вторник, 9 июня 2015 г.

Գառնիի տաճար և ամրոց





Գառնիի ամրոցը: Հեթանոս Հայաստանից մեզ հասած միակ շինությունը Գառնիի տաճարն է: Վերջինս պալատային շենքերի և բաղնիքի հետ մտնում է ամրոցի համալիրի մեջ: Գառնիի ամրոցը գտնվում է նախկին Այրարատ նահանգի Մազազ գավառի տարածքում, ներկայիս Գառնի գյուղում` Ազատ գետի աջ ափին գտնվող եռանկյունաձև, երկու կողմից խոր /մինչև 150մ/ ձորերով շրջապատված հրվանդանի վրա: Ավանդությունը դաստակերտի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի սերունդ Գեղամին, որի թոռան` Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: Արգիշտի 1-ինի մի արձանագրությունում հիշատակվում է Գիառնիանի անունով[1]: 
Ենթադրվում է, որ ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում: Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է բարձր տեղում: Այն որը հարավային, հարավ-արևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։
Մ.թ.ա. 59 թվականին այն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվակններին այն վերականգնվել է հայոց Տրդատ 1-ին թագավորը, հիմնել ապարանք, տաճար, որը նվիրել է հեթանոսական աստված Միհրին: Նույն աստծուն նվիրված տաճար Տրդատը վերանորոգում է նաև Արտաշատ մայրաքաղաքի տարածքում. այն կառուցված է եղել սև մարմարից: Միհրը հայոց դիցարանում եղել է լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է նրան ձոնված տաճար, իսկ գլխավոր տաճարը գտնվել է Դերջան գավառի Բագառիճ ավանում։ Գառնիի տաճարը, փաստորեն, միակը չէր, որ ձոնված էր Միհրին[2]:
Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, 4-րդ դարից` նաև եպիսկոպոսանիստ: 5-րդ դարի կեսին հիշվում է բերդավոր գյուղաքաղաք, որը պարսկական զորքերից ազատագրել է սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ: Այն վերականգնել է Աշոտ Երկաթը /914-928թթ./:
13-15-րդ դարերում Գառնին քանիցս ենթարկվել է նվաճողների ավերածություններին: 1638 թվականին ավերել են թուրքական զորքերը, կոտորել բնակչությանը: Վերջնականապես կործանվել է 1679 թվականի երկրաշարժից: 1830-ական թվականներին Մակու քաղաքից և շրջակայքից գաղթած հայերը բնակություն են հաստատել Գառնիում` հիմնելով համանուն գյուղը:
Գառնիի ամրոցի պարիսպները  /երկարությունը` 314մ, լայնությունը` 2.1մ/ կառուցված են միայն սարահարթի կողմից, ուր և բացվում է միակ դարպասը: Պատերը /տեղ-տեղ պահպանվել են 7մ բարձրությամբ/ շարված են բազալտե հսկայական խորանարդաձև քարերով /երկարությունը` 2մ, բարձրությունը` 0.8մ` 5-6 տոննա կշռով/, առանց շաղախի, մետաղական կապերով և ամրացված են հատակագծում գրեթե քառակուսի 14 /6x6.7մ/ աշտարակներով:
Ամրոցի դիմացի քաղաքատիպ հնագույն բնակավայրը ծածկված է միջնադարյան և հետագայի կառույցներով: Գյուղից հյուսիս` բլրաշարի վրա, գտնվում է միջնադարյան գերեզմանոցը, որտեղից շատ խաչքարեր տարված են այժմյան գերեզմանոց: Գառնիում զրագացած են եղել մի շարք արհեստներ, այդ թվում` մետաղագործություն, զինագործություն, խեցեգործություն, ապակեգործություն, ջուլհակություն և այլն:

Գառնիի տաճարը: Գառնիի բերդ-ամրոցի, կամ, ինչպես տեղացիներն էին ասում, Տրդատի թախտի համալիրում տիրապետողը տաճարն է, որն իր գլխավոր` հյուսիսային ճակատով ուղղված է ամրոցով անցնող առանցքի երկայնքով: Տաճարից արևմուտք` կիրճի եզրին գտնվում է պալատի հանդիսավոր սրահը: Պեղումներից բացվել է նկուղային հարկը, որը հատակագծում ուղղանկյուն ձգված շինություն է` 9.6x19.92մ չափերով, միջհարկային փայտե ծածկը կրող 8 քառակուսի մույթերով:
Տաճարը կառուցվել է մ.թ.ա. 77 թվականին Տրդատ 1-ինի կողմից: Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է Տրդատ 3-րդ Մեծի քրոջ` Խոսրովդուխտի ամառանոցային սենյակը: Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»։ Տաճարը հունահռոմեական պերիպտերոս է` կարճ ճակատներում 6-ական, երկարներում` 8-ական հոնեական օրդերի /առանց կանելյուրների/ սյուներով: Պատերը շարված են սրբատաշ բազալտի խոշոր /մինչև 1.5մ երկարությամբ/ քարերով, առանց շաղախի, միացված երկաթե կապերով,  կապարով լցված հանգույցներով: Տաճարի հարդարանքն աչքի է ընկնում գեղարվեստական բարձր մակարդակով և կատարման մեծ վարպետությամբ:  Սյուների խոյակները զարդարված են բարձրաքանդակ ձվարդներով և գալարազարդերով, քիվը` առյուծի գլուխներով և արմավիկներով:  Սյունասրահի առաստաղը կազմված է շեղանկյուն և ութանկյուն դրվագազարդ կեսոններով:
Գառնիի տաճարը ճարտարապետական մի շարք գծերով էապես տարբերվում է արևմտյան, փոքրասիական, սիրիական համանման հուշարձաններից: Ամենակարևոր առանձնահատկություններից են ցելլայի /նաոս/ ծածկումը քարե թաղով և չկրկնվող զարդամոտիվների հարստությունն ու բազմազանությունը, որ հետագայում բնորոշ դարձավ հայ ճարտարապետությանը: Մուտքի դիմաց ողջ ճակատով կան ինը լայն աստիճաններ: Պեղումներով բացված պալատական համալիրը, որն ընկած է տաճարից արևմուտք, ընդգրկում է մոտավորապես 40x15մ տարածք: Տեղացի վարպետների մասնակցությունը տաճարի շինարարությանը ակնհայտ է հայ արվեստին հատուկ բուսական զարդանախշերի /խաղող, նուռ, ընկույզի տերևներ/ առկայությամբ և նրանց հարդարանքի պլաստիկ մարմնավորման մեջ:  Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին։ Տաճարը կառուցված է  24 սյուներով, որոնք  խորհրդանշում են օրվա 24 ժամերը[3
Գառնիի տաճարն ամբողջությամբ վերականգնվել է 1969-1974 թվականներին /վերակազմության նախագծի հեղինակ` ճարտարապետ Ա. Սահինյան/: Այն Հայաստանի տարածքի միակ անտիկ տաճարն է` իր ծավալատարածական հորինվածքով:
1909 թվականին Նիկողայոս Մառը բացել է Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները: 1949 թվականից պարբերաբար պեղել է ՀՍՍՀ ԳԱ արշավախումբը /ղեկավար` Բ. Առաքելյան/:  Բացվել է 3-րդ հազարամյակի /վաղ բրոնզեդարյան/ բնակավայր, որի քառանկյունի հիմքով կացարաններից գտնվել են օբսիդիանե գործիքներ, ոսկրե հերուններ, սև փայլով զարդարուն խեցեղեն, կացնի կաղապար, բրոնզե մանգաղ և այլն: Պեղվել են միջին և ուշ բրոնզի դարերի /մ.թ.ա. 2-րդ հազարամյակ/ դամբարաններ, մ.թ.ա. 9-6-րդ դարերի խեցեղեն, այլ իրեր: Բացվել են նաև հին հայկական բնակելի շենքերի հիմնապատեր, հնձաններ, գինու հորերով մառաններ, հայտնաբերվել են սանդեր, երկանքներ, մետաղե գործիքներ, զենքեր, ապակե անոթներ[4]:

Սբ. Սիոն և Մաշտոց Հայրապետ եկեղեցիները:  Գառնիի տաճարի արևմտյան կողմում Ներսես Շինարար կաթողիկոսը 659 թվականին կառուցել է Սբ. Սիոն քառախորան եկեղեցին: Եկեղեցու ավերակները բացվել են 1907-1911 թթ. մասնակի պեղումների ընթացքում, իսկ 1949 թ. իրականացված պեղումներից հետո հուշարձանի պահպանված հիմնապատերը բացվել են ամբողջապես և մաքրվել հողից։ Սուրբ Սիոնը խաչաձև կենտրոնագմբեթ բոլորաձև կառույց է, համարվում է Զվարթնոցի տաճարի փոքրացված օրինակը։ Չորս միանման խորանները կազմում են հավասարաթև խաչ, որի թևերի միջև տեղավորված են քառանկյուն հատակագծով մեկական ավանդատներ։ Կառույցն արտաքուստ շեշտված է պայտաձև ելուստներով, ինչը խաչաձև հատակագծի շնորհիվ թույլ է տալիս կառույցն իրական չափերից առավել ընդարձակ ընկալել։
Կենտրոնական սրահը կազմում է գմբեթատակ քառակուսին։ Մուտքերը երկուսն են` հարավից և արևմուտքից։ Եկեղեցու կառույցն արտաքինից ներառնված է 24 մ տրամագծով 24 կողանի եռաստիճան կորագիծ գետնախարիսխներ ունեցող բազմանիստ ծավալի մեջ։ Սկզբնական կառույցից ներկայումս պահպանվել են հիմնապատերը /2-3 շար/ և ստորին երկու աստիճանների մնացորդները։ Շինանյութը` սրբատաշ տուֆն է, կրաշաղախով։ Սուրբ Սիոն եկեղեցուն հյուսիսից կից է12-րդ դ. կառուցված կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որն ավանդության համաձայն «Մաշտոց Հայրապետ» է անվանվում։ Կառուցված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցու գերեզմանի վրա. 876 թ., արաբական հարձակումներից պաշտպանվելու նպատակով Մայր Աթոռն ու գանձերը Էջմիածնից տեղափոխվում են Գառնի, ուր և վախճանվել և թաղվել է կաթողիկոսը։ Եկեղեցու ավերակներից հյուսիս պահպանվել է կաթողիկոսի տապանաքարը[5]:

Գառնիի բաղնիքը: Պալատական համակառույցի մեջ է մտնում նաև բաղնիքը, որը եզրափակում է հրապարակը հյուսիսից և ուղիղ անկյուն է կազմում պալատի` գլաքարից ու կիսամշակ բազալտից, կիսաշաղախով շինված բնակելի մասնաշենքերի հետ: Բաղնիքը բաղկացած է հինգ բաժանմունքից, որոնցից չորսն ունեն ներսից պայտաձև, դրսից` կիսաբոլոր աբսիդներ:
Արքունի բաղնիքը, կառուցված 3-րդ դ., զբաղեցնում է ամրոցի տարածքի հյուսիսային մասը. ներկայումս առնված է ժամանակակից ծածկի տակ։ Այն բաղկացած է միաշար դասավորված հինգ սենյակներից, որոնցից չորսը ճակատներում արտաքուստ պայտաձև հորինվածք ունեն։
Առաջին սենյակը նախասրահ-հանդերձարանն է (apoditerium) (1), որին արևելյան կողմից հաջորդում են սառը ջրի լողասենյակը (frigidarium) (2), գոլ բաժանմունքը (tepidarium) (3), տաք ջրի լողասենյակը (caldarium) (4) և ապա` շոգեսենյակը (5).
Ավանդական հռոմեական բաղնիքներին բնորոշ շոգեսենյակը` sudatorium (լատիներեն sudor քրտնել բառից) կամ laconicum (Լակոնիա անունից, Սպարտական Հունաստան) շատ հաճախ կառուցվում էր որմնախորշում` տաք ջրի լողասենյակին կից։
Բաղնիքի կառույցը կրկնում է Հռոմում ընդունված «հիպոկաուստ» համակարգը` ջրամբարի և ջեռուցման համակարգի համադրմամբ։ Կրակը տաքացրել է հնոցի վերևում գտնվող կաթսաների ջուրը, որի հուրն ու ծուխը միջսյունային տարածության միջոցով սփռվել են տաք ջրով լողարանի հատակի տակ, ապա`զգալիորեն սակավ ջերմությամբ անցել գոլ բաժանմունքի հատակի տակ, այնուհետև, արդեն ամբողջովին նվազ ջերմությամբ, անցնելով երկու փոքրիկ անցքերով` հասել սառը ջրով լողարանի սենյակի հատակը։ Թե սյունիկների աղյուսները, և թե նրանց վրա շարված երկու շերտ առավել մեծաչափ թրծած աղյուսե սալերը, հեշտությամբ ընդունելով ստորհատակյա տարածության մեջ կուտակվող հրի ու ծխի ջերմությունը, երկար ժամանակ կարող էին այն պահպանել և մեղմորեն ու հավասարաչափ հաղորդել լողասենյակներին։
Բաղնիքների նման օրինակներ պահպանվել են նաև Սիրիայում և Փոքր Ասիայում, մասնավորապես Վրաստանում Մցխեթայի Արմազիսխելի /2-3-րդ դդ./, Անտիոքում և Դուրա-Եվրոպոսում` Օրոնտեսյան ափին /3-րդ դ./ ։
Մի քանի սենյակներում պահպանվել են երկշերտ հորինվածքով գունավոր ծեփվածքի մանրամասներ` ներքևում` սպիտակ, իսկ վերևում` վարդագույն։
Բաղնիքի ամենից ուշագրավ մանրամասը, թերևս, 3-րդ դ. թվագրվող հատակի խճանկարն է, որը Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված միակ և եզակի օրինակն է։ Առասպելական - դիցաբանական բովանդակությամբ հորինվածքը կատարված է 15 տարբեր երանգների բնական քարերից։ Խճանկարի գլխավոր դրվագում (2,91 x 3,14 մ) պատկերված է ծովային տեսարան. բաց կանաչավուն ֆոնի վրա պատկերված է ծովի աստված Թետիսը և այլ դիցաբանական կերպարներ։ Խճանկարի գրությունները հունարեն են, բայց պատկերները (ձկներ, ջրահարսեր, իխտիոկենտավրոսներ) արևելյան դիմագծեր ունեն։
Խճանկարի կոյնե հունարենով արված (հունարենի հայտնի տեսակ, որ ի հայտ էր եկել հետդասական անտիկ աշխարհում մոտավորապես 300 թ. Ք.ա - 300 թ.) արձանագրություններից մեկը բառացի վերծանվում է ` «Չստացանք անգամ սատկած (ձուկ) ոչ ծովից, ոչ օվկիանոսից» կամ առավել ազատ թարգմանությամբ` «Աշխատեցինք` ոչինչ չստանալով» [6]:
Բնական քարերը և ապակենման նյութերը` սմալտաները, հատակին ամրացված են կրաշաղախի միջոցով: Խճանկարի  սյուժեն, իրականացման տեխնիկան, ոճային ու գունային առանձնահատկությունները, ինչպես և բաղնիքի շինության կառուցվածքը հիմք են տվել ամբողջ հուշարձանը համարելու 3-րդ դարի գործ։
Գառնին 1980-ական թվականներից սկսած դառնում է զբոսաշրջության կենտրոններից մեկը և այժմ էլ ինչպես օտարերկրացիներին, այնպես էլ հայերին զարմացնում է իր վերականգնված, բայց խորհրդավոր էությամբ:

  1. Վարազդատ Հարությունյան-<<Հայկական ճարտարապետության պատմություն>>
  2. www.wikipedia.org
  3. նույն տեղում
  4. Վարազդատ Հարությունյան-<<Հայկական ճարտարապետության պատմություն>>
  5. www.armenianheritage.org
  6. նույն տեղում

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 2-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий