вторник, 5 марта 2013 г.

Ֆրանսուա Բուշե /1703-1770/



18-րդ դարի առաջին կեսին ֆրանսիայում սկզբնավորվում է ռոկոկո (ֆր.` rocaille – խեցի) ոճը, որին բնորոշ գծերն են նրբաճաշակությունը, զարդարանքները, առասպելաբանական սյուժեները, մտերիմ-անձանական հարաբերությունները: Այն ակնառու է ոչ միայն գեղանկարչության, այլև ճարտարապետության, երաժշտության, դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում: Ռոկոկոն առավել ցայտուն է արտահայտված գեղանկարչության մեջ, որը զարգացրել են Վատտոն, Բուշեն,  Ֆրագոնարը և այլ նկարիչներ: Ոճի հայտնի ստեղծագործողներից է Ֆրանսուա Բուշեն, ով ստեղծել է փորագրությունների շարքեր, ձևավորել է Մոլիերի, Բոկաչչոյի և  Օվիդիուսի գրքերը, եղել է թատերական ներկայացումների և օպերաների ձևավորող, դեկորատոր և ամենակարևորը` հանճարեղ գեղանկարիչ: Բուշեի ստեղծագործական թեմաները տարբեր են` այլաբանական, աստվածաշնչյան, առասպելաբանական, դիցաբանական: Նա իր պատկերած տեսարաններում անդրադարձել է փարիզյան նորաձևության կյանքին, գյուղական տոնավաճառներին, նկարել է բնանկարներ, դիմանկարներ և այլ ժանրի ստեղծագործություններ: 

Ֆրանսուա Բուշե- <<Վեներայի ծնունդը>>

Բուշեն ծնվել է Փարիզում, նախնական կրթություն ստացել է Ֆրանսուա Լեմուանի արվեստանոցում: 17 տարեկանում սկսում է սովորել փորագրիչ Ժան-Ֆրանսուա Կարսի մոտ, ինչի արդյունքում ապրելու համար փող է վաստակում: 1722թ. պատվեր է ստանում ձևավորել Գաբրիել Դանիելի «Ֆրանսիական պատմություն» գիրքը, ապա մասնակցություն է ունենում «Ժուլիենի հավաքածուի» համար օֆորտների հավաքագրման գործում, որի ժամանակ ծանոթանում է Ա. Վատտոյի հետ: 1723թ. մրցույթում հաղթելուց հետո հնարավորություն է ստանում սովորել Հռոմում, սակայն ազատ տեղ չի լինում, և նկարչին Հռոմ հասնել հաջողվում է միայն 4 տարի անց: Այստեղ հրապուրվում է մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությամբ, սկսում է հավաքել Տիեպոլոյի աշխատանքները: «Տեսարան Տիվոլիում» և «Ֆառնեզե այգիները» արտացոլում են նկարչի` Իտալիայից ստացած տպավորությունները: Արդեն այս ստեղծագործություններում ի հայտ է գալիս Բուշեի դեկորատիվ տաղանդը. նա կարողանում էր մանր դետալներով կառուցել ամբողջական կոմպոզիցիա: Իտալիայից վերադառնալուց հետո դառնում է Ակադեմիայի անդամ` իր «Ռինալդոն և Արմիդան» նկարի համար: Ճանապարհորդությունից հետո արված նկարներն հիմնականում գծանկարներ, կրկնօրինակներ և փորագրություններ են: 1733թ. ամուսնանում է Մարի-Ժան Բյուզոյի հետ, սկսում դասավանդել Ակադեմիայում` զուգահեռ աշխատաելով նաև Բովեի մանուֆակտուրայում:
նկարչի կնոջ` Մարի-Ժան Բյուզոյի դիմանկարը
 1730-1740 թթ. ստանում է հսկայական պետական պատվերներ` ձևավորել Վերսալի սրահները: Թագուհու սենյակի համար նկարում է «Թագավորական առաքինություններ» /1735թ./, Փոքր սենյակի համար` «Առյուծի որս» և «Կոկորդիլոսի որս», դոֆինի սենյակի համար` «Վեներան և Վուլկանը» նկարները: 1765թ. եղել է Թագավորական ակադեմիայի տնօրեն, մահվանից մի քանի ամիս առաջ` Պետերբուրգի ակադեմիայի անդամ: Բուշեն մահացել է 1770թ. մայիսի 30-ին` թողնելով հսկայական բազմաժանր ժառանգություն:
Ֆրանսուա Բուշե-<<Եվրոպայի առևանգումը>>
Բավականին տարածված և սիրված են Բուշեի առասպելական թեմայով արված նկարները: Սրանք աչքի են ընկնում իրենց գույներով, կոմպոզիցիայով և գեղանկարչական վարպետությամբ և ցույց են տալիս Տիեպոլոյի ազդեցությունը: Այս աշխատանքներից են «Ավրորան և Կեֆալը» /Նանսիի արվեստների թանգարան/, «Հերկուլեսը և Օմֆալան» /Մոսկվայի Պուշկինի թանգարան/ և «Վեներան խնդրում է Վուլկանին զենք պատրաստել Էնեյայի համար» /Լուվր/: Ունի նաև աստվածաշնչյան թեմայով արված գործեր, որոնցից են «Գեդեոնի զոհաբերությունը», «Հովսեփը, ով փարավոնին է ներկայացնում հորն ու եղբայրներին» կտավները: Սրանց մեջ բացակայում է ներքին դրամատիզմը, արված են  վառ կոլորիտով:

Բուշեն սիրում էր ոչ միայն հստակ, այլև խառնված, տարբեր գույների սինթեզից ստացված գույներ: Նա օգտագործում էր այնպիսի ներկեր, որոնք կտավի կերպարներին տալիս էին մարմարի գույն, ինչպես վենեցիացի վարպետների կտավներն էին: Բուշեն տիրապետում էր մի շարք տեխնիկաների, որոնք տարածված էին 18-րդ դարում: Նրա սիրելի թեման Յուպիտերի պատմությունն էր` «Յուպիտերը և Կալիստոն», «Լեդան և կարապը» կտավներով, որոնք պատկերում են վարդագույն մաշկով փերիների և ամուրների: Գլուխգործոցներից է «Դիանայի լոգանքը» կտավը, որը վարպետությամբ պատկերում է աստվածուհուն և նրա աքսեսուարները: 
Ֆրանսուա Բուշե-<<Յուպիտերը և Կալիստոն>>
 Վառ գույներն ասես բերված են մեկ ընդհանուր ոսկեգույնի գամմային, ինչը հիշեցնում է իտալական վարպետների ներկապնակը: Այս և այլ մի քանի ստեղծագործություններ արժանացել են Դիդրոյի խիստ քննադատությանը, ըստ որի սա պարզ, ոչ հարիր մեկնաբանություն է, որը գրավում է բոլոր նրանց, ում համար խորթ է իրական ճաշակը:


Ֆրանսուա Բուշե-<<Դիանայի լոգանքը>>
Ինտերիերի տեսարաններում, որոնք լի են տարբեր բնավորությամբ օժտված մարդկանցով, Բուշեն կարողանում է մտցնել հետաքրքրություն, ցույց տալ նրանցից յուրաքանյուրի նկարագիրը` շեշտելով սակայն ընդհանուր թեման, որը միավորում է հավաքվածներին: Այս տիպի գործերից են «Առավոտ» /Ստոկհոլմի Ազգային պատկերասրահ/ և «Նախաճաշ» /Լուվր/ կտավները:
Ֆրանսուա Բուշե-<<Նախաճաշ>>
 Բուշեն դիմանկարիչ չէր, սակայն ունի բավականին հաջողված դիմանկարներ: Նա հաճախ էր նկարում իր սիրելի բնորդուհուն` մարքիզուհի Լյուդովիկա 15-րդ դե Պոմպադուռին: Առաջին դիմանկարներից մեկում  մարքիզուհին իր Բելվյու դղյակում է: Նա կանաչ մետաքսյա զգեստով է, դաշնամուրի կողքին կանգնած, ասես լինի ժամանակի նորաձության օրինակ: Բոլոր կտավներն արված են արծաթագույն-շագանակագույն գամմայում:
Ֆրանսուա Բուշե- <<Մարքիզուհի դե Պոմպադուռի դիմանկարը>>
 Այս արվեստագետի ստեղծագործություններում գերիշխում են կանցի նուրբ, տիկնիկի նմանվող  դեմքերը` մեղմ դիմագծերով, փոքր, նշաձև աչքերով, սրտաձև բերանով /«Զարթոնք», «Կանացի գլուխ»/: Կան ստեղծագործություններ, որոնց մեջ Բուշեն խուսափում է կանացի նուրբ կերպարներից, որոնց մեջ ցույց է տալիս ժամանակի վայելքներն ու հաճույքները: Սրանցից են «Սևահեր օդալիսկա» /Լուվր/ և «Շիկահեր օդալիսկա» /Մյունխեն/ նկարները:
Ֆրանսիացի արվեստագետի ստեղծագործության տեխնիկաները ևս բազմազան են: Նա նկարում էր և' յուղաներկով, և' պաստելով, և' գուաշով: Սիրում էր համադրել սև ու սպիտակ կավիճը սանգինայի հետ, այսինքն` նկարում էր «երեք մատիտի տեխնիկայով», ինչը տալիս է հրաշալի գունային էֆեկտներ: Գոբելենի գործարանի համար Բուշեն ստեղծել է ավելի քան 40 էսքիզներ` գոբելենի 6 սերիաների համար: Սրանցից հայտնի են «Գյուղական տոնակատարություններ», «Փսիխեայի պատմությունը», «Չինական սերիա», «Ատվածների սերը» կտավները: Բուշեն տաղանդավոր փորագրիչ էր: Նրա փորագրությունները զարդարում էին Մոլիերի և այլ հեղինակների գրքերը: Հայտնի է «Փարիզի ճիչեր» շարքը, որը ներկայացնում է փողոցային տեսարաններ:

Ստեղծագործության ուշ շրջանում Բուշեի գույնի զգացողությունը փոխվում է: Նրա այս շրջանի աշխատանքներում կարելի է տեսնել հակադիր գույներ, որոնք կտավը մոտեցնում են գորգին: Սա պատահական չէ, քանի որ նկարիչը երկար տարիներ աշխատել է գորգերի և գոբելենի գործարանում, ստեղծել է գորգերի զարդանախշեր և նկարներ: Բուշեն դարձյալ անդրադառնում է բնանկարի ժանրին /«Բնանկար ձկնորսի և իր ընկերների հետ»/, աստվածաշնչյան տեսարաններին, դեկորատիվ կոմպոզիցիաներին, սկսում է պատրաստել զարդեր և այլ իրեր:

Ֆրանսուա Բուշե-<<Բնանկար Բովեի արվարձանում>>
 Ռոկոկոն սահմանափակ դարաշրջան էր արվեստում, ինչպես մյուս բոլոր ոճերը:  Սակայն այն ակտուալ է նույնիսկ այսօր: Տարածված է նաև ռոկոկո ոճի կահույքը, սպասքը, ձևավորումը: Իրենց տեղը չեն զիջում ռոկոկոյի հզոր գեղանկարիչները, որոնց մեջ իր ուրույն դերն ունի Ֆրանսուա Բուշեն: Նա իրեն բնորոշ նկարների կոմպոզիցիոն դասավորվածությամբ, գունային հնչեղ կոլորիտով, կանացի կերպարներով, ձևավորումներով և փորագրություններով շարունակում է գրավել ինչպես  իր ոճին արդեն ծանոթ, այնպես էլ նոր ծանոթացող արվեստասերներին:

Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս 

Комментариев нет:

Отправить комментарий