Երաժշտությունը
սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային
ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան
կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի հիման վրա: Երաժշտության հիմնական
տարրերն ու արտահայտչամիջոցներն են լադը (ձայնակարգը, հնչյունների
բարձրությունների և նրանց որակապես տարբերակված հարաբերությունների
վերացարկված համակարգը), ռիթմը (հնչյունների տևողությունների կազմակերպված
հաջորդականությունը), չափը (ռիթմի կազմակերպման համակարգը), տեմպը
(ստեղծագործության կատարման արագության աստիճանը), ներդաշնակությունը,
բազմաձայնությունը, գործիքավորումը և այլն: Երաժշտության պատմականորեն
առաջացած արտահայտչամիջոցների ողջ համադրումը երաժշտական լեզուն է:
Յուրաքանչյուր
ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների
որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը
ստեղծում է իր անհատական լեզուն: Համաշխարհային երաժշտությունը հարուստ է
բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ,
կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն
տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս
նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների
տարրերին: Կիրառելով հնչյունների տրամաբանական կազմակերպման
հնարավորությունը` աստիճանաբար ձևավորել են պարզագույն լադերն ու
ձայնաչափը: Սկզբնավորվել է երաժշտական ֆոլկլորը, որը հետագայում դարձել է
պրոֆեսիոնալ արվեստի հիմքը: Երաժշտական երկի գոյությունը պայմանավորված է
տարբեր աստիճանների ստեղծագործական 3 փուլով՝ հորինում, կատարում և
ընկալում:
Հին
աշխարհում՝ Եգիպտոսում, Հնդկաստանում, Հունաստանում, Չինաստանում և
այլուր, գործել են մասնագետ երաժիշտներ, տաճարներում ու պալատներում հնչել է
երգը, նվագել են տավիղ, քնար: Միջնադարում երաժշտական մշակույթը միավորել է
ժողովրդական, կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ երաժշտությունը: Ծաղկել է
վիպասանների, գուսանների, թափառաշրջիկ երգիչների, աշուղների ու ակինների
արվեստը: Ընդունված է երաժշտությունը բաժանել հոգևորի (եկեղեցական) և
աշխարհիկի:
XVII
դարում և XVIII դարի 1-ին կեսին վերջնականապես գերիշխել է աշխարհիկ
երաժշտությունը: Կազմակերպվել են մշտական օպերային թատրոններ, երաժշտական
ընկերություններ, ժամանակակից ձևերն են ստացել լարային աղեղնավոր
գործիքները, ստեղծվել է առաջին դաշնամուրը, կարևորվել է երաժշտական
կրթությունը:
Բազմաձայն
երաժշտարվեստի բարձրագույն նմուշներ են ստեղծել Յոհան Սեբաստիան Բախը
(պասսիոններ, կանտատներ և այլն) և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը (օրատորիաներ և
այլն): Դրանց զուգահեռ ստեղծվել են օպերան (Ալեսանդրո Սկառլատտի, Ժան Ֆիլիպ
Ռամո և ուրիշներ), գործիքային կոնցերտը (Անտոնիո Վիվալդի, Արկանջելո
Կորելլի և ուրիշներ), կամերային անսամբլը, երաժշտություն երգեհոնի և
կլավեսինի համար: XVII–XIX դարերում սկզբնավորվել են հերոսական երգերը,
խմբերգերը, քայլերգերը և այլն: Ձևավորվել է սիմֆոնիզմը, որը նշանավորվել է
Բեթհովենի, Հայդնի, Մոցարտի բարձրարվեստ ստեղծագործություններով: Դասական
նկարագիր է ձեռք բերել սիմֆոնիկ նվագախումբը: Ազգային կոմպոզիտորական
դպրոցներ են հիմնադրվել Ռուսաստանում (Միխայիլ Գլինկա, Պյոտր Չայկովսկի,
Մոդեստ Մուսորգսկի), Լեհաստանում (Ֆրիդերիկ Շոպեն և ուրիշներ),
Հունգարիայում (Ֆերենց Լիստ), Չեխիայում (Անտոնին Դվորժակ, Բեդրժիխ Սմետանա
և ուրիշներ), Նորվեգիայում (Էդվարդ Գրիգ), Ֆինլանդիայում (Յան Սիբելիուս) և
այլուր:
Հայաստանում
երաժշտությունն սկզբնավորվել է մ. թ. ա. XX–XVIII դարերում, իսկ
երաժշտական բանահյուսության ծիսաձևերի մասին տեղեկություններ կան մ. թ. ա.
XIV դարի խեթական սեպագրերում: Գեղջկական երաժշտական բանահյուսությունն
ընդգրկում է երգի բազմաթիվ տարատեսակներ. առանձնանում են պանդուխտի երգերը,
անտունիները, հայրենները: Պրոֆեսիոնալ երգեցիկ արվեստի ձևավորումը
սերտորեն կապված է հոգևոր երաժշտության ժանրերին: Վաղ միջնադարից տարածվել
են շարականները, սաղմոսները, X դարից՝ գանձերը, հոգեվոր և աշխարհիկ տաղերը:
VII–XIV
դարերում մեղեդիները գրառվել են խազերով: 1813–15 թթ-ին Համբարձում
Լիմոնճյանն ստեղծել է հայկական նոր ձայնագրությունը: XVII դարից զարգացել է
աշուղական արվեստը (Սայաթ-Նովա և ուրիշներ), իսկ գործիքայինը՝ առավելապես
XIX դարում: XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին հայ կոմպոզիտորների
երկերով նշանավորվել է ազգային կոմպոզիտորական դպրոցի ծնունդը (Տիգրան
Չուխաճյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Կոմիտաս, Ալեքսանդր
Սպենդիարյան, Նիկողայոս Տիգրանյան, Արմեն Տիգրանյան, Ռոմանոս Մելիքյան և
ուրիշներ): Ազգային կոմպոզիտորական դպրոցի առաջընթացին նպաստել են նաև
սփյուռքահայ կոմպոզիտորներ Ալան Հովհաննեսը, Համբարձում Պերպերյանը, Նիկոլ
Գալանդերյանը, Բարսեղ Կանաչյանը և ուրիշներ: Տարբեր տարիների նշանավոր
օպերային երկեր են ստեղծել Տ. Չուխաճյանը, Ա. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանը,
Ալեքսանդր Հարությունյանը, Ավետ Տերտերյանը, բալետներ՝ Արամ Խաչատրյանը,
Գրիգոր Եղիազարյանը, Սերգեյ Բալասանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան
Մանսուրյանը և ուրիշներ: Սիմֆոնիկ և կոնցերտային ժանրերի զարգացումը
հիմնականում պայմանավորված է Ա. Խաչատրյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Հարո
Ստեփանյանի, Գ. Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի, Ա. Հարությունյանի,
Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Տերտերյանի,
Ջիվան Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործություններով:
Կամերային երաժշտության բնագավառում մեծ ավանդ ունեն Ա. Հարությունյանը, Ա.
Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Ադամ Խուդոյանը, Գագիկ Հովունցը, Տ.
Մանսուրյանը, Երվանդ Երկանյանը, Մարտուն Իսրայելյանը, Աշոտ Զոհրաբյանը,
Էդուարդ Հայրապետյանը, Լևոն Չաուշյանը և ուրիշներ:
Հայկական
ժողովրդական երաժշտությունը հիմնարար դեր ունի ազգային մասնագիտացված
(կոմպոզիտորական) երաժշտարվեստի ստեղծման և զարգացման մեջ:
Զարգացման
որոշակի աստիճանի է հասել նաև ջազային ու էստրադային երաժշտությունը
(Արտեմի Այվազյան, Կոստանդին Օրբելյան, Ա. Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան և
ուրիշներ):
Երաժշտագիտական
ուսումնասիրություններ են գրել Կոմիտասը, Քրիստափոր Քուշնարյանը,
Ալեքսանդր Շահվերդյանը, Ռոբերտ Աթայանը, Նիկողոս Թահմիզյանը, Գևորգ
Գյոդակյանը և ուրիշներ:
աղբյուրը՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1147#
Комментариев нет:
Отправить комментарий