вторник, 30 июля 2013 г.

Մադամ Տյուսոն և մոմե ֆիգուրները



Բեյկեր Սթրիթի շքեղ կառույցներից մեկում տեղակայված Մոմե ֆիգուրների լոնդոնյան թանգարանն այցելուների առջև իր դռներն է բացում ուղիղ ժամը 10-ին:
Տյուսոյի թանգարանը Լոնդոնում
Թանգարանի շենքը կառուցվել է 1941թ. այն բանից հետո, երբ գերմանական զորքերը ավերակների վերածեցին նախկին մոմե ֆիգուրների թանգարանը: 
Մոմե ֆիգուրների պատկերասրահում ներկայացված են ակնառու պատմական հերոսներ: Նապոլեոն I-ի համար նախատեսված է երկու ամբողջական սրահ, որտեղ ցուցադրված են Նապոլեոնին պատկանող շատ իրեր: Մասնավորապես ներկայացված է Նապոլեոնի սայլակը, որը անգլիացիների կողմից գրավվել էր Ուաթեռլոյի ճակատամարտում:
Յուրաքանչյուր տարի թանգարան են այցելում մոտ 2 միլիոն մարդ: Յուրաքանչյուր այցելուի համար ակնհայտ է, որ թանգարանում առաջին հերթին ուշադրության են արժանի անգլիական հասարակության հետաքրքությունները: Նախապատվությունը տրվում է անգլիական արքայական ընտանիքների անդամների մոմե ֆիգուրների տեղադրմանը` Հենրիխ VIII մինչև այսօր: Կա մեկ անկյուն, որը ամբողջապես նվիրված է ծովակալ Նելսոնին: Ինչպես նաև սրահներում ներկայացված են շատ անգլիական ռոք երգիչներ:
Դալիի մոմե արձանը Ամստերդամի Մադամ Տյուսոյի թանգարանում
Մոմե ֆիգուրների հետ աշխատանքը տքնաջան և բարդ աշխատանք է: Այն թեկնածուն, ով ցանկանում է այդ գործով զբաղվել, շատ ջանք ու եռանդ պետք է ներդնի: Դռևս 200 տարի  առաջ, երբ ձևավորվում էր մոմե քանդակագործությունը, դրանց ստեղծման գործընթացը ոչ միայն դժվար էր, այլ նաև` տհաճ: Շվեյցարիացի պիոներ Ֆիլիպ Կուռտիուսը առաջին անգամ հում կավից դիմակներ ստեղծեց: Եվ մի անգամ Կուռտիուսի մոտ եկավ մի աշակերտուհի` նրա հեռավոր բարեկամներից մեկը, ով ուներ տեսողական փայլուն հիշողություն, արագ նկարելու ձիրք, մոդելի բնութագրիչներ, ինչպես նաև համեստ բնավորություն: Ահա և նա էր ապագա մադամ Թյուսոն:
Հիտլերի արձանը Բեռլինի թանգարանում
Մարի Գրոսհոլցը ծնվել է 1761թ. Ստրասբուրգում: Կուռտիուսների ընտանիքում սկզբնականում նա հայնտվել էր որպես դեղատան աշխատակից: Այնուհետև դեղատան տերը որոշեց փակել դեղատունն ու զբաղվել մոմե ֆիգուրների կերտմամբ և այդ ժամանակ էլ պարզվեց, որ Մարին շնորհալի քանդակագործ էր:
Այնուհետև դեղատան ծեր տերը Մարիի հետ տեղափոխվեց Փարիզ, որտեղ նրան որդեգրեց, այնուհետև` պաշտոնապես ամուսնացավ` նրան փոխանցելու իր հայտնի ազգանունն ու հարստությունը:
1780թ. Մարիին նկատում է թագուհի Մարիա Անտուանետան և նրան վերցնում` որպես պալատական նկարչուհի և Վերսալում նկարչության ուսուցչուհի:
Արձաններ պատրաստելու ընթացքը
 Այնուհետև ծեր դեղատան տիրոջ` Կուռտիուսի մահից հետո, Մարին ամուսնանում է 33 տարեկան Տյուսո ազգանունով մի փարիզեցու հետ: Եվ 1802թ. տեղափոխվում  Անգլիա: Անգլիայում իր կոլեկցիոն աշխատանքների հետ Մարին տեղափոխվում է մի քաղաքից մյուս քաղաք, և վերջնականապես հիմնվում  Լոնդոնում` Բեյկեր Սթրիթում: Եվ Բեյկեր Սթրիթի իր փոքրիկ սենյակը քայլ առ քայլ վերափոխվում է մեծ ու շքեղ թանգարանի, և Տյուսոն իր փառքի մեջ մահանում է 90 տարեկան հասակում:
Նրա գործը շարունակում են կատարել իր զավակներն ու թոռները,  սակայն թանգարանը գնվում է մի հարուստ կազմակերպության կողմից, որը մինչև այսօր պահպանում է Թյուսոյի ավանդույթները: Թանգարանում միակ ֆիգուրը, որը պահպանվում է ապակու մեջ` Վոլտերի արձանն է, որը ստեղծվել է 1778թ. Թյուսոյի կողմից:

Հայտնիները Տյուսոյի  իրենց կրկնօրինակ-արձանների հետ
  
 
 
   
 


Նյութը պատրաստեց Գալյա Հովհաննիսյանը

вторник, 23 июля 2013 г.

Լոնդոնի Ազգային պատկերասրահ



Լոնդոնի ազգային պատկերասրահը, որը գտնվում է Թրաֆալգարի հրապարակում, իր դռները բացեց 1839թ. ապրիլի 9-ին, սակայն արվեստաբան-պատմաբանները պատկերասրահի հիմնումը կապում են 1824թ. հետ, երբ բրիտանական կառավարությունը հայտնի բանկիր ու բարերար Անգերստեյնից կարողացավ 38 նկար ձեռք բերել: 


Ձեռք բերված նկարների շարքում եղել են` Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սաբինուհիների առևանգումը», Ռեմբրանդտ վն Ռեյնի` ‹‹Քրիստոսն ու մեղսագործը›› և այլն: Հանդիպուների և հավաքների ժամանակ ներկայացված  են եղել հայտնի անգլիացի նկարիչների գործերը` Ջեյմս Հոգարդի` ‹‹Մոդայիկ ամուսնություն››, ‹‹Ինքնադիմանկար›› և այլն: Չնայած որ անգլիական կառավարությունը նախևառաջ ձեռք բերեց հայտնի գործեր, սակայն հոգ չտարավ դրանց թիվը ավեացնելու համար և հետագա նկարների թիվը աճեց անհատական նվիրատվությունների միջոցով: 
 Պատկերասրահի ձևավորման գործում կարևոր դեր ունի նկարիչ և կոլեկցիոներ սըր Ջորջ Բոմոնը: Հենց ինքն էր, որ ժամանակին անգլիական կառավարությանը  դրդել էր ձեռք բերել կտավներ Անգեստեյնից: Ինքը` սըր Բոմոնը 1826թ. իր շնորհը ներդրեց հին կտավների հավաքագման գործում, որոնց մեջ էին գտնվում հետևյալ գլուխգործոցները` Ռուբենսի «Բնանկար Ստեն ամրոցի շրջակայքում», Լորենի «Ագարը և հրեշտակը», Կանալետտոյի «Տեսարան Վենետիկում» կտավները:
 1840թ. սկզբներին Պատկերասրահին նվիրաբերվող նկարների թիվը կտրուկ կրճատվեց, քանի որ նկարների սեփականատերերը այլևս չցանկացան նկարները նվիրաբերել թանգարաններին, այլ թողնել իրենց ժառանգներին: Եվ կրկին այս ժամանակ էր, որ անգլիական կառավարությունը ձեռամուխ եղավ Պատկերասրահի թարմացման և կտավների ավելացման գործում:
1855թ. Պատկերասրահի ղեկավար դարձավ Չարլզ Իստլեյկը, ում շնորհիվ Լոնդոնյան պատկերասրահը 10 տարվա ընթացքում ձեռք բերեց այնպիսի իտալացի նկարիչների կտավներ, ինչպիսիք են` Պիետրո դելլա Ֆրանչեսկայի «Քրիստոսի մկրտությունը», Ջիովաննի Բելինիի «Աղոթք փորձության գավաթի համար», «Մոգերի երկրպագումը»,  Սանդրո Բոտիչելլիի  «Երիտասարդ տղայի դիմանկարը», Ռեմբրանդտի երկու ինքնադիմանկարներև և այլ նկարներ:
 Լոնդոնի ազգային պատկերասրահը շուտ համալրվեց նոր հավաքածուներով և արդեն հարց առաջացավ լրացուցիչ ցուցահանդեսային հրապարակներ ստեղծելու համար և 1870-1880-ական թթ. պատկերասարհում նոր փոփոխություններ տեղի ունեցան, սակայն դրանք արմատապես չկարողացան լուծել խնդիրը: Եվ միայն 1897թ. Թեյդ պատկերասրահի ստեղծումով հավաքածուները ավելի պաշտաճ ներկայացվեցին: Եվ այս շրջանում էր, որ գնվեցին նաև Ֆրանչեսկո Գոյայի 3 հայտնի կտավները, ներառյալ ‹‹Իզաբել Կոբոս դե Պորսելի դիմանկարը››:
 1992թ. Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը պաշտոնապես հայտարարեց պատկերասրահի արևմտյան կողմի վերակառուցման մասին, որը կոչվեց ‹‹Սեյնսբերիի թև››: Եվ դա կոչվեց մեծահարուստ լորդ Սեյսբերիի և նրա 2 եղբայրների  անունով, ովքեր գումար նվիրաբերեցին վերակառուցման համար:

 Եվ ‹‹Սոլսբերիի թևի›› բացման արարողության ժամանակ ներկայացված էին ‹‹Թագուհու կտավներ›› անունով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին թագուհու հավաքածուի 100 կտավներ` Հանս  Հոլբայնի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Յան Վերմեերի, Անտոնիս Վան Դեյկի գլուխգործոցները:
Պատկերսարահը համարվում է եվրոպական ամենախոշոր պատկերասրահներից մեկը, ինչպիսիք են նաև` ֆրանսիական Լուվրը, իսպանկան Պրադոն, Վիեննայի նկարչական թանգարանը և այլն: 
Ռուբենս- «Բնանկար Ստեն ամրոցի շրջակայքում»
Ջիովաննի Բելինի- «Աղոթք փորձության գավաթի համար»
Ռուբենս- «Սաբինուհիների առևանգումը»
Նյութը պատրաստեց Հովհաննիսյան Գալյան

Արև, Լուսին, Արևամայր և Աստղեր

Ըստ հնագույն հայկական ավանդության` Արևը գեղեցիկ պատանի է։ Նա իր մոր հետ բնակվում է հեռու, աշխարհի ծայրին, կապույտ մարմարից շինված շքեղ պալատում։ Պալատը գտնվում է տասներկու բակի մեջտեղը։ Յուրաքանչյուր բակ չորս կողմից կամարակապ է, կենտրոնում՝ ավազան, ցայտող շատրվանով։ Այնտեղ ոչ ծառ կա, ոչ կանաչ, ոչ կենդանի, ոչ թռչուն, ոչ էլ որևէ արարած։ Ցերեկը այնտեղ խոր լռություն է տիրում, և այդ քար լռության մեջ բակերի կամարների տակ պառկած ննջում են հազարավոր ու բյուրավոր աստղեր։

Մեջտեղի բակի ավազանի վրա կառուցված է ոսկեղեն տաղավար, ուր բացված է արեգակի մարգարտապատ մահիճը։ Տաղավարի մի անկյունում լույսերի մեջ նստած չքնաղ ու լուսերես արևամայրը սպասում է որդու վերադարձին։ Եվ ահա օրվա ուղևորությունից հետո հոգնած իր պալատն է վերադառնում բոցավառ արեգակը։ Նա մտնում է ավազան, լողանում, իսկ աստղերը արթնանում են, ոտքի կանգնում, ողջունում արևին և երկինք բարձրանում։ Արևամայրը գրկում, ջրից հանում է որդուն, պառկեցնում մահճում և կուրծք տալիս հավերժ երիտասարդ, մշտամանուկ արեգակին։ Վերջինս քնում, հանգստանում է, որպեսզի հաջորդ օրն առավոտյան վերսկսի իր մշտական երթուղին1:

Արևի լողավազանը նաև Վանա ծովն է։ Վերջալույսին, օրվա շրջապտույտից հոգնած, արևը մտնում է Վանա ծով, լողանում, մաքրվում, իջնում ծովի հատակը, ուր փրփուրների վրա փռված է նրա անկողինը, պառկում է անկողնում, քնում, հանգստանում։ Իսկ արևմուտքում շառագունած կամ ձյունաթույր ծալ-ծալ ամպերը նրա անկողնի քողն ու վարագույրներն են։

Արշալույսից առաջ հրեշտակները արևին հանում են անկողնից, հագցնում հրեղեն զգեստներ, հարդարում մահիճը։ Արևը լվանում է երեսը, ջուրը դեմքից ցայտում է չորս դին, սար ու դաշտ ծածկում ցողով։ Բոլոր թռչունները ցողի սրսկումից սթափվում են քնից, արթնանում, բներից վեր թռչելով, սկսում են երգել ու ծլվլալ։ Արևելքում գտնվող հսկա լեռան տակից նախ ելնում են արևի 12 թիկնապահները՝ բոլորը սևագույն արաբներ, ճառագայթի նման լուսեղեն ճիպոտներով հարվածում են սարին, որը խոնարհվում է և ցածրանում։ Մյուս բոլոր սարերն էլ իրար հետևից իրենց գլուխն են խոնարհում արևի առաջ։ Հանկարծ այդ պահին սարերի թիկունքից երևում է արևի ոսկե գլուխն ու հրեղեն մազերը, և նա բարձրանում է երկնակամար։


Առավոտ վաղ, երբ արևը դուրս է գալիս ծովից ու երկրին շատ մոտիկ է լինում, նրա սաստիկ ջերմությունից երկիրը կարող է այրվել ու մոխիր դառնալ։ Բայց այդ պահին նրա դեմ է ելնում մի վիթխարի թռչուն և իր հզոր թևերը տարածելով՝ պատսպարում է երկիրը արևի այրող ճառագայթներից։ Կեսօրին, երբ արևը հասնում է երկնքի մեջտեղը և հեռանում երկրից, նրա ջերմությունը թուլանում է, և վտանգը վերանում։ Այդ ժամանակ արդեն խանձված են լինում թռչունի թևերը, և նա ուժասպառ ու կիսամեռ ընկնում է ծովը, զովանում, բուժում իր թևերը։ Հաջորղ առավոտ կազդուրված՝ նա դարձյալ ելնում է արևի դեմ, իր հովանու տակ առնում երկիրը, և այդպես շարունակ։

Արևը երկինք է բարձրանում նաև առյուծի վրա նստած, նա արագ սլանում է երկնակամարով և երեկոյան գնում, հանգստանում է մոր գրկում։ Արեգակին կրող առյուծը թաթերում պահում է մի վիթխարի թուր, որով նա պաշտպանում է արևին քաջքերից։

Արև և Լուսին

 Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

Արևն ու լուսինը քույր-եղբայր են. արևը եղբայրն է, լուսինը՝ քույրը։ Առաջներում քույրը եղբոր հետ է գալիս-գնալիս եղել, բայց որովհետև շատ գեղեցիկ է եղել, չար աչք է դիպել նրան, և նա հիվանդացել է ծաղիկ հիվանդությամբ։ Այդ դեպքից հետո լուսինը խնդրում է եղբորը՝ ծակել այն մարդու աչքերը, ով իրեն կնայի, որպեսզի իրեն այլևս չար աչք չդիպչի և իր հիվանդության վրեժը լուծվի։

***
Արևի և լուսնի մայրը ապրում է երկնքում՝ աստղատանը։ Մի անգամ գիշերը, երբ մայրը խմոր է շաղախում, արևն ու լուսինը կռվում են։ Արև քույրն ասում է.

— Ես գիշերով դուրս չեմ ելնի։ Լուսին եղրայրն էլ ասում է.

— Ես ցերեկը դուրս կգամ։

Շատ որ կռվում են, մայրը վեր է կենում տեղից, խմորոտ ձեռքով ուժեղ ապտակ է հասցնում լուսնի երեսին, գիշերով նրան տանից հանում, գցում դուրս։ Այդ օրվանից մինչև հիմա լուսինը գիշերն է դուրս գալիս, արևը՝ ցերեկը։

Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

Մի անգամ արևն ու լուսինը գնում են գետը, լողանում։ Լուսին եղբայրը մի քիչ լողանալուց հետո շուտ դուրս է գալիս ջրից, սպասում, որ երբ քույրը ելնի ջրից, տեսնի նրա մերկությունը։ Արևը կռահելով եղբոր դիտավորությունը, ամոթից երկինք է բարձրանում։ Լուսինն էլ անմիջապես նրա հետևից բարձրանում է երկինք, հետապնդում քրոջը, բայց մինչև օրս էլ հետապնդում է նրան և չի կարողանում հասնել։ Դրա համար էլ արևը իր սուր ասեղներով ծակծկում է թե լուսնի և թե բոլոր նրանց աչքերը, ովքեր փորձում են նայել իրեն։


Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։
Արևն ու լուսինը ջահել սիրահարներ են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Երբ նրանք հանդիպում են իրար, լուսինը սիրուց խելքը թռցնում է, խավարում։ Լուսնի վզից արյունոտ տիկ կա կախված, նա երբեմն այդ տիկը գցում է արևի վիզը, որից արևը խավարում է։

Աստղեր

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ
ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

Մի ժամանակ ուրիշ ցեղի աստված իր մշակներին ուղարկել է մեր երկրի աստծո կալից հարդ գողանալու։ Մեր աստծո հրեշտակները նետ-աղեղով խփել, սպանել են գողերին, որոնց մոտից հարդը թափվել է երկնքի երեսին և այդպես էլ մինչև այժմ մնացել։

Գարունը բացվելիս՝ մի խեդճ կնոջ դարմանը պակասում է, անասունները մնում են քաղցած։ Շատ է դեսուդեն ընկնում, բայց ոչ մեկը նրան դարման չի տալիս։ Ճարը որ կտրվում է, ելնում գնում է իր քավորի մարագը, փեշը դարմանով լցնում։ Վերադարձին քամին խփում է, փեշի դարմանը թափում գետին։
Այս անամոթ արարքը տեսնում է աստված, երկնքի երեսին ցուցադրում է այդ գողության նշանը, որպեսզի աշխարհը տեսնի սանամոր գողությունը։

Սանամայրը շատ աղքատ է լինում, ամեն անգամ ստիպված իր քավորի հարդանոցից գոգնոցով հարդ է գողանում։ Մի անգամ էլ, երբ քավորը նկատում է այդ, սանամայրն ամոթից երկինք է բարձրանում, հետևից թափելով հարդը։ Մինչև այժմ էլ երկնքի վրա երևում է թափած հարդի հետքը, որ կոչվում է նաև Սանամոր երթ։


Մի ուղտապան 45 ուղտ է ունենում։ Երբ նրա հարդը սպառվում է, գնում հարևաններից 15 ուղտի համար հարդ է գնում, իսկ 30-ի համար՝ հարդը փոխ է վերցնում։ Հաջորդ անգամ, երբ դարձյալ հարդը սպառվում է, անհարմար է զգում նորից փոխ ուզել, ստիպված գողանում է։ Այդ պահին սաստիկ քամի է բարձրանում և ամբողջ հարդը ցրում երկնքով մեկ, որ մինչև հիմա էլ երևում է։

Տան հարսը մարդագայլ1 է լինում։ Մի անգամ նրանց տունը հյուր է գալիս։ Հարսը հյուրի ոտները լվանալիս տեսնում է, որ դրանք շատ փափլիկ են։ Հարսի ախորժակը գրգռվում է։ Երբ բոլորը քնում են, հարսը գալիս է, որ հյուրին ուտի։ Հյուրն այդ իսկույն իմանում է, քաշում է դաշույնը և հարվածում հարսի կրծքին։ Կաթն անմիջապես հարսի կրծքից ցայտում է երկինք և իր հետքը մշտապես թողնում երկնքի վրա։ Դրա համար էլ Հարդագողի ճանապարհը կոչվում է նաև Ծիր կաթին (կաթի հետք)։

Ծիր կաթինը երկնքի այն տեղն է, որ պատռվել է ժամանակին, և հեղեղը թափվել երկրի վրա։

Կշիռ համաստեղության աստղերը Հայկ նահապետի զավակներն են՝ երեքը տղա, երեքը աղջիկ, որոնք կոչվում են նաև հայկեր (խեքեր)։

Մեծ արջի համաստեղությունը կոչվում է նաև Յոթ սանամոր աստղեր։ Ժամանակին յոթ սանամայր են եղել, ունեցել են մի քավոր։ Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը։ Քավորը մնացել է առանց խնամքի և քաղցից մեռել։ Աստված բարկանալով սանամայրերի վրա, նրանց դարձրել է յոթ աստղ։


-------------------------

1 Այդ պատճառով էլ արևամուտը կոչվում է նաև մայրամուտ (մոր մոտ մտնել) կամ մայր մտնել, իսկ արևածագի մասին երբեմն ասում են՝ «արևը մոր ծոցեն ելավ»։

* Արևի և լուսնի մասին եղել են տարբեր պատկերացումներ, մի դեպքում արևը տղա է, լուսինը՝ աղջիկ, որոնք կամ թագավոր ու թագուհի են, կամ էլ սիրահար զույգ։ Իսկ մեծ մասամբ նրանք քույր ու եղբայր են, ընդ որում, արևը քույրն է, լուսինը՝ եղբայրը։

понедельник, 22 июля 2013 г.

«11 րոպե». Պաուլո Կոելիո

Ես բաց թողեցի իմ հնարավորությունը քեզ ասելու` ես քեզ սիրում եմ: Միգուցե հիմա շատ ուշ է, բայց ես ուզում եմ որ դու դա իմանաս:

Ոչ ոք ոչ ոքի չի կարող կորցնել, քանի որ  ոչ ոք ոչ ոքի չի պատկանում...

 Ես մարմին չեմ, որն ունի հոգի, ես հոգի եմ` որի մի մասը մարմին է կոչվում:

Քայլում եմ փողոցներով` նայելով անցորդների դեմքերին, և մտածում եմ` տեսնես իրենք են ընտրել իրենց ճակատագիրը, թե իմ նման` ընտրվել են ճակատագրի կողմից:

Երբ որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես սովորեցնում, ինչ-որ նոր բան ես հայտնաբերում նաև քեզ համար:

Ես չգիտեմ ինչից սկսեմ… և չգիտեմ արժի՞ արդյոք սկսել…
Երեխաները հրաժարվում են երազանքից, որպեսզի ուրախացնեն ծնողներին, իսկ ծնողները հրաժարվում են կյանքից, որպեսզի ուրախացնեն երեխաներին…

Երազանքը շատ հարմար բան է, քանզի մենք պարտավոր չենք իրականացնել այն, ինչի մասին երազում ենք:

Քեզ ինչ-որ բան գնելու փոխարեն, մի բան որ դուր կգար քեզ, ես քեզ իմն եմ նվիրում, որը իրականում ինձ է պատկանում: Սա նվեր է, հարգանքի նշան մի մարդու հանդեպ, ով ինձ հետ է: Սա խնդրանք է, որ նա հասկանա, թե ինչքան կարևոր է ինձ համար այն, որ նա ինձ հետ է…

Սիրող մարդը երբեք չի ցավեցնի իր սիրեցյալին… մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է իր զգացմունքների համար և մենք ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք…

 Սերն ուրիշի մեջ չէ,մեր մեջ է. այդ մենք ենք դա արթնացնում: Բայց արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք: Բովանդակ աշխարհն իմաստալի է միայն այն դեպքում, երբ կա մեկը,  ում հետ կարող ենք կիսել մեր զգացմունքները:

Ժամանակը չի փոխում մարդուն, իմաստությունը չի փոխում մարդուն, և միակ բանը, որ կարող է վերափոխել նրա մտքերը և զգացմունքները, սերն է:

Վտանգը կայանում է նրանում, որ մենք երբեմն աստվածացնում ենք ցավը, տալիս նրան մարդու անուն, մտածում ենք նրա մասին անընդհատ:

Նա ավելի սուր էր զգում իր սիրո օբյեկտի հանդեպ սերը ոչ թե այն ժամանակ, երբ նրանք միասին էին, այլ երբ նա իր կողքին չէր…

Ի՞նչն է ավելի կարևոր ապրել, թե ձևացնել, որ ապրում ես:

Եթե սերը փոխում է մարդկանց, ապա հուսահատությունը դա անում է ավելի արագ:

Ամեն ինչ ինձ հուշում է, որ ես պատրաստ եմ սխալ գործել, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես թե այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է:

Այն մարդը, ով ստիպված է եղել կորցնել այն` ինչն իր կարծիքով ընդմիշտ իրեն էր պատկանում, ապա ի վերջո հասկանում է, որ ոչինչ էլ իրեն չի պատկանել իրականում:

Բնականաբար խանդը կա, բայց կյանքն արդեն հասցրել է սովորեցնել նրան, որ պետք չէ մտածել, թե ինչ-որ մեկը կարող է պատկանել ինչ-որ մեկին: Իսկ եթե դեռ կա մեկը ով այդպես է մտածում, ապա նա պարզապես խաբում է ինքն իրեն:

Եթե ես պարտավոր եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հավատարիմ լինել, ապա նախ և առաջ` ինքս ինձ:


пятница, 19 июля 2013 г.

Դիսկոբոլ (V դար մ.թ.ա.)


Հին գրողները հաճախ են հիշատակում «Դիսկոբոլի» հեղինակի` Միրոնի անունը` թվարկելով նրա քանդակները և համարելով վերջիններս V դարի ստեղծագործական ժառանգության կարևոր հուշակոթող:
Միրոնը ապրել և ստեղծագործել է Աթենքում, եղել է Ագելադի աշակերտը, ում մոտ են սովորել նաև Պոլիկլետը և Ֆիդիասը: Իր մի շարք քանդակներից առավել հայտնի է մերկ պատանու` «Դիսկոբոլի» քանդակը, որը ժամանակակիցներին ապշեցնում էր իր կենսունակությամբ:

Դիսկոբոլը առանց հագուստի է, քանի որ պատկերված է օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկ, իսկ մրցությունների ժամանակ երիտասարդները մերկ էին հանդես գալիս: Ըստ հին հունական ավանդության` մի վազորդ վազելու ընթացքում հանել է հանդերձը և հաղթել` այդպիսով սկիզբ գնելով օլիմպիական խաղերի առանց հագուստի ներկայանալուն:
«Դիսկոբոլը» բրոնզից է, սակայն մեզ հասած հռոմեական կրկնօրինակները մարմարից են: Սկավառակի նետումը Հին Հունաստանում բավականին տարածված մրցության տեսակ էր: Դեռևս արխաիկ ժամանակաշրջանում քանդակագործները ստեղծում էին դիսկոբոլների քանդակներ, սակայն այս արձանները կամ ռելիեֆների կերպարները մեզ չեն հասել: Երիտասարդները հանգիստ կանգնում էին` փոքր-ինչ առաջ դրված աջ ոտքով` հերոս-մարտիկի ավանդական դիրքով: Մարզիկները սակայն այսպիսի կեցվածք էին ընդունում ցանկացած մրցությունից առաջ: Քանդակում միայն սկավառակն է, որ հստակ պատկերացում է տալիս, թե ինչ «մարտի» է պատրաստվում պատանին:
Քանդակի հռոմեական կրկնօրինակը
Քանդակի հռոմեական կրկնօրինակը
Միրոնին լիարժեք հաջողվել է ցույց տալ պատանու շարժումը, ուժերի լարումը: Մարզիկը քանդակված է հենց սկավառակը նետելու պահին: Քանդակն այնքան արտիստիկ է, թեթև, որ գերազանցում է մինչև «Դիսկոբոլը» ստեղծված բոլոր քանդակներին, որոնք նկարագրում էին օլիմպիական խաղերը: Ատլետ հանգիստ է, բայց միևնույն ժամանակ լարված, ինչպես լարվում են ցանկացած մրցությունից, պայքարից առաջ: Նետ ու աղեղ հիշեցնող կեցվածքը արդեն իսկ խոսում է լարման մասին: Ձեռքերի դիրքը, որն էլ ավելի ընդգծված է քանդակի ռակուրսի շնորհիվ, ցույց է տալիս նետման թափը: Մեծ ֆիզիկական լարումը հավասարակշռվում է ներդաշնակ կոմպոզիցիայով:
Հատված մարմարե կրնօրինակից
Հատված մարմարե կրնօրինակից
Դիսկոբոլը քաջության, հոգևոր և ֆիզիկական ուժի մարմնացում է, դինամիկ մի ամբողջություն` կերտված անատոմիական ճշգրտությամբ: Միրոնի քանդակը ոչ միայն պատմում է մի սկավառակ նետողի և մի մրցության մասին, այլև ամբողջացնում է օլիմպիական խաղերը` V դարի արվեստի մեջ տեղափոխելով: Միրոնի ողջ ստեղծագործությունը կապված է իր ժամանակի հետ, իսկ «Դիսկոբոլն» իր արվեստի և արվեստով լեցուն ժամանակաշրջանի համագումարն է, որը ավանդվել է սերունդներին և ներկայացվել որպես դասական քանդակի օրինակ:


Դե եսիմ` Գ. Ն.

четверг, 18 июля 2013 г.

Տարօրինակ կամուրջներ

Կամուրջն իր լայն իմաստով` տարբեր կողմեր իրար կապելու, միացնելու, ճանապարհներ հատելու <<հատկություններով>> ճարտարապետության մեջ կիրառվում է դեռևս անհիշելի ժամանակներից: Կամուրջներ կառուցվում էին նույնիս այն ժամանակ, երբ դրանց առկայությունը կենցաղում կար, սակայն դեռ գոյություն չուներ <<Ճարտարապետություն>> տերմինը: Ամենապարզ կամուրջները, որոնք ունեին զուտ պահանջվող կիրառություն` մեր օրերը հասնելով  դարձան ամենատարբեր ձևերի և բնույթի: Այժմ կամուրջներ կառուցվում են ցանկացած վայրում, ցանկացած օբյեկտի համար, նույնիսկ կիրառվում են  որպես պլաստիկ տարրեր` տվյալ տարածքին էսթետիկ նշանակություն տալու համար: Ստորև ներկայացված են աշխարհի զարմանալի կամուրջներից մի քանիսը:

Կամուրջ ջրի տակ..Նիդերլանդներ


Կամուրջ կենդանիների համար..Կանադա


Օդապարիկից կախված կամուրջ..հեղինակ` Օլիվիե Գռոսսետե..ինստալացիա


Կամուրջ ծառի արմատներից..Հնդկաստան

Կամուրջ ամպերի վրա..Ֆրանսիա

Կամուրջ դեպի ոչ մի տեղ
Կամուրջ-շատրվան..Սեուլ
Երկնային կամուրջ..Մալազիա


Պտտվող կամուրջ..Լոնդոն

Բնակելի կամուրջ..Ֆլորենցիա


Օձաձև կամուրջ..Ամստերդամ
Օրորվող կամուրջ..Հս. Անգլիա


среда, 17 июля 2013 г.

Աստղիկ դիցուհի

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։

Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի (Քսիսութրիոս) դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն1։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը բռնանում է մյուս եղրայրների վրա և կամենում է նրանց երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Տիտանն ու Հաբեթոսթեն ըմրոստանում են ավագ եղրոր՝ Զրվանի դեմ և պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը հափշտակում է Զրվանի երկրների մի մասը։ Այս խռովություններին միջամտում է նրանց քույր Աստղիկը, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Տիտանն ու Հաբեթոսթեն համաձայնում են, որ առայժմ իրենց վրա թագավորի ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրանից ծնվելիք բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի թագավորությունն իրենց վրա սերնդից սերունդ հավերժական չլինի։ Համաձայնում են, դաշինք կնքում։ Տիտանն ու Հաբեթոսթեն իրենց հզոր մարդկանցից վերահսկիչներ են նշանակում Զրվանի բոլոր կանանց ծննդաբերության վրա։

---------------------------------

1 Մ. Խորենացին հաղորդելով այս զրույցը, գտնում է, որ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն Աստվածաշնչում հիշատակված Նոյի երեք որդիներ Սեմի, Քամի և Հաբեթի անունների փոխակերպված ձևերն են։ Զրվանը պարսից զրադաշտական կրոնում ժամանակի աստվածն էր, որից ծնվում են բարի Օրմիզդն ու չար Ահրիմանը։ Տիտանները հունական դիցաբանության մեջ Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի ամուսնությունից ծնված ահեղ հսկաներ էին, որոնք հետագայում կռվեցին Զևսի և մյուս աստվածների դեմ։

Եվ երբ Զրվանի նորածին արու զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խղճահարվում է և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի տիտանների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկը Տարոնի կողմերում շինել է տալիս Աստղնաբերդ (համառոտված՝ Ասղնբերդ) ամրոցը իր Զրվան եղբոր ապահովության համար։ Այն հետագայում կոչվեց նաև Մոկաց բերդ։

Բացի Աշտիշատից, Աստղիկին նվիրված տաճարներ կային Վանա լճի մոտակայքում գտնվող Արտամետ ավանում, Անձևացիք կոչված գավառում, Արտաշատում և այլ տեղերում։ Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։

Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։