пятница, 5 июня 2015 г.

Պիտեր Բրեյգել..Իկարոսի անկումը



1552թ. նիդերլանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգելը մեկնում է Իտալիա, այստեղ մնում մեկ տարի, սակայն իտալական վարպետների աշխատանքներով ու անտիկ հուշարձաններով չի հրապուրվում: Հայրենի քաղաք` Անտվերպեն վերադառնալով` նա նկարում է <<Իկարոսի անկումը>> նկարը, որը դառնում է նրա նկարչական մեծ կարիերայի սկիզբն ու խոհափիլիսոփայական ստեղծագործություններից առաջինը: Բրեյգելն այն նկարիչներից է, ով աստվածաշնչյան կամ դիցաբանական թեմաներով ստեղծագործությունների միջոցով փորձում է ցույց տալ իր ժամանակի խնդիրներն ու իր ժամանակի հասարակության արատները: Ստեղծագործության անվանումն ասես ստիպում է դիտողին երկնքում սավառնող մարդ փնտրել: Սակայն կտավում միայն խեղդվող ոտքերն են պատկերված
Պիտեր Բրեյգել- Իկարոսի անկումը
<<Իկարոսի անկումը>> ստեղծագործությունը Բրեյգելը նկարել է մի հունական լեգենդի հիման վրա, որը պատմում է հետևյալը.
Աթենքի մեծագույն նկարիչը, քանդակագործն ու ճարտարապետը Դեդալոսն էր: Ձյունաճերմակ մարմարից նա այնպիսի զարմանահրաշ արձաններ էր կերտում, որ թվում էր, թե կենդանություն են առել, տեսնում են ու շարժվում: Շատ գործիքներ էր հնարել Դեդալոսն իր աշխատանքի համար, նա էր հնարել նաև կացինն ու շաղափը: Հեռուներն էր տարածվել Դեդալոսի փառքը: Դեդալոսը իր քրոջ որդու` Տալոսի ուսուցիչն էր: Վերջինս այնքան տաղանդավոր էր, որ բոլորը կարծում էին, որ նա պետք է գերազանցի իր վարպետին: Դեդալոսը նախանձից նրան ժայռից վար է գցում` մտածելով, որ անպատիժ պետք է մնա, սակայն երբ բոլորն իմանում են, Արեոպագոսը նրան մահվան է դատապարտում: Դեդալոսը փախչում է Կրետե` Մինոս արքայի  մոտ: Այստեղ նա բազում արվեստի գործեր է ստեղծում, այդ թվում և, Կրետեի լաբիրինթոսը` խճճված ուղիներով: Երկար տարիներ ապրեց Դեդալոսը Մինոսի մոտ: Արքան ուզում էր, որ միայն ինքն օգտվի արվեստագետի տաղանդից, բայց Դեդալոսն արդեն հոգնել էր ու որոշեց, որ եթե չի կարող Մինոսի գերությունից ազատվել ցամաքային ու ծովային ճանապարհներով, ապա կփախչի բաց երկնքով:

Եվ Դեդալոսը գործի անցավ: Փետուրներ ժողվեց, միմյանց կցեց վուշի թելերով ու մեղրամոմով և սկսեց չորս խոշոր թևեր պատրաստել: Մինչ Դեդալոսն աշխատում էր, նրա որդին` Իկարոսը, խաղ էր անում հոր մոտ: Վերջապես Դեդալոսն ավարտեց իր աշխատանքը: Թևերը պատրաստ էին: Նա ասաց իր որդուն, որ իրենք պետք է թռչեն Կրետե կղզուց, որ որդին զգույշ լինի թռիչքի ժամանակ: Ծովի վրա շատ ցած չիջնի, որպեսզի ալիքների աղի ցայտքերը չթրջեն թևերը: Շատ էլ չբարձրանա դեպի արևը, տաքը կարող է հալեցնել մեղրամոմը, և փետուրները ցրիվ կգան: Նաև ասաց, որ  ճախրի իր հետևից, իրենից հետ չմնա:

Հայր ու որդի հագան թևերը և ճախրեցին թեթևորեն: Սրընթաց թռիչքը զվարճացնում էր Իկարոսին: Գնալով ավելի համարձակ էր թևածում պատանին: Նա մոռացության տվեց հոր պատվերները: Այլևս նրան չէր հետևում: Ուժգնորեն թևածելով` նա խոյացավ դեպի վեր, հասավ երկնակամարը` ճաճանչափայլ արևի մոտ: Արևի կիզիչ ճառագայթները հալեցրին թևերի փետուրները պահող մեղրամոմը: Փետուրները դուրս թափվեցին և հողմահալած ցրիվ եկան օդի մեջ: Կրկին ճոճեց Իկարոսն իր ձեռքերը, բայց այլևս թևեր չուներ նա: Եվ ահավոր բարձրություններից ահագնաթափ ծովն ընկավ Իկարոսը ու զոհ գնաց նրա ալիքներին…
Բրեյգելը պատկերել է արդեն ջուրն ընկած Իկարոսին, նրա ու հոր թռիչքը այնքան էլ չի գրավել մտածող արվեստագետին: Բրեյգելը հարցին մոտեցել է բոլորովին այլ տեսանկյունից: Նկարի ներքևի մասում պատկերված ձկնորսը զբաղված է իր աշխատանքով: Կոմպոզիցիայում տեղ գտած հովվի, ձկնորսի, գեղջուկի կերպարներն այստեղ ունեն բոլորովին այլ հնչեղություն: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Իկարոսի վրա, յուրաքանչյուրը զբաղված է իր գործով: Ձկնորսը շարունակում է ձուկ որսալ, հովիվը հոտն է արածեցնում: Որոշ մասնագետներ գտնում են, որ Բրեյգելը այս կտավը ստեղծել է «Geen ploeg staat stil om een stervend mens» («Ոչ մի գութան կանգ չի առնում, երբ ինչ-որ մեկը մահանում է») նիդերլանդական ասացվածքի հիման վրա:  Կյանքն այդպիսին է, և նրա շարունակական ընթացքը մի մարդու մահը կանգնեցնել չի կարող:
Մեկ այլ վարկածի համաձայն` Բրեյգելը այս նկարը ստեղծել է Իկարոսի հպարտությունը քննադատելու համար: Եվ պատահական չէ, որ  հողագործը պատկերված է առաջին պլանում, իսկ խեղդվողը գրեթե չի երևում: Կոմպոզիցիայի նման դասավորվածության միջոցով նկարիչը հակադրում է հպարտությունն ու խոնարհությունը: Իկարոսը, որը չլսեց հորն ու ձգտեց հասնել արևին, խեղդվում է ջրում` անօգնական ոտքերը դեպի վեր բարձրացրած, իսկ հողագործը, որն իր խոնարհ ու համեստ աշխատանքով վաստակում է օրվա հացը, մեծ ու կոպիտ ոտնամաններով  ամուր կանգնած է գետնին: Հողագործի աշխատանքն ինչքան էլ որ դժվար է, այնուամենայնիվ արդար է ու իրական, իսկ երազողների վախճանը վերջիվերջո կլինի Իկարոսի նման: Սա նկարի հիմնական պարադքոսներից մեկն է:
Հողագործի ֆիգուրը, երկրորդ պլանում` հովիվը. ֆրագմենտ
Որոշ ուսումնասիրողներ նկարին նայում են այլ տեսանկյունից: Նրանց կարծիքով Իկարոսի թռիչքը երևակայությամբ ապրող, անիրականանալի հույսերով լցված մարդկանց թռիչքն է, հետևաբար և անկումը: Մարդկանց ի վերուստ թռչելու կարողություն տրված չէ, ու պետք չէ դրան դեմ գնալ: Նկարի գաղափարն այս պարագայում իրականության դեմ պայքարն է, որն ամեն դեպքում անհաջողությամբ է պսակվում:
Իկարոսի մասին լեգենդը հիշատակվում է նաև Օվիդիուսի <<Կերպարանափոխություններում>>: Ըստ երևույթին, Բրեյգելը կարդացել ու տպավորվել է այդ ախատությունից, քանի որ իր նկարում երևում է Օվիդիուսի որոշ տողերի ազդեցությունը: Ուշադրության է արժանի հատկապես այն հատվածը, որում գրողն ասում է, որ այն պահին, երբ Դեդալոսն ու Իկարոսը երկնքում են եղել, ներքևում գտնվող հողագործը, հովիվն ու ձկնորսը մտածել են, թե օդում աստվածներ են  սավառնում:
Каждый, увидевший их, рыбак ли с дрожащей удою,
Или с дубиной пастух, иль пахарь, на плуг приналегший, –
Все столбенели и их, проносящихся вольно по небу,
За неземных принимали богов.
Փաստորեն, բոլորովին էլ պատահական չէ, որ Բրեյգելը որպես իր նկարի հերոսներ է ընտրել հենց այս երեք կերպարերին: Նկարում բացակայում է Դեդալոսի կերպարը: Միայն հովիվի դեպի երկինք ուղղված սևեռուն հայացքն է թույլ տալիս ենթադրել, որ երկնքում ինչ-որ բան է կատարվել: Իկարոսն աննկատելի է  մնում այդտեղ գտնվող մարդկանց համար: Յուրաքանչյուրը շարունակում է իր գործով զբաղվել: Ընկնող մարդու մոտով նավ է անցնում, բայց դարձյալ կանգ չի առնում: Սակայն մի արարած նկատում է Իկարոսի անկումը: Դա կոմպոզիցիայի ձախ կողմում` ծառի վրա նստած կաքավն է Նրա դերը կոմպոզիցիայում ևս պատահական չէ: Պատճառն այն է, որ Օվիդիուսը նկարագրում է, որ Աթենաս աստվածուհին խղճում է Դեդալոսի զարմիկին, ով ժայռից ներքև էր նետվել, և նրան կաքավ է դարձնում: Մոխրագույն կաքավի համար Իկարոսի մահը ոչ թե դժբախտ պատահականություն, այլ արդարություն է, քանի որ նա կարողացավ ներկա լինել իրեն սպանող մարդու վշտին:
Իեղդվող Իկարոսը, ձկնորսն ու կաքավը. ֆրագմենտ
Չնայած այսքան մանրակրկիտ դետալներին` Բրեյգելի նկարը իրենից ոչ միայն անտիկ առասպելի նկարագիր է ներկայացնում, այլև հրաշալի բնանկար: Ծովի տեսարանը, ափամերձ տարածքը, ծառերը և իհարկե երկինքը: Վարպետորեն պատկերված առանձին հատվածները խոսում են այս նկարչի տաղանդի մասին: Բնապատկերներ Բրեյգելի ստեղծագործություններում շատ են հանդիպում: Այս կտավի կոմպոզիցիայում իր նշանակալի տեղն ունի արևը, որն իր ներկայությունը զգացնել է տալիս արտացոլանքով: Արևը, կարելի է ասել, ոչ միայն այս կոմպոզիցիայի, այլև թեմայի գլխավոր <<կերպարներից>> է, քանի որ նա է այրում է Իկարոսի թևերը և նրա պատճառով է դիտողը տեսնում մյուսների անտարբերությունը մահացող մարդու նկատմամբ:
Որքան էլ զարմանալի է, <<Իկարոսի անկումը>> նկարված է երկու տարբերակով: Դրանցից մեկը, որը պատկանում է Բրեյգելի վրձնին, գտնվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում, մյուսը, որը հայտնի չէ, թե ով է նկարել, այժմ պահվում է Վան Բյուրենի թանգարանում:
Նկարի երկրորդ տարբերակը
Նկարի երկու տարբերակներն ունեն տարբերվող գունաշար, նույնիսկ տարբերվող ֆիգուրներ: Երկրորդ տարբերակում երկնքում հանդիպում ենք Դեդալոսի ֆիգուրին: Երկրորդում արևը ևս պատկերված է, մինչդեռ առաջինում երևում է միայն վերջինիս արտացոլանքը: Որոշ արվեստաբաններ կարծում են, որ երկու նկարներն էլ պատկանում են Պիտեր Բրեյգել Ավագին: Նրանք գտնում են, որ նկարիչը նախ նկարել է տախտակի վրա, այնուհետև անցկացրել է կտավի վրա:
Աշխարհում հայտնի է նկարի այն տարբերակը, որը որ հստակ պատկանում է Բրեյգելին: Այս աշխատանքը ինչպես Բրեյգելի արվեստի, այնպես էլ նիդերլանդական գեղանկարչության հայտնի նմուշներից է: Այն առավելագույնս արտահայտում է նկարչի կարծիքը ժամանակի բարքերի նկատմամբ:

Դե եսիմ` Գ. Ն.

Комментариев нет:

Отправить комментарий