среда, 23 января 2013 г.

Յան Վերմեեր.Մարգարտե ականջօղով աղջիկը



Շնորհիվ 2003թվականին արտադրված Պիտեր Ուեբբերի <<Մարգարտե ականջօղով աղջիկը>> ֆիլմի` արվեստի ոլորտում և նույնիսկ արվեստից հեռու գտնվող մեծ թվով մարդիկ իմացան նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեերի ամենահայտնի ստեղծագործության` <<Մարգարտե ականջօղով աղջիկը>> կտավի մասին: Կինոնկարի հիմքում ընկած է Թրեյսի Շեվալյեի վեպը, որտեղ գրողն առաջ է քաշում նկարի ստեղծման բավականին հավանական մի տարբերակ, սակայն ամեն ինչ հերթականությամբ….
 <Մարգարտե ականջօղով աղջիկը>> նկարը /նիդերլանդերեն` «Het meisje met de parel»/ ստեղծվել է  մոտ 1665 թվականին: Այժմ գտնվում է  Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում և հանդիսանում է թանգարանի այցեքարտը: Նկարը, որը ստացել է <<Հոլանդական Մոնա Լիզա>> կամ <<Հյուսիսի Ջոկոնդա>> անունը, ստեղծված է  Tronie ժանրում /նիդերլանդերեն` <<գլուխ>>, <<դեմք>>/: Այս ժանրը համարվում էր 17-րդ դարի նիդերլանդական գեղանկարչության տարածված ուղղություններից մեկը: Բնորդները նկարվում էին հետաքրքիր, ոչ սովորական դիրքով, հագուստով և դեմքի արտահայտությամբ: Այսպիսով, Վերմեերի նկարի բնորդը ևս անծանոթուհի է: Կան մի քանի վարկածներ: Ենթադրվում է, որ նա կարող էր լինել նկարչի աղջիկը` Մարիան: 1665թ. նա հենց 12-13 տարեկան էր: Կա նաև կարծիք, որ սա Վերմեերի մեկենաս Ռյույվենի դստեր նկարն է, ով ևս այս տարիքի էր: Ըստ կինոնկարի` աղջիկը սպասուհի-սիրուհի Գրիդն է, ում անունը նշանակում է <<մարգարիտ>>, որտեղից էլ գալիս է ականջօղի և կտավի անվանման պատմությունը: Ամբողջական անվանումը նկարը ստացել է 20-րդ դարում, մինչ այդ կոչվում էր <<Փաթաթանով աղջիկը>> կամ պարզապես <<Աղջիկը>>: Այս պատճառով է, որ Շեվալյեի վարկածը շատերը չեն ընդունում, քանի որ Վերմեերը կնոջ հետ երջանիկ է ապրել, և կինն էլ գեղեցիկ է եղել /նույնիսկ որպես բնորդ հաճախ հանդես է եկել ամուսնու նկարներում/` ի տարբերություն կինոնկարի սյուժեի, որի մեջ նկարիչը կնոջը փոխարինում է Գրիդի հետ: Սակայն ֆիլմում ցույց է տրված միայն բնորդուհու և նկարչիմիջև եղած <<արվեստային>> կապը: Վերմեերներն իրականում ունեցել են 15 երեխա, ինչն այդ ժամանակ Հոլանդիայում մեծ թիվ էր համարվում: Կինոնկարում երեխաներն այսքան շատ չեն:
Աղջկա դիրքը բավականին տպավորիչ է, նա շրջվել է և ասես նայում է մի ակնթարթով: Բերանը կիսաբաց է, սա հոլանդական դիմանկարներում հաճախ է հանդիպում և խորհրդանշում է դիմում, խոսելու ցակություն: <<Քրիստոնյաների թշնամիներին>> /թուրքերի/ բնորոշ էկզոտիկ տարրեր Եվրոպայում սկսեցին օգտագործել 15-րդ դարից: Իր աշխատանքներում Վերմեերը ոչ հազվադեպ է օգտագործում նման տարրեր: Նրա մոտ փաթաթանի ֆորման բավականին հետաքրքիր է: Այն կազմված է երկու մասից. առաջինը կապույտն է, որն ամբողջությամբ ընդգծում է աղջկա գանգի կառուցվածքը, երկրորդը դեղինն է, որը քողի պես իջնում է ներքև` ասես էլ ավելի ընդգծելով բնորդի դիրքը:
 Զգեստը վառ դեղնավուն է /դեղինը խորհրդանշական է Վերմեերի ստեղծագործության համար/: Նկարի ֆոնի վրա գունային կոնտրաստ է ստեղծում սպիտակ օձիքը, որն արված է պինդ քսվածքով, մաքուր գույնով: Այժմ նկարի գունաշարը փոփոխվել է, սպիտակը ևս կորցրել է իր նախնական երանգը:
 Ականջօղը ևս իր մեծ տեղն ունի նկարի կոմպոզիցիայի հարցում: Ջրի կաթիլի նման փայլուն մարգարիտը կարծես հավաքում, ամբողջացնում է թե' աղջկա կերպարն ու ներաշխարհը, թե' կտավը: Մարգարտի փայլը նկատվում է նաև աղջկա աչքերում և շուրթերին:
Կարո՞ղ էր արդյոք ականջօղի մարգարիտը լինել իրական, ոչ ոք չգիտի...բայց չափերով այն ներկայացված է սովորականից մեծ: Այն  հեղինակը կարող էր պատկերել այդքան մեծ կամ բնական մարգարիտն է ունեցել մեծ չափեր....
Այժմ նկարի ֆոնը թվում է սև, սակայն ի սկզբանե այն մուգ կանաչ էր: Սրան Վերմեերը հասել է հետևյալ եղանակով. աղջկա ֆոնը ներկել է սև գույնով, վերևի մասը ծածկել դեղնականաչավունով: Ժամանակի ընթացքում կանաչը մգացել է, մոտեցել սևին և այժմ միանգամից առաջին պլանում սևն է երևում:
Հեղինակին հաջողվել է որոշակի կապ ստեղծել բնորդի և նկարչի միջև: Այն հաղորդվում է աղջկա շրջված դիրքի միջոցով: Այսպիսով ձգողականություն է ստեղծվում, սակայն Վերմեերի մոտ դա հանգիստ է և ոչ տարերային: Աղջկան շրջապատող տարածությունը ևս նկարին հաղորդում է ռիթմ` ասես ստեղծելով երկրաչափական մարմիններ:
Կտավի ստեղծվելուց հետո շատ տարիներ են անցել, տարվել են բազմաթիվ հետազոտություններ, բայց շատ հարցեր այդպես էլ մնացել են անպատասխան. ո՞վ է այս հանելուկային բնորդը, ինչու՞ է փաթաթանով և ոչ իրեն ժամանանակակից հագուստով, ի՞նչ է խորհրդանշում արցունքի ձևով մարգարիտըինչի՞ն է այդպես նայում աղջիկը: Այս հարցերն հավանաբար հարցեր էլ կմնան, պատասխաններ կարող է տալ միայն նկարը` յուրաքանչյուրին սուբյեկտիվ...

Դե եսիմ` Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий