четверг, 7 февраля 2013 г.

Կոնցեպտուալիզմ


1950-60-ականներին արվեստի դաշտում ակտիվ, արագ հոսանքներ ու արվեստագետներ են ասպարեզ իջնում: Երբ գալիս ենք 70-ականներ ու փորձում հասկանալ այս շրջանի արվեստային դաշտը, նկատում ենք, որ, ի համեմատ նախորդ տասնամյակների, դիսբալանս կա (տեմպի և բազմազանության նվազում): Ասես 70-ականները կտրած հանած լինեն արվեստի պատմությունից: Ուրեմն արվեստում մի ինչ-որ բեկումնային փոփոխություն է տեղի ունեցել, ինչը և նշում է դատարկություն, բացակայություն:
    Նրբանկատ վերաբերմունքի հետ մեկտեղ հարցերը շատանում են ու որքան փորձում ենք երևույթը հասկանալ խորքայնորեն` փնտրելով դրա պատճառահետևանքային կետերը, այնքան ավելի ենք հեռանում հարցից և խնդիրն ինքն իրենով է վանում սուբյեկտին` մնալով քողարկված ու առեղծվածային: Ըստ երևույթին, գործ ունենք բարդ շրջանի հետ և որքանով էլ փորձում ենք հասկանալ նարատիվը, ամեն ինչ ավելի խնդրահարույց է դառնում: Այնուամենայնիվ, խնդրից խուսափելով պատասխաններ չենք գտնի:
    Օրինակների միջոցով փորձենք հասկանալ այս տասնամյակների ենթատեքստը և այն ակունքը, ինչը շարունակ նշում է արվեստի բացակայություն: Այդ դրության մասին շատ բան կարող է  ասել 60-ականներին ասպարեզ իջած առաջին մեծ ալիքը. այն է կոնցեպտուալիզմը: Թեև 60-ից 70-ները ընկած հատվածում գործ ունենք մեկ այլ խոշոր ուղղության` մինիմալիզմի հետ, բայց այս տեքստում մեր նպատակն է անդրադառնալ միայն կոնցեպտուալիզմին և արվեստագետների մտահոգություններին: Մինչ անդրադառնալը կոնցեպտուալիզմի առաջնեկներին, նախ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում կոնցեպտուալ բառը: Կոնցեպտը լատիներեն բառ է, որը նշանակում է հղանալ, կոնցեպտ-հղացք, մտահաղացում: Որպես կոնցեպտուալ արվեստի առաջնեկ կարող ենք համարել  Մարսել Դյուշանին: Միտքս հստակեցնեմ Դյուշանի մտքով. <<Խնդիրը նոր առարկա ստեղծելը չէ, այլ այդ առարկային նոր գաղափար հաղորդելը>>: Սա Դյուշանն ասել է իր <<Շատրվան>> ստեղծագործության համար:
Դյուշան-<<Շատրվան>>
Դյուշանը արվեստը ապահմտացրեց, երբ ստեղծեց իր <<Շատրվանը>>, այսինքն արվեստագետը բառացիորեն հրաժարվեց ձեռքով գործ անելուց և դիմեց ապրանքային աշխարհին: Արդյունքում ստացվեց, որ նա գործարանային արտադրանքը ցուցասրահում ներկայացրեց իբրև արվեստի գործ: Դյուշանի այս գործում այլասերման ֆակտ կա: Մանրամասնեմ ինչու, երբ որ արվեստագետը յուրացնում է մեքենայացված աշխարհի ստրատեգիաները և դա ներկայացնում իբրև արվեստ` հրաժարվելով որպես արվեստագետ ձեռքով արվեստ անելուց. դա այլ բան չէ, քան արվեստի այլասերում: Բացառիկությունը նրանում է, որ դա արվեստագետն է անում: Արվեստագետ ով կորցրել է իր հենման կետերը և դուրս է գալիս նկարչության դեմ` փորձելով ազատագրել <<նկարչությունը նկարչությունից>>:
    Անդրադառնանք 20-րդ դարի արվեստի ամենակարևոր փիլիսոփաներից, կոնցեպտուալիզմի արվեստի առաջնեկներից մեկին` Յոզեֆ Կոշուտին և նրա մտահոգություններին: Դիտարկենք ու վերլուծենք Յ. Կոշուտի 1965 թվականին արված <<Երեք և մեկ աթոռ>> գործը: Այն իրենից ներկայացնում է սև և սպիտակ լուսանկար, որը առաջին իսկ վայրկյանից ու հայացքից տպավորություն է թողնում դիտողի ընկալումների վրա:
Կոշուտ-<<Երեք և մեկ աթոռ>>
Գործում աթոռն է, աթոռի բառահոդվածը, աթոռի նկարը և մյուս կարևոր կետը, որը գործի հիմնային պարադիգմային հատվածն է. աթոռի գաղափարը: Նկարում աչք շոյելու ոչինչ չկա: Այն պարզ է ու ասկետիկ: Այն ինքն իր ներկայությամբ ենթադրում ու պահանջում է հայեցողական վերաբերմունք: Եթե դիտողը Կոշուտի այս գործը դիտելուց ունենա զգացմունքային մոտեցում նա բացարձակապես ոչինչ չի հասկանա,  գործը չի <<աշխատի>> այդ պարագայում: Բոլոր զգացողությունները ելնում են գործից. դրանք սուբյեկտիվ են օբյեկտիվորեն:  Փաստորեն, այստեղ աթոռ գաղափարի գոյության 3 ձևերն են. աթոռ, աթոռի պատկեր և աթոռի տեքստ: Եվ եթե նկատեցիք արվեստագետը գործի վերնագրմամբ գրեթե ամեն ինչ հուշում է դիտողին. <<Երեք և մեկ աթոռ>>: Թերևս պարզ է, որ հեղինակի մտահոգությունը գաղափարն է, ստացվում է որ գաղափարները մտքի հղացումների արդյունքն են: Մի պահ, երբ որ արվեստ անելու բոլոր ձևերը հանգում են հղացական գործողությունների, երբ որ արվեստագետը գիտակցում է, որ իր դիլեման գործը հղանալն է ու նա դա անելով հայտնվում է մտածողի կարգավիճակում, պրակտիկ փիլիսոփայի կարգավիճակում:
Այսինքն, կոնցեպտուալիզմը արվեստի գործով <<արվեստը արվեստի գործից ազատելու>> արվեստն է: Երբ  այս պրոցեսը տեղի է ունենում, արվեստը ավարտվում է: Պատահական չէր, որ 60-ականներին շատ փիլիսոփաներ, արվեստագետներ ասացին, որ արվեստը ավարտվում է: Շատերն էլ ասում էին, որ արվեստը առհասարակ մահացել է:
    Կոնցեպտուալ արվեստը դրեց այս խնդիրը` հնարավոր է հենց արվեստի մակարդակով արվեստ անել: Այն անում է <<անհնար>> արվեստ: Այն, ինչը զգայական չի դառնում, նա դարձնում է հուշում: Առարկան կոնցեպտի հուշն է, կոնցեպտի զգայական նվազագույն ներկայությունը: Այն հանդես է գալիս իբրև կոնցեպտի առիթ, հաղորդելու հետ է կապված: Ինչ-որ առումով, մենք գործ ունենք փիլիսոփայական արվեստի հետ:
<<Արվեստը արվեստի սահմանումն է>>…. Կոշուտ: Ստացվեց որ արվեստը արվեստի կոնցեպտի սահմանումն է: Պատահական չէր, որ Կոշուտը այս ամենի առաջնեկ տեսնում էր Դյուշանին: Նա ասում էր. <<Դյուշանը արվեստի գործ դարձրեց արվեստի գործի հայտնություն>>: Սա է կոնցեպտուլ արվեստը… <<Արվեստի գործը ոչ թե ներկայացնի արվեստը, այլ սահմանի արվեստը>>: Արվեստի գործը առանց արվեստի գործի ներկայության: Դրա համար էլ ասում են` 70-ականները դատարկ են, որովհետև արվեստի գործի ֆիզիկական ներկայություն չկա:

    Տեքստի համար հիմք են հանդիսացել արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ժամանակակից արվեստի քննադատ  Վարդան Ազատյանի մի շարք դասախոսություններ: Ինչ-որ առումով տեքստը հենց վերապատմում է Վարդան Ազատյանի վերլուծությունները: Հետևաբար, շնորհակալ ենք նաև պարոն Ազատյանին` տվյալ ուղղության մութ անկյունները բացահայտելու, լուսաբանելու համար:


Լիլիթ Գալոյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին
մագիստրատուրա 1-ին կուրս

Комментариев нет:

Отправить комментарий