Մարտունու
պատկերասրահը բացվել է 1978 թ. Մշակույթի նախարարության Նկարչական շրջիկ
արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա: Շուրջ 200
թանգարանային առարկա` գեղանկար, քանդակ, գրաֆիկա ընդգրկող հավաքածուն
ներկայացնում է 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը, որը շարունակում էր
նախորդ տասնամյակներին ձևավորված, կոմունիստական գաղափարաբանական
պատգամներով ընթացող ուղին՝ «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական»
կարգախոսի ներքո:
Հավաքածուն
առանձնանում է նրանով, որ գործերի գերակշռող մասը ստեղծվել է պետական
պատվերով` Նկարիչների տանը կազմակերպվող հանրապետական ցուցահանդեսների
համար, որից հետո դրանք պահվում էին շրջիկ արվեստանոցի ֆոնդերում:
Ցուցահանդեսների թեմատիկան բազմազան էր. դրանք արձագանքում էին
Հոկտեմբերյան հեղափոխության ամենամյա տոնակատարություններին, Հայրենական
Մեծ պատերազմում տարած սովետական ժողովրդի հաղթանակի հոբելյաններին, ինչպես
նաև երկրի շինարարությանը, սպորտին, աշխատանքին, ուսմանը, հավերժական
թեմային` մայրությանը, և այլն:
Այս
հավաքածուն լուսաբանում է նշված տասնամյակների Հայաստանի գեղարվեստական
կյանքը, ներկայացնելով մի քանի սերունդ կողք-կողքի ստեղծագործող նկարիչների
աշխատանքները (բացառություն են կազմում ժողովրդական նկարիչներ Սեդրակ
Առաքելյանի և Գաբրիել Գյուրջյանի կտավները): Արվեստագետների ավագ սերնդի
ներկայացուցիչներից են նաև Մհեր Աբեղյանը, Երվանդ Քոչարը, Եփրեմ Սավայանը:
Ցուցադրությունում ներկայացված է նրանց արժանի հետնորդների մի փայլուն
համաստեղություն` Ա. Բեքարյան, Է. Իսաբեկյան, Հ. Զարդարյան, Գ. Խանջյան, Ս.
Մուրադյան, Ա. Կալենց և ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրն իր տաղանդի
ուժով դրսևորում էր ազգային գեղարվեստական լեզվի հատկանիշները: Կերպարվեստի
այս տարիների համայնապատկերը ընդլայնում են Լ. Բաժբեուկ-Մելիքյանի, Ալ.
Գրիգորյանի, Վ. Գաբուզյանի, Է. Զաքարյանի, Բ. Գրիգորյանի, եղբայրներ Հենրի և
Ռոբերտ Էլիբեկյանների և շատ այլ նկարիչների գործերը, որոնք վկայակոչում են
նրանց նախասիրությունները, ոճական տարբեր սկզբունքները, ինքնատիպ
մտածողությունը, ընկալումներն ու մոտեցումները:
Հավաքածուում տեղ են գտել անվանի քանդակագործներ Ն. Նիկողոսյանի, Թ.
Միրզոյանի, Ռ. Քյուրքչյանի, Ռ. Բադալյանի, Ս. Մեհրաբյանի, Հ. Մուրադյանի և
այլոց տարանյութ դիմաքանդակներն ու թեմատիկ ստեղծագործությունները:
աղբյուրը՝ http://www.gallery.am/hy/
Комментариев нет:
Отправить комментарий