понедельник, 1 апреля 2013 г.

Ռեֆորմացիան /կրոնական բարենորոգումները / և Վերածննդի փիլիսոփայական միտքը

16-րդ դարում Եվրոպայի մի շարք երկրներում սկսվեց կրոնական հզոր շարժում` ուղղ­ված Հռոմի կաթոլիկ եկեղեցու եւ Վերածննդի հումանիստական գաղափարախոսության դեմ: Ռեֆորմացիոն այդ շարժումները արագորեն զանգվածային բնույթ ստա­ցան եւ վերածվեցին ազգային-ազատագրական շարժման' ընդդեմ Հռոմեական կայսրութ­յան: Գերմանիայում այդ շարժումը այնքան ուժեղ էր, որ իր ազդեցությամբ եվրոպայի մի շարք երկրներում սկիզբ դրեց քաղաքական իշխանությունը աշխարհիկ ուժերին անցման գործընթացներին:
Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը մշակել են Մարտին Լյութերը/1483-1546/ եւ Կալվինը: Գերմանիայում ռեֆորմացիոն շարժման սկիզբ դարձավ Ինդուլգենցիա­ների վաճառքը: էրֆոտտի համալսարանն ավարտած եւ վանական դարձած Լյութերը 1517թ. հոկտեմբերին Վիտենբուրգի եկեղեցիների դռներին փակցնում է 95 թեզիս ուղղված ինդուլգենցիային` մեղքերի թողության մասին վկայագրեր: Կաթոլիկ եկեղեցին անմիջապես բանադրանքի ենթարկեց նրան: Մարտին Լյութերը վառեց պապական Թուղթը եւ հրաժարվեց մեկնել Վատիկան: Լյութերի այս արարքը Գերմանիայում դիտվեց որպես ընդվզում կաթո­լիկ եկեղեցու դեմ եւ դարձավ ազատագրական շարժման ազդանշան:


Մարտին Լյութեր
Ի՞նչ հիմնարար գաղափարներ են ընկած բողոքականության վարդապետության հիմքում:
1. Մարդը փրկության կարող է հասնել միայն հավատի միջոցով: Վերակենդանացվեց «Հավատում եմ, որովհետեւ անհեթեթ է» սկզբունքը: Հավատի ու բանակա­նության հարաբերության հարցում բողոքականությունը միանշանակ հռչակում է հավատի առաջնությունը բանականության նկատմամբ, բանականությունը հավատի ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտն է: Հավատացյալի համար ոչ մի արժեք չունի ո՛չ բանական աստվածաբանությունը, ո՛չ էլ սխոլաստիկական փիլիսոփայությունը, որը անզոր է ճանա­չելու Աստծուն:
2. Եկեղեցին չի կարող լինել միջնորդ օղակ Մարդու եւ Աստծո միջեւ: Աստված է մարդուն շնորհում փրկությունը, ուրեմեւ, սկզբունքորեն վերանում են աշխարհիկ մարդկանց եւ հոգեւո­րականների տարբերությունները: Սրանով Լյութերը կրոնականությունը դարձրեց  մար­դու ներքին աշխարհ, մարդու աշխարհիկ գործունեությունը նույնացրեց կրոնականի հետ:
Երկրային կյանքում քրիստոնյան պետք է իրականացնի իր առաքինությունները, նպաստի երկրի վրա աստվածային թագավորության հաստատմանը:  «Աշխարհը լացի ու թախծի հովիտ չէ», ճգնավորությունը պետք է փոխարինվի աշխարհիկ կյանքով /Կալվինը այս հարցում քարոզել է «աշխարհիկ ասկետիզմ»` խստորեն հետեւելով կրոնական պատվիրաններին/:
3. Դավանելով վերոհիշյալ սկզբունքները` Լյութերը հանդես եկավ կրոնական հեղինակությունների դեմ` մերժելով եւ' Պապի, եւ' եկեղեցու, եւ' սուրբ հայրերի հեղինակությունները:
Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ընթերցել եւ մեկնաբանել Սուրբ Գիրքը: Եկեղեցին  պետք է ստորադաս լինի անհատական խղճին եւ անհատ մարդու նկատմամբ:
4. Գոյություն չունի մարդու կամքի ազատություն: Մարդու կյանքը ի սկզբանե կանխորոշված է Աստծու կողմից, նրա փրկությունը լիովին կախված է Աստծուց, քանի որ Աստված նախօրոք կանխորոշել է բոլոր մարդկանց ճակատագիրը: «Ընտրյալ» կամ «անիծյալ» մար­դու կոչումը որոշվում է նրանով, թե ինչպես են ընթանում նրա գործերը հաջողա՛կ, թե՞ ան­հաջողակ:
Ռեֆորմացիայի ուսմունքն ու քարոզչությունը հեղափոխական հեղաշրջում էր կրոնական գիտակցության մեջ, որը էական դեր խաղաց համաեվրոպական հասարակական կյանքի, մշակույթի եւ փիլիսոփայական մտքի հետագա զարգացման գործում: Բողոքակա­նության անհատապաշտական, իր բնույթով քննադատական դիրքորոշումները նպաստե­ցին ընդհանրապես մտավոր գործունեության մեջ քննադատական ոգու բարձրացմանը, իսկ անհատական կրոնական փորձի քարոզչությունը բարձրացրեց սուբյեկտի դերը ճանաչողության գործընթացներում:
Ռեֆորմացիոն կործանիչ գաղափարներին հակահարված տալու նպատակով Հռոմի կաթոլիկ եկեղեցին 1534թ. ստեղծեց ճիզվիտների /հիսուսականների/ ուխտը` «սեւ գվարդիան», որի հիմնադիրն էր իսպանացի գեներալ Ւգնասիո Լոյալը: Նա մշակեց  ճիզվիտների գործունեության սկզբունքները, դրանց հիմքում դնելով «Նպատակը արդա­րացնում է միջոցները» թեզը: Ստեղծվեցին լայնածավալ ճիզվիտական դպրոցներ եւ համալսարաններ պայքարելու բողոքականության գաղափարախոսության եւ շարժման դեմ: Վերակազմավորվեց եւ ուժեղացվեց 1232թ. ստեղծված եկեղեցու գլխավոր զենքը`  ինկվիզիցիան:
Կաթոլիկ եկեղեցին ստեղծեց հավատաքննչական դատարան, որն ուրվա­կանի պես շրջեց ողջ Եվրոպայում եւ դարձավ երբեւէ գոյություն չունեցող դաժանության մարմնացում: Խարույկի արժանացան տասնյակ հազարավոր եւ բանտարկվեցին հարյուր  հազարավոր մարդիկ: Կրոնական պատերազմները մոլեգին բնույթ ստացան: Չնայած եվ­րոպական ժողովուրդները ահավոր ծանր ժամանակաշրջան ապրեցին, այնուամենայնիվ, ռեֆորմացիոն գաղափարախոսությունը եւ ազգային-ազատազրական շարժման բնույթ ստացած կրոնական շարժումները էապես նախապատրաստեցին Նոր ժամանակի դարաշրջանի արշալույսը:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
 Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից
 

суббота, 30 марта 2013 г.

Մոնեի և Կանդինսկու կտավները վաճառվեցին ռեկորդային գներով

2012 թվականի նոյեմբերին ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Նիմֆեաներ» («Ջրաշուշաններ» կամ «Նունուֆարներ») հռչակավոր շարքի նկարներից մեկը Նյու Յորքի աճուրդային տան «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» աճուրդում վաճառվեց 43,7 միլիոն դոլարով: 1905 թվականին ստեղծված գործի գնահատիչ արժեքը կազմում Էր 30 – 50 միլիոն դոլար:


Աճուրդի մյուս ֆավորիտը դարձավ ռուս գեղանկարիչ եւ գծանկարիչ, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու «Իմպրովիզացիայի Էսքիզ 8»-ը: Այն վաճառվեց 23 միլիոն դոլարով՝ սահմանելով Կանդինսկու ստեղծագործությունների նոր գնային ռեկորդ:


Հավաքորդների ուշադրությունը գրավել էին նաեւ իսպանացի հռչակավոր գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի գործերը: «Կնոջ կիսանդրի» (1937) կտավը վաճառվեց 13 միլիոն դոլարով, «Շնիկով կինը» (1962)՝ 6,3 միլիոն դոլարով, «Կնոջ գլուխ»-ը (1952)՝ 5,2 միլիոն դոլարով:

среда, 27 марта 2013 г.

Բոտիչելլի Մադոննան 10,4 մլն դոլարով

Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող «Աստվածամայրը մանուկ Քրիստոսի եւ պատանի Սբ. Հովհաննես Մկրտչի հետ» կտավը հունվարին Christie's աճուրդում վաճառվեց 10,4 մլն դոլարով։ Ռոքֆելերների հավաքածուի մեջ էր, եւ այդ պատճառով էլ կոլեկցիոներների շրջանում հայտնի էր որպես «Ռոկֆելերի Մադոնա»։ 


Հին վարպետներին նվիրված շաբաթվա շրջանակում նույն աճուրդում վաճառվեց արվեստի մեկ այլ գործ եւս՝ Ֆրա Բարտոլոմեոյի «Մադոնան մանկան հետ» որմնանկարը։ Այն վաճառվել է 12,9 մլն դոլարով՝ դառնալով այս աճուրդի ամենաթանկ լոտը։
 
  
   Հունվարի 30-ին բացված «Հին վարպետների գեղանկարչությունը» երկօրյա աճուրդի շրջանակում 4,2 մլն դոլարով վաճառվեց  Ժան Սիմեոն Շարդենի «Ասեղնագործողը» կտավը։

Ուկրաինացի նկարչուհին առաջին տեղում. Ճիչը

 Դուբայում անցկացված արվեստի շաբաթի արդյունքում մեծ հաջողություն ունեցավ եւկրաինացի նկարչուհի Օկսանա Պիժը` իր <<Ճիչը>> (The Scream) նկարով: 
Оксана Пыж Крик
Այս կտավը ժամանակակից արվեստի փառատոնում Ուկրաինայի թիմին բերում է առաջին կարգի մրցանակ: Նկարն իրականում տրիպտիխի մաս է, սակայն մրցույթին ներկայացված էր առանձին: Նկարչուհին ամեն կերպ փորձել է արտահայտել կերպարի հոգեվիճակը տվյալ պահին: Զայրանալուց յուրաքանչյուր մարդ ունենում է տարբեր էմոցիաներ. ոմանք դրանք արտահայտում են բարձր խոսքով, ոմանք բղավում են, մյուսները պարզապես չեն խոսում.....Օկսանայի կերպարը բղավում է` դիտողին փոխանցելով իր էմոցիաները: Նկարն ունի ազդեցություն Մունկի հայտնի կտավից:

Հակոբ Հակոբյան.Երկաթե երկեր

Գաֆեսճէան արվեստի կենտրոնում  այսօր "Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր" խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էին կյանքին վերջերս հրաժեշտ տված նկարչի բազմաթիվ հարազատներ, ընկերներ ու արվեստասերներ։ Ներկայացված են մեծ գեղանկարչի 60-ից ավելի եռաչափ քանդակներ: 

Քանդակները պատրաստված են կենցաղային ամենատարբեր իրերից. երբ երկաթն ավելին է, քան մետաղը, կենդանի է ու խոսուն: Հոգեկան ներաշխարհի, տրամադրության, աշխարհայացքների ու մի ամբողջ կյանքի պատմություն կարելի է կարդալ եռաչափ այս քանդակների միջոցով:

Մի քիչ զարմանալի, մի քիչ տարօրինակ, բայց միեւնույն ժամանակ յուրօրինակ ու հասկանալի: Զրույցի կանչող, մտորելու տեղիք տվող այս քանդակներում ամեն ինչ պարզ է ու ըմբռնելի` ընտանիք, սեր, քնքշություն, վեհություն. զգացմուքններ, որ մարդիկ երբեմն խոսքերով արտահայտել չեն կարողանում, Հակոբ Հակոբյանն արտահայտել է սառն ու անգույն մետաղների միջոցով:
  Ստեղծագործական կյանքի առաջին շրջանում տխրության ու առանձնության շեշտադրումներով արված նատյուրմորտներ, հետո՝ օտարության մեջ ապրելու տարիներին, հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակն արտահայտող թեմատիկ նկարներ ու կենսագրական հիշողությունների, ժամանակի տագնապների վրա հենվող բնանկարներ:
 
Հակոբ Հակոբյանի պրպտող միտքը, սակայն, 80 ական թվականներից սկսած, երբ կյանքի կեսն արդեն ապրել էր, պատմություն տեսավ նաեւ իր նկարների համար որպես մոդել ծառայող այս գործիքների մեջ:
 Գեղանկարչի այրին՝ Մարի Հակոբյանը, ցուցահանդեսի բացմանն ասաց, որ արվեստագետը երկար էր սպասել սրան, բայց, ցավոք, չհասցրեց։
Գաֆեսճէան արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեսի մուտքը, մինչեւ մայիսի 26-ն ազատ է լինելու Հակոբ Հակոբյան արվեստագետի գործերը գնահատողների համար: 4 գեղանկար եւ 60-ից ավելի կենդանակերպ ու մարդկերպ ֆիգուրներ՝ արված  հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումներով:
աղբյուրը` http://news.shanttv.com/news/view/2161.html