суббота, 23 марта 2013 г.

Մատիսի կնոջ նկարը Մոսկվայում

  Christie's աճուրդային տունը գարնանային ցուցադրության շրջանակներում Անդրե Դերենի  <<Մադամ Մատիսը կիմանոյով>> կտավը բերում է Մոսկվա` Սպիրիդոնովի տանը ապրիլի 24-26 ցուցադրելու համար: Դերենը առավելապես հայտնի է իր բնանկարներով:

Անդրե Դերեն- <<Մադամ Մատիսը կիմանոյով>>
Ցուցադրվելուց հետո դիմանկարը կտարվի Նյու Յորք և մայիսի 8-ին կհանվի վաճառքի: Նախնական գինը կազմում է 15-20 մլն ԱՄՆ դոլար: Այս կտավի հետ մեկտեղ աճուրդի է հանվելու նաև Ջեքսոն Փոլլոքի <<Կապույտ անգիտակցություն>> նկարը` ստեղծված 1946 թվականին: Փոլլոքի կտավը գնահատվում է ավելի թանկ` 20-30 մլն:
Դերենը առավելապես հայտնի է իր բնանկարներով: 

Հայտնաբերվել են Գոյայի և Էլ Գրեկոյի կտավները

2011 թվականի ապրիլին    Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերեց  Էլ Գրեկոյի ու Ֆրանսիսկո Գոյայի երկու կտավներ,  որոնք առևանգվել էին 1997թվականին: Մինչև գողությունը, դրանք մասնավոր հավաքածուում էին: Աշխատանքներն անհետացան այն ժամանակ, երբ դրանք ցուցահանդեսի համար պետք է առաքվեին արտերկիր: Ոստիկաններն անմիջապես աշխատանքների մասին տվյալները ներբեռնեցին  գողացված իրերի մասին տեղեկությունների բազա` կանխարգելելով կտավների վաճառքն   արտասահմանում: 

Ֆրանսիսկո Գոյա-<<Կույս Պիլարի հայտնությունը>>

2010-ի հոկտեմբերին ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն էր ստացել  այն մասին, որ  Գոյայի  “Կույս Պիլարի հայտնությունը” և Էլ Գրեկոյի /Դոմինիկոս Թեոտոպոկուլոս/  “Ավետում” կտավները վաճառվել են: Հետաքննությամբ կտավները գտնվեցին Ալիկանտեում, մասնավոր տանը: Թե ումից էին առգրավվել կտավները, այդպես էլ ոստիկանությունը չհայտնեց: 

Էլ Գրեկո-<<Ավետում>>
Աշխատանքները դժվար է գնահատել, քանի որ հազվադեպ են վաճառքի հանվում, սակայն 2004-ին Էլ Գրեկոյի “Քրիստոսի մկրտությունը” կտավը  Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 1,449 մլն դոլարով, իսկ Գոյայի “Մեռած նապաստակները”   նույն աճուրդում վաճառվել էր 5 մլն դոլարով:

Մուլտիպլիկացիա

Ցանկացած ստեղծագործական մտքի արդյունք արվեստ է.....Արվեստի տեսակ, որը սիրում են թե' մեծերը, թե' փոքրերը: Արվեստ, որն անկախ իր բովանդակությունից ու ձևաչափից հասկանալի ու ընկալելի է բոլորին: Խոսքը իհարկե մուլտֆիլմների մասին է: Դե եսիմ-ն իր առաջին քայլերն է անում մուլտերին վերաբերող նյութերի բաժնում: Բաժինն անվանվեց <<Արվեստ բոլորի համար>>. այստեղ տեղ կգտնեն տարբեր մուլտերի ստեղծման պատմությունններ ու հերոսներ, և առհասարակ, մուլտֆիմների ու փոքրիկ արվեստագետների մասին ամեն ինչ.....մի խոսքով` մանկական բաժին....Դե եսիմ-ն այսպիսով իր մեջ ներառեց բոլոր տարիքի մարդկանց, այժմ նաև փոքրերին:

Անշուշտ, բոլորն էլ սիրում ու հաճախ դիտում են մուլտիպլիկացիոն ֆիլմեր, բայց քչերը գիտեն, թե իրականում ինչպես են ստեղծվում դրանք և ինչ են իրենցից ներկայացնում:
Մուլտիպլիկացիան կինոարվեստի ձև է, որի ստեղծագործությունները կատարվում են առանձին պատկերների կադր առ կադր նկարահանմամբ կամ տիկնիկային ֆիլմերի համար առանձին թատերական կադրերի ամբողջացմամբ: Այս տիպի ֆիլմերը կոչվում են մուլտիպլիկացիոն կամ անիմացիոն կինոնկարներ: <<Մուլտիպլիկացիա>> բառն առաջացել է լատիներեն multiplication-բազմապատկում, իսկ անիմացիան` անգլերեն animation-շնչավորում, կենդանավորում բառերից: Այս <<արվեստը>> կարելի է բաժանել 3 տիպի` մուլտիպլիկացիայի տեխնիկա, պլաստիլինե անիմացիա և ծավալային անիմացիա: Մուլտֆիլմերը ստեղծվում են անիմացիայի ավանդական կամ համակարգչային եղանակներով: Վերջինիս համար միջոց են հանդիսանում  հիմնականում CoralDRAW և 3DMax  ծրագրերը:


Նկարչական մուլտիպլիկացիան սկզբնավորել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Է. Կոլը` 1908 թվականին: Ծավալային մուլտֆիլմի հիմնադիրն է ռուս կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Վ. Ստարևիչը /<<Գեղեցկուհի Լյուկանիդան>>, 1912թ./: 1920-30-ական թվականներից սկսած` մուլտիպլիկացիայի զարգացմանը մեծապես նպաստել է ամերիկացի կինոբեմադրիչ Ուոլտ Դիսնեյի ստեղծագործական աշխատանքը: Հայտնի աշխարհահռչակ անիմատոր և մուլտիպլիկացիոն  բեմադրիչ  է նաև Օսամու Տեկուձան:
<<Սխալ արտահայտություն>> մուլտֆիլմից
Հայկական անիմացիոն կինոն ծնվել ու զարգացել է որպես մեծ կինոյի օրգանական շարունակություն` իր հետ բերելով կինոմտածողության նոր տարատեսակ: 1934թ. Մոսկվայից Երևան է հրավիրվում հայազգի կինոռեժիսոր Լև Ատամանովը /Լևոն Ատամանյան/: Հենց նա էլ ձեռնարկում է մուլտարտադրամասի կազմակերպումը` փաստորեն սկսելով զրոյական կետից /անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, նկարիչ-մուլտիպլիկատորների ուսուցում-նախապատրաստում և այլն/: Հայկական առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը <<Շունն ու կատուն>> է, որին հաջորդել են <<Տերտերն ու այծը>> /1939թ./, <<Կախարդական գորգը>> /1949թ./, <<Մի կաթիլ մեղրը>>: Այսպես դրվեցին հայկական մուլտիպլիկացիայի հիմքերը, ինչին նպաստեցին այդ բնագավառի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Իվան Իվանով-Վանոն, Ֆեոդոր Խիտրուկը, Բորիս Ստեպանցևը, Յուրի Նորշտեյնը և այլք: 1973 թվականին ստեղծվում է առաջին տիկնիկային ծավալային կինոնկարը` Արմեն Միրաքյանի <<Սխալ արտահայտությունը>>:

Հայկական մուլտֆիլմերի բնագավառում մեծ դեր ունեն Ռոբերտ, Հայկ և Լյուդմիլա Սահակյանցները, Գայանե Մարտիրոսյանը, Վլադիմիր Մայիլյանը, Ստեփան Գալստյանը, Նաիրա և Յուրի Մուրադյանները: Նրանց հետևից գալիս է շնորհալի սերունդ, և այս ամենը հույս է ներշնչում վստահաբար նայելու հայկական անիմացիոն կինոարվեստի ապագային:
Մուլտիմեդիան բավականին լայն, ընդարձակ ու բարդ ոլորտ է: Ընդամենը 3-4 րոպեանոց մուլտֆիլմի վրա աշխատում են մի քանի ամիս: Սա ստեղծագործ և աշխատատար գործընթաց է, որի մեջ առաջնահերթ է սցենար և կերպարներ ստեղծելը: Հաճախ մեկ կերպարի վրա աշխատում է մի ամբողջ ստեղծագործական խումբ` 5-6 մարդ: Հարկավոր է մտքի անսահմանափակ թռիչք, ինչը պարտադիր պայման է փոքրիկ հանդիսատեսին /և ոչ միայն/ գրավելու համար: Այնուհետև հարկավոր է մշակել էպիզոդները, տեսարանները, ձայնագրել երկխոսությունները: Կարևոր է պահել դինամիկան. չերկարացնել կամ չկրճատել գործողությունները:

<<101 դալմատիններ>> մուլտֆիլմից
Սրան հաջորդում է կերպարներին շարժում հաղորդելու գործընթացը: Մեկ վայրկյանում պետք է տեղավորվի 25 նկար /կադր/, որոնք կարող են նկարվել ձեռքով, համակարգչով կամ ֆոտոխցիկով: Սա ամենահետաքրքիրն է այս գործընթացում: Կադրերը միացվում են իրար, ինչը  արվում է համակարգչով /3DMax/: Հավաքված տեսահոլովակի վրա տեղադրվում է ձայնը, և մուլտֆիլմը գրեթե պատրաստ է: Կան նաև տիկնիկային, 2D, 3D և այլ անիմացիաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություններն ու բարդությունները:
Հակիրճ ձեզ ներկայացվեց մուլտֆիլմ պատրաստելու գործընթացը, ինչը կարծում եմ, հետաքրքիր է և պարտադիր մուլտերին վերաբերող բաժին բացելու համար....

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանություն բաժին
3-րդ կուրս

пятница, 22 марта 2013 г.

Երեխաների նկարներից ստեղծված խաղալիքներ

 Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ 4 տարեկան տղայի մայրը որոշեց երեխայի նկարած հերոսի օրինակով խաղալիք պատրաստել: Այս փորձին հաջորդեցին մյուսները, արդյունքում սկսվեց աճող բիզնես, հիմնվեց կազմակերպություն: Մինչև այսօր <<Child’s Own Studio>> նախագիծը ստեղծել է հարյուրավոր խաղալիքներ, որոնք մեծահասակների կամ կազմակերպության ղեկավարների ու դիզայներների փոխարեն նախագծել են երեխաները: Մուլտհերոսներից և ոչ մեկը նախորդի նմանությամբ ստեղծված չէ, յուրաքանչյուրը հետաքրքիր ու մանկական է յուրովի:
Ձեզ ենք ներկայացնում այդպիսի խաղալիքներից մի քանիսը....
 









Նոր քանդակներ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գարնան գալստյան հետ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել նոր եւ եզակի արվեստանմուշներ, որոնք համալրում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն:
Գաֆէսճեան քանդակների պարտեզում հայտնվել են բրիտանացի արվեստագետների աշխատանքներ, որոնք ուղղակիորեն կապված են Լոնդոնում 2012 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի հետ: Նրանց թվում են քանդակագործ Ջոն Քլայվի «Սպեկտրալ սյուների շարքը», որը ներկայացվել է օլիմպիական ավանում, եւ հայտնի երիտասարդ արվեստագետ Թոմ Հիլի պայտերից պատրաստված բնական չափերի «Օլիմպիական ձիերը»: Թոմ Հիլը ստեղծում է մեծ թվով անիմալիստական քանդակներ՝ փղեր, եղջերուներ, հովազներ, ուղտեր, որպես նյութ օգտագործելով պայտը: Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրված ձիերի այս զույգը ձիարշավի մրցումների համար նախատեսված արգելքների մաս է կազմել:

Հաջորդ կենդանակերպ քանդակները տեղ են գտել 50-ամյակի հուշարձանին հարակից կանաչապատ տարածքում: Բրիտանացի քանդակագործ Ուիլֆրեդ Պիտչարդը ունի տարբեր փիլիսոփայական ենթատեքստերով սյուրռեալիստական աշխատանքներ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում է հայտնվել նրա պողպատե հսկայական «Տարանտուլ» սարդը, որի համար մարդը նույնքան փոքր է, որքան իրականում սարդը՝ մարդու համար:

Կենդանակերպ քանդակների շարքում են նաեւ ֆրանսիացի հայտնի քանդակագործ Դանուի երկու աշխատանքները՝ «Զեբր» եւ «Գառնուկ»: Դանուն հայտնի է երկաթե շիթերից ստեղծված աշխատանքներով, որոնք թափանցիկ սիլուետային տպավորություն են ստեղծում՝ միեւնույն ժամանակ իրենց հարթայնության մեջ եռաչափություն փոխանցելով:
Թանգարանի՝ այս բնության տարրերով հագեցած հատվածում է տեղադրվել նաեւ Ջեննի Փիքֆորդի «Հսկայական խատուտիկը»: Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու այս արվեստագետի այլ աշխատանքներին նաեւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի շարժասանդուղքներին կից հարթակներում՝ «Զանգակածաղիկ» եւ «Կյանքի շրջաններ»: Համադրելով մետաղն ու ապակին՝ Փիքֆորդը ստեղծում է բնությունից ներշնչված քանդակներ:
աղբյուրը`  http://news.am/arm/news/145595.html