Շատ ուսումնասիրողներ Երևանի Մատենադարանը համարում են աշխարհի 100 թանգարաններից մեկը, որն ունի հսկայական ձեռագրերի պահոց և վաղ ժամանակներից պահպանված մուշներ: Երևանի Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և կրում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այն հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան)։

Ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից։ Ըստ Ղազար Փարպեցու` Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ V դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։ Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։


Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170թ. սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և կողոպտել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10.000 ձեռագիր, իսկ Կիրակոս Գան ձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242թ. Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ։ 1298թ. եգիպտական մամլուքների արշավանքների հետևանքով ավերվել է Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը։ Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804 թ-ին, որի մասին վկայություն ունի Ներսես Ե Աշտարակեցին: Ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակութային կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ։ Հատկապես մեծ վնաս է կրել Կտուց Անապատը, որտեղ մինչև 1915 թվականը պահվում էր մոտ 500 կտոր ձեռագիր, սակայն միայն 202-ն է հաջողվել տեղափոխել Մատենադարան։

Комментариев нет:
Отправить комментарий