Նեղոսի հովիտը համաշխարհային արվեստին մեծ գանձեր է տվել` ռելիեֆներ,
քանդակներ, սարկոֆագներ, բայց, իհարկե սրանք մնում են առեղծվածային բուրգերի
ստվերում: Անդրադարձը պատմում է Եգիպտոսի Հին թագավորության ժամանակաշրջանի
ճարտարապետության մասին, որի ժամանակ էլ կառուցվել են աշխարհին այդքան հայտնի ու
միևնույն ժամանակ անհայտ բուրգերը:
Ինչպես գիտենք, Եգիպտոսի մշակույթի պատմությունն ընդունված է բաժանել հինգ
խոշոր ու ընդգրկուն ժամանակաշրջանների` վաղ, հին, միջին, նոր և ուշ
թագավորությունների: Հին թագավորության շրջանը սրանցից երկրորդն է: Այն ընդգրկում
է մ.թ.ա. 3000-2800 թվականները` 3-րդից մինչև 6-րդ դինաստիաները: Մինչդինաստիական
շրջանից հետո այն Եգիպտոսի արվեստի, մասնավորապես ճարտարապետության զարգացման
գագաթնակետն էր թվում, քանի որ նախորդը աչքի չէր ընկնում մեծ նվաճումներով:
Մ.թ.ա. 3000 թվականին Եգիպտոսի մայրաքաղաքը դառնում է Մեմֆիսը, որը գտնվում
էր այժմյան Կահիրեից ոչ հեռու: Մեմֆիսի հուշարձանները, գրականությունը
կրոնափիլիսոփայական են` կապված Պտախ աստծո կուռքի հետ, որը, ըստ լեգենդի, ամբողջ
աշխարհը ստեղծել էր խոսքից ու մտքից:
Հին թագավորության ժամանակաշրջանը Եգիպտոսի ամենահետաքրքիր, ամենաանբացատրելի
ու լաբիրինթսյան շրջանն է: Այն բնութագրվում է հատկապես ճարտարապետության
ծաղկմամբ: Կառուցվում են փարավոնների դամբարաններ, որոնք էլ ավելի են ամրապնդում
փարավոնի պաշտամունքը: Դրանք սկզբնական շրջանում պրիմիտիվ էին: Կառուցվում էին,
որպեսզի իրենց պատերի մեջ պահեին փարավոնի զմռսված մարմինը, քանի որ եգիպտացիները
կարծում էին, որ ինչպես մահացավ և հարություն առավ Օսիրիսը, այպես էլ օժտված մարդը
պետք է կրկնի նրա ճակատագիրը: Այդ էր պատճառը, որ անհրաժեշտություն կար պահպանելու
մարդու, առավել ևս փարավոնի մարմինը, որպեսզի հոգին վերադառնա և վերակենդանացնի
այն: Իսկ քանի որ փարավոնի մարմինը նրա պալատում ամփոփել չէին կարող, որոշում են
կառուցել հատուկ դամբարաններ: Այսպիսի
դամբարանները կոչվում էին մաստաբաներ /արաբերեն` նստարան/: Դրանք նման էին դռներով
և բակով տների: Սկզբից աղյուսապատ էին, այնուհետև
շարվածքը կրաքարից է դառնում: Հետագայում այդ շինությանը կցվելու են նաև
սրահներ ու միջանցքներ: Իսկ շինարարության գլխավոր նյութը աստիճանաբար դառնում քարը:
Ջոսերի աստիճանավոր բուրգը |
3-րդ հազարամյակում է կառուցվում Եգիպտոսի առաջին բուրգը: Դա Ջոսեր
փարավոնի աստիճանավոր բուրգն էր: Նախ, ինչ է բուրգը: Երկրաչափության մեջ հարթությունից դուրս եռանկյունին միավորվելով չորրորդ չափման հետ, ստեղծում է ծավալ. այդ երկրաչափական մարմինը բուրգն է։
Բառի ստուգաբանությունը Պլինիուս Ավագը կապում է հունարեն կրակ բառի հետ, որի խորհրդանշական իմաստը մեկ աստվածության հրի մեջ է։ Մեկ այլ մեկնաբանությամբ ծագել է հնդեվրոպական նախալեզվի «բարձրանալ, բարձր» արմատից։ Հնդեվրոպական քաղաքները ոչ թե ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բուրգանման բարձրություններ, ուր մարդիկ ապաստանում էին։ Հին Եգիպտոսում բուրգի ձևով շինություններ էին կառուցում, որոնք
հիմնականում ծառայում էին որպես դամբարաններ:
Ջոսերի բուրգի համալիրը |
Ջոսերի բուրգի ճարտարապետը Իմհոտեպն էր, որն իր օրերում հայտնի էր նաև
որպես հմուտ ուսուցիչ, բժիշկ և աստղագետ: Նա սրբացվել է դեռևս կենդանության օրոք: Ջոսերի բուրգը
բաղկացած էր հետզհետե փոքրացող մաստաբաներից /60մ/: Նրա առաջին աստիճանը ոչ մի
բանով չէր տարբերվում աղյուսե քարից: Հղկված հսկա աղյուսները դասավորված էին
հորիզոնական շարքերով և ամրացվում էին հում կավով: Գնալով քարերի կշիռը ավելանում
է, հասնում մոտ 0.5 տոննայի: Դրանք տեղադրում էին այնպես, որ անկյան թեքությունը շինության
կենտրոնի համեմատ կազմի 18°, իսկ արտաքին անկյան շեղությունը` 70°:
Ջոսերի բուրգի կտրվածքները |
Ջոսեր փարավոնի բուրգի համալիրի մեջ մտնում էին թագավորական տաղավարը,
խորանը, հյուսիսային և հարավային տները, ներքին բակը, քառասյուն կառույցը, նաև սյունազարդ սրահը, որի սյուներն ունեին
հովտաշուշանի և եղեգնի ձև: Համալիրում տեղադրված է նաև Ջոսերի քանդակը: Բուրգն աչքի
է ընկնում իր դեկորատիվությամբ: Արտաիքնից այն շատ հասարակ տեսք ունի: Ջոսերի
բուրգը համարվում է բուրգի դասական օրինակի նախատիպը: Այդպիսի բուրգի օրինակ է նաև 4-րդ դինաստիայի
փարավոն Սնոֆրուի 100 մետրանոց բուրգը, սակայն այս կառույցի տիպը կատարյալ ձևի և
վերջնական մշակման է հասնում միայն 5-րդ դինաստիայի փարավոններ Քեոփսի, Հեֆրենի և
Միկերինի օրոք: Ջոսերի բուրգից մինչև Քեոփսի կառուցումը եգիպտական ճարտարապետությունը
մեծ վերելք է ապրում: Հստակեցվում են բուրգի կառուցման հաշվարկները, անկյան
թեքություններն ու չափերը: Բուրգը ճիշտ կառուցելու համար հարթության վրա ֆիքսում
էին այն կետը, որը ուղղված էր դեպի հյուսիսային աստղը: Դա ճիշտ անելու համար
օգտագործում էին թելից կախված ծանրոց: Շրջանագծի աղեղի վրա նշում էին հյուսիսային
աստղի դիրքը նրա ծագման և մարման ժամանակ:
Սնոֆրու փարավոնի բուրգը |
5-րդ դինաստիան համարվում է բուրգերի կառուցման ժամանակաշրջան: Նրա առաջին փարավոն Ուսերկաֆի բուրգից հիմք է
դրվում աշխարհի հայտնի բուրգերի կառուցմանը, ընդհուպ մինչև նույն դինաստիայի վերջին փարավոն Ունիսի
բուրգը: Այս դինաստիայից հետո էլ Եգիպտոսում շարունակում են բուրգեր կառուցել: Մեծ
ու փոքր բուրգերի թիվն անցնում է 100-ի սահմանը: Քեոփսի, Հեֆրենի և Միկերինի
բուրգերը գտնվում են Գիզայի անապատում: Դրանք կառուցվել են միմյանցից միջինը 45 տարի
ընդմիջումներով, հետևյալ հերթականությամբ` Քեոփս /Քուֆու/-մ.թ.ա. 2690թ., Հեֆրեն
/Հաֆրա/-մ.թ.ա. 2650թ., Միկերին /Մենկաուրա/-մ.թ.ա. 2600թ.: Այս բուրգերից
յուրաքանչյուրը շրջապատված է այլ կառույցներով ևս և համարվում է համալիրի մի մաս: Բուրգերի
քարերը շատ խնամքով են տաշված: Դրանք սերտորեն, կիպ շարվածք ունեն, սակայն շաղախի
միջամտություն չկա: Իհարկե, մինչև օրս էլ անհայտ է մնում, թե ինչպես են կառուցվել
հսկա բուրգերը, ինչպես և ինչ միջոցներով են այդ հսկա քարերը բերվել տվյալ վայր,
քանի որ հայտնի է, որ Եգիպտոսում նման քարեր չեն եղել: Բազմաթիվ հարցերից մեկն այն
է, թե ովքեր են կառուցել բուրգերը, ինչ տեխնիկական և մաթեմատիկական գիտելիքներով,
ինչպիսի գործիքներով, և վերջապես, արդյոք մտածվա՞ծ է եղել բուրգերի տարբեր կողմերի
երկարությունների չափերի տարբերությունը,
թե դա պարզապես անճշտություն է: Եվ վերջում ամենակարևոր կասկածներից մեկը. կապ ունի՞
արդյոք բուրգի կառուցման համար նախատեսված տեղանքը համաստեղությունների, երկնային
մարմինների հետ: Սրանք հարցեր են, որոնք գիտնականներն ու եգիպտագետները փորձում են
պարզել մինչև օրս: Շատ վարկածներ ու առասպելներ կան բուրգերի կառուցմանհետ կապված,
բայց դրանցից և ոչ մեկը ստույգ չէ:
Գիզայի անապատի բուրգերը |
Հին Եգիպտոսում տեխնիկական և մաթեմատիկական գիտությունները ինքնուրույն
առարկաներ չէին: Դրանք մտնում էին փարավոնին ծառայող գրիչների ընդհանուր
գիտելիքների մեջ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ բուրգերի կառուցման հաշվարկներով ճարտարապետների
հետ զբաղվել են նաև գրագիրները: Հայտնի է, որ Հին թագավորության ժամանակաշրջանում
ծանր բեռներ տեղափոխելու համար կառուցում էին հատուկ նավեր: Պահպանվել են
տեղեկություններ, որ հայտնի ճարտարապետ Ամենոֆիսը Մեմնոնի 800 տոննա կշռող հյուսիսային
կոթողը տողափոխելու համար կառուցել է հատուկ նավ, որը հայտնի է “8-ի նավ” անվամբ:
Բուրգերի հսկա քարերը վեր բարձրացենելու համար օգտագործվել են հսկա լծակներ: Բացի
դրանից օգնության են եկել պանդուսների նմանվող թեքությունները, որոնց վրայով
գլորել են քարերը: Ասում են` այս առեղծվածային շինությունները կառուցել են
ստրուկները:
Գիզայի բուրգերից ամենամեծը Քեոփսի կամ Քուֆու փարավոնի բուրգն է: Այն
դասվում է աշխարհի յոթ հրաշալքիների շարքին: Բուրգը շուրջ 4660 տարեկան է: Սկզբում
նրա բարձրությունը եղել է 146մ, իսկ ներկայումս 137մ է: Ի դեպ, մինև Էյֆելյան
աշտարակի կառուցումը Քեոփսի բուրգը համարվում էր աշխարհում ամենաբարձր
շինությունը: Բուրգի ընդգրկած տարածությունը 54300 քառ. Մետր է, հիմքի կողմերի
երկարությունը 233մ է, ծավալը հասնում է 2.521.000 խոր. Մետրի: Նրա շուրջը
պտտվելու համար պետք է անցնել շուրջ 1կմ տարածություն: Այս վիթխարի շինությունը
մարդկային տիտանական աշխատանքի արդյունք է, ձեռակերտ մի ժայր, որի մասին
պատկերացում կազմելու համար բավական է հիշել, որ նրա կառուցման վրա ծախսվել է
2.300.000 քար, որոնցից յուրաքանչյուրի միջին քաշը կազմում է 2.5 տոննա:
Գիտնականները հաշվել են, որ բուրգը ամբողջությամբ կշռում է մոտ 6 մլն. տոննա: Քեոփսի
բուրգը կառուցվել է 20 տարում, միայն 10 տարի տևել է դեպի բուրգ տանող ճանապարհի
կառուցումը:
Ըստ Հ. Հենկոկի` բուրգի բոլոր կողմերն ունեն տարբեր երկարություններ`
հյուսիսայինը` 230.1մ, հարավայինը` 230.3մ, արևելյանն ու արևմտյանը ` 230.2մ: Ռ. Բյուվելն
ավելի մանրակրկտորեն է չափել կողային երկարություններն ու նախորդ տվյալներին
համապատասխան արել հետևյալ նշումները` 230025մ, 230.4մ, 230.38մ և 230.35մ:
Որպես աստղադիտարան օգտագործվելու համար բուրգը պետք է հարմարեցվեր
համաստեղությունների դիրքերի հետ` հվ-արլ.` 89° 56´27´´, հս-արլ.` 90° 3´2´´,
հվ-արմ.` 89° 56´27´´, հս-արմ.` 89° 59´58´´:
Քեոփսի բուրգը |
Բուրգը կազմված է 203 հորիզոնական քարե շերտերից: Յուրաքանչյուր շարքի բարձրությունը
68-69սմ է: շարքերի երկարությունները տարբեր չափերի են, քանի որ ներքևից վերև
բուրգն աստիճանաբար նեղանում է: Ժամանակին Քեոփսի բուրգը երեսպատված էր հատուկ
քարերով, որոնք ներկայումս գրեթե ամբողջությամբ բացակայում են: Բուրգից և նրան կից
շինություններից պոկված քարերով են կառուցվել Նալլեթ-Էլ-Սաման գյուղը, ինչպես նաև
Կահիրեի շատ այլ շինություններ: Պոկված քարերի տեղում այժմ առաջացել են աստիճաններ,
որոնց միջոցով հնարավոր է բարձրանալ մինչև բուրգի գագաթը: Բուրգը դեղին գույն ունի
ու ներդաշնակ է անապատի ավազի հետ: Նրա արտաքին պարզությանը հակառակ բավականին
բարդ ու խճճված է ներքինն տարածությունը: Այն կտրատված է և լաբիրինթոս է
հիշեցնում: Կազմված է երկու սրահից` թագուհու, որը համարվում էր զգացմունքային և
խորհրդանշում էր հինգ տարրերը` օդը, հողը, ջուրը, կրակը, եթերը: Մյուս սրահը
փարավոնինն է, որը հոգևորն էր, և ցանկացած մարդ այստեղ հասնելու համար պետք է
անցներ բոլոր հինգ սենյակներով: Մուտքով վեր բարձրանալուց հետո կա մի նեղ թունել,
որը ստիպված են անցնել կռացած: Այնուհետև թագուհու սենյակի մեծ պատկերասրահն է`
շուրջ 47մ երկարությամբ և 9մ լայնությամբ: Արքայական սենյակի երկարությունը 11,
իսկ բարձրությունը 10մ է: Սենյակը կառուցված է սև գրաֆիտից:
Քեոփսի բուրգի կտրվածքները |
Քեոփսի
բուրգից 40 տարի անց անապատում կառուցվում է 4-րդ դինաստիայի 4-րդ փարավոն Հեֆրեն
կամ Հաֆրա փարավոնի բուրգը: Այն կառուցվել է բարձր բլուրի
վրա, ուստի երկար ժամանակ համարվել է Եգիպտոսի բուրգերից ամենաբարձրը: Բուրգի բարձրությունը
143.5մ է: Արևելքից
այն ունի 215մ երկարություն, անկյունը հս-արևելքից կազմում է 25° 55´: Դամբարանն ամբողջովին դատարկ է հայտնաբերվել: Անհավանական է, բայց
Հեֆրենի անունը բուրգի մեջ և ոչ մի տեղ նշված չէ:
Հեֆրենի բուրգը |
Բուրգի չափսերը ներսից հետևյալն
են` երկ.` 2150մ, լայն.` 0.676մ, բարձր.` 0.750մ, դրսից` համապատասխանաբաչ 2630մ,
1.065մ և 0.965մ: Շատ գիտնականների կարծիքով Սֆինքսը ևս կառուցվել է հեֆրենի
բուրգի հետ միաժամանակ: Ավելին, կա վարկած, որ Սֆինքսի դեմքը հենց Հաֆրա
փարավոնինն է:
Սֆինքսի արձանը |
Գիզայի
թվով երրորդ մեծ բուրգը Միկերինի կամ Մենկաուրա փարավոնի բուրգն է: Այն կառուցվել է
մ.թ.ա. 2600 թվականին: Եվրոպացիներից այն առաջին անգամ տեսել է Հովարդ Բայսը` 1837
թվականին: Նա հայտնաբերեց այստեղ ոսկորներով լցված փայտե դագաղ: Ենթադրվում էր, որ
դրանք Մենկաուրա փարավոնի ոսկորներն են, սակայն ավելի ուշ պարզվեց, որ դրանք շուրջ
2500 տարի երիտասարդ են բուրգից: Միկերինի բուրգը կառուցված էր մեծ քարե բեկորներով:
Արտաքինից այն պատված էր գրանիտով: Բուրգի
միջանցքը ձգվում է դեպի հարավ: Այն մուտքից առանձնանում է 20 մետրով, բարձրությունը
շուրջ 5մ է: Միկերինի բուրգի սենյակները մռայլ են ու խուլ պատերով: Սենյակներից մեկի
երկարությունը 9մ է, բարձրությունն ու լայնությունը` 4.5մ:
Շինության ներսում իրար
կողք եղել են վեց սենյակներ, որոնք, ըստ եգիպտագետների, փարավոի գաղտնի սենյակներն
են եղել: Բուրգի քարերը տարբեր չափերի են: Դրանք խճանկար են հիշեցնում: Բուրգի շուրջը
գտնվում էին երեք փոքր բուրգեր, Հենտկավես թագուհու դամբարանը /Ուսերկաֆի և Սախուրայի
մայրը/, արարողությունների արահետը, ինչպես նաև հին բուրգի ավերակները:
5-րդ
դինաստիայի բուրգերից է նաև Ջեդկար Իսեսի փարավոնի բուրգը, որը հայտնաբերել է
եգիպտացի գիտնական Աբդել Սալամ Հուսեյնը: Բուրգի բարձրությունը 52.5մ է: Հնում այս
բուրգն անվանել են “Գեղեցկագույն Իսեսի”:
Սյան կապիտել Ջեդկար Իսեսի բուրգից |
Հատկանշական
է նաև 5-րդ դինաստիայի վերջին փարավոն Ունիսի /Ունաս/ բուրգը, սակայն շատ
գիտնականներ այն համարում են 6-րդ դինաստիայի կառույց, քանի որ այս
ժամանակաշրջանում կառուցված բուրգերում հայտնաբերվել են արձանագրություններ: Նման
գրություններ կան նաև Ունիսի բուրգում, մինչդեռ 5-րդ դինաստիայի և ոչ մի բուրգում
գրեր չեն հայնտաբերվել: Հետևաբար, Ունիսի բուրգը կարելիէ դասել 6-րդ դինաստիայի կառույցների շարքին:
Բուրգն ունեցել է 43մ բարձրություն: Հնում այս բուրգն անվանել են “Կատարյալ Ունիս”:
Ունիսի բուրգի մուտը |
Այս
բուրգից հետո ևս շարունակվում են բուրգեր կառուցել: Հին թագավորության շրջանի 6-րդ
դինաստիայի բուրգերից նշանակալից են Թետի, Պեպի 1-ին և Պեպի 2-րդ փարավոնների բուրգերը: Թետիի բուրգի բարձրությունը
52.5մ է: Նույնքան են եղել նաև Պեպի 1-ինի և Պեպի 2-րդի բուրգերի
բարձրությունները: Պեպի 1-ինի բուրգը տեղացիներն
անվանել են “Պեպի ճանաչված և հրաշալի”, Նրա հաջորդինը` “Պեպի հարատև”: Կա վարկած,
որ Եգիպտոսի հնագույն մայրաքաղաք Մեմֆիսի անունը Մեն-Նեֆեր-Պեպիի ձևափոխված
տարբերակն է:
Պեպի 2-րդ փարավոնի կոթողը |
Բազում բուրգերից այսօր
շատերը չեն պահպանվել, որոշներից մնացել են փոքրի հողաթմբեր, որոշներից` հիերոգլիֆներ
ու կողոթներ, սակայն մեզ են հասել Գիզայի մեծ բուրգերը, որոնք ապացույցն են այն
բանի, որ եգիպտական քաղաքակրթություննը մարդկության մեջ ամենաառեղծվածայիններից
մեկն է: Արհամարհելով դարերի ընթացքը` բուրգերն ապրեցին ավելի երկար, քան շատ ժողովուրդներ,
քաղաքակրթություններ ու մշակույթներ` միանգամայն արդարացնելով արաբական ասացվածքը`
“Ամեն ինչ ժամանակից է վախենում, ժամանակը` բուրգերից…”:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 1-ին կուրս