Փայտափորագրության
անուղղակի նախնի է համարվում արտատիպը[1] /ֆրանս.` estampe, իտալ.` stampa,
ռուս.` эстамп/: Այս տեխնիկայի ի հայտ գալը համընկնում է 2-րդ դարում թղթի առաջացման
հետ: Էստամպն իրենից ներկայացնում է քարե ռելիեֆներից տպագրության ստացումը: Այն Եվրոպայում
տարածվել է 15-րդ դարից` որպես նկարը կրկնօրինակելու միջոց: Ռելիեֆի վրա դրվում է թուղթը,
որը կիպ հպվում է ռելիեֆի մակերեսին: Այնուհետև հարթեցնող և զգուշությամբ փորող հարմարանքի
միջոցով ռելիեֆի պատկերը տպվում է թղթին: Հաջորդ փուլում թղթի վրա քսվում է ջրով բացված
ներկը: Կա վարկած, որ էստամպն ուղղակիորեն ազդել է ճապոնական գրավյուրայի վրա: Սույն
աշխատությունը արտատիպը ներկայացնում է ոչ թե առանձին` որպես գրավյուրայի «նախնի»,
այլ փորագրության տեխնիկաներին զուգահեռ` որպես վերջիններիս հետ նույնացվող տեխնիկա:
Էստամպի տեխնիկան կարելի է համակարգել չորս խմբերում[2],
որոնցից մեկը տրաֆարետային տեխնիկան է, սակայն
առնչություն չունի փորագրության հետ, մյուս երեք խմբերը ներկայացված են ստորև:
Բարձր` հատված և հարթային /ռուս.`
высокая печать-обрезная и торцовая/: Հատված գրավյուրան փորագրման առաջին տեխնիկան
է Եվրոպայում և Արևելքում: Այն լավագույնս արտահայտվում է լինոգրավյուրայի օրինակով:
Ամենահին գործիքներից է դանակը` իր տարբեր շեղբերով ու տեսակներով: 2,5սմ հաստությամբ
տախտակի վրա դրվում է նկարը, որի վրա երկու կողմից փորագրում են նկարի գծերը: Ստացվում
է 2-5մմ խորությամբ փորագրություն: Ապա տախտակը պատում են ներկով և իրականացնում տպագրություն
թղթի վրա: Այս տեխնիկայի առավելությունը սև շտրիխի գերակայությունն է: Հնարավոր է նաև
սպիտակ շտրիխ, ինչը հանդիպում է հին գրավյուրաներում: Երբեմն փորագրությունը ստացվում
է նաև նեգատիվ /սևի վրա սպիտակ, օր.` շվեյցարացի վարպետների /16-րդ դար/ փորագրություններում/:
Այս տարատեսակի ամենատարծված միջոցը լինոփորագրությունն է /ռուս.`
линолеум և гравюра բառերից/: Սա փորագրության համեմատաբար երիտասարդ տեսակներից է,
որն առաջացել է 20-րդ դարի սկզբին` լինոլեումի տարածմանը զուգահեռ: Լինոլեումը հարմար
միջոց է մեծ չափերի փորագրություններ անելու համար, նմանություն ունի քսիլոգրաֆիայի
հետ: Նպատակահարմար է օգտագործել 2.5-5մմ հաստությամբ լինոլեում: Առաջին անգամ լինոլեումը ծառի փայտի փոխարեն օգտագործել
են 1905թ. /լինոլեումը հատակը ծածկելու համար օգտագործվում էր դեռևս 1860-ականներից/
գերմանական «Կամուրջ» խմբի նկարիչները,
երբ իրենց հարկավոր էր մեծ չափերի պաստառ,
սակայն քսիլոգրաֆիան դա թույլ
չէր
տալիս: Տեխնիկան
և՛ էժան է, և՛ հարմար թե՛ փորագրելու, թե՛ տպելու ու ներկելու համար: Սակայն, ի
տարբերություն փայտափորագրության, այն դեկորատիվ է, շտրիխներն այստեղ ավելի մաքուր
են, մակերեսը հարթ է և սահուն, ծալվում է և ունի չոր սահմաններ, ինչը հեշտացնում է
տպագրության ընթացքը: Լինոլեումի հարթ մակերեսի վրա դրվում է բարակ թուղթը, որի վրա
նախօրոք նկարված է տպագրության համար նախատեսված նկարը, և փորագրվում դանակով: Ապա
ռելիեֆային հարթության վրա քսվում է տպագրական ներկը: Արդյունքում նկարի հատվածը մնում
է սպիտակ, ֆոնը` սև: Ինչպես քսիլոգրաֆիայի, այնպես էլ լինոգրավյուրայի դեպքում գլխավոր
առավելությունը սև ու սպիտակի կոնտրաստն է:
Այս տեխնիկան հայ արվեստում կիրառել են Խանամիրյան Լիդան, Հրաչյա Ռուխկյանը
«Արագած», «Այստեղ կլինի լիճ»/, Մհեր Աբեղյանը /«Առյուծ», «Արարատյան դաշտավայրի աղջիկները», «Գարունը լեռներում»/, Գաբրիել Գյուրջյանն /«Արտվին»/
ու Գևորգ Բրուտյանը /«Երդում»/:
Հարթային գրավյուրան /տոնային և վերատպվողական/ արևմտաեվրոպական
փորագրության տեսակներից է, որի առաջին օրինակներն ի հայտ են եկել 14-15-րդ դարերում:
1870-ական թվականներին անգլիացի նկարիչ և փորագրող Թոմաս Բյուիկը /1753-1828թթ./ հնարում
է փորագրության միջոց ծառի չոր փայտի վրա: Այս միջոցով է ստեղծել «Բրիտանիայի թռչունների
պատմություն» և «Չորքոտանիների ընդհանուր պատմություն» գրքերի վերատպությունները: Փորագրության
այս տեսակը հեղաշրջում է մտցնում գրքերի տպագրության մեջ: Քսիլոգրաֆիան կրկին գրավում
է իր դիրքերը, որոնք զիջել էր հատիչին և օֆորտին: Չոր փայտը անհամեմատ մեծ հնարավորություն
էր տալիս նկարը հեշտությամբ փորագրելու, շխտրիխներ, տոներ դնելու և ներկելու համար:
Օգտագործվում էին հատուկ գործիքներ, որոնք իրենցից ներկայացնում էին 10-11սմ երկարությամբ
կտրող ծայրերով, 45° շեղբով պողպատե ձողեր:
Արտատիպի մյուս տեսակը հարթ տպագրությունն է, որի տեխնիկան նույնացվում է լիթոգրաֆիայի հետ: Լիթոգրաֆիան /հուն.` lithos-քար, gràpho-գրում եմ, նկարում եմ/ տպագրական գրաֆիկային տեսակներից է, որի ընթացքում ներկը ճնշման տակ հարթ տպագրական ձևից փոխանցվում է թղթին: Առաջին անգամ այս հնարքն օգտագործել է գերմանացի փորագրիչ Ի. Ա. Զենեֆելդերը: Լիթոգրաֆիայի համար գոյություն ունեն մի քանի արտահայտման ձևեր. նկարը նկարում են փետուրով կամ վրձնով, լիթոգրաֆիական մատիտով կամ հատուկ հաստության յուղային կավիճով: Լիթոգրաֆիա հնարավոր է անել ասֆալտի, պատի, քարի կամ հատուկ թղթի վրա: Տեխնիկան նման է գրավյուրայի միջոցներին, սակայն հաճախ սա փորագրության տեսակ չի համարվում: Աշխատանքային պրոցեսի սկզբում նկարը քարի կամ պատի վրա անում են հատուկ յուղային /լիթոգրաֆիական/ մատիտով, փետուրով կամ վրձնով: Մատիտով նկարի համար ընտրում են ծակոտկեն քար, իսկ փետուրով և վրձնով նկարի համար` հարթեցված քար: Քարի մակերեսը նկարից հետո պատվում է թթվով: Մատիտով ներկված հատվածները չեն ենթարկվում քայքայման, իսկ չներկված հատվածները գույն չեն ստանում: Այս գործընթացից հետո կատարվում է տպագրումը, ինչն արվում է հատուկ տպագրական սարքով: Շնորհիվ իր մի շարք հատկությունների` ամբողջական չեզոքություն, խաբկանքի հնարավորություն, մեցցոտինտոյի թավշություն, օֆորտի շտրիխ, պունկտիրի նուրբ տոնայնություն, աստիճանաբար լիթոգրաֆիան հետ է մղում վերատպողական գրավյուրաների բոլոր տեխնիկաները:
Ռուխկյան Հրաչյա.Արագած. երանգավորված թուղթ, լինոփորագրություն 33x59,5/48x75 սմ |
Պաբլո Պիկասսո. Ալժիրյան կանայք. լիթոգրաֆիա. 1955թ. |
[1]
Հայերեն
թարգմանությունը
ըստ «Հայ
արվեստի
պատմություն» գրքի /Ա. Աղասյան, Հ. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վ. Ղազարյան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2009թ./:
հատված կուրսային աշխատանքից
թեմա՝ <<Փորագրանկարչություն>>
թեմա՝ <<Փորագրանկարչություն>>
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս
կարդացեք նաև՝ Փորագրության գաղափարախոսությունը
Փորագրություն մետաղի վրա
Քսիլոգրաֆիա. փայտափորագրություն
Օֆորտը և իր տեխնիկաները
Գրավյուրայի պատմությունից
Комментариев нет:
Отправить комментарий