Սյորեն Կիերկեգորը եվրոպական իռացիոնալիստական փիլիսոփայության նախակարապետն է: Նրա փիփսոփայական հայացքների պարարտ հողը իր անձնական կյանքն ու անհատականությունն է, մի կյանք, որն անցել է բացառապես մենակության, մեջ: Մինչև 27 տարեկան հասակը, իր իսկ խոստովանությամբ, նա վարել է «թեթեւսոլիկ, պորտաբույծ, ձրիակեր, անգործունյա, թրեւ եկող մարդու» կյանք: Մինչեւ մահը նրա կյանքը երբեւէ լուսավոր էջ չի տեսել:
Մելամաղձոտ եւ մռայլ կյանքը նրա հոգեկան աշխարհում ծնել է հավերժական անբավարարվածություն, հիասթափություն եւ ընկճվածություն: Նրա ինքնուրույն փիլիսոփայությունը կանանց մասին նույնիսկ առեղծվածային է: «Բավական շատ տղամարդիկ են շնորհիվ օրիորդի,դարձել բանաստեղծներ, հերոսներ եւ սրբեր ... Բայց ո՞վ է իրականում դարձել հանճար, հերոս, բանաստեղծ եւ սուրբ շնորհիվ օրիորդի, որը նրա կինն է դարձել»:
Ամբողջ կյանքում իրեն դժբախտ մարդ համարող եւ այսպիսի կյանք վարող Կիերկեգորը ստեղծում է մի փիլիսոփայություն, որի կենտրոնում մարդն է, կոնկրետ մարդը էքզիստենցիան: Այդ մարդը անկրկնելի, եզակի գոյություն է, որը անհասանելի է բանականությանը:
Եզակի, կոնկրետ մարդու էքզիստհնցիան կարելի է ճանաչել միստիկական և իռացիոնալիստական մոտեցումներով միայն: Այն ենթակա չէ օբյեկտիվության: Ճշմարտությունը սոսկ անձնական զգացմունքների, ապրումների եւ կրքի օբյեկտ է: Մարդիկ եզակի էքզիստենցիաներ են, մարդկությունը ձկների վտառ է ծովում, իսկ մարդը սոսկ եզակի ձկան է նման: Նրա կյանքը հասարակության մեջ լոկ անհատական, եզակի գոյության շարժում եւ կրկնություն է: Մարդը չի հասցնում գտնել իր էությունը: Նրա դեմ կանգնած է ահասարսուռ մահը: Նա գնում է դեպի մահ, որը կարող է վրա հասնել ցանկացած պահի: Եթե մարդը սոսկ գոյություն է, ապա չի կարող ճանաչվել բանականությամբ: Նրա ճանաչողությունը իռացիոնալիստական է: Հետեւաբար, եթե մարդու եզակի, անկրկնելի էքզիստենցիան չի կարող դառնալ գիտության ճանաչողության եւ փիփսոփայության իմացության առարկա, ապա այն կարող է ճանաչվել միայն զգայական ապրումների ու հավատի միջոցով:
Սպեկուլյատիվ փիլիսոփայությունը բացառում է եզակիության սկզբունքի գոյաբանությունը, քանզի իմացությունից դուրս է մնում ամենաէականը' անձնավորության հիմքը էքզիստենցիան: Ուրեմն ճշմարիտ փիփսոփայությունը կարող է լինել միայն «էքզիստենցիալ»: «Էքզիստենցիալ» փիլիսոփայության հիմնական հասկացություններն են ազատությունը, տառապանքը, մեղքը, մեղսագործությունը եւ , իհարկե, վախն ու սարսափը:
Վախն ու սարսափը, իբրեւ մարդու էքզիստենցիալ ներքին ապրում, Կիերկեգորի փիլիսոփայության հիմնարար կատեգորիաներն են: Կիերկեգորյան սարսափը մի աննյութական զգացմունք է, որը անհնարին է ճանաչել բանականությամբ: Այն տիրապետում է մարդուն որպես անհանգստություն եւ տագնապ: Բայց իսկական, վախը մեղսագործի վախն, է Աստծո նկատմամբ:Այդ վախն է մարդու բնության կատարելության ցուցանիշը, մի վախ, որը ոչ թե սոսկ աննշան, ստորին կենդանական բնազդ է, այլ հավատի աղբյուր: Ոչնչացնել վախի զգացումը, նշանակում է ոչնչացնել մարդուն: ճիշտ է, մարդը մահկանացու է, բայց վախն ու սարսափը կրնկակոխ հետապնդում են նրան: Մարդու կյանքը դեպի մահ գնացող կյանք է: Նա օր-օրի ապրում է մահվան մոտալուտ սարսափը: Մահվան գիտակցումը կացնահարում է նրա գիտակցությունը: Մարդը տառապում է այդ գիտակցությունից, ուստի նրա կյանքը տաոապանք է, վախ ու սարսափ: Կյանքը գրկված է արժեքից եւ իմաստից: Նման պարագայում ի՞նչ արժեք ունի «Ինչպես ապրել» երկընտրանքը: Կյանքի իմաստը կարեկցանքի եւ ափսոսանքի մի ամբողջական շղթա է, որը ծնում է հիասթափություն: Կյանքի փիլիսոփայությունը հենց այս հիասթափության ճանաչումն է:
Կիերկեգորը ուսուցանում է, որ այս ամենը բխում է կյանքից: Կյանքը ինքն է աննպատակ եւ անիմաստ, քանզի տառապելով եւ այդ տառապանքը տանելով, մարդը գնում է դեպի մահ: Բայց մի՛ թե Կիերկեգորը սոսկ հոռետես է: Պարզվում է, որ նա կյանքի մեջ իմաստ է գտնում: Մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրում է քրիստոնեական արժեքների համակարգում:Քրիստոնյայի համար տառապանքը բարիք է: Այն ինքնաբացասում է: Տառապանքը այստեղ ավելի քան միջոց է, քան ինքնանպատակ: Պետք է կամ հավատալ կամ հուսահատվել: Կյանքը իմաստ է ձեռք բերում որպես մեղքաթողության ճանապարհ այդ ճանապարհում տառապանքը մի թանկարժեք բան է, որ Աստված մարդուն, վաճառում է ապագա փրկության համար:Այդ ճանապարհում պետք է կարողանալ ընտրություն կատարել կամ-կամ սկզբունքով, որովհետեւ գոյություն ունենալը հենց ընտրություն կատարելն է, էքզիստենցիայի ինքնուրույն հաստատումը: Իսկ ընտրությունը տեղի է ունենում կամքի կամային գործողության հետեւանքով: Այդ թռիչքաձեւ, հանկարծահաս եւ անսպասելի գործողությունների ընթացքում էքգիստենցիան ճանաչում է ինքն իրեն: Այդ գործընթացում մարդը ընկնում է երկընտրանքի մեջ հատկապես իր գոյության ճգնաժամային իրավիճակներում, երբ իր գոյության դեմ հառնում է իր էությունը:
Կիերկեգորը գտնում է, որ մարդու գոյության զարգացումը հոգեւոր զարգացում է: էքզիստենցիան ինքն իրեն, ինչպես եւ իր զարգացումը ճանաչում է, անցնելով զարգացման երեք փուլ` գեղագիտական, բարոյական և կրոնական:
Գեղագիտական փուլում մարդը Դոն ժուան է: Կյանքից ստանալով հաճույք եւ բավականություն, նա ընկնում է Հուսահատության գիրկը: Կյանքի միապաղաղությունը սոսկալի ձանձրույթ է ծնում եւ դառնում է անիմաստ: Այն իմաստավորելու համար մարդ պետք է վերադառնա ինքն իրեն: Չէ որ մարդը ունի պարտականություններ եւս:Բարոյականության,փուլում մարդը ճանաչում է բարին ու չարը եւ, ընտրություն կատարելով, շարժվում է բարոյական օրենքներով: Նա պարտավոր է ապրել սոկրատեսյան բարոյականությամբ: Սակայն այս փուլը դեռեւս անհատի ինքնաճանաչողության չափանիշ չէ: Մարդը դեռեւս մաքրազարդված չէ երջանկության եւ բարեկեցության ներքին գտումներից:
Ուրիշ է կրոնական փուլը: Ինքնաճանաչման այս փուլում մարդիկ վեր են կանգնած արոյականի մտայնությունից, բարու եւ չարի հակադրումից: <<Եթե Աբրահամը, -խորհրդածում է Կիերկեգորը, առաջնորդվեր բարոյականությամբ, իր որդուն' Իսահակին, չպետք է տաներ զոհաբերության: ճանապարհին Աբրահամը կանգնում է երկընտրանքի առաջ, բայց որոշում է զոհաբերել որդուն: Ինչու՞: Որովհետեւ կրոնական էքզիստենցիան շրջանցում է բարոյական օրենքները>>: Նա հավատում է: Այս ճգնաժամային իրավիճակում բախվում են բանականությունն ու հավատը, միտքն ու զգացմունքները: Նման հանգամանքներում ծնված վախն ու սարսափը մարդուն մղում են ճակատագրական, բայց անիմաստ գործողության: Այս սահմանային իրավիճակում մարդը պետք է գործի, այլ ոչ թե մտածի: Այդ հանգամանքը մարդուն մղում է ճակատագրական, վճռական գործողության' ընտրություն կատարելով Աստծո եւ ճշմարիտ գոյության միջեւ: Հենց այս ընտրության ժամանակ է մարդը հասկանում իր էքզիստենցիայի իսկական իմաստը: Մարդը, ըստ Կիերկեգորի, պետք է գործի, այլ ոչ թե մտածի: Մի կողմից բանականության ու մտքի, մյուս կողմից` հավատի ու զգացմունքի անհաշտ բախման հետեւանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում եւ ողբերգական կեցության ժամանակ, մարդը ապրում է վախ ու սարսափ անհայտի ու մահվան նկատմամբ:
նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից
նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից
Комментариев нет:
Отправить комментарий