Օդիլոն Ռեդոնը ֆրանսիացի նկարիչ է,
գրաֆիկ, դեկորատոր, սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, եղել է «Անկախ նկարիչների
միության» հիմնադիրներից: Նրա ստեղծագործության
փուլերը՝ «Սեւ» եւ «Գունավոր»,
աչքի են ընկնում իռեալիզմի եւ
սիմվոլիզմի բացահայտ դրսեւորումներով:
Չնայած նրան, որ Ռեդոնի ստեղծագործելու ժամանակահատվածը համընկել է իմպրեսիոնիզմի
ծաղկման հետ, այդուհանդերձ նրա
աշխատանքները ձեւով եւ բովանդակությամբ արտահայտում են սյուրռեալիստական տենդենցներ, իսկ վերջինս, որպես ուղղություն, այդ ժամանակ դեռեւս ձեւավորված
չի եղել: Շատ նկարիչներ Ռեդոնին
համարում են իռեալիզմի նախահայրը, ով անդրադարձել
է մարդկային հոգեբանությանը:
Ռեդոնը ծնվել
է 1840թ.: Ապագա նկարչի մանկությունը անց է կացել Պեյեռբալդում /Բորդոյից մի քանի մղոն հարավ-արեւմուտք/: Այստեղ նա 11
տարի մնացել է ստնտուի մոտ: Տղան տառապում էր
ընկնավորության նոպայով: Ենթադրվում է, որ ծնողները նրան միտումնավոր
թաքցրել են մարդկանց աչքից:
1851թ. Օդիլոնը
վերադառնում է ընտանիք եւ ընդունվում
դպրոց: 1857թ. նա փորձում է
ընդունվել փարիզյան Նրբագեղ արվեստների դպրոց, սակայն ձախողում է առաջին քննությունը:
1855թ.
սովորում է Բորդոյում, տեղի նկարիչ-վերանորոգող
Ստանիսլավ Գոռենի մոտ, որը նրան սովորեցնում է ջրաներկի տեխնիկան: 3 տարի
անց սիրողական նկարիչների ցուցահանդեսում նա ցուցադրում է 2 նկարներ: 1863թ.
եղբայրը նրան ծանոթացնում է գրաֆիկ
Ռուդոլֆ Բռեդենի հետ /պռոտոսիմվոլիստ/, ով խորը ազդեցություն է
թողնում Ռեդոնի՝ գրաֆիկ դառնալու որոշման վրա:
«Օֆելիա» |
1864թ.
սովորում է Փարիզի Նրբագեղ արվեստների
դպրոցում՝ Ժան Լեոն Ժեռոմի մոտ: Լիթոգրաֆիա
սովորել է Անրի Ֆանտեն-Լատուրի
մոտ:
1865-1870թթ.
Ռեդոնը աշխատել է հիմնականում ածուխով, իր
սեւ-սպիտակ մակերեսները նկարիչը
կոչում էր «սեւ» կամ
«մթություն»:
Լինելով
հիվանդագին կասկածամիտ մարդ՝ Ռեդոնը երկար ժամանակ չի կարողացել գտնել իր տեղը
արվեստում, չի հավատացել, որ կարող է
ստեղծել ինչ-որ արժեք: Օրինակ՝ 1868թ., երբ նրա «Ռոլանդ Ռոնսեվալիայի մnտ» նկարը
ընդունվում է փարիզյան սրահի հանձնաժողովի
կողմից, հեղինակը, վերջին րոպեին, վախենալով քննադատությունից, վերցնում է
իր աշխատանքը:
1874թ. մարտին
մահանում է նկարչի հայրը, ինչը մեծ ցնցում
էր նկարչի համար, չնայած որ երբեք չի ձերբազատվում հոր նկատմամբ վրդովմունքից՝ իր
մանկության տարիների «անտուն» կարգավիճակի համար: Հոր մահից հետո նա մեկում է Փարիզ եւ նվիրվում արվեստին:
1879թ.
Ռեդոնը վերջապես որոշում է թողարկել իր
գծանկարների ալբոմը: Այս ալբոմը կոչվում
էր «Երազների աշխարհում», որին հաջորդում են ուրիշները՝ «Էդգար Պո» /1882/,
«Աղբյուրներ» /1883/, «Ի պատիվ Գոյայի» /1885/, «Սբ. Անտոնիոսի գայթակղությունը»
/1888, 1889, 1896/, «Գուսթավ Ֆլոբեր»
/1889/, «Չարի ծաղիկներ» /1890/,
«Ապոկալիպսիս» /1899/:
«Ապոկալիպսիս» շարքից |
1881թ. Ռեդոնը
առաջին անգամ ցուցադրում է «Վի մոդեռն»-ի տարածքում իր «սեւ» նկարը:
1886թ. մասնակցել է իմպրեսիոնիստների 8-րդ եւ վերջին ցուցադրությունը: Այդ ցիկլի ամբողջ աշխատանքները
լի էին տարօրինակ արարածներով:
1880թ.
նկարիչը ամուսնանում է Կամիլ
Ֆոլտի հետ: Նրանց առաջին երեխայի մահը ճնշում է
Ռեդոնին. նա երկար ժամանակ չի
կարողանում աշխատել: Դեպրեսիան տեւում
է մինչեւ
1889թ.՝ երկրորդ երեխայի ծնունդը:
1890թ.
Ռեդոնի ստեղծագործական դաշտում եղավ
բեկումնալի, հենց այս ժամանակահատվածից սկսած նա
դիմում է յուղաներկի, պաստելի
օգտագործմանը, ծաղիկներով էքսպերիմենտների կիրառմանը: Այս փուլի ստեղծագործություններին բնորոշ են բազմագույն երանգներ,
թիթեռների, ծաղիկների մոտիվներ, կանացի պատկերներ՝ վառ բնանկարի
ֆոնին:
Ցուցադրվել է
1906թ.-ին Աշնանային սալոնում, 1913թ.՝ Նյու-Յորքի միջազգային ցուցահանդեսին:
«Սեւ» շրջան
Ռեդոնի այս շրջանի ստեղծագործությունները արդյունքն
են նկարչին մանկության տարիներից
անհանգստացնող դեպրեսիաների,
որոնք պատճառն էին նկարչի ենթագիտակցական վախերի եւ սարսափների: Ինչպես
նկարիչն է նշել. « «Սեւը» ծնվել է հոգու խորքի գաղտնիքներից»:
Առանձնահատուկ
է նրա
«Սեւ ագռավ» գծանկարը ,
որտեղ ագռավը դիտվում է որպես մահվան
դեսպան: Նրան բնորոշ է նաեւ ահավոր
մազակալած մարդկային դեմքերի պատկերումը:
Սիրել է օգտագործել հսկայական աչքի
մոտիվը, ինչը իր արվեստում
խորհրդանշում է վախի մղձավանջ:
«Սեւ ագռավ» |
«Պառսիֆալ»
/1891/ փորագրությունը գրաֆիկական արձագանք
էր օպերային երաժիշտ
Ռիխարդ Վագներին, ով 80-ականներին
ցնցեց Փարիզը: Ուղիղ գծերը եւ փափուկ օդային ֆորմաները
կարծես մատնանշում են, ընդգծում Վագների երաժշտության գեղեցկությունը:
«Ժպտացող սարդ» |
«Սեւ»
շարքի կոմպոզիցիաներում գերիշխում են
տագնապալի, սյուրռեալիստիկ
շունչը: Այս շարքի գործերից են «Օդային փուչիկ աչքի հետ» , «Ժպտացող
ցիկլոպ», «Լացող սարդ»,
«Ժպտացող սարդ», «Պառսիֆալ»:
«Լացող սարդ» |
«Գունավոր» շրջան
Ռեդոնի ստեղծագործության երկրորդ փուլում վերանում է
սեւ գույնը /տոնը/, տեսնում ենք բնությունը իդեալականացնելու միտում,
անտիկ /հնաոճ/ տարրերի ներմուծում:
«Ցիկլոպ» |
Հայտնի են նրա
ամպերի գունավոր ու վերացական
պատկերները, մեդուզայի, խեցեմորթների եւ այլ ծովային բնակիչների պատկերումը: Այս փուլում
բնորոշ է գունավոր մշուշի
օգտագործումը՝ /«Փակ
աչքերով»/1890/, «Ցիկլոպ» /1914/,
«Բեատրիչե» /1855/, «Խեցգետնիկ» /1912/,
«Վեներայի ծնունդը» /1912/, «Պեգաս» /1900/, «Երաժշտություն Պեգասի վրա» /1900//:
«Բեատրիչե» |
Նկարչի պոլիխրոմ
գեղանկարչությունը
ուսումնասիրողների
պատճառաբանությունները տարբեր են,
ոմանք ասում են, որ վարպետը այս փուլում «խաղում է ռեալիզմի հետ», սակայն դա չի նշանակում, որ նրա «գունավոր» շրջանի գործերը պակաս ֆանտաստիկ են, քան նախորդ շրջանի
աշխատանքները:
«Վեներայի ծնունդը» |
Ոմանք էլ կարծում են, որ
նկարիչը ձգտում է վառ
գուներով ներկայացնել կորսված դրախտը: Ոճային
փոփոխությունը նկարիչը բացատրում է. «Ես հասկացա, որ աստիճանաբար
կծիկը քանդվում է: Կյանքի ժապավենը
պարունակում է ոչ միայն
տխրություն, այլեւ ուրախությունը: Եթե
նկարչի աշխատանքը, որը երգ է իր կյանքի մասին, արտահայտում է տխրության սեւ-ապիտակ
նոտաները, ապա նրանում պետք է
հնչեն նաեւ ուրախ գամմաներ»:
Վարդուհի
Կարապետյան
ԵԳՊԱ
ԳՄ արվեստաբանության բաժին
4-րդ
կուրս