Գոթիկայի վառ օրինակ և զարդ հանդիսացող Նոտր-Դամը գտնվում է Փարիզում: Այն կառուցված է նախկին քրիստոնեական բազիլիկի տեղում, որն էլ, իր հերթին կառուցվել է հին հռոմեական տաճարի հիմքի վրա: Շինարարական աշխատանքները սկսել է Մորիս-դե-Սյուլի եպիսկոպոսը 1163թ.: Երկար տարիներ պահանջվեցին նավերը կանգնեցնելու համար: 1200թ. Էդ-դե-Սյուլիի օրոք ավարտին հասցվեց ֆասադը, սակայն աշտարակների կառուցումը շարունակվեց մինչև 1245թ.: Կողմնային շինությունները կառուցվել են ճարտարապետ Ժան-դե-Շելի ջանքերով: Տրանսեպտի հյուսիսային ճակատի կառուցումն ավարտվել է 1250թ.: Սրանից ութ տարի հետո սկսվում է հարավային ճակատի կառուցումը: Կարելի է ասել, որ տաճարի ամբողջական կառուցումն ավարտվել է 1345թ.: Դարերի ընթացքում տեղի ունեցած փլուզումներն ու պատերազմներն իրենց հետքը անմիջականորեն թողել են տաճարի վրա: Մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Ֆրանսիական հեղափոխությունը, որի ժամանակ 1793թ. տաճարը կանգնում է փլուզման վտանգի առաջ: 1844-1864թթ. Նոտր-Դամը վերականգնվում է Վիոլլե-դե-Դյուկի կողմից, իսկ 1871թ. հազիվ է փրկվում հրդեհից:
Գլխավոր մուտքից տաճարն ունի երեք շքամուտք, բարավորները միասին` հինգ յարուս: Շքամուտքի վերևի հատվածը կոչվում է <<Թագավորների պատկերասրահ>>: Սա կազմված է Իսրայելի և հրեաների 28 թագավորների քանդակներից: Ֆրանսիացիները նրանց նմանեցրել են իրենց թագավորներին և կոտրել քանդակները,սակայն 1793թ. Վերականգնողական աշխատանքների ժամանակ դրանք կրկին վերագտել են իրենց տեղերը:
Կենտրոնական յարուսի վրա է գտնվում 10մ շառավղով զարդանախշապատ պատուհան-վարդակը /1220-1225/: Նրա երկու կողմերում տեղադրված են երկու զույգ կամարաձև պատուհաններ: Վարդակի դիմաց Կույս Մարիամի քանդակն է` շրջապատված հրեշտակներով: Մյուս պատուհանների դիմաց Ադամի ու Եվայի քանդակներն են:
Հաջորդ յարուսը, որը միացնում է երկու զուգահեռ աշտարակները, Վիոլլե-դե-Դյուկի շնորհիվ դարձել է էլ ավելի արտահայտիչ: Նրա ստեղծած ֆանտաստիկ կկերպարները` հիմեր-հրեշները, իրենց կիսաթռչուն, կիսավիշապ արտաքինով, վերևից հսկում են քաղաքը` ահ ու սարսափ ներշնչելով: Այս կերպարներն ասես գալիս են դարերից և գնում են դեպի հավերժություն:
Հակառակ կողմից |
Հիմերաներից |
Ինտերիերը: Տաճարն ունի 130մ երկարություն, 50մ լայնություն, 35մ բարձրություն, կարող է տեղավորել շուրջ 9000 մարդ: 5մ շառավղով սյուները ներքին տարածությունը բաժանում են 5 նավի: Եկեղեցին ավարտվում է հսկայական վիտրաժապատ պատուհաններով, որոնք էլ լուսավորում են կառույցը: Առանձնահատուկ գեղեցիկ է հյուսիսային կողմի Աստվածաշնչյան տեսարաններով վիտրաժը /1250թ./, որի կենտրոնում Մարիամն է մանկան հետ: Այն համարվում է գեղանկարչության մեջ խոշոր ձեռքբերում` կապույտ, լուսավոր վիտրաժի տեսքով:
Ինտերիերը |
Սենայի ծովափնյա շրջաններից մեկից` Մոնտեբելլոյից, բացվում է Նոտր-Դամի հարավային կողմը: Այս ծովափնյա տարածքը հայտնի է դարձել առևտրականների միջոցով, ովքեր հին և ժամանակակից փորագրություններ, գրքեր և նկարներ են վաճառել: Տուրնել կամուրջից /1370թ./ կարելի է տեսնել տաճարի կլոր աբսիդը,
որը ներկայանում է իր ողջ գեղեցկությամբ և մանրակրկիտ կերտված դետալներով: Կամարները կառուցել է Ժան Ռավին: Այս աբսիդի դիմաց` Հովհաննես 23-րդի հրապարակում, կանգնած է Կույս Մարիամի գոթական շատրվանը:
Նոտր-Դամի ողջ տարածությունը` իր գոթական նուրբ ու շքեղ նմուշներով, հանդիսանում է գոթական ոճի ամենանշանակալից ձեռքբերումը:
Գոհար Նավասարդյան
Արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий