вторник, 15 января 2013 г.

Պիտեր Բրեյգել Ավագ /1525-1569/



Պիտեր Բրեյգել Ավագը նիդերլանդական գեղանկարչության հայտնի ներկայացուցիչներից է, ով զարգացրել է համաշխարհային արվեստն իր ուրույն թեմաներով ու մտածողությամբ: Սովորել է Անտվերպենում` գեղանկարիչ Պիտեր Կուկ վան Ալարի մոտ: 1552թ. երիտասարդ գեղանկարիչը մեկնում է Իտալիա, այստեղ մնում մեկ տարի, սակայն իտալական վարպետների աշխատանքներով ու անտիկ հուշարձաններով չի հրապուրվում: Անտվերպեն վերադառնալով` նկարում է իր առաջին ստեղծագործություններից մեկը` <<Իկարոսի անկումը>> նկարը, որի անվանումն ասես ստիպում է դիտողին երկնքում սավառնող մարդ փնտրել: Սակայն կտավում միայն խեղդվող Իկարոսի ոտքերն են պատկերված: 

Իկարոսի անկումը

Ըստ հունական դիցաբանության` Դեդալոսի որդին` Իկարոսը, թևեր է պատրաստում, որպեսզի թռչի և հասնի արևին, հայրը արգելում է որդուն, սակայն վերջինս չի լսում: Արևը այրում է տղայի թևերը և նա խեղդվում է` ընկնելով ջուրը:
Նկարի ներքևի մասում պատկերված ձկնորսը զբաղված է իր աշխատանքով: Կոմպոզիցիայում տեղ գտած հովվի, ձկնորսի, գեղջուկի կերպարներն այստեղ ունեն բոլորովին այլ հնչեղություն: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Իկարոսի վրա, յուրաքանչյուրը զբաղված է իր գործով: Ձկնորսը շարունակում է ձուկ որսալ, հովիվը հոտն է արածեցնում: Ինչպես նիդերլանդական ասացվածքն է ասում, կյանքը կանգ չի առնում, երբ ինչ-որ մեկը մահանում է: Սրանով Բրեյգելը ցույց է տալիս <<ժամանակի տերերին>>, որոնք ուշադրություն չեն դարձնում ցածր խավի /Իկարոսի/ վրա:

Բաբելոնյան աշտարակ
1653թ. Բրեյգելը մեկնում է Բրյուսել, որտեղ ամուսնանում է իր ուսուցչի աղջկա հետ: Անձնական կյանքի հաջողությունները արտահայտվում են նաև այս շրջանի ստեղծագործություններում: Նույն թվականին հետաքրքրվում է Աստվածաշնչյան թեմաներով, նկարում է <<Բաբելոնյան աշտարակը>> հայտնի կտավը, որն իր հանգիստ կոմպոզիցիայով առանձնանում է Բրեյգելի արվեստում: Աշտարակը հիշեցնում է մեկ Կոլիզեյը` հռոմեական ամֆիթատրոնը, մեկ մրջնաբույն: Աշտարակի բոլոր հարկերում եռում է աշխատանքը: Աստված արդեն խառնել է լեզուները, և մարդիկ միմյանց չեն հասկանում: Ինչ-որ տեղ աշխատանքը գնում է իր հունով, ինչ-որ տեղ էլ աշտարակն արդեն քանդված է: 

1564թ. Բրեյգելը նկարում է <<Խաչի տանումը>> ստեղծագործությունը: Կոմպոզիցիան և սյուժեն այնպիսին են, որ դիտողը միանգամից չի կարող նկատել Քրիստոսին, որին տանում են Գողգոթա: Հետին պլանում պատկերված են Հիսուսի մտերիմները` Աստվածամայրը, Մարիամ Մագթաղինացին, Հովհաննես Մկրտիչը: 
Խաչի տանումը

Մարդկանց թափորը գնում է դեպի խաչելության վայրը: Ամենուրեք շրջում են հրեա զինվորները, որոնց կարմիր հագուստները արյուն են խորհրդանշում և գերիշխում են կոմպոզիցիայում: Այս կրոնական թեմայով կտավը եկեղեցական չի համարվում, քանի որ Բրեյգելը տվել է ուրույն մեկնաբանություն, Աստվածաշնչյան թեմային ավելացրել է իր տեսակետը` դեմ գնալով 1550թ. հրամանին` ըստ որի արգելվում էր կտակարանի թեմաները մեկնաբանել յուրովի:
1566-1567թթ. ստեղծում է <<Գեղջկական հարսանիք>> և <<Գեղջկական պար>> կտավները: Հասարակ մարդկանց խնջույքներով նկարիչն արձագանքում է ամենուրեք տիրող դժբախտությանը: Բնակարանի փոքր լինելու պատժառով հյուրերը հավաքվել են մառանում: Հեգնանքի միջոցով Բրեյգելը ցույց է տալիս ժողովրդի ծանր վիճակը: 

Գեղջկական հարսանիք
Որպես մատուցարան օգտագործված է պատից առանձնացած դուռը: Ամբոխից ոչ բոլորն են մտնում ներս, քանի որ այս ժամանակ հյուրերի թիվը չպետք է գերազանցեր քսանը: Կերպարներից և ոչ մեկը անուշադրության մատնված չէ: Կենտրոնում նստած է հարսնացուն, սակայն փեսացուն չկա: Սա շատ արվեստաբանների ու ուսումնասիրողների տարաձայնությունների առիթ է եղել: Ոմանց կարծիքով նկարի բովանդակությունը նույնացվում է Աստվածաշնչյան առակի հետ, որի մեջ Եկեղեցի-հարսնացուն սպասում է Երկնային-փեսացուին: Մյուսների կարծիքով հարսնացուն մարդկությունն է, ով սպասում է Հիսուսին` փեսացուին, և վերջապես որոշ արվեստաբաններ նկարը կապում են նիդերլանդական հետևյալ ասացվածքի հետ` <<Մեղք է նա, ով ներկա չի լինում իր սեփական հարսանիքին>>: Ըստ իս, սա նշված տարբերակներից ամենահավանականն է, քանի որ բնորոշ է Բրեյգելի ոճին, հեգնանքի միջոցով բացահայտում է ազգային կենցաղ և սովորույթներ, հիմնված է ժողովրդական ասացվածքների վրա:

1567թ. ստեղծված <<Սավուղի փոխակերպումը>> կտավում պատկերված է զինված բազմություն, որը բարձրանում է լեռան արահետով: Ներքևում են մնացել ծաովն ու մայրամուտը: Մայր մընող արևը դեռ լուսավորում է շրջակայքը: Հանկարծ մարդկանց շարժը կանգ է առնում, ձիուց վայր է ընկնում զինվորներից մեկը: Նա դժվարությամբ ոտքի է կանգնում և նայում արևին: Նրա մորուքը, արծվաքիթը հիշեցնում են Սավուղին, սակայն մարդը  նման է նաև Բրեյգելի ժամանակակից Ֆերնանդո Ալվարես դե Տոլեդոյին: Կերպարը դեռ անհույս չէ, հույս ունի, որ իր երկիրը փրկվելու է, սակայն հրաշք չի կատարվում: Զանգվածային կոտորածներ, ապստամբություններ, որոնք ավերում են քաղաքները, գյուղերն ու բնակչությանը:

Սավուղի փոխակերպումը

Ըստ Նոր կտակարանի` Տարս քաղաքի բնակիչ Սավուղը չէր հավատում Քրիստոսին և գնում է Դամասկոս, որպեսզի այստեղից շղթայակապ Երուսաղեմ բերի Քրիստոսին հետևողներին:
<<Երբ Սավուղը Դամասկոսին էր մոտենում, հանկարծ երկնքից մի լույս իջավ ու լուսավորեց իրեն: Նա գետին ընկավ ու մի ձայն լսեց, որն իրեն ասում էր. /ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:4/ <<Սավու~ղ, Սավու~ղ, ինչու ես հալածում ինձ>>: Սավուղն ասաց. <<Ով ես, Տեր>>: Տերը պատասխանեց. <<Ես Հիսուսն եմ, որին հալածում ես>>: Սավուղը դողով ու ապշությամբ հարցրեց. <<Տեր, ինչ ես ուզում, որ անեմ>>: Տերը նրան ասաց. <<Վեր կաց ու քաղաք մտիր: Այնտեղ կասվի քեզ, թե ինչ պիտի անես>>:

Աստվածաշնչյան թեմայով է արված նաև <<Մանկանց կոտորածը Բեթղեհեմում>> նկարը: Նկարագրված են այն իրադարձությունները, երբ Հերովդեսն իմացել է Հիսուսի ծննդյան մասին և հրաման է արձակել երկրի բոլոր նորածիններին սպանել: Պատկերված է նիդերլանդական գյուղ, որը պաշարել են թշնամիները: 


Մանկանց կոտորածը Բեթղեհեմում
 Կոմպոզիցիայի հետին պլանում երևում է նրանց առաջնորդը` երկարամորուս, սևազգեստ մեկը, ում Բրեյգելը նկարել է հերցոգ Ալբայի կերպարից: Առաջին հայացքից սա կոտորածի չի նմանվում: Կարծես անգամ բնությունը չի ուզում ընդունել մարդկանց կոտորածը մարդկանց նկատմամբ:

1559թ. Բրեյգելը նկարում է իր <<Նիդերլանդական ասացվածքները>>: Սա իրենից ներկայացնում է նիդերլանդական ֆոլկլորի ինքնատիպ հավաքածու: Ոչ մեծ չափերով կտավի մեջ Բրեյգելը տեղավորել է 112 ժողովրդական ասացվածքներ և առածներ: Կերպարները ասես պատմում են ասացվածքների բովանդակության մասին և ամբողջովին վերցրած ստեղծում են մի ժողովրդի հավաքական կերպար: Բազմաֆիգուր կոմպոզիցիայով ստեղծագործությունը կարծես իր մեջ ներառում է 100-ից ավել տարբեր սյուժեներ, որոնք չնայած նրան, որ առանձին գործածություն ունեն, այս պարագայում համահունչ են և անբաժանելի: Ասացվածքներից որոշները հասկանալի են առանց բացատրության:


Նիդերլանդական ասացվածքներ
Մեկը մյուսի քթից բռնած տանում է, մեկը գլխով պատին է խփում, ոմանք կախված են օդից, մեկը թղթադրամները գետն է լցնում, մյուսը` դրանք քամուն տալիս: Առածների մեծ մասը նույնացվում է ռուսական ժողովրդական ասացվածքների հետ: Չնայած այն բանին, որ պատկերված են տարբեր ասացվածքներ, դրանք երբեմն ունեն նույն թեման. խոսքը գնում է միջոցների և ուժերի անիմաստ ծախսման մասին: Տանիքը ծածկում են կարկանդակներով, նետը բաց են թողնում առանց նշանակետի, ապաշխարում են սատանայի մոտ և այլն: Նկարի առավել աչքի ընկնող ասացվածքներն են`
1.մատների արանքով նայել
2.քթից բռնած ման ածել
3.տանիքը կարկանդակներով ծածկել
4.պատերն էլ ականջներ ունեն
5.զինված մինչև ատամները
6.կռվից հետո բռունցքներով չեն հպարտանում
7.խոզերի առաջ վարդերշաղ տալ
8.փողը քամուն տալ
9.կախվել օդից
10.խոզերի առաջ մարգարիտներ շաղ տալ
11.փողերը ջուրը լցնել
12.երկու քարի արանքում լինել

1565 թվականը Բրեյգելը նվիրում է տարվա եղանակների պատկերմանը:  Ստեղծում է մի ամբողջ նկարների շարք, որոնք ամփոփված են <<Ամիսներ>> խորագրի տակ: Շարքը ստեղծվել է անտվերպենյան ֆինանսիստ Նիկոլաս Իոնգելինկի պատվերով, ում հավաքածուում արդեն կային Բրեյգելի <<Բաբելոնյան աշտարակն>> ու <<Խաչի տանումը>>: Ոմանք ենթադրում են, որ շարքը կազմված է 12 նկարներից, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մեկ ամիս: Մյուսները ասում են, որ նկարները ընդամնեը չորսն են` եղանակներին համապատասխան: Ավելի հավանական է այն տարբերակը, որ նկարները վեցն են և նրանցից յուրաքանչյուրը պատկերում է միանգամից երկու ամիս: Դեկտեմբեր-հունվար ամիսները պատկերում է <<Որսորդները ձյան վրա>> նկարը: Նկարի կոմպոզիցիան բաժանված է երկու մասի: Առաջին պլանում պատկերված են որսորդները, հետին պլանում` լեռները, ապա` ձյան վրա սահող մարդիկ: Երկու տարբեր միջավայրերը միմյանց կապում է երկնքում ճախրող թռչունը, որն ասես հավաքում, ամբողջացնում է կտավը:
Որսորդները ձյան վրա
Փետրվար-մարտ ամիսները պատկերում է <<Մռայլ օր>> նկարը: Շարքի մեջ հատկանշական է <<Խոտհունձ>> վերնագրված նկարը, որն արտացոլում է ամռան հունիս-հուլիս ամիսները: Նկարչին ասես հաջողվել է ցույց տալ ամռան տապն ու աշխատավորների հոգնածությունը: Գյուղացիների մի մասը քրտնաջան աշխատում են, ոմանք արդեն հոգնել են և հանգստանում են` ծառի տակ պառկած:


Խոտհունձ
Սրան հաջորդում են <<Բերքահավաք>> /օգոստոս-սեպտեմբեր/ և <<Նախիրի վերադարձը>> /հոկտեմբեր-նոյեմբեր/ կտավները: <<Ամիսներ>>-ում նկարիչը սկսում է մարդկանց ֆիգուրները բերել առաջին պլան: Այս կերպ մարդը դառնում է բնության մի մասնիկ, բնությունից անբաժան: Նույնիսկ այն նկարներում, որոնց մեջ մարդիկ պատկերված չեն, նրանց շունչը այնուամենայնիվ զգացվում է. կան հետքեր, եկեղեցի: Այսպիսին է Նիդերլանդները, որի բնակիչները կենդանություն են հաղորդել հողին` առանց բնությանը վնաս պատճառելու:
Նախիրի վերադարձը
 Բրեյգելին մեծ ճանաչում է բերում <<Կույրերը>> կտավը: Սա ստեղծվել է 1568թ. և այժմ գտնվում է Նեապոլի Կապոդիմոնտե պատկերասրահում:Մարդկանց փոքր խումբն ասես նկարի խորքից գալիս է դեպի դիտողը: Կույրերը մոտենում են ձորի պռնկին, գլորվում են, սակայն Բրեյգելը խուսափում է դրամատիզմից, նկարը լավատեսական է, նրանցից և ոչ մեկը չի մահանում, քանի որ ձորը խորը չէ:
Կույրերը
Գաղափարը կայանում է ոչ թե նրանում, որ գնում են դեպի մահ, այլ նրանում, թե յուրաքանչյուր կերպար ինչպիսի հստակ բնավորությամբ է օժտված, և բոլորին միավորում է նույն արատը` կույրությունը: Նկարը նվիրված է Քրիստոսի բառերին. <<Կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել, արդյո՞ք նրանք երկուսն էլ չեն գլորվի անդունդը>>: Իհարկե, սա ասելով Հիսուսն ի նկաի ունի հոգևոր կուրությունը: Սա հաշվի առնելով` Բրեյգելը հետին պլանում եկեղեցի է նկարել, որը համարվում է հոգով կույրերի միակ հանգստության վայրը:Սակայն եկեղեցի մտնելու համար պեստք է հոգով մաքուր ու հավատացյալ լինել, եթե ոչ, ապա կույրին դեպի հավատ ուղեկցող է պետք, իսկ Բրեյգելի մոտ բոլորը կույր են,և եթե նրանցից առաջինը սայթաքի, կսայթաքեն  մյուսները ևս, քանի որ կույրերին կույր է առաջնորդում:
Բրեյգելի վերջին ստեղծագործությունը այս նկարը չէր: Նա մահանում է 1569թ. Բրյուսելում` 40 տարեկան հասակում` անավարտ թողնելով վերջին կտավը, որը ժամանակակիցների խեսքերով իր գլուխգործոցն էր` վերնագրված <<Ճշմարտության հանդիսավորությունը>>:

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий