Ցանկացած ստեղծագործական մտքի արդյունք արվեստ է.....Արվեստի տեսակ, որը սիրում են թե' մեծերը, թե' փոքրերը: Արվեստ, որն անկախ
իր բովանդակությունից ու ձևաչափից հասկանալի ու ընկալելի է բոլորին: Խոսքը
իհարկե մուլտֆիլմների մասին է: Դե եսիմ-ն իր առաջին քայլերն է անում
մուլտերին վերաբերող նյութերի բաժնում: Բաժինն անվանվեց <<Արվեստ
բոլորի համար>>. այստեղ տեղ կգտնեն տարբեր մուլտերի ստեղծման
պատմությունններ ու հերոսներ, և առհասարակ, մուլտֆիմների ու փոքրիկ
արվեստագետների մասին ամեն ինչ.....մի խոսքով` մանկական բաժին....Դե եսիմ-ն այսպիսով իր մեջ ներառեց բոլոր տարիքի մարդկանց, այժմ նաև փոքրերին:
Անշուշտ, բոլորն էլ սիրում ու հաճախ
դիտում են մուլտիպլիկացիոն ֆիլմեր, բայց քչերը գիտեն, թե իրականում ինչպես
են ստեղծվում դրանք և ինչ են իրենցից ներկայացնում:
Մուլտիպլիկացիան կինոարվեստի ձև է, որի ստեղծագործությունները կատարվում
են առանձին պատկերների կադր առ կադր նկարահանմամբ կամ տիկնիկային ֆիլմերի
համար առանձին թատերական կադրերի ամբողջացմամբ: Այս տիպի ֆիլմերը կոչվում
են մուլտիպլիկացիոն կամ անիմացիոն կինոնկարներ:
<<Մուլտիպլիկացիա>> բառն առաջացել է լատիներեն
multiplication-բազմապատկում, իսկ անիմացիան` անգլերեն
animation-շնչավորում, կենդանավորում բառերից: Այս <<արվեստը>> կարելի է
բաժանել 3 տիպի` մուլտիպլիկացիայի տեխնիկա, պլաստիլինե անիմացիա և
ծավալային անիմացիա: Մուլտֆիլմերը ստեղծվում են անիմացիայի ավանդական կամ
համակարգչային եղանակներով: Վերջինիս համար միջոց են հանդիսանում հիմնականում CoralDRAW և 3DMax
ծրագրերը:
Նկարչական մուլտիպլիկացիան սկզբնավորել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Է.
Կոլը` 1908 թվականին: Ծավալային մուլտֆիլմի հիմնադիրն է ռուս կինոռեժիսոր,
օպերատոր և նկարիչ Վ. Ստարևիչը /<<Գեղեցկուհի Լյուկանիդան>>,
1912թ./: 1920-30-ական թվականներից սկսած` մուլտիպլիկացիայի զարգացմանը
մեծապես նպաստել է ամերիկացի կինոբեմադրիչ Ուոլտ Դիսնեյի ստեղծագործական
աշխատանքը: Հայտնի աշխարհահռչակ անիմատոր և մուլտիպլիկացիոն բեմադրիչ է
նաև Օսամու Տեկուձան:
<<Սխալ արտահայտություն>> մուլտֆիլմից |
Հայկական մուլտֆիլմերի բնագավառում մեծ դեր
ունեն Ռոբերտ, Հայկ և Լյուդմիլա Սահակյանցները, Գայանե Մարտիրոսյանը,
Վլադիմիր Մայիլյանը, Ստեփան Գալստյանը, Նաիրա և Յուրի Մուրադյանները: Նրանց
հետևից գալիս է շնորհալի սերունդ, և այս ամենը հույս է ներշնչում
վստահաբար նայելու հայկական անիմացիոն կինոարվեստի ապագային:
Մուլտիմեդիան բավականին լայն, ընդարձակ ու բարդ ոլորտ է: Ընդամենը 3-4
րոպեանոց մուլտֆիլմի վրա աշխատում են մի քանի ամիս: Սա ստեղծագործ և
աշխատատար գործընթաց է, որի մեջ առաջնահերթ է սցենար և կերպարներ ստեղծելը:
Հաճախ մեկ կերպարի վրա աշխատում է մի ամբողջ ստեղծագործական խումբ` 5-6
մարդ: Հարկավոր է մտքի անսահմանափակ թռիչք, ինչը պարտադիր պայման է փոքրիկ
հանդիսատեսին /և ոչ միայն/ գրավելու համար: Այնուհետև հարկավոր է մշակել
էպիզոդները, տեսարանները, ձայնագրել երկխոսությունները: Կարևոր է պահել
դինամիկան. չերկարացնել կամ չկրճատել գործողությունները:
Սրան հաջորդում է
կերպարներին շարժում հաղորդելու գործընթացը: Մեկ վայրկյանում պետք է
տեղավորվի 25 նկար /կադր/, որոնք կարող են նկարվել ձեռքով, համակարգչով կամ
ֆոտոխցիկով: Սա ամենահետաքրքիրն է այս գործընթացում: Կադրերը միացվում են
իրար, ինչը արվում է համակարգչով /3DMax/: Հավաքված
տեսահոլովակի վրա տեղադրվում է ձայնը, և մուլտֆիլմը գրեթե պատրաստ է: Կան
նաև տիկնիկային, 2D, 3D և այլ անիմացիաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր
առանձնահատկություններն ու բարդությունները:
<<101 դալմատիններ>> մուլտֆիլմից |
Հակիրճ ձեզ ներկայացվեց մուլտֆիլմ պատրաստելու գործընթացը, ինչը կարծում եմ, հետաքրքիր է և պարտադիր մուլտերին վերաբերող բաժին բացելու համար....
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանություն բաժին
3-րդ կուրս