է եղբայրս` կնոջ և երեխաների հետ: Իսկ յոթանասուն տարի անց այստեղ կապրեն նրա ծոռները:
- Հնարավոր է,- ասացի ես,- բայց նրանք ոչինչ  չեն իմանա իմ ու քո մասին:
- Հա, աշխարհում ոչ մեկ չի իմանա, որ դու ինձ մոտ ես եղել:
Ես բռնեցի նրա փոքրիկ, չափազանց նուրբ ձեռքն ու տարա դեպի դեմքս:
Լուսամուտը լցված էր մուգ մոխրագույն մեգով, մի փոքր ավելի լուսավոր, քան գիշերամութն է:
Հանկարծ զգացի, որ նա վեր կացավ անկողնուց, չնայած ինձ չդիպավ էլ, և լսեցի միայն նրա բոբիկ ոտքերի թեթև քայլերը: Հետո հասկացա, որ հագնվում է, չնայած, նրա բոլոր շարժումները ու դրանց ուղեկցող շրշյունները, գրեթե անլսելի էին, միայն այն պահին, երբ նա ձեռքերը տարավ մեջքի հետևը, որ շորը կոճկի, լսեցի նրա լարված և ընդհատ շնչառությունը:
- Այժմ դու պետք է հագնվես,- ասաց նա:
- Ուզում եմ մի քիչ էլ պառկել:
- Պետք է լույսը վառեմ:
- Չէ, թող մի փոքր էլ պառկեմ:
- Բայց մի բան պետք է ուտես չէ՞, գնալուցդ առաջ:
- Ես չեմ գնում:
Ես նորից զգացի, որ նա, այդպես էլ չհագնելով կոշիկի մեկը, հայացքը չռեց այնտեղ, ուր ես էի պառկած:
- Լու՞րջ,- միայն ցածր ասաց նա, ու չհասկացա, վախեցա՞ծ էր, թե՞ զարմացած:
Գլուխս շրջելով, արդեն կարողանում էի պատուհանի մուգ մոխրագույն ֆոնին տարբերել նրա մարմնի եզրագծերը: Անաղմուկ անցնելով սենյակի միջով, վառարանի մեջ փայտեր գցեց, մտցրեց թուղթն ու շալվարիս գրպանից հանելով լուցկին, վառեց:
Այդ շրշյուններն ինձ էին հասնում, ինչպես ցածրաղաղակի ճիչ, որն արձակում է ափին կանգնած մարդը, տեսնելով, թե ինչպես է հոսանքը մյուսին տանում իր ոլորապտույտներով: Եվ արդեն հաստատ գիտեի, որ եթե հենց հիմա վեր չկենամ, չորոշեմ անմիջապես լքել այս հանդարտ օրորվող կորուսյալ լաստը, ես կամ կմեռնեմ հենց այստեղ, մահճակալի վրա, կամ էլ ինձ կգնդակահարեն հենց այս բարձի վրա աչալուրջ հետախույզները, որոնցից ոչ մի տեղ չես թաքնվի:
Ես լսում էի, թե ինչպես է նա անորոշ ինչ-որ բան երգում վառարանի կողքին կանգնած, կարմիր թևերով, անաղմուկ թրթռացող կրակին նայելով, ու ինձ թվաց, թե մեր միջև տարածությունն ավելին է, քան ամբողջ աշխարհը: Նաիմ կյանքի մի հեռավոր ծայրում էր հիմա, երգում էր ինչ-որ երգ իր մասին հավանաբար, և ուրախանում վառվող կրակին նայելով: Այդ ամենը ես հասկանում էի, լսում էի, տեսնում, շնչում էի այրվող թղթի հեղձուկն ու մտածում, որ նա երբեք ինձանից ավելի հեռու չի լինի, քան հիմա, երբ մեզ մի քանի քայլ է ընդամենը բաժանում:
- Դե վեր կաց,- ասաց նա վառարանից չհեռանալով,- դու պետք է գնաս:
Ես լսեցի, թե ինչպես նա կաթսան դրեց կրակին ու սկսեց խառնել: Ցածր և նուրբ ձայներ էին գալիս, երբ փայտե գդալը դիպչում էր երկաթե հատակին և քիչ անց սենյակը լցվեց խանձված ալյուրի բույրով:
Այժմ արդեն ամեն ինչ տեսնում էի: Սենյակը շատ փոքր էր: Պառկած էի ցածր, փայտե մահճակալին, կողքս փոքրիկ, հասարակ պահարան էր: Սեղանը, աթոռներն ու վառարանը, ոնց որ թե, ինչ-որ տեղ հետևումս էին: Ահավոր լուռ էր, լուսաբացի խիտ շղարշը դեռ մթնեցնում էր սենյակը:
- Խնդրում եմ,- ասաց նա շշուկով,- ես պետք է գնամ:
- Դու՞:
- Հա, աշխատանքի եմ և դու էլ պետք է ինձ հետ դուրս գաս:
- Աշխատում ե՞ս,- հարցրեցի ես,- ինչի՞:
- Ի՞նչ հարց ես տալիս:
- Որտե՞ղ ես աշխատում:
- Երկաթգծում:
- Երկաթգծու՞մ: Ի՞նչ եք անում այնտեղ:
- Ռելսերի փայտերի արանքը խիճ ենք լցնում, ամրացնում ենք ձողերը, որ փորձանքներ չլինեն:
- Այսպես, թե այնպես չեն լինի,- ասացի ես: – Ո՞ր մասում ես: Գրոսվարդայնի ուղղությա՞մբ:
- Չէ, Սեգեդինի կողմը:
- Դա լավ է:
- Ինչո՞վ:
- Որովհետև այդ դեպքում ես քո մոտով չեմ անցնի գնալուց:
Նա թեթև ժպտաց:
- Փաստորեն, դու ամեն դեպքում որոշեցիր վեր կենալ:
- Հա, -ասացի ես:
Կրկին փակեցի աչքերս ու էլի ընկա այն զզվելի անորոշության մեջ, որտեղ չկան բույրեր, ոչինչ չկա, միայն թեթև օրոր է, որը զգում էի, ինչպես մեղմ, հազիվ փչող զեփյուռ: Հետո հոգոցով բացեցի աչքերս ու ձեռքս տարա դեպի շալվարս: Այն արդեն կոկիկ, ծալված դրված էր մահճակալի կողքի աթոռին:
- Հա,- ասացի ես նորից ու կանգնեցի:
Նա կանգնած էր վառարանի կողքին, մեջքով դեպի ինձ, մինչ ես արագ, սովորությանս համաձայն, հագնում էի շալվարս, կապում կոշիկներս ու ձգում շինելիս գոտին:
Մեկ րոպե այդպես անշարժ, չկպցրած սիգարեթը բերանիս,նայում էի նրա փոքրիկ, նրբլիկ մարմնին, որի եզրագիծն արդեն հստակ գծագրվում էր պատուհանի լուսացող ֆոնին: Գեղեցիկ, փարթամ մազեր ուներ` խարույկի հանդարտ բոցի նման:
Շրջվելով իմ կողմը, ժպտաց.
- Հիմա ի՞նչ ես մտածում:
Առաջին անգամ ես նայեցի նրա դեմքին: Այնքան պարզ ու հստակ էր այն: Կլոր աչքեր ուներ, ուր վախը վախ էր, բերկրանքը` բերկրանք:
- Էլի ինչի՞ մասին ես մտածում,- կրկին հարցրեց նա, բայց այս անգամ անժպիտ:
- Ոչնչի: Ես անկարող եմ մտածել հիմա, պետք է գնամ որովհետև: Այլ ելք չկա:
- Ըհը,- գլխով արեց նա,- Պետք է գնաս: Ոչինչ չես կարող անել:
- Իսկ դու պետք է մնաս այստեղ:
- Հա, ես պետք է մնամ այստեղ:
- Դու պետք է խիճ լցնես ռելսերի արանքն ու ամրացնես ձողերը, որ փորձանքներ չլինեն, որ գնացքները կարողանան հանգիստ գնալ այնտեղ, ուր փորձանքն արդեն եղել է:
- Հա,- ասաց նա,- դա իմ աշխատանքն է:
Մի շատ նեղլիկ փողոցով մենք իջանք կայարան: Բոլոր փողոցները կայարաններ են տանում, որտեղից մեկնում են պատերազմ: Ճանապարհին մենք մի անկյուն մտանք ու համբուրվեցինք, և միայն այնտեղ, երբ ձեռքերս նրա ուսերին էին, միայն այնտեղ հասկացա, որ նա իմն է: Եվ նա գնաց ուսերը կախ գցած ու ոչ մի անգամ չշրջվեց:
Նա լիովին մենակ է այս քաղաքում, ու թեպետ նրան էլ` իմ պես, պետք էր կայարան հասնել, բայց մենք չէինք կարող միասին գնալ: Ես պետք է սպասեի, մինչ նա կթեքվեր անկյունից, այս ծառուղու, որն այժմ անսահման լույսով էր լցված, վերջին ծառի հետևում կանհետանար: Ես պետք է սպասեի և կարող էի գնալ նրա հետևից միայն շատ հեռվից: Ու երբեք էլ նրան չեմ տեսնի: Ես պետք է չուշանամ այդ գնացքից, այդ պատերազմից…
Այժմ, երբ գնում եմ կայարան, իմ միակ բեռն իմ ձեռքերն են, որոնք դրել եմ գրպանս, և ատամներով բռնած վերջին սիգարեթիս կոթուկը, որը շուտով կնետեմ: Բայց ավելի հեշտ է այսպես ձեռնունայն գնալ, երբ դանդաղ, անհաստատ քայլում ես գոյությանդ ամենաեզրով և ինչ-որ ակնթարթի կընկնես այն անդունդը, այնտեղ, ուր բոլորս ենք լինելու մի օր…
Միակ սփոփանքը ճիշտ գրաֆիկով ժամանած գնացքս էր, որն ուրախ սուլում էր եգիպտացորենի և սուր հոտ արձակող լոլիկների դաշտում…
Թարգմանեց Սևակ Գևորգյանը

пятница, 8 февраля 2013 г.

Մարկ Տվեն. Հետաքրքրասեր Բեսսին

Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին, և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.
- Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։
-Իհարկե, թանկագինս։ Ոչինիչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։
-Շատ տարօրինակ է, մա՛մ։
-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարծ լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։
- Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։
-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։
-Ո՞վ է սովորեցրել։
-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։
-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
-Այո։
-Ինչո՞ւ։
-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։
-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։
-Ախ, հա։ Դե, ուրեմն աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։
-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։
-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։
-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։
-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։
-Ի՞նչ նպատակ, մա՛մ։
Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։
-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։
-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։
Լռություն։
-Մա՛, էդ աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։
-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգտիեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։
-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…
-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։
-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։
-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։
-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։
-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։
-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…
-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։
-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։
- (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։
-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։
-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։
-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։
-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։
-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի  սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…
-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ։
Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

вторник, 5 февраля 2013 г.

Էռնեստ Հեմինգուեյ. Ծերունին կամրջի մոտ

Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորերով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին` մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:
Իմ գործը կամուրջն անցնելն էր, այն կողմի կամրջագլխի ամրությունը հետազոտելը և պարզելը, թե մինչև ուր է առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր: 
- Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեցի ես նրան:
- Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:
Դա իր հայրենի քաղաքն էր, և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն, ու նա ժպտաց:
- Ես կենդանիներ էի պահում,- բացատրեց նա:
- Օ՜,- արտաբերեցի՝ լավ չհասկանալով:
- Այո՛,- ասաց նա,- հասկանո՞ւմ եք, ես ապրում էի կենդանիներ պահելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:
Նա ո՛չ հովվի էր նման, ո՛չ էլ նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակով ակնոցին ու ասացի.
- Ի՞նչ կենդանիներ էին:
- Տարբեր,- ասաց ու թափահարեց գլուխը:- Ես ստիպված էի նրանց թողնել:
Դիտում էի Էբրոյի՝ աֆրիկյան տեղանքի նմանվող ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:
- Ի՞նչ կենդանիներ,- հարցրի:
- Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա,- երկու այծ ու մի կատու: Նաև չորս զույգ աղավնի կար:
- Եվ դու ստիպված էիր թողնե՞լ նրանց,- հարցրի:
- Այո՛, հրետանու պատճառով: Հրետանու պատճառով կապիտանն ինձ կարգադրեց գնալ:
- Իսկ ընտանիք չունե՞ս,- հարցրի ես՝ նայելով կամրջի մյուս ծայրին, որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:
- Ո՛չ,- ասաց նա,- արդեն ասացի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:
- Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես,- հարցրի:
- Ես քաղաքականություն չունեմ,- ասաց նա:- Ես յոթանասունվեց տարեկան եմ: Արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:
- Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես:- Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:
- Մի քիչ կսպասեմ,- ասաց նա,- ու հետո կգնամ: Ո՞ւր են գնում բեռնատարները:
- Դեպի Բարսելոն,- ասացի նրան:
- Այդ կողմերում ոչ մեկին չեմ ճանաչում,- ասաց նա,- բայց շա՛տ շնորհակալություն: Կրկին շատ շնորհակալություն:
Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո ինչ-որ մեկին իր վշտին հաղորդակից դարձնելու համար ասաց. «Կատվի հետ ոչինչ չի լինի, համոզված եմ: Կարիք չկա անհանգստանալու կատվի համար: Բայց մյուսները…. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի մյուսներին»:
- Դե, նրանք էլ հավանաբար բարեհաջող դուրս կպրծնեն:
- Այդպե՞ս ես կարծում:
- Իսկ ինչո՞ւ ոչ,- ասացի՝ դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:
- Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:
- Դու աղավնիների վանդակը բա՞ց ես թողել,- հարցրի ես:
- Այո՛:
- Ուրեմն նրանք կթռչեն:
-Այո՛, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները … Ավելի լավ է, չմտածեմ մյուսների մասին,- ասաց նա:
- Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես,- պնդեցի ես:- Վեր կաց և փորձիր քայլել:
- Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ:- Ես կենդանիներ էի պահում,- վհատորեն ասաց նա, բայց արդեն ոչ ինձ:- Ես կենդանիներ էի պահում:
Նրան ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստներն առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Դա և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, միակ մխիթարությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:
Թարգմանեց Յուրա Գանջալյանը

понедельник, 4 февраля 2013 г.

Էդգար Պո. Լռություն /առակ/

- Ինձ լսիր, ասաց Դևը` ձեռքը դնելով գլխիս:- Վայրը, որի մասին պատմում եմ, տխրաշուք մի տարածք է Լինիայում` Զաիր գետի ակունքին, և այնտեղ ոչ անդորր կա, ոչ լռություն:
- Գետի ջրերը քրքումի հիվանդագին թույրն ունեն և ոչ թե հոսում են դեպի ծով, այլ շռնդալից ու ջղաձիգ ալեկոծանքով հավիտենաբար տրոփում արևի կարմրաշեկ հայացքի ներքո: Գետահունի տղմոտ եզերքին մղոններով ձգվում է վիթխարի ջրաշուշանների դժգույն մի թավուտ: Նրանք հերթով հառաչում են այդ առանձնության մեջ, երկար ու քստմնելի վզերը երկինք կարկառում ու ետուառաջ տարուբերում մշտնջենական գլուխները: Եվ նրանց միջից լսվում է մի տարտամ մրմնջյուն, որն ընդերկրյա ջրերի հորդման է նման: Եվ նրանք հերթով հառաչում են:
- Բայց նրանց տիրույթը սահման ունի` մթին, խրոխտ ու ահարկու անտառի պատնեշը: Այնտեղ, ինչպես ալիքները Հեբրիդյան կղզիների շուրջբոլորը, անդուլ ծփում են թփերը: Սակայն երկնքում բնավ քամի չկա: Եվ երկնուղեշ նախաստեղծ ծառերը հզոր շաչյունով օրորվում են հանապազ: Եվ նրանց բարձր կատարներից մեկիկ- մեկիկ ընկնում են մշտնջենական ցողակաթիլներ: Եվ ծառերի արմատներին մերձ` խռովյալ նինջի մեջ, գալարուն մեկնված են օտարոտի թունավոր ծաղիկներ: Եվ վերևում գորշ ամպերը շրշուն ու դղորդաձայն աղմուկով հար սուրում են արևմուտք և ապա ջրվեժի հանգույն թավալվում հորիզոնի հրեղեն պատնեշից անդին: Եվ Զաիր գետի ափունքին ոչ անդորր կա, ոչ լռություն:
- Գիշեր էր, և անձրև էր տեղում, որ թափվելիս անձրև էր, իսկ գետնին դիպչելով` արյուն էր դառնում: Եվ ես կանգնած էի ճահճուտում երկայնիրան շուշանների մեջ, և անձրևը մաղում էր գլխիս. և շուշանները հերթով հառաչում էին իրենց առանձնության մեջ:
- Եվ ապա հանկարծ ու մեկեն, անոսր, քստմնելի մշուշի միջից բարձրացավ լուսինը, և գույնն էր բոսոր: Եվ աչքս ընկավ մի վիթխարի, գորշ ժայռի, որ կանգնած էր գետափին և լուսավորվում էր լուսնի լույսով: Եվ ժայռը գորշ էր ու ահեղ ու բարձր,- և ժայռը գորշ էր: Առջևի մասում նշաններ էին փորագրված, և ես անցա ջրաշուշանների ճախնուտի միջով ու մոտեցա ափին, որպեսզի ընթերցեմ: Սակայն գրերը զանազանել չկարողացա: Եվ ետ էի դառնում ճախնուտ, երբ լուսինը շողաց ավելի վառ կարմիրով, և ես շրջվեցի և կրկին նայեցի ժայռին, և այնտեղ գրված էր ` ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ:
- Եվ ես վեր նայեցի, և քարափի կատարին մի մարդ էր կանգնած. թաքնվեցի ջրաշուշանների մեջ` մարդու վարմունքին հետևելու: Եվ մարդը պարթևահասակ էր, կեցվածքով վեհաշուք, ուսերից մինչև ոտքերը փաթաթված էին հին հռոմեական տոգայով: Եվ նրա մարմնաձի ուրվագիծն աղոտ էր, սակայն գիշերվա ու մեգի, լուսնի ու ցողի ծածկույթը չէր սքողել նրա դեմքը, և դիմագծերն աստվածենի էին: Եվ սեգ ճակատը խորասույզ էր, և աչքերը մտատանջությունից փայլում էին վայրենի փայլով. և այտերն ակոսող ծալքերում ես կարդացի առակները ցավ ու վշտի, խոնջանքի, առ մարդկությունը զզվանքի և մենության տենչի:
- Եվ մարդը նստել էր ժայռին, գլուխը ձեռքին հենած ու հայացքը հառած ամայությանը: Նայեց վար` անդադրում, ցածր թփերին ու վեր` բարձրուղեշ նախաստեղծ ծառերին ու ավելի վեր` շրշուն երկնքին ու բոսորաթույր լուսնին: Եվ ես ի մոտո շուշանների մեջ պահված, հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, և նա նստած էր ժայռին:
- Եվ մարդն ուշադրությունը շեղեց երկնքից և նայեց տխրաշուք Զաիր գետին և դեղին քստմնելի ջրերին ու ջրաշուշանների դեղին լեգեոններին: Եվ մարդն ունկնդիր էր ջրաշուշանների թառանչներին ու նրանց միջից եկող սոսափին: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. և սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
- Հետո իջա ճախնուտի խորշերը, դժվարությամբ հեռացա շուշանենրի թավուտի միջով և կանչեցի գետաձիերին, որ բնակվում էին ճախճախուտի խորշերում: Եվ գետաձիերը լսեցին կանչս ու բեհեմովտների հետ միասին ժողովվեցին ժայռի ստորոտում և բարձր ու երկյուղալի մռնչացին լուսնի ներքո: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
- Ապա նզովեցի ես տարերքը շռինդի անեծքով. և մի ահեղ փոթորիկ հավաքվեց երկնքում, ուր մինչ այդ քամի չկար: Եվ փոթորիկի սաստկությունից երկինքը կապտեց- սևացավ, և անձրևը խփեց մարդու գլխին, գետի բաբախուն ջրերը ցածրացան, և գետը տանջանքից փրփրակալեց, և ջրաշուշանները ճչացին իրենց ածուներում, և անտառը փշուր- փշուր եղավ հողմի հանդիման, ամպրոպը ճայթեց, կայծակը զարկեց, և ժայռը հիմքից երերաց: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:
- Այնժամ ես զայրացա և այս անգամ ԼՌՈՒԹՅԱՆ անեծքով նզովեցի գետն ու շուշանները, քամին ու անտառը, երկինքը, որոտն ու ջրաշուշանների հառաչանքները: Եվ նրանք նզովվեցին ու ԼՌԵՑԻՆ: Եվ լուսինը դադարեց երերուն վեր ելնել իր կածանով, ամպրոպը մարեց, կայծակը չշողաց, ամպերն անշարժ կախվեցին, ջրերը վերստին իջան իրենց մակարդակին ու այդպես մնացին, ծառերը դադարեցին ճոճվելուց, ջրաշուշաներն այլևս չէին հեծեծում և նրանց միջից այլևս սոսավյուն չէր լսվում, ոչ իսկ ուրիշ մի ձայն` այդ անծիր անապատում: Եվ ես նայեցի ժայռափոր տառերին, և գիրն այժմ էլ էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ:
- Եվ աչքս ընկավ մարդու դեմքին, և նրա դեմքը գունատվեց սարսափից: Եվ նա ճեպով գլուխը բարձրացրեց ձեռքի վրայից, ոտքի ելավ ու ականջ դրեց: Սակայն անծայրածիր անապատում ոչ մի ձայն չկար, և ժայռի վրայի գիրն էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ: Եվ մարդը սարսռաց, երեսը շրջեց և շտապ հեռացավ, և ես նրան այլևս չտեսա:
* * *
Մոգերի հատորներում հիասքանչ պատմություններ շատ կան` մոգերի երկաթակազմ, մելամաղձոտ հատորներում: Դրանցում, ասում եմ, կան փառապանծ ասքեր Երկնքի, Երկրի և հզոր ծովի մասին, և ոգիների, որ տիրում էին ծովը, երկիրը և գոռ երկինքը: Իմաստություն և խորհուրդ շատ կար նաև գուշակուհիների պատգամախոսություններում, և հնում բազում սրբազան պատմություններ էին պատմում ստվերամած տերևները, որ դողդոջում էին Դոդոնեի շուրջը, բայց, Ալլահը վկա, առակը, որ ինձ պատմեց Դևը` կողքիս շիրմաթմբի ստվերում նստած, բոլորից հրաշալին եմ համարում: Եվ, ավարտելով իր պատմությունը, Դևը ետ ընկավ գերեզմանի խորշն ու քրքջաց: Եվ ես չկարողացա ծիծաղել Դևի հետ, և նա անիծեց ինձ, քանզի չկարողացա: Եվ լուսանը, որ հավերծ բնակվում է շիրմի մեջ, դուրս ելավ, պառկեց Դևի ոտքեր տակ և անքթիթ հայացքը հառեց նրա դեմքին:

воскресенье, 3 февраля 2013 г.

Ռիչարդ Բախ. Չկա այդպիսի վայր` հեռու...

Ռե՜յ … (անգլ.` ճառագայթ): Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիր ծննդյանդ տոնին: Քո տունը հազարավոր մղոններ հեռու է ինձնից, իսկ ես ճանապարհորդում եմ միայն առանձնահատուկ դեպքերում: Ռեյի ծննդյան օրը… սա հենց այդ դեպքերից է, և ես անհամբերությամբ սպասում եմ Քեզ հետ հանդիպմանը:
Ճանապարհ ընկա` վստահելով Կոլիբրիի սրտին, որին ես ու Դու հանդիպել էինք շատ վաղուց: Նա բարեհամբույր էր, ինչպես միշտ, բայց երբ նրան ասացի, որ փոքրիկ Ռեյը մեծացել է, և ես նվերով գնում եմ նրա ծնունդը շնորհավորելու, շատ զարմացավ: Մենք երկար ժամանակ լուռ էինք թռչում, և վերջապես նա շշնջաց.
«Ես քո ասածից շատ քիչ բան հասկացա, բայց ամենաանհասկանալին այն է, որ գնում ես ծնունդ»:
- Իհարկե գնում եմ ծնունդը շնորհավորելու,- ասացի ես,- չհասկանալու ի՞նչ կա:
Նա լռեց. իսկ երբ հասանք Բվեճի բնի մոտ, ասաց.
- Իրականում մղոններն արդյո՞ք մեզ կարող են բաժանել ընկերներից։ Եթե դու ցանկանում ես Ռեյի հետ լինել, մի՞թե արդեն նրա հետ չես: .
- Փոքրիկ Ռեյը մեծացել է. ես նվերով եմ գնում նրա ծնունդը շնորհավորելու,- ասացի Բվեճին: Կոլիբրիի հետ զրույցից հետո տարօրինակ էր «գնում եմ» ասելը, բայց ես դա արտասանեցի այնպես, որ Բվեճն ինձ հասկանար:
Նա նույնպես երկար ժամանակ լուռ էր թռչում: Նրա լռությունը բարյացակամության արտահայտություն էր, սակայն երբ ինձ ողջ ու առողջ հասցրեց Արծվի տան մոտ, մրմնջաց.
- Քո ասածից շատ քիչ բան հասկացա, բայց ամենաանհասկանալին այն էր, որ դու ընկերոջդ «փոքրիկ» ես անվանում:
- Իհարկե փոքրիկ է,- պատասխանեցի,- որովհետև դեռ չի մեծացել: Ի՞նչն է անհասկանալի:
Բվեճն իր սաթե աչքերի խոր հայացքով ինձ նայեց, ժպտաց ու ասաց. «Իսկ դու մտածի՛ր»:
- Փոքրիկ Ռեյը մեծացել է, և ես նվերով գնում եմ նրա ծնունդը շնորհավորելու,- ասացի Արծվին: Կոլիբրիի և Բվեճի հետ զրույցից հետո տարօրինակ էր գնում եմ  և փոքրիկ բառերն ասելը, բայց ես դրանք այնպես արտասանեցի, որ Արծիվն ինձ հասկանար: Մենք բարձրացանք գագաթներից վեր և ճախրեցինք լեռնային քամու հետ: Վերջապես նա շշնջաց. «Շատ բան չհասկացա քո ասածից, բայց անհասկանալի էր հատկապես «ծնունդ» բառը»:
- Իհարկե ծնունդ,- ասացի,- մենք պատրաստվում ենք նշելու այն պահը, երբ Ռեյը լույս աշխարհ է եկել, այն պահը, որից առաջ Ռեյը դեռ չկար: Ի՞նչ կա չհասկանալու:
Արծիվը ծալեց թևերը, ցած սուրաց և փափուկ վայրէջք կատարեց անապատի ավազների վրա:
- Ժամանակ, երբ Ռեյը դեռ չի՞ եղել… Չե՞ս կարծում, որ ավելի շուտ հակառակն է եղել` Ռեյի կյանքն սկսվել է, երբ ժամանակը դեռ չի եղել:
- Փոքրիկ Ռեյը մեծացել է, և ես նվերով գնում եմ նրա ծնունդը շնորհավորելու,- ասացի Բազեին: Կոլիբրիի, Բվեճի և Արծվի հետ զրուցելուց հետո տարօրինակ էր ասել «գնում եմ», «փոքրիկ» և «ծնունդ» բառերը, բայց ես դրանք արտասանեցի այնպես, որ Բազեն ինձ հասկանար: Մեզնից շատ հեռու ներքևում լողում էր անապատը: Ճանապարհի վերջում նա շշնջաց.
- Գիտե՞ս, շատ քիչ բան հասկացա նրանից, ինչ ասացիր, բայց հատկապես չհասկացա ա՛յ սա` «մեծացել է»:
- Իհարկե մեծացել է,- ասացի ես,- Ռեյն ավելի ու ավելի մոտ է մեծանալուն, և մի տարի էլ հեռացավ իր մանկությունից: Ի՞նչն է անհասկանալի:
Բազեն իջավ ամայի ծովափ:
- Ինչ ասացիր, այնքան էլ «մեծանալ» չի նշանակում:
Նա վեր բարձրացավ և անհետացավ տեսադաշտից:
Ես գիտեի, որ Ճայը շատ իմաստուն թռչուն է: Երբ թռչում էինք, ես հանգամանորեն բառեր էի փնտրում, որոնք լսելով՝ ճայը հասկանար, որ ես արդեն ինչ-որ բան սովորել եմ:
- Լսի՛ր, Ճա՛յ,- ասացի վերջապես,- ինչո՞ւ ես ինձ քո թևերին առած տանում Ռեյի մոտ, եթե դու հաստատ գիտես, որ արդեն նրա հետ եմ:
Ճայն ինձ տարավ ծովի, բլուրների, քաղաքի փողոցների վրայով և շուտով անաղմուկ նստեց Քո տանիքին:
- Որովհետև կարևոր է, որ դու գիտենաս այս ճշմարտությունը: Քանի դեռ ինքդ չես հասկացել, քանի դեռ չես ընկալել ողջ խորությամբ, շատ քիչ միջոցներով կարող ես այն փոխանցել, միայն կողմնակի օգնությամբ` մեքենաների, մարդկանց, թռչունների: Բայց հիշիր,- ավելացրեց նա,- ճշմարտությունը չի դադարում ճշմարտություն լինելուց այն պատճառով, որ դու դեռ չես հանգել նրան:
Եվ ճայը հեռացավ:
- Հիմա Քո նվերը բացելու ժամանակն է: Ապակյա և մետաղյա նվերները ժամանակի ընթացքում հնանում են ու մոռացության մատնվում: Բայց ես Քեզ համար ավելի լավ բան եմ պատրաստել:
Ես Քեզ օղակ եմ նվիրում. կրի՛ր այն: Նա փայլփլում է առանձնահատուկ լույսով, և ոչ ոք չի կարող ո՛չ խլել Քեզնից, ո՛չ ոչնչացնել: Դու աշխարհում միակը կլինես, որ կտեսնես այն, ինչպես միայն ես էի տեսնում, քանի դեռ իմն էր:
Այդ օղակը Քեզ նոր ունակություններով կօժտի: Կրելով այն՝ դու կարող ես երկնքում ճախրող ցանկացած թռչնի թևերով թռչել: Կարող ես ոսկե աչքերով տեսնել նրանց, դիպչել քամուն, որը թափանցում է նրանց թավշյա փետուրների մեջ: Քո առջև կբացվի բարձր թռիչքի հրճվանքը, աշխարհի և նրա հոգսերի վրայով ճախրելու ուրախությունը: Դու կարող ես մնալ երկնքում, որքան ցանկանաս` կարճելով գիշերը, դիմավորելով այգաբացը, և երբ զգաս, որ եկել է ժամանակը, կվերադառնաս:
Քո հարցերը պատասխան կստանան, իսկ բոլոր տագնապներդ կցրվեն:
Ինչպես այն ամենը, ինչին ձեռքով հնարավոր չէ դիպչել, և որը հնարավոր չէ աչքով տեսնել, այնպես էլ քո շնորհը կաճի այն չափով, ինչ չափով օգտագործես: Սկզբում կարող ես թռչել միայն այն ժամանակ, երբ տեսնես թռչուններին, որոնց հետ թռչելու ես: Բայց հետո, երբ հմտանաս, կսովորես ճախրել թռչունների հետ, որոնց չես տեսնում, և ի վերջո կհասկանաս, որ քեզ պետք չեն ո՛չ օղակ, ո՛չ թռչուն, որպեսզի թռչես մենակ` ինքդ քեզ հետ, ամպերի խաղաղությունից էլ վեր: Եվ երբ այդ օրը գա, դու պարտավոր կլինես այդ շնորհը փոխանցել նրան, ով կարող է հմտորեն օգտագործել, ով կարող է գիտակցել, որ կարևոր է միայն այն, ինչ ճշմարտությունից և ուրախությունից է ստեղծված, ոչ թե մետաղից ու ապակուց:
Ռե՛յ, տարվա այս հատուկ Քո օրը ես Քեզ հետ նշում եմ վերջին անգամ՝ հասկանալով այն, ինչ սովորեցրին ինձ մեր ընկերներ՝ թռչունները:
Ես չեմ կարող գալ Քեզ մոտ, որովհետև արդեն այստեղ եմ: Դու փոքր չես, որովհետև Դու արդեն մեծացել ես, Դու, ինչպես մենք բոլորս, կյանքից կյանք ես անցնում` ուրախանալով, որ ապրում ես:
Դու ծննդյան օր չունես, որովհետև միշտ եղել ես. երբեք չես ծնվել և երբեք չես մեռնի: Դու նրանց երեխան չես, ում հայր ու մայր ես անվանում:
Արկածներով լի այս պայծառ ճամփորդության ժամանակ, որի նպատակն է իրերի էությանը հասու լինելը, Դու նրանց կյանքի ուղեկիցն ես:
Ընկերոջ յուրաքանչյուր նվեր երջանկության մաղթանք է, այդ թվում՝ և այս օղակը:
Հավերժության վրայով ազատ և ուրախ ճախրի՛ր ծնունդներից այն կողմ, և մի մեծ տոնի ընթացքում, որը երբեք վերջ չունի, մենք կարող ենք հանդիպել երբ ցանկանանք՝ և՛ հիմա, և՛ միշտ:

Ռուսերենից թարգմանեց Մարիետ Սիմոնյանը

воскресенье, 6 января 2013 г.

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
- Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
- Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
- Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
- Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
- Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
- Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
- Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

воскресенье, 30 декабря 2012 г.

Սուրբ Ծննդյան պատմություն

Համաձայն միջնադարյան մի առասպելի, այն երկրում, որը հիմա Ավստրիա է կոչվում, Բուրխարդների ընտանիքը` հայրը, մայրը և որդին, Սուրբ Ծննդյան օրերին զվարճացնում էին մարդկանց ասմունքով, տրուբադուրների հին բալադները երգելով և  աճպարարություն անելով:
 Իհարկե, երբեք փող չէր մնում նվեր գնելու համար, սակայն հայրը միշտ ասում էր որդուն. “Գիտես` ինչու Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում, չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան: Որովհետև Սանտա Կլաուսի նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ: Ներքին անհաշտություններ ունեցող ընտանիքում Սանտա Կլաուսը փորձում է  ներդաշնակություն և խաղաղություն բերել: Որտեղ սիրո պակաս կա, նա հավատի սերմեր է ցանում երեխաների հոգում: Որտեղ ապագան մռայլ ու անորոշ է թվում, նա հույս է բերում: Մեր դեպքում, մեր Հոր Ծննդյան հաջորդ օրը մենք երջանիկ ենք, որ ապրում ենք ու կարող ենք անել մեր աշխատանքը, որը մարդկանց է երջանկություն բերում: Երբեք չմոռանաս դա”:
Ժամանակ անցավ: Որդին մեծացավ և մի օր նրանց ընտանիքը անցավ Մելքի տպավորիչ միաբանության շենքի առաջով, որը հենց նոր էր կառուցվել: Երիտասարդ Բուրխարդը ցանկացավ քահանա դառնալ: Նրա ընտանիքը հասկացավ և հարգեց այդ ցանկությունը: Նրանք թակեցին միաբանության դուռը և քահանաների կողմից ջերմ ընդունելության արժանացան, իսկ կրտսեր Բուրխարդին ընդունեցին իրենց շարքերը:
Սուրբ Ծննդյան նախաշեմն էր: Եվ հենց այդ օրը Մելքում մի յուրահատուկ հրաշք կատարվեց: Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, որոշեց իջնել Երկիր և այցելել այս միաբանությունը:
Բոլոր քահանաները շարվեցին Աստվածամոր առջև` ջանալով հերթով յուրովի արտահայտել իրենց պատկառանքը նրա և նրա Որդու հանդեպ: Շարքի վերջում երիտասարդ Բուրխարդը տագնապով սպասում էր իր հերթին: Նրա ծնողները հասարակ մարդիկ էին, որոնք ընդամենը սովորեցրել էին իրեն գնդակները վերև նետել և որոշ աճպարարություններ անել:
Երբ նրա հերթը հասավ, մյուս քահանաները փորձեցին ավարտել հարգանքի մատուցման արարողությունը, քանի որ նախկին աճպարարը որևէ էական բան չէր կարող ավելացնել մինչ այդ ցուցադրվածին և դեռ ավելին` կարող էր փչացնել միաբանության թողած տպավորությունը:
Այդուհանդերձ, սրտի խորքում նա նույնպես ցանկանում էր իրենից ինչ-որ բան նվիրել Հիսուսին և Սուրբ Կույսին: Ամաչելով մյուս քահանաների մանրազնին հայացքներից` նա իր զամբյուղից մի քանի նարինջ վերցրեց և սկսեց նետել դրանք վերև և բռնել` հիանալի շրջան ստեղծելով օդում:
Այդ պահին էր, որ մանուկ Հիսուսը Աստվածամոր գրկին սկսեց ուրախությամբ ծափահարել: Եվ հենց երիտասարդ Բուրխարդն էր, ում Աստվածամայրը ընդառաջ գնաց և թույլ տվեց մի քանի վայրկյան գրկել ժպտացող Հիսուսին:

вторник, 25 декабря 2012 г.

Մարկես...Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում...

Երեխաները, որ առաջինն էին տեսել ծովի խորքերից իրենց մոտեցող գորշ ու տձև զանգվածը, նախ երևակայել էին թե այն թշնամու ռազմանավ է: Քիչ անց պարզվել էր, որ այն ոչ կայմեր ունի և ոչ էլ դրոշներ, ու նրանք մտածել էին թե դա կետաձուկ է: Երբ այն հասել էր ափի ծանծաղուտին, և նրանք մաքրել էին այն ջրիմուռների գալարներից, մեդուզաների շոշափուկներից, ձկան թեփուկներից ու նավաբեկության բեկորներից, այդժամ հասկացել էին որ այն ջրահեղձ մարդ է:
Նրանք ողջ օրը խաղացին ծովափին, ջրահեղձին բազմիցս թաղելով  ու վերստին հանելով ավազից,  մինչ պատահական անցորդը, տեսնելով այս,  ոտքի հանեց գյուղը: Տղամարդիք, որ տեղափոխեցին ջրահեղձին գյուղի մոտակա տունը, նկատեցին որ նա ավելի ծանր է քան իրենց երբևէ հայտնի մեռյալները, ծանր այնքան՝ որքան ձին, ու ենթադրեցին, որ երկար ժամանակ  ջրահեղձի ոսկորներր ներծծվել են ջրով: Երբ նրան պառկեցրին հատակին, նկատեցին որ նա ավելի աժդահա է քան երբևէ  ծնված որևէ մահկանացուն, այնքան մեծ, որ դժվարությամբ է տեղավորվում գյուղական այդ տանը, ու մտածեցին, որ հետմահու աճի կարողությունը բնորոշ է որոշ ջրահեղձների:  Տիղմով ու խեցիներով պատված նրա մարմինը սենյակը լցրել էր ծովի հոտով:
Նրա դեմքը մաքրելուց հետո պարզվեց որ մեռյալն օտարական է: Ամայության եզրին հիմնված այս գյուղում ընդամենը քսան փայտաշեն խրճիթ կար՝  քարածածկ բակերով, ուր չէր ծաղկում ոչինչ: Հողն այնքան քիչ էր, որ մայրերն սարսափում էին թե մի օր քամին կարող է տանել իրենց զավակներին, իսկ մեռյալներին ոչ թե հուղարկավորում, այլ բարձր ժայռից նետում էին ծովը: Իսկ ծովը միշտ խաղաղ էր ու շռայլ: Գյուղի տղամարդիք, որ հեշտությամբ տեղավորվում էին յոթ նավակներում, ջրահեղձ գտնելիս պարզապես նայում էին շուրջբոլորը, համոզվելու համար որ իրենք բոլորն էլ տեղում են:
Այդ երեկո տղամարդիք ծով դուրս չեկան: Մինչ հարևան գյուղերում նրանք հարցուփորձ էին անում անհայտ կորածի մասին, կանայք ստանձնեցին ջրահեղձի խնամքը: Ծղոտե քիսաներով  սրբեցին տիղմը, մազերից հանեցին խճճված ջրիմուռները ու ձուկը թեփուկից մաքրելու քերիչներով պոկեցին մարմնից ծովախեցիները:  Նրանք նկատեցին, որ ջրահեղձի վրա հեռավոր օվկիանների ու խորքային ջրերի  բուսականությունն է, իսկ ծվատված հագուստը վկայում է կորալյան լաբիրինթոսներում անկենդան դեգերումների մասին: Նրանք նկատեցին նաև, որ մահը նա ընդունել է արժանապատվությամբ՝ առանց ծովում խեղդվողներին բնորոշ միայնակության և գետում խեղդվողների տառապյալի զազրելի արտահայտության: Ու երբ վերջնականապես մաքրել էին դին, միայն հասկացան թե նա ով է եղել ու խոր հոգոցներ հանեցին: Նրանք ակնպիշ զննում էին ամենաբարձրահասակ, ամենաուժեղ, ամենաառնական և ամենաբարեկազմ տղամարդուն, սակայն չէին կարողանում տեսածը տեղավորել իրենց երևակայության սահմաններում:
Գյուղում չգտնվեց մի մահճակալ որ կտեղավորեր ջրահեղձին, կամ բավարար ամուր մի սեղան՝ որ կդիմանար նրա ծանրությանը: Նրա համար փոքր էին գյուղի ամենաբարձրահասակ տղամարդկանց տոնական անդրավարտիքները, ամենածանրիրանների կիրակնօրյա շապիկները և ամենամեծ ոտնամանները որ գտնվեցին: Նրա չտեսնված գեղեցկությամբ ու մեծությամբ հմայված, գյուղի կանայք որոշեցին ձկնորսական առագաստից անդրավարտիք և ամուսնական առագաստներից շապիկ կարել նրա համար, որ նա, անգամ մեռած, պահպանի իր արժանապատվությունը: Կանայք նստոտել էին մեռյալի շուրջը ու, մինչ հագուստ էին կարում նրա համար, չեին դադարում հմայվել նրանով ու համոզված էին, որ համառ քամու պոռթկումները և Կարիբյան ծովի աննախադեպ ալեկոծումը միմիայն մեռյալի առիթով էին: Նրանք մտածում էին, որ, եթե այս հիասքանչ տղամարդը ապրեր իրենց գյուղում, նրա տան դռները ամենալայնը կլինեին և ամենաբարձրը կլիներ նրա տան առաստաղը, հատակը՝ ամենաամուրը, նրա մահճակալը ձգված կլիներ երկաթյա ամրաններով, իսկ նրա կինը ամենաերջանիկը կլիներ ողջ գյուղում: Կանայք մտածում էին, որ ջրահեղձն ու կինը օժտված կլինեին հասարակ կանչով ծովը ձկներով լցնելու զորությամբ, իրենց կորովով շատրվաններ կկորզեին քարքարուտից ու ժայռերը կծածկեին ծաղկաստաններով: Կանայք մտքում համեմատում էին ջրահեղձին իրենց ամուսինների հետ, հասկանալով որ սրանք ողջ կյանքում չեն կարողանա անել այն, ինչ կաներ ջրահեղձը մեկ գիշերում, և իրենց հոգում վերջնականապես հրաժարվում էին այդ չնչին ու թշվառ արարածներից: Նրանք թափառում էին իրենց երևակայության լաբիրինթոսում, երբ ամենատարեց կինը, որը ջրահեղձին նայում էր ավելի կարեկցանքով քան կրքով, հոգոց հանեց.
-Դեմքից էլ երևում է, որ նրա անունը Էսթեբան է:
Դա ճշմարիտ էր: Ջրահեղձին նետված ևս մեկ հայացքը շատերին բավականացրեց որ հասկանան՝ այլ անուն ունենալ նա չէր կարող: Կանանցից երիտասարդները, որ առավել համառ էին, երևակայեցին թե, երբ նրան հագցնեն հագուստները, լաքապատ կոշիկները և շրջապատեն ծաղիկներով, կարելի կլինի անգամ Լաութարո կոչել: Նրանք ցանկալին շփոթում էին իրականության հետ: Կտորը պակասեց, վատ ձևված, առավելապես վատ կարված անդրավարտիքը փոքր ստացվեց, իսկ ջրահեղձի կրծքից բխող խորհրդավոր ուժը անընդհատ պոկում ու դեն էր նետում շապիկի կոճակները: Կեսգիշերից անդին քամին հանդարտվեց ու ծովն անշարժացավ չորեքշաբթի օրվա ընդարմության մեջ: Լռությունը ցրեց վերջին կասկածները՝ անտարակույս, նա Էսթեբանն է: Կանայք, որ հագցնում էին նրա հանդերձը, սանրում մազերը, սափրում դեմքը, կտրում եղունգները, չէին կարողանում զսպել իրենց խղճահարության դողը և համակերպվել որ նա շարունակելու է պառկած մնալ հատակին: Այդժամ նրանց ընկալելի դարձավ այն դժգոհությունը, որ կհամակի յուրաքանչյուր մեկին, երբ նրա աժդահա մարմինը, անգամ անշունչ, չգտնի իր հանգիստը: Նրանք պատկերացրեցին, թե կենդանության օրոք նա ինչպես դատապարտված էր դռներից ներս անցնել կողքանց, գլուխը խփել ձեղուններին, հյուրընկալվելիս մոլորված կանգնել՝ չիմանալով ուր թաքցնել իր խեցգետնի խոշոր վարդագույն չանչերը, մինչ տանտիրուհին ընտրում է հնարավոր ամենաամուր աթոռը և վախից կարկամելով՝ «այստեղ նստեք, Էսթեբան, շնորհ արեք», իսկ նա պատին հենված, ժպտալով՝ «մի անհանգստացեք, սինյորա, ես ինձ լավ եմ զգում», իսկ ոտներից ասես կաշին քերթած լինի, ևամեն անգամ հյուրնկալվելիս այրվում է թիկունքը ՝ «մի անհանգստացեք, սինյորա, ես ինձ լավ եմ զգում», միայն խուսափել փշրվող աթոռի խայտառակությունից, այդպես էլ երբեք չիմանալ, որ «մի հեռացիր, Էսթեբան, սպասիր մինչ սուրճը կբերեն» ասողները, հետո շշնջում էին՝ «վերջապես գնաց, տխմար աժդահա, ինչ լավ է, վերջապես գնաց, գեղեցիկ հիմար»: Սա էին մտածում կանայք արևածագից քիչ առաջ նայելով անշունչ մարմնին: Հետո, երբ լույսից պաշտպանելու համար, թաշկինակով ծածկեցին նրա դեմքը, նրանք տեսան ջրահեղձին իր հավերժական մահվան մեջ, այնպես անօգնական, այնքան նման իրենց ամուսիններին, որ սրտները այլևս չդիմացավ ու առատ հոսեցին արցունքները: Առաջինը հեծկլտաց ամենաերիտասարդ կինը: Մյուսները, մեկմեկու վարակելով, իրենց հոգոցները փոխեցին լացի, ու նրանց ողբը սաստկանում էր, ջրահեղձն ավելի էր դառնում Էսթեբան, ու, վերջապես, նրանց արցունքների առատությունից նա դարձավ աշխարհի ամենաանօգնական մարդը, ամենախոնարհն ու ամենահնազանդը, խե~ղճ, թշվա~ռ Էսթեբան: Ու երբ տղամարդիք վերադարձան հարևան գյուղերից և հայտնեցին որ այնտեղ ոչ ոք չի ճանաչում ջրահեղձին, կանանց արցունքներում ճառագեց խնդության մի շող.
-Փառք Երկնավորին,- թեթևացած շունչ քաշեցին կանայք,- նա մերն է:
Տղամարդիք մտածում էին, թե այս իրարանցումը կանանց թեթևամտության արդյունքն է: Գիշերային հոգնեցուցիչ թափառումներից հետո, նրանց ուզածը մեկն էր՝ մեկընդմիշտ ազատվել անցանկալի հյուրից, մինչ տոթակեզ ու անքամի օրվա բորբ արևը կխանգարեր նրանց:  Բեկված նավերի կայմերից նրանք պատգարակ սարքեցին: Որպեսզի ստորջրյա հոսանքները, ինչպես պատահել էր այլ դիակների հետ, կրկին ափ չբերեն ջրահեղձին, տղամարդիք որոշեցին նրա ոտներին առևտրական նավի խարիսխ ամրացնել, որ նա ընկղմվի ծովի ամենախորքը, ուր միայն կույր ձկներն են, իսկ սուզակները տրտմում են կարոտից: Հակառակ տղամարդկանց շտապողականությանը, ժամանակը ձգելու բազմաթիվ առիթներ էին հորինում կանայք: Վախեցած հավերի պես նրանք դեսուդեն էին վազվզում, ընտանեկան զարդատուփերից բերվող համայիլները մեկ հայտնվում էին մեռյալի վզին, մերթ փոխարինվում ուրիշներով նրա բազկի վրա, անընդհատ խանգարելով տղամարդկանց նպատակասլաց աշխատանքը, մինչ վերջիվերջո՝ «Կորիր այստեղից, այ կին, մի խանգարիր, քիչ մնաց քո պատճառով ընկնեի հանգուցյալի վրա», տղամարդկանց հոգում խլրտացին կասկածները, և նրանք փնթփնթացին՝ «ի՞նչ է նշանակում անծանոթ մեկի համար գլխավոր խորանից այսքան արդուզարդ բերելը, ախր շնաձկերը ծամելու են նրան անկախ ոսկեղեն ու արդուզարդից», բայց կանայք չէին դադարում քրքրել իրենց արժեքները, բերում ու տանում էին դրանք, հապճեպ շարժի մեջ բախվում մեկմեկու, ու նրանց հոգոցներում ի հայտ էր գալիս այն, ինչ բացահայտորեն չէին ասում նրանց արցունքները, և վերջնականապես հատնեց տղամարդկանց համբերությունը՝ «այս ի՞նչ իրարանցում է մի մեռելի համար, ծովից դուրս գցված անհայտ ջրահեղձի համար, սառը մսակույտի համար»: Կանանցից մեկը, որ խոցվել էր այսօրինակ լկտիությունից, ջրահեղձի դեմքից դեն քաշեց թաշկինակը, և այդժամ տղամարդիք էլ զգացին, թե ինչպես նվաղեց իրենց հոգին:
Այո, նա Էսթեբանն էր: Պետք չէր կրկնել, որ ամեն  ոք դա հասկանար: Թե նրանց դիմաց հայտնվեր սեր Ուոլթեր Ռելին, գուցե և նրանք տպավորվեին գրինգոյի ակցենտով, կամ ուսին նստած թութակով, և կամ մուշկետով որ սպանելու համար է, բայց աշխարհում կարող է լինել միայն մեկ Էսթեբան, և ահա նա ձգվել է իրենց առաջ ինչպես սաբալո ձուկը, ոտաբոբիկ, թերահաս մանկանը վայել անդրավարտիքով, քարից ել ամուր եղունգներով, որ հազիվ թե դանակով իսկ կտրվեն: Բավական էր միայն ետ քաշել թաշկինակը նրա դեմքից, որ պարզ դառնար՝ նա ամաչում է, նա մեղավոր չէ որ այդպես աժդահա է, մեղավոր չէ որ այդքան ծանր է ու գեղեցիկ, ու թե իմանար ինչ կպատահի, մեկ այլ, ավելի հարմար տեղ կգտներ խեղդվելու համար, ազնիվ խոսք, ես ինքս վզիցս կկախեի գալեոնի խարիսխը ու առաջ կքայլեի այն ժայռի կատարից, քանզի տեղն այս ինձ վհատեցրեց, և ոչ ոք ձեզ չէր զզվեցնի այսպես կոչված չորեքշաբթի օրվա մեռյալով, և չէի գրգռի ոչ մեկին սառ մսի այս նողկալի կույտով, որն ինձ հետ ընդհանուր ոչինչ չունի: Նա այնքան ճշմարիտ էր, այնքան համոզիչ, որ անգամ բաց ծովում անվերջ գիշերների դառնությունը համտեսած ամենակասկածամիտ տղամարդկանց, որ տագնապում էին թե իրենց կանայք մի օր կձանձրանան երազել իրենց մասին ու կերազեն ջրախեղդների, և անգամ անհամեմատ հաստատակամներին ցնցեց Էսթեբանի անկեղծությունը:
Այսպես պատահեց, որ լքված ջրահեղձի համար նրանք կազմակերպեցին ամենավեհաշուք թաղումը: Կանանցից մի քանիսը, որ հարևան գյուղերն էին գնացել ծաղիկներ բերելու, այնտեղից վերադաձան տեղացի կանանց հետ, որոնք չէին հավատացել լսած պատմությանը, սակայն երբ սեփական աչքերով էին տեսել մեռյալին, շտապել էին գնալ նոր ծաղիկների ետևից ու վերադառնալով հետները բերել էին նոր կանանց, ու վերջապես այնքան ծաղիկ և այքան մարդ էր կուտակվել, որ ասեղ գցելու տեղ չկար: Վերջին պահին նրանց սիրտը նվաղել էր այն մտքից, որ նրան կրկին ծովին պիտ հանձնեն որպես որբի, և նրանք գյուղի լավագույն մարդկանցից նրա համար ընտրեցին հայր և մայր, ոմանք դարձան նրա եղբայրները, քեռիները,  զարմիկները, և, վերջիվերջո,  նրա շնորհիվ գյուղի բոլոր բնակիչները բարեկամացան: Հեռվում, լսելով նրանց ողբը, նավաստիները կասկածեցին իրենց նավարկության ճիշտ ուղղությանը, ու հայտնի է, որ նրանցից մեկը, հիշելով սիրենների մասին հին հեքիաթները, հանձնարարել էր իրեն կապել գրոտ-կայմին: Իրար հետ վիճարկելով նրա դին դեպի ժայռը սեփական ուսերին տանելու պատիվը, գյուղի բնակիչներն առաջին անգամ հասկացան, թե ինչ անխինդ են իրենց փողոցները, ինչ պապակ են իրենց բակերի քարերը և ինչ նեղ են իղձերը իրենց ջրահեղձի գեղեցկության ու վեհության ներկայությամբ: Նրան ժայռից նետեցին առանց խարիսխի, որ նա կարողանա վերադառնալ երբ կամենա, և հազարամյակներից պոկված մեկ ակնթարթով պահեցին շունչերը, մինչ նա անկում էր դեպ անդունդ: Նրանք անգամ կարիք չզգացին միմյանց նայել, հասկանալու համար, որ բոլորը չէ որ տեղում են  և որ այլևս երբեք բոլորով չեն լինի: Բայց նրանք նաև հասկացան, որ ամեն բան այլ է այսուհետ՝  նրանց տների դռները լայն կդառնան, առաստաղները բարձր, հատակները ամուր, որպեսզի Էսթեբանի հուշը շրջի աշխարհով՝ գլուխը չզարկելով ձեղուններին, և որ այլևս երբեք ոչ ոք չհանդգնի շշնջալ՝ «մեռավ տխմար աժդահան, հազար ափսոս, մեռավ գեղեցիկ հիմարը», որովհետև նրանք Էսթեբանի հուշը հավերժացնելու համար իրենց տների ճակատները կներկեն ամենաուրախ գույներով, ամեն բան կանեն որ անկյանք քարերից աղբյուրներ բխեն և ծովափնյա ժայռերի թեք լանջերին ծաղիկներ կցանեն, և գալիք տարիների արշալույսներին հսկա նավերի ուղևորները բաց ծովում կարթնանան խեղդվելով այգեստանների չնաշխարհիկ բույրից, և մարտական շքանշաններով զարդարված տոնական համազգեստով իր կամրջակից կիջնի նավապետը և Կարիբյան ծովի հորիզոնից վարդերի լեռան պես հառնող հրվանդանը ցույց տալով տասնչորս լեզուներով կասի՝ նայեք, ահա այնտեղ, ուր քամին այնքան հլու է, որ քուն է մտնում մահճակալների տակ, ուր արևն այնքան պայծառ է, որ արևածաղիկներն չգիտեն թե որ կողմ  թեքվեն, այնտեղ, ահա այնտեղ է գտնվում Էսթեբանի գյուղը: