Ռեմբրանդտի նկարները անվիճելիորեն հոլանդական գեղանկարչության գլուխգործոցներից են: Այդ անգնահատելի գլուխգործոցներից է «Անառակ որդու վերադարձը» կտավը, որը նա ստեղծել է կյանքի վերջին տարիներին, երբ արդեն ծեր էր և աղքատ: Եվ այնուամենայնիվ, անտեսելով ամեն ինչ, նա շարունակում էր ստեղծագործել:
Կտավի թեման վերցված է ավետարանի հայտնի առակից, որտեղ որդին երկար դեգերումներից հետո, չիրականացված երազանքներով վերադառնում է հոր մոտ: Մինչ Ռեմբրանդտը այս պատմությունը հետաքրքրել է նաև այլ նկարիչների. վերածննդի վարպետները մոլորյալ որդու և հոր հաշտության մեջ գեղեցիկ և գրավիչ տեսարան էին տեսնում:
|
Ռեմբրանդտ վան Ռեյն- Անառակ որդու վերադարձը | |
Ահա Նոր կտակարանից վերցված առակը.
Մի մեծահարուստ երկու որդի ուներ: Մի օր կրտսերը հորն ասում է. «Հա՛յր, տուր քոունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Հայրն այդպես էլ վարվում է: Մի քանի օր անց որդին, ամեն ինչ փողի վերածելով, գնում է հեռավոր մի երկիր:
Այնտեղ նա վատնում է իր հարստությունը, քանի որ անառակ կյանք էր վարում: Ամբողջ ունեցվածքը սպառելով՝ որդին չքավոր է դառնում, իսկ այն երկրում, ուր բնակվում էր, սով է սկսվում: Նա ճարահատյալ դառնում է խոզարած, իսկ ագարակատերը նրան զրկում է անգամ խոզերի կերակուրից:
Սովատանջ օրեր անցկացնելուց հետո, մի օր նա ինքն իրեն խորհում է. «Քանի՜ վարձու աշխատողներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո աոաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին
կոչվելու, ինձ վերցրու իբրեւ քո աշխատավորներից մեկը» (Ղուկ.
15:17-19):
|
Հատված նկարից |
Նկարչի կյանքի ընթացքում <<Անառակ որդու>> թեման շատ է ուղեկցել: Այս թեմային նա անդրադարձել է դեռևս 1636թ-ին, երբ աշխատում էր նույնանուն օֆորտի վրա: Ռեմբրանդտի կողմից անառակ որդու պատմությունը առաջին անգամ ներկայացվել է փորագրության տեսքով: Այս ժամանակաշրջանին է վերաբերում նաև մի նկար, որտեղ հայրը ջերմորեն փարվում է ապաշխարող որդու գլուխին` նույնիսկ հաշտության պահին ցույց տալով իր հայրական իշխանությունը: Տարբեր ժամանակահատվածներում անդրադառնալով այս թեմային` նկարիչը այն ամեն անգամ տարբեր կերպ է պատկերել:
Սկզբնական տարբերակներում որդին բուռն կերպով արտահայտում է իր զղջումը: Ավելի ուշ անրված նկարներում հոր և որդու հոգեկան ապրումները այդքան էլ վառ արտահայտված չեն: Հետագայում Ռեմբրանդտին սկսեց հետաքրքրել հոր և որդու պատահական հանդիպումը, որտեղ մարդկային սիրո և ամեն ինչ ներելու ուժը նոր պետք է բացահայտվեն: Երբեմն դա միայնակ ծերունի է` նստած ընդարձակ սենյակում, իսկ նրա առջև ճիշտ ուղուց շեղված` ծնկաչոք որդին է: Պատահում է, որ փողոց դուրս եկած ծերունուն պատահաբար հանդիպում է որդին: Հետագայում նկարիչը ստեղծում է կոմպոզիցիա` շեշտը դնելով ծերունի հոր վրա և ներդնելով իր ողջ ստեղծագործական և կյանքի փորձը: Նկարիչը այնպես է ներթափանցել առակի մեջ, որ կարծես այդ իրադարձություններին վկան է եղել և դա նրան իրավունք է տալիս նկարի միջոցով պատկերել մինչև վերջ չասվածը:
Տանը դիմաց հավաքվել են մի քանի մարդիկ: Ծերունու դիմաց ծնկաչոք որդին է` դեմքը թաքցրած հոր կրծքի տակ: Ամոթով և ապաշխարությամբ համակված` նա հնարավոր է տարիներ անց առաջին անգամ է զգում մարդկային ջերմություն, իսկ հայրը քնքշորեն փարվում է <<թափառական>> որդուն: Այդ րոպեն իր հոգեբանական վիճակով հավասար է հավերժության. նրանց երկուսի աչքերի առաջ անցնում են միմյանցից հեռու անցկացրած տարիները, որոնք այդքան հոգեկան տանջանքներ են պատճառել: Թվում է տանջանքները նրանց այնպես են կոտրել, որ հանդիպման ուրախությունը թեթևություն չի պատճառում:
Հոր ճակատը կարծես լույս է առկայծում և դա կտավի ամենալուսավոր մասն է: Ոչ ոք չի խախտում լռությունը և ներկաները ուշադրությամբ հետևում են հոր և որդու հանդիպմանը: Նրանց մեջ առանձնանում է կարմիր թիկնոցով մի մարդ, որը միավորում է գլխավոր գործող անձանց և նրանց շրջապատող մարդկանց: Իրադարձություններին ուշադիր հետևում է նաև հետևում կանգնած մարդը, իսկ քիչ հեռու` համակ կարեկցությամբ կագնած է մի կին: Դժվար է ասել, թե ովքեր են այդ մարդիկ:
|
Հատված նկարից |
Կտավում անառակ որդին դասական գեղանկարչության մեջ գրեթե միակ հերոսն է, ով հանդիսատեսից երեսը շուռ տված է պատկերված: Երիտասարդը երկար է թափառել և շատ փորձությունների միջով անցել: Նրա կոշիկները մաշված են: Կոշիկներից մեկը ոտքից ընկել է և դիտողը կարող է տեսնել նրա կոշտացած կրունկը: Նա հազիվ է հասել հայրական տանը և ծնկաչոք եղել հոր ոտքերի առաջ: Ոտքից ընկած կոշիկը լավագույն կերպով ցյուց է տալիս թե որդին ինչ երկար ճանապարհ է անցել և ինչքան ստորացումների է ենթարկվել:
Կիսախավար կտավի խորքից առեղծվածային լույս է առկայծում: Այն նրբորեն պարուրում է մթության միջից որդուն ընդառաջ եկող կույր հորը: Հայրը կույր մարդու տպավորություն է թողնում, չնայած առակում հոր կույր լինելը չի նշվում:
Արվեստաբան Մ.Ալպատովը կարծում է, որ կտավի գլխավոր հերոսը հայրն է, իսկ որդին հայրական մեծահոգությունը պատկերելու միջոց է: Նա նույնիսկ կարծում է, որ կտավը կարելի է անվանել <<Հայր, ով ներում է անառակ որդուն>>: Նա, ով կտավում առաջին հերթին գնահատում է արտաքին գեղեցկությունը, հնարավոր է ոչ գեղեցիկ և անհարթ տարրեր նկատի: Բայց խորհրդավոր լույսը` ուժգնացնելով հեռվում տարածվող մթությունը, դեպի իրեն է գրավում դիտողին, իսկ գույների երանգների հիանալի հարմոնիան հին կրոնական մեղեդիներ է հիշեցնում:
Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը