пятница, 18 января 2013 г.

Պիտեր Բրեյգել. «Մանկական խաղեր»

1560թ. ստեղծված այս նկարն իրավամբ կարելի է համարել մանկական խաղերի <<տեսականի>>: Բրեյգելի այս ստեղծագործությունը չէր զիջում <<Նիդերլանդական ասացվածքներին>>, ավելին, կարծես հանդիսանում էր վերջինիս սյուժետային և տրամաբանական  շարունակությունը: Նկարում ընտրված յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր մոտիվ, ֆիգուր կամ ֆիգուրների խումբ պատահական չէ, և նկարի ամբողջականացման մեջ մեծ նշանակություն ունի ցանկացած մանրուք:

Ներկայացված է ավելի քան 100 մանկական խաղ, զբաղմունք և հետաքրքրություն, և ամենազարմանալին այն է, որ դրանցից որոշները ժամանակ չեն ճանաչում. դրանք գոյություն են ունեցել Բրեյգելի ապրած ժամանակաշրջանում, դեռ նրանից էլ առաջ և գոյություն ունեն մեր օրերում ևս /պահմտոցի, օղակ, պարան, հոլ, թղթե ինքնաթիռներ, նետ ու աղեղ, կռիվ-կռիվ, փայտե ձիեր, բոլորիս հայտնի <<տուն-տունիկը>> և այլն/:

Այսինքն, ինչ խաղ էլ որ մենք հիշենք, անպայման կգտնենք Բրեյգելի այս նկարում` թե' ժամանակակից, թե' փոքր-ինչ արխայիկ տարբերակով:
Ինձ մոտ խաղերի այս տեսականին առաջին հայացքից ասոցացվում է մեր բակի հետ, հետո միանգամից հիշում են Ռաբլեի <<Գարգանտյուան և Պանտագռյուելը>>, որի մեջ ևս հեղինակը նկարագրում էր հարյուրավոր գոյություն ունեցող, այդ պարագայում նույնիսկ չունեցող խաղեր: Այս դեպքում Բրեյգելը հիմնվում է վիզուալ  պրակտիկայի վրա և նկարում է խաղերը ամենայն ճշգրտությամբ` ի տարբերություն Ռաբլեի Ֆանտաստիկ, մտացածին խաղերի:



Պատկերված է հասարակ քաղաքային տեսարան, ինչպես Բրեյգելի նախորդ նկարներում: Հասարակական տարածքը լի է  երեխաներով և քաղաքային շինություններով:

Երեխայի հավաքական կերպարը Բրեյգելի, նաև նրան հաջորդող ժամանակաշրջաններում բավականին սպեցիֆիկ է: Երեխան ընկալվում է իբրև փոքր, բայց ինքնուրույն անհատականություն, իսկ մանկությունը` իբրև մարդու հոգեբանության յուրահատուկ փուլ, որն իր հետքը թերևս թողնելու է հետագա կյանքի վրա: Ըստ շատ հոգեբանների` այս  պատճառով են երեխաներին  մեծահասակների պես հագցնում: Այս սովորությունը առկա էր բոլոր խավերի մոտ: 


Բրեյգելը  ևս  նկարել  է  տարբեր տարիքի  երեխաների, որոնք  հագնված են մեծահասակների շրջանում   տարածված  նորաձությանը   համապատասխան զգեստներ:

Երեխաների նկատմամբ եղել է հատուկ վերաբերմունք, նոր ձևավորվող մարդու կերպարը նիդերլանդցիները կերտել են հատուկ հոգեբանությամբ: Եվ եթե նկարին նայենք ուշադիր, ապա կտեսնենք, որ ամբողջ նկարը պարզապես ողողված է երեխաներով, և ոչ մի մեծահասակի ֆիգուր չկա: Կարելի է ասել, Բրեյգելը պատկերել է մանուկների քաղաք, ովքեր ինքնամոռաց խաղում են` դա համարելով կյանքի հիմնական նպատակ:

 Բրեյգելը ներկայացնում է քաղաքը առանց մեծահասակների, հետևաբար և, առանց մեղքի: Ըստ իս, մեկ այլ տեսանկյունից նայելիս, կարող ենք նկատել, որ քաղաքն ըստ նկարչի անիրական է, դեռ չձևավորված, կիսատ, թերություններով ու անիմաստ արարքներով լի: Սա բնորոշ է Բրեյգելի ձեռագրին` հեգնանքի միջոցով ցույց տալ ժամանակի տիրող իրավիճակը: Ինքնամոռաց իրենց խաղին նվիրած փոքրիկները, որոնց այս դեպքում հարկ է համեմատել կամ նույնացնել մեծերի հետ, կարծես հոգսեր չունեն, կյանքի նպատակը կայանում է խաղի մեջ, ու կյանքն էլ խաղն է , որ կա...
Բրեյգելի քաղաքի բնակչությունը զբաղված է  անօգուտ և դատարկ  զբաղմունքներով /ինչպես <<Նիդերլանդական ասացվածքներում>>/:  Եվս մեկ անգամ սա խոսում է այն մասին, որ հյուսիսային վերածննդի ստեղծագործողը միշտ թողնում է մտածելու մեկ այլ տարբերակ, կտավի ընկալման այլընտրանքային միջոց: Այնուամենայնիվ, անկախ նկարչի ոճից, նկարի իմաստից և հազարավոր մարդկանց տարբեր  ընկալումներից` <<Մանկական խաղերը>> համարվում է մանկություն պատկերող ամենահետաքրքիր,   ինչ-որ    տեղ զավեշտալի          և
ամենաբնորոշ  կտավը, որը պատկերում է ավելի   քան
100 <<ժամանակից դուրս և ներս>> մանկական խաղեր:



Դե եսիմ` Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий