Սոմերսեթ Մոեմ.Սերը...
Գթասրտություն կա սիրո մեջ, սիրած էակին պաշտպանելու ցանկություն, բարիք
գործելու, հաճույք պատճառելու ձգտում, և եթե սերը անձնազոհություն չէ, ապա
բոլոր դեպքերում հիանալիորեն քողարկված եսասիրություն է: Սակայն որոշակի
երկչոտություն էլ կա սիրո մեջ: Սերը ամենակուլ զգացմունք է, որ զրկում է
մարդուն ինքնուրույնությունից, և նույնիսկ ամենախորաթափանց մարդը, չնայած
գիտե, որ այդպես էլ կլինի, իրականում չի կարող պատկերացնել, որ կանցնի իր
սերը: Սերը պատրանքով է պարուրում մարմինը, և մարդը հասկանալով, որ դա
պատրանք է, այնուամենայնիվ այն ավելի է սիրում, քան իրականությունը: Սերը
մարդուն դարձնում է ավելին, քան նա կա, և միաժամանակ փոքր-ինչ պակաս: Մարդը
դադարում է իրեն հավատարիմ լինելուց, այլևս անհատ չէ, այլ առարկա, իր
«ես»-ին օտար նպատակի հասնելու գործիք……
Հենց այստեղից էլ սկսվում է գրական
կեղծիքը: Սերը, որպես կանոն, մարդու կյանքի դրվագներից մեկն է, իսկ
վեպերում մեծ տեղ են տալիս դրան, որը չի համապատասխանում իրական կյանքին:
Քիչ տղամարդ կգտնվի, որոնց համար ամենակարևոր բանը աշխարհում սերն է, և
դրանք մեծ մասամբ անհետաքրքիր տղամարդիկ են: Նրանց արհամարհում են նույնիսկ
կանայք, որոնց համար սերը վեր է ամեն ինչից: Երկրպագելը շոյում է կանանց,
հուզում, բայց նրանք ներքնապես զգում են, որ այդ տիպի տղամարդիկ խղճուկ
արարածներ են: Նույնիսկ այն կարճատև պահերին, երբ տղամարդը սիրում է, նա
զբաղված է նաև այլ գործերով, որոնք շեղում են նրա միտքը սիրո առարկայից:
Մեկի ուշադրությունը գրավում է աշխատանքը, որ նրան ապրուստի միջոցներ է
տալիս, մյուսը տարված է սպորտով, մի ուրիշը` արվեստով: Տղամարդկանց
մեծամասնությունը իրենց գործունեությունը ծավալում են տարբեր
բնագավառներում. նրանք ընդունակ են ամբողջովին կենտրոնանալու միայն այն
բանի վրա, որ տվյալ դեպքում հետաքրքրում է նրանց, և սրտնեղում են, երբ մեկը
խանգարում է մյուսին: Սիրո մեջ տղամարդու և կնոջ տարբերությունը կայանում է
նրանում, որ կինը ամբողջ օրն է սիրում, իսկ տղամարդը` երբեմն:
Комментариев нет:
Отправить комментарий