Էջմիածնի
պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին և երկար տարիներ գործել է
Գևորգյան ճեմարանի շենքում: 1994թ. շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ
մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը:
Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար):
Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան եկավ 1970 թվականին
Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական
ընկերության հրավերով: 1971-ին Երևանի Նկարչի տանը բացված անհատական
ցուցահանդեսը լայն ճանաչում բերեց նրան նաև Հայաստանում, իսկ 1983-ին
քանդակագործը հայրենիքին նվիրաբերեց 200-ից ավելի ստեղծագործություն:
1994-ին
Էջմիածնի մասնաճյուղում բացվեց վարպետի աշխատանքների մշտական
ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Տեր-Հարությանի քանդակները,
Ճամայկայում ապրած տարիներին կատարած գեղանկարչական երկերը և տարբեր
երկրներում ստեղծած գրաֆիկական գործերը, որոնք արտացոլում են նրա
գեղարվեստական լեզուն, պատկերացում տալիս նրա արվեստի բազմաժանրության
մասին:
Նրա
արվեստն ըստ արժանվույն գնահատվել է ժամանակակիցների կողմից, լայն
արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում: Սկսած 1929 թվականից
նա ունեցել է բազմաթիվ անհատական (ԱՄՆ, Ճամայկա, Անգլիա, Շոտլանդիա,
Իտալիա, Ֆրանսիա), և համատեղ ցուցահանդեսներ համաշխարհային ճանաչում ստացած
արվեստագետների հետ (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է
տասնյակ մրցանակների:
Տեր-Հարությանի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում և
մասնավոր հավաքածուներում: «Փոքր Մհեր», «Գյուտարար» մոնումենտալ գործերը
տեղադրված են Ֆիլադելֆիայի «Ֆեյրմաունթ Փարք»-ում, «Կուղբ» աշխատանքը՝ Նյու
Յորքի Բեռնարդ Բարուքի անվան քաղաքային քոլեջի նախասրահում, իսկ Երևանի
Օղակաձև զբոսայգում վեր է խոյանում «Վերածնված Հայաստան» կոթողը:
աղբյուրը՝ http://www.gallery.am/hy
Комментариев нет:
Отправить комментарий