Հիմա նրանք ինձ հնարավորություն են տվել: Նրանք ինձ հաշվառման են
վերցրել: Ես պիտի ներկայանայի աշխատանքային գրասենյակ և ես ներկայացա
գրասենյակ: Պաշտոնավայրում նրանք շատ սիրալիր էին: Վերցրեցին իմ հաշվառման
քարտը և ասացին. «Հըմ»: Ես էլ ասացի «հըմ»:
- Ո՞ր ոտքն է,- հարցրեց պաշտոնյան:
- Աջ:
- Ամբողջությա՞մբ:
- Ամբողջությամբ:
- Հըմ,- նորից արեց նա: Հետո սկսեց քրքրել տարբեր թղթեր: Ես կարող էի նստել:
Վերջապես մարդը գտավ մի թերթիկ, որն, ըստ երևույթին, ճիշտ իր ուզածն էր: Ասաց.
-
Կարծում եմ, Ձեզ համար ինչ-որ բան կճարվի: Մի լավ գործ: Դուք
հնարավորություն կունենաք նստած տեղը աշխատել: Կոշիկ մաքրող,
հանրապետության հրապարակի հասարակական զուգարաններից մեկում: Ինչպե՞ս է:
- Ես չեմ կարող կոշիկ մաքրել, ես արդեն վատ մաքրողի համբավ ունեմ:
-
Դուք կարող եք սովորել,- ասաց նա:- Մարդը կարող է ամեն ինչ սովորել:
Գերմանացին ամեն ինչ կարող է: Ցանկության դեպքում դուք կարող եք անվճար
դասընթացների մասնակցել:
- Հըմ,- արեցի ես:
- Բարի՞, ուրեմն:
- Ոչ,- ասացի,- ես չեմ ուզում: Ես ավելի բարձր ռոճիկ եմ ուզում:
- Դուք խելքներդ թռցրել եք,- մեղմ ու բարեկամաբար հանդիմանեց նա:
- Ես խելքս չեմ թռցրել, ոչ մեկը չի կարող ետ բերել իմ ոտքը, ես այլևս չեմ կարող սիգարեթ վաճառել, հիմա արդեն դա ինձ համար դժվար է:
Մարդը ետ ընկավ աթոռին և խոր հոգոց հանեց:
-
Սիրելիդ իմ,- սկսեց նա,- ձեր ոտքը խելքից դուրս թանկ ոտք է: Տեսնում եմ`
քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք, առհասարակ կատարյալ առողջ եք, ոտքից
գլուխ: Կապրեք յոթանասուն տարի: Խնդրեմ, հաշվեք, ամսական յոթանասուն մարկ,
տարվա մեջ` տասներկու անգամ, ուրեմն` քառասունմեկ անգամ տասներկու անգամ
յոթանասուն: Հաշվեք խնդրեմ, տոկոսները հանած: Մի կարծեք, թե ձեր ոտքը միակն
է: Դուք ինքներդ նույնպես միակը չեք, ով հավանաբար դեռ երկար կապրի: Եվ
այդ ամենով հանդերձ` ռոճիկը բարձրացնե՞լ: Ներող կլինեք, բայց դուք խելքներդ
թռցրել եք:
- Պարոնս,- ասացի ես, իր նման ետ ընկա աթոռին և խոր հոգոց
հանեցի,- կարծում եմ, որ դուք իմ ոտքը խիստ թերագնահատում եք: Իմ ոտքը շատ
ավելի թանկ է: Շատ-շատ թանկ ոտք է: Ոչ միայն իմ սիրտն է կատարյալ առողջ,
այլև, դժբախտաբար, գլուխս: Մի րոպե լսեք:
- Ժամանակ չունեմ:
- Լսեք մի րոպե,- ասացի ես,- նույն ինքը` իմ ոտքը շատ-շատերի կյանք է փրկել, այդ մարդիկ այսօր լավ ռոճիկ են ստանում:
Ահա
թե բանն ինչպես եղավ: Բոլորովին մենակ պառկել էի առջևի գծում մի տեղ և
հսկում էի, թե երբ նրանք կգային, որպեսզի մերոնք ճիշտ ժամանակին
կարողանային հեռանալ: Հետին գծում շտաբները կազմ-պատրաստ սպասում էին.
նրանք չէին ուզում ոչ շուտ, ոչ էլ ուշ հեռանալ: Սկզբում երկու հոգով էինք,
բայց նրան սպանեցին, նա էլ ոչինչ չարժեր: Ճիշտ է, ամուսնացած էր, բայց կինը
ողջ է և ի վիճակի է աշխատելու. այնպես որ դուք վախենալու կարիք չունեք, նա
ուրեմն սարսափելի էժան էր: Ընդամենը չորս շաբաթվա զինվոր էր և մի փոստային
բացիկից ու զինվորի մի կտոր հացից ավելին չարժեր: Այնքան ազնիվ ու քաջ էր,
որ առնվազն իրեն սպանել տվեց: Լավ, ուրեմն մենակ պառկել էի այնտեղ և
վախենում էի, և ցուրտ էր, ես էլ էի ուզում հեռանալ, այո, և այն է` ուզում
էի հեռանալ, երբ մեկ էլ…
- Ես ժամանակ չունեմ,- ասաց մարդը և սկսեց փնտրել մատիտը:
-
Ոչ, լսեք մինչև վերջ,- ասացի,- ամենահետաքրքիրը հիմա է: Հենց որ ուզում էի
հեռանալ` ոտքիս այս պատմությունը եկավ գլխիս: Եվ որովհետև, ինչ խոսք,
այդպես ընկած պիտի մնայի, մտածեցի ինքս ինձ` հիմա դու կարող ես արդեն
ազդանշան տալ, և ես ազդանշան տվեցի, և նրանք բոլորը արանքը ճղեցին, հերթով,
ըստ կարգի, նախ զորամասը, հետո գունդը, հետո գումարտակը և մնացածները`
իրար ետևից, շարեշար: Տխմար պատմություն. նրանք մոռացան ինձ հետները
վերցնել, պատկերացնո՞ւմ եք: Այնպես էին շտապում: Իսկապես որ տխմար
պատմություն. թե որ ոտքս չկորցնեի, բոլորն էլ կմեռնեին` գեներալը,
գնդապետը, մայորը` հերթով, ըստ կարգի, և դուք հիմա ստիպված չէիք լինի նրանց
ռոճիկ տալ: Դե հիմա ինքներդ հաշվեք, թե ինչ արժե իմ ոտքը: Գեներալը
հիսուներկու տարեկան է, գնդապետը` քառասունութ, մայորը` հիսուն, բոլորն էլ
ոտքից գլուխ առողջ, առողջ սիրտ, առողջ գլուխ, իրենց զինվորական կենցաղն էլ
վրադիր` կապրեն առնվազն ութսուն տարի, Հինդենբուրգի չափ: Դե, խնդրեմ,
հաշվեք. հարյուր յոթանասուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը
վերցնենք թեկուզ երեսուն, այո՞: Իմ ոտքը դարձել է խելքից դուրս թանկ, մեկը
ամենաթանկ ոտքերից, որ ես կարող եմ երբևէ երևակայել, հասկանու՞մ եք:
- Չէ, դուք խելքներդ թռցրել եք,- ասաց մարդը:
-
Ոչ,- պատասխանեցի,- ես խելքս չեմ թռցրել: Ափսոս, որ սիրտս գլխիս պես առողջ
է, ափսոս, որ ոտքս կորցնելուց գոնե մեկ րոպե առաջ ինքս էլ չսպանվեցի: Մենք
շատ փող խնայած կլինեինք:
- Հիմա ինչ, ուզու՞մ եք այս տեղը,- հարցրեց մարդը:
- Ոչ,- ասացի ես և դուրս եկա:
աղբյուրը` https://hovikcharkhchyan.wordpress.com/category/%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF-%D5%A7%D5%BB%D5%A5%D6%80/
Комментариев нет:
Отправить комментарий