Համաձայն միջնադարյան մի առասպելի, այն երկրում, որը հիմա Ավստրիա է
կոչվում, Բուրխարդների ընտանիքը` հայրը, մայրը և որդին, Սուրբ Ծննդյան
օրերին զվարճացնում էին մարդկանց ասմունքով, տրուբադուրների հին բալադները
երգելով և աճպարարություն անելով:
Իհարկե, երբեք փող չէր մնում նվեր գնելու համար, սակայն հայրը միշտ
ասում էր որդուն. “Գիտես` ինչու Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում,
չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան: Որովհետև Սանտա Կլաուսի
նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր
նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ: Ներքին անհաշտություններ
ունեցող ընտանիքում Սանտա Կլաուսը փորձում է ներդաշնակություն և
խաղաղություն բերել: Որտեղ սիրո պակաս կա, նա հավատի սերմեր է ցանում
երեխաների հոգում: Որտեղ ապագան մռայլ ու անորոշ է թվում, նա հույս է
բերում: Մեր դեպքում, մեր Հոր Ծննդյան հաջորդ օրը մենք երջանիկ ենք, որ
ապրում ենք ու կարող ենք անել մեր աշխատանքը, որը մարդկանց է երջանկություն
բերում: Երբեք չմոռանաս դա”:
Ժամանակ անցավ: Որդին մեծացավ և մի օր նրանց ընտանիքը անցավ Մելքի
տպավորիչ միաբանության շենքի առաջով, որը հենց նոր էր կառուցվել: Երիտասարդ
Բուրխարդը ցանկացավ քահանա դառնալ: Նրա ընտանիքը հասկացավ և հարգեց այդ
ցանկությունը: Նրանք թակեցին միաբանության դուռը և քահանաների կողմից ջերմ
ընդունելության արժանացան, իսկ կրտսեր Բուրխարդին ընդունեցին իրենց
շարքերը:
Սուրբ Ծննդյան նախաշեմն էր: Եվ հենց այդ օրը Մելքում մի յուրահատուկ
հրաշք կատարվեց: Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, որոշեց իջնել Երկիր և
այցելել այս միաբանությունը:
Բոլոր քահանաները շարվեցին Աստվածամոր առջև` ջանալով հերթով յուրովի
արտահայտել իրենց պատկառանքը նրա և նրա Որդու հանդեպ: Շարքի վերջում
երիտասարդ Բուրխարդը տագնապով սպասում էր իր հերթին: Նրա ծնողները հասարակ
մարդիկ էին, որոնք ընդամենը սովորեցրել էին իրեն գնդակները վերև նետել և
որոշ աճպարարություններ անել:
Երբ նրա հերթը հասավ, մյուս քահանաները փորձեցին ավարտել հարգանքի
մատուցման արարողությունը, քանի որ նախկին աճպարարը որևէ էական բան չէր
կարող ավելացնել մինչ այդ ցուցադրվածին և դեռ ավելին` կարող էր փչացնել
միաբանության թողած տպավորությունը:
Այդուհանդերձ, սրտի խորքում նա նույնպես ցանկանում էր իրենից ինչ-որ բան
նվիրել Հիսուսին և Սուրբ Կույսին: Ամաչելով մյուս քահանաների մանրազնին
հայացքներից` նա իր զամբյուղից մի քանի նարինջ վերցրեց և սկսեց նետել դրանք
վերև և բռնել` հիանալի շրջան ստեղծելով օդում:
Այդ պահին էր, որ մանուկ Հիսուսը Աստվածամոր գրկին սկսեց ուրախությամբ
ծափահարել: Եվ հենց երիտասարդ Բուրխարդն էր, ում Աստվածամայրը ընդառաջ գնաց
և թույլ տվեց մի քանի վայրկյան գրկել ժպտացող Հիսուսին: