воскресенье, 19 октября 2014 г.

Արտե պովերա

 Արտե պովերա (անգլ.՝ Arte Povera - աղքատ արվեստ) եզրույթը 20-րդ դարի արվեստ ներմուծեց արվեստաբան և համադրող Ջերմանո Չելանտը 1967թ., մեկ ուղղության սահմաններում միավորված նկարիների ստեղծագործությունները բնութագրելու համար: Արվեստի այս նոր շարժման շուրջն էին համախմբվել Հռոմի, Թուրինի, Միլանի և Գենույայի 1960-70-ականների մի քանի ստեղծագործողներ: Արտե պովերայի նկարիչները պատկերում էին բնության և արդյունաբերության միջև առկա երկխոսությունը: Օգտագործելով արդյունաբերական կամ ոչ գեղարվեստական նյութեր՝ նրանք  ուզում էին ազատել ստեղծագործությունը արվեստի ավանդական ֆորմաների սահմանափակումներից և գեղարվեստական տարածությունից: 
Մարիո Մարց
Ուղղությունն իր զարգացումն ապրում է ամերիկյան մինիմալիզմին զուգահեռ և միևնույն ժամանակ վերջինիս հակադիր, քանի որ վերջինս դարձյալ օգտագործում էր արդյունաբերական նյութեր: Արտե պովերայի արվեստագետների տեսանկյունից միմիմալիզմը զբաղվում էր ֆորմայի ասպեկտներով և չէր հասնում պոետիկ, քաղաքական և պատմական խնդիրներին, որոնք այդքան կարևոր են արտե պովերայի պարագայում:
Արտե պովերան նկարիչների խմբավորում չէր, որն ուներ իր մանիֆեստը: Այն ավելի շուտ շարժում էր, որը քննադատի և համադրողի օգնությամբ դարձավ հայտնի: Արտե պովերայի մի քանի հետևորդներ, ովքեր նախկինում հարել էին այլ ուղղությունների, Իտալիայի արվեստի դաշտում  արդեն բավականին հայտնի էին:  Արտե պովերա շարժման առաջամարտիկներն են Ալիգյերո Բոէտտին, Յաննիս Կունելլիսը, Մարիո Մերցը, Ջուլիո Պաոլինին, Պինո Պասկալին, Ջուզեպպե Պենոնեն, Միքելանջելո Պիստոլետտոն, Մարիո Չերոլին, Ջիլբերտո Զորիոն, Ջովաննի Անսելմոն, Լուչիանո Ֆաբրոն և այլք:
Ջուլիո Պաոլինի
Արտե պովերա շարժումը ձևավորվել է 1960-ական թվականներին Իտալիայում: Այս տարիներին երկիրը հազիվ էր դիմադրում քաղաքական ցնցումներին և նոր էր ագրարային հասարակությունից անցում կատարել արդյունաբերականի: Արտե պովերայի ստեղծագործողներն իրենց համարում էին քաղաքական նկարիչներ, ովքեր մեծ հավատ ունեին արվեստի՝ բավականին  լուրջ սոցիալական դերի հանդեպ: 1970թ. Թուրինի քաղաքային թանգարանում կայացած  արտե պովերայի ցուցահանդեսի կազմակերպիչ, «Արտե պովերա. Կոնցեպտուալ, ակտուալ կամ անհնար արվե՞ստ» (1969) գրքի հեղինակ Չելանտը հույս ուներ, որ «աղքատ» նյութերի կիրառումը  և արվեստի մասին ավանդական պատկերացումներից հրաժարումը կքայքայեն այն կոմերցիալ դաշտը, որը ձևավորվել է արվեստի աշխարհում:
Լուչիանո Ֆաբրո 
Արտե պովերայի առաջին ցուցահանդեսը բացվեց «Arte Povera e IM Spazio» անվան տակ Գենույայի La Bertesca պատկերասրահում 1967թ.: Ցուցահանդեսի ուղղորդիչ  տեքստն ուներ հետևյալ բովանդակությունը. «Arte Povera: Notes for a Guerrilla War»: Հենց այսպես է ծնվում արտե պովերա շարժումը, որի կենտրոններն են դառնում Հռոմն ու Թուրինը: Արտե պովերայի՝ արվեստի մասին պատկերացումները փոխելու բոլոր ջանքերը հանգեցրին գրեթե աներևակայելի մի իրավիճակի. Ամենահասարակ նյութերն ու տարրերը ինտեգրվում էին գեղարվեստական կոնտեքստ:  Օգտոգործվող նյութերի քանակն ու շրջանակը գնալով ընդլայնվեց: 
Պինո Պասկալի
Շարժումն իր մայրամուտն ապրում է 1972թ., բայց իր ազդեցությունը դարի հաջորդ ուղղությունների վրա բավականին նշանակալից էր:Արդեն 1960-ականների վերջերին արտե պովերան դուրս էր եկել իր ազգային գեղարվեստական տենդենցներից և ընկալվում էր նաև միջազգային համատեքստում: Այս տարիներին են արտե պովերա շարժման հետևորդների ստեղծագործությունները ցուցադրվում  այնպիսի հանրահայտ ցուցահանդեսների, ինչպիսիք էին «Live in Your Head: When Attitudes Become Form» (Kunsthalle Bern, Լոնդոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտ, 1969) և «Op Losse Schroeven» (Stedelijk Museum, Ամստերդամ, 1969): Աշխատանքները ներկայացվում են լենդ-արտի և մինիմալիզմի ներկայացուցիչների ստեղծագործությունների հետ մեկտեղ: Իտալիայի սահմաններից դուրս արտե պովերայի նկարիչների աշխատանքները պահվում են նաև Լիխտենշտեյնի Գեղարվեստի թանգարանում:

Դե եսիմ՝ Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий