суббота, 14 июня 2014 г.

Գյումրու Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին



      Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ Գեղցոնց ժամը, ինչպես անվանում են այն հին գյումրեցիները, կառուցվել է 1870-1880 թթ. Գյումրու «Ձորի մահլա» կոչվող թաղամասում (այժմ` Ջիվանու 62ա), թաղի բնակիչների հանգանակություններով` առանց ընդունված կանոնների ու ճարտարապետական համաչափությունների:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նախքան վերանորոգումը
      Այս հանգամանքը ստիպել է, որ տեղացիները եկեղեցին անվանեն «Գեղցոնց» ժամ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից եղել է «Խրիմյան» դպրոցը, որտեղ Խորհրդային տարիներին գործել է Գ. Հանեսօղլյանի անվան տպարանը:[1] Այժմ այդ շենքը հատկացված է Շերամի անվան երաժշտական դպրոցին:
Գեղցոնց ժամի հատակագիծը
     Եկեղեցու շրջակայքում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն է: Սովետական միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և պաշտամունքային կառույցը վերածել պահեստի: Նույն տարիներին ավերվել է նաև Երևանի Ամիրյան փողոցում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այժմ դրա տեղում Եղ. Չարենցի անվան դպրոցն է:
Եկեղեցին վերանորոգման աշխատանքների ընթացքում
      Գեղցոնց ժամն իր հորինվածքով գմբեթավոր բազիլիկ կառույց է, այն ունեցել է փոքր զանգակատուն։ Ի տարբերություն Գյումրու մյուս եկեղեցիների` սա նախասրահ չունի: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: 1մ տրամագծով սյուները 12.50x16.0 չափերի ներքին տարածությունը բաժանում են երեք նավի: Խորանի երկու կողմերում տեղադրված են 2.83x3.10 չափերի ուղղանկյուն ավանդատներ:
Եկեղեցու վերականգնված գմբեթը
      1988թ. երկրաշարժից եկեղեցին վնասվել է, բայց չի ավերվել: Շինության վիճակը վատթարացել է հետագա տարիների ընթացքում: Լրացուցիչ ամրությունների միջոցով աղոթատան փլուզումը կասեցվել է, սակայն կառույցը չի վերանորոգվել:   2003թ. փլուզվել է եկեղեցու պատը: Կանգուն է մնացել միայն ժամերգության գավիթը, ուստի կառույցի ճարտարապետական տարրերն ու առանձնահատկությունները մանրամասնորեն նկարագրել հնարավոր չէ: Այժմ եկեղեցին վերանորոգման փուլում է: 2014թ. դեկտեմբերի 20-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց եկեղեցու խաչը: Այն տեղադրվեց զանգակատան գագաթին: Եկեղեցին վերակառուցվել է ոչ պետական հոգածությամբ, ծնունդով գյումրեցի ռուսաստանաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանի ջանքերով: Բարերարի պապը եղել է այս եկեղեցու վերջին քահանան:[2] Սբ. Գրիգոր Լուսավորչի գմբեթն արդեն վերականգնված է, անավարտ են եկեղեցու ներքին հարդարանքի հետ կապված աշխատանքները:

[1] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 170:
Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»

Մաչու-Պիկչուն` աստվածների քաղաքը



Ուրուբամբա գետի հովտում, Անդերից 3650մ բարձրության վրա կանգնած է ինկերի հնագույն քաղաքը` Մաչու-Պիկչուն: Լեգենդը պատմում է, որ քաղաքի հիմնադիրը եղել է Մանկո Կապակը` աստվածների որդին, ով երկիր է իջել արևի մոտից, Տիուանտինսույու կայսրության ժամանակաշրջանում` XII-XIII դարերում, մինչդեռ հնդկացիները պնդում են, որ Մաչու-Պիկչուն գոյություն է ունեցել դեռևս “Խավարի դարաշրջանում”, դեռևս սառցակալումից առաջ: 
Մաչու-Պիկչուն հայտնաբերել է ամերիկացի հնագետ Հայրեմ Բինգհեմը, ով հավատում էր ինկերի` բարձր բլուրների ու ժայռերի վրա կառուցված քաղաքների մասին պատմվող լեգենդներին և սկսում է փնտրել այդ քաղաքները: 1911թ. Բինգհեմի ղեկավարած խումբը պատահական հանդիպում է մի սարի, որի մոտ կանգնած հնդկացիներից մեկն առաջարկում է ճանապարհորդներին ցույց տալ սարի գագաթին գտնվող հնագույն տները: Հնագետները բարձրանում են վերև. նրանք գտել էին, այն ինչ փնտրում էին… կիկլոպյան պատերով կառուցված քաղաքը լի էր միանման հատակագծերով բնակարաններով, որոնք կառուցված էին հսկայական քարերից, միմյանց էին միացված աստիճաններով, որոնք գտնվում էին հենց ժայռերի մեջ: Սարը, որի վրա գտնվում էին տները, հնդկացիներն անվանում են Մակչու-Պիկչու, ինչը թարգմանաբար նշանակում է ծեր սար: Երբեմն Մաչու-Պիկչուն անվանում են նաև «քաղաք երկնքում», «քաղաք ամպերի մեջ» կամ  «ինկերի կորսված քաղաք»:

Զարմանալի է, բայց ժամանակը գրեթե չի վնասել հնագույն քաղաքը: Այն մեզ է հասել բավականին պահպանված վիճակում: Գուցե պատճառը այն է, որ բնակավայրը տեղադրված է սարի գագաթին: Իսպանացի կոնկիստադորներն այս տեղի մասին չգիտեին, իսկ Ամերիկայի նվաճման ժամանակ այստեղ արդեն ոչ ոք չէր ապրում:
Մաչու-Պիկչուի տների դասավորվածությունը, և ընդհանրապես այն հանգամանքը, որ հնագույն քաղաքակրթությունը կարողացել է  սարի գագաթին բնակավայր կառուցել, մեծ զարմանք է առաջացնում հնագետների մոտ: Թե ինչպես են ինկերը այդքան մեծ քանակությամբ ու հսկայական չափերի քարերը տեղափոխել սարի գագաթը և դասավորել սանտիմետրերի ճշգրտությամբ, մինչև օրս հայտնի չէ: Բնականաբար, այն ժամանակ վերամբարձ կռունկներ չկային, քարերը տեղաշարժելու տեխնիկաներ չկային, բայց Մաչու-Պիկչուն այժմ կա և տեղիք է տալիս այս ամենի մասին խորհելու:
Ըստ լեգենդի` քաղաքը կառուցել են թռչունների օգնությամբ: Այս տեսությունը մնում էր լոկ առասպել այնքան ժամանակ, մինչև 1960-ականներին կենդանաբանները Անդերում հայտնաբերեցին թռչունի մի տեսակ, որը ոչ մի այլ երկրում դեռևս չի հանդիպել: Այս թռչուններին տեղացիներն անվանում էին “հակակլո”, ինչը թարգմանաբար նշանակում է “քար փորող”: Այս թռչուններն իրենց կտուցով կարողանում են ժայռի մեջ շուրջ 1 մետր խորությամբ բացվածքներ հորատել: Նրանք դա անում են անտառի տրոպիկական ծառերից վերցրած ճյուղերի մեջ գտնվող հյութի շնորհիվ: Սա թույլ է տալիս հեշտությամբ հորատել ժայռերը: Այնուհետև ինկերը քարերը իրար են կպցնում դարձյալ այս հյութի միջոցով, և դրանք իրարից անջատել այլ հնարավոր չի լինում: Այս վարկածի համաձայն` Մաչու-Պիկչուն կառուցվել է հենց այսպես:
Ամրոցի շինություններից դոմինանտ դիրք  է գրավում Ուայնա-Պիկչուն: Այն բոլոր կառույցներից ամենաբարձրն է: Շինություններից ուշադրության են արժանի նաև կլոր աշտարակն ու Կուսկոն:
Անդյան մշակույթի կրողները Մաչու-Պիկչուն համարում են իրենց և հին քաղաքակրթության կապող օղակը, սակայն միայն Պերուում չէ, որ նման կերպ են վերաբերվում բարձր լեռան կատարին գտնվող բնակավայրին: Մաչու-Պիկչուն ողջ աշխարհն է համարում   հնագույն ցեղից` ինկերից մեզ հասած լավագույն ճարտարապետական առեղծվածային, բայց և իրական հուշարձան:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

пятница, 13 июня 2014 г.

Պիզայի Սանտա Մարիա Մաժորե եկեղեցու համալիրը



Պիզայի աշտարակիմասին շատերը գիտեն: Այն հայտնի է իր թեքությամբ, ասես ուր որ է պետք է ընկնիսակայն բոլորը աշտարակը համարում են առանձին շինություն, մինչդեռ այն Սանտա Մարիա Մաժորե տաճարի համալիրի մի մասն է կազմումԱշտարակն իրականում այս տաճարի զանգակատունն է և տեղադրված է նրա հյուսիս-արևելյան անկյունում:

Սանտա Մարիա Մաժորե եկեղեցու համալիրը
Հայտնի տաճարային համալիրը միջնադարյան Իտալիայի կարևորագույյն ձեռքբերումներից է: Այն կառուցվել է 1063թ., իր մեջ ներառում է սպիտակ մարմարից կառուցված հնգանավ տաճարը, մկրտարան-բաբտիստերիան և զանգակատունը, որը հենց թեք աշտարակն է: Տաճարի առաջին ճարտարապետը ազգությամբ հույն Բուսկետտոն էր: 1118թ. հետո տաճարի շինարարությունը շարունակում է ճարտարապետ Ռեյնալդոն: Նրա ընդարձակում է կենտրոնական նավը և կանգնեցնում ֆասադները: Տաճարի կենտրոնական ճակատի ձևավորումը պատկանում է  հենց նրա ձեռագրին: Նա իրար վրա է դնում մի քանի շարք թեթև կիսաշրջան կամարաներ: Տոսկանայում ընդունված չէր տաճարների ճակատները զարդարել քանդակներով, այդ պատճառով էլ Ռեյնալդոն ֆասադը կառուցում է մոխրագույն-երկնագույն ստվեր թողնող սև ու սպիտակ մարմարով: Քանի որ տաճարը կառուցված է կանաչ մարգագետնի վրա, արևի ճառագայթների տակ այն ասես արտացոլում է ծիածանի բոլոր գույները: Տաճարը զարմանալի տպավորություն է ստեղծում նաև իր մանրակրկտորեն կերտված սյուների, կամարների միջոցով:
Տաճարի ընդհանուր շինարարական աշխատանքներն ավարտվել են 1150-ական թվականներին: Նման կարճ ժամանակահատվածը խոսում է այն մասին, որ ճարտարապետները անիմաստ ժամանակ չեն վատնել քարե կամարներ կառուցելու վրա: Օրինակ, կենտրոնական նավի ծածկը փայտից է:
Տաճարի խորանը
Շինության ինտերիերը զարդարում են ոսկեզօծ առաստաղն ու բազմաթիվ քանդակները, որոնց հեղինակը իտալացի Նիկոլլո Պիզանոն է: Սանտա Մարիա Աաժորե եկեղեցու խորանում վեր է բարձրանում Քրիստոսի քանդակը, բավականին լավ է կերտված գոթական ամվոնը: Սա հայր և որդի Պիզանոների աշխատանքն է: Այն զարդարված է ռելիեֆներով և քանդակներով:
Տաճարը մեծ վնասներ է կրում 1596թ. տեղի ունեցած հրդեհի ժամանակ: Սակայն կարճ ժամանակամիջոցում այն վերանորոգվում է: Պիզայի այս համալիրում են ամփոփված մի քանի պատմական անձանց աճյունները: Այստեղ է նաև գերմանացի կայսր Հենրիխ VII-ի դամբարանը:
Պիզանոների կառուցած ամվոնը
Զանգակատուն-աշտարակի շինարարությունը սկսվել է 1174թ.: Շինարարական աշխատանքները ղեկավարել  են Վիլհելմը Ինսբրուկից և Բոննանոն: Աշտարակը կառուցված է մոնոլիտ հիմքի վրա, շրջապատված է կամարներով, որոնց վրա վեր են բարձրանում վեց յարուս կամարային պատկերասրահներ: Նման կամարիկներ ունի նաև Սանտա Մարիա Մաժորեն: Սրանց միջոցով այս երկու կաույցները դիտվում են որպես մեկ ամբողջություն: Աշտարակի երկարությունը 56մ է, տրամագիծը` 15: Դեպի աշտարակի գագաթը տանում են 294 աստիճանները: Հիմքի անհավասարության պատճառով շինությունը սկսում է թեքվել: Աշտարակի անկումը կանխելու համար 1301թ. կառուցված յարուսը կառուցվում է այնպես, որ հավասարակշռությունը վերականգնվում է: Այժմ աշտարակի թեքությունը ուղղահայաց առանցքի նկատմամբ կազմում է 4,5մ: Այն մինչև օրս չի դադարում “ընկնելուց”: Յուրաքանչյուր տարի աշտարակը թեքվում է 7-10մմ-ով:
Պիզայի աշտարակի հետ է կապված Գալիլեո Գալիլեյի անունը: Ասում են, նա այստեղ իր փորձերն է կատարել. աշտարակի գագաթից գետնին է նետել առարկաներ, որոնց արդյունքը հանգեցրել է ազատ անկման սահմանմանը:
Պիզայի համալիրի մեջ է մտնում նաև մկրտարան-բաբտիստերիան: Այն սկսել է կառուցել ճարտարապետ Դիոտիսալվին  1153թ: Այն կառուցված է ռոմանակն ոճում: Շինության հիմքի տրամագիծը 35մ է: Մկրտարանը պսակված է կիսաշրջան գմբեթով:
Մկրտարանը

Պիզայի մկրտարանը, աշտարակն ու Սանտա Մարիա Մաժորե եկեղեցին միասին վերցրած կազմում են մի ամբողջություն: Սրանցից յուրաքանչյուրը իր հետքը թողել է իտալական ճարտարապետության վրա, ավելին, նրանք օրինակ են հանդիսացել տոսկանական մի շարք շինությունների կառուցման համար:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը