суббота, 12 января 2013 г.

Ջերմուկի պատկերասրահ

Ջերմուկ քաղաքը Հայաստանի զբոսաշրջության ամենագրավիչ կենտրոններից է: Որպես բնակատեղի այն հիմնադրվել է Արշակունյաց հարստության օրոք և իր բուժիչ հանքային ջրերով հայտնի է դեռևս վաղ ժամանակներից:
Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, որը գործում է 1972 թվականից, տեղակայված է Արփա գետի առափնյա լանջին` քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում: Ցուցադրությունում ընդգրկված շուրջ 100 գեղանկարների և քանդակների միջոցով Ջերմուկի հասարակությանը և հյուրերին հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմելու նորագույն շրջանի հայկական կերպարվեստի մասին` սկսած 1930-ական թթ. մինչև մեր օրերը:

Պատկերասրահի այցելուները կարող են ծանոթանալ մեր ժամանակների խոշոր արվեստագետներ Մ. Սարյանի, Ա. Սարգսյանի, 1930-40-ական թթ. ստեղծագործական ասպարեզ իջած նկարիչներ Գ. Գրիգորյանի, Մ. Աբեղյանի, Հ. Զարդարյանի, Է. Իսաբեկյանի աշխատանքներին, որոնք լավագույնս ներկայացնում են դարաշրջանի առանձնահատկությունները` թեմատիկ և ոճական ողջ բազմազանությամբ: Ավելի ուշ շրջանի արվեստը ներկայացված է Բ. Վարդանյանի, Հ. և Ա. Կալենցների, Գ. Խանջյանի, Մ. Ավետիսյանի, Լ. Բաժբեուկ-Մելիքյանի, Ս. Բաղդասարյանի, Խ. Իսկանդարյանի, Մ. Պետրոսյանի, Ռ. Ադալյանի և այլոց աշխատանքներով:

Ստեղծագործական տարբեր նախասիրությունների ու անհատականության տեր նկարիչների բնանկարները, թեմատիկ հորինվածքներն ու նատյուրմորտները նվիրված են հայրենի բնաշխարհին, այն իր աշխատանքով շենացնող մարդուն: Դիմանկարչական ժանրի հերոսները մեր երկրի քաղաքացիներն են ու անցյալի հայ մշակույթի երախտավորները:
Բացի մշտական ցուցադրությունից, մասնաճյուղում պարբերաբար կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:
աղբյուրը՝ http://www.gallery.am/hy/

Комментариев нет:

Отправить комментарий